29 Նոյեմբեր 2013, 13:13
2414 |

«Դոգմայի» տա՞կն ինչ կա

Վաղուց արդեն տիկնիկային թատրոնը ոչ միայն փոքրերի սիրելի վայրերից է, այլև մայրաքաղաքի ռոքասեր հասարակության: Այստեղ են հաճախ կազմակերպվում զանազան ռոք փառատոներ և համերգներ, այստեղ է վերջին շրջանի հայաստանյան ամենահզոր ռոք բենդերից մեկի՝ Dogma-ի երկրորդ տունը՝ գրասենյակ՝ գումարած ստուդիա: Իսկ դեկտեմբերի 2-ին այս նույն թատրոնի գլխավոր բեմում խումբը կներկայացնի իր երկրորդ ալբոմը՝ «Անդրդոգման»: Լավ առիթ է խոսելու անցյալի, ներկայի ու ապագայի մասին:

Խմբի անդամներին հանդիպելու համար պետք է Տիկնիկային մտնել ծառայողական մուտքից: «Դոգմիստներն» ավարտել են հերթական փորձը ու հիմա հանգստանում են: Տիկնիկայինի նկուղային հարկում նրանք ունեն երկու փոքր, բայց շատ հարմարավետ սենյակ՝ մեկը՝ աշխատանքային, մյուսը՝ ստուդիա՝ գործիքներով և սարքավորումներով: Հարվածային գործիքների համար պատասխանատու Դերիկ Վարդումյանը, ցավոք, շտապում էր «Հովեր» երգչախմբի փորձերին (այնտեղ նա երգում է, ոչ թե նվագում): Ստուդիայում մնացին քչախոս կիթառահար Հենոն, բասիստ Վարդանը և մեներգչուհի Զառան՝ Dogma-ի ձայնը: Այս կազմով խումբը գոյություն ունի 2007-ից: Բայց եթե մի քիչ էլ խորանանք, ապա ճիշտ է սկսել MDP-ից՝ 90-ականների հայկական ռոքի կարևորագույն խմբերից մեկից, որը «տժժցնում» էր տասնհինգ տարի շարունակ: Վարդանն ու Հենոն հենց այնտեղից են իրար ճանաչում: «Մի պահ եկավ, երբ հասկացանք, որ կանգ առնելու ժամանակն է, — հիշում է Վարդանը, — արդեն չէր ստացվում էն, ինչի համար խումբը ստեղծվել էր: Դրանում վատ բան չկա, «Բիթլզն» էլ հավերժ չապրեց: Իրար ձեռք սեղմեցինք ու որոշեցինք նոր էջ բացել»:

Նոր էջը սկսվեց արդեն մի քանի ամիս անց, երբ Վարդանին ու Հենոյին միացավ Զառան՝ այն ժամանակ երաժշտական աշխարհում անհայտ մի աղջիկ՝ երգելու մեծ ցանկությամբ և ունակություններով: Խմբի հիմնադիրներին ճանաչում էր դեռ MDP-ի ժամամանկներից՝ երգերից մեկում անգլերեն հատված կար, նա էլ ինչ-որ ծանոթի ծանոթով եկել էր խմբի մոտ, որպեսզի բացատրեր՝ ինչն ինչպես էր պետք արտասանել. արդյունքում բացատրելու փոխարեն երգել էր բառերը: «Զարմացած մնացինք՝ էնքան անսպասելի էր ու էնքան լավ էր երգում», — հիշում է Հենոն: Զառան շարունակում է. «Հետո մոտ մի տարի անց պատահաբար փողոցում հանդիպեցի Վարդանին, ասացի, որ ուզում եմ ձայնագրվել: Փոխարենը նա առաջարկեց միանալ նոր կազմավորվող խմբին: Բնականաբար, միացա»: Շատ չանցած էլ Dogma-ին միացավ Դերոն: Այդ ժամանակ էլ որոշվեց խմբի անունը:

Դժվար է չհարցնել՝ «ինչու՞ Dogma»: «Կարելի է առանձնապես չկենտրոնանալ, ինչպես բազմաթիվ այլ խմբերի դեպքում, — համոզում է Վարդանը, — կարճ, հեշտ արտասանելի բառ է, վիզուալ լավ է նայվում, մյուս կողմից էլ մեր երաժշտությամբ պայքարում ենք զանազան դոգմաների դեմ, որովհետև համոզված ենք՝ ցանկացած բանական մարդ պետք է առաջնորդվի ոչ թե դոգմաներով, այլ սեփական փորձով և խելքով»:

Հաջորդ հարցը՝ ինչու՞ «Էթնիկ-մեթնիկ»: Անդրանիկ ալբոմի վերնագիրն ակնարկում էր թեթև անլրջություն, ինչպես նաև խաղարկում «էթնիկն» ու «մետալը»: Այդ երկուսի համադրությունը, ինչպես նաև հեգնանքը, լիովին արտացոլված են նաև ալբոմի երգերում. «Բթության, տափակության ու դոգմատիզմի դեմ պայքարում ենք հեգնանքով»: Արդյունքում ստացվեց իսկապես զորեղ մի ձայնագրություն՝ ժողովրդականամետալախառը, անզուսպ էներգիայով, «կապող» մեղեդիներով, լավ իմաստով՝ աղմկոտ, մի քանի չքնաղ բալլադներով, լրիվ «ֆիրմա» գործ: Ցավոք, «Էթնիկ-մեթնիկը» ավելի շատ վաճառվեց դրսում, քան Հայաստանում: Այդ թվում և սկավառակների խանութների անտարբեր վերաբերմունքի շնորհիվ. «Կամ էնպես են դնում, որ չերևա, կամ վաճառվում է՝ չես էլ իմանում այդ մասին, կամ էլ մի օր գալիս ես, տեսնում ես՝ էդ խանութն էլ չկա», — բացատրում է Զառան: Փոխարենը մեծ հաջողությամբ «Էթնիկ-մեթնիկը» ցրվել է Գերմանիայում, Ամերիկայում, Կանադայում ու նույնիսկ Ճապոնիայում: «Ամերիկայից մեկը խնդրել էր մի քանի հատ ուղարկել՝ ընկերներին նվիրելու համար ու նաև ստորագրություններով պաստառ, — հիշում է Վարդանը, — իսկ Հայաստանում մարդիկ մի տեսակ հավես չունեն ու դա ընդհանուր վիճակն է, ոչ թե ռոքին կամ կոնկրետ Dogma-ին է վերաբերվում»: Այնպես որ «Անդրդոգման» էլ, ամենայն հավանականությամբ, ավելի հեշտ կլինի ձեռք բերել կամ խմբի համերգների ժամանակ, կամ ինտերնետի միջոցով՝ առանց գործը բարդացնող խանութ-միջնորդների:

Մասնավորից անցնում ենք ընդհանուրի. Dogma-ն՝ հայկական ռոքի դաշտում: Ընդհանրապես, կա՞ այդպիսի բան՝ «հայկական ռոք»: «Մենք սիրում ենք համեմատվել ու ինքներս մեզ խրատել ամերիկաներով ու գերմանիաներով, բայց եկեք ռեալիստ լինենք՝ Հայաստանը փոքր երկիր է ու եթե մենք մեր չափերի մեջ ունենք գոնե երկու-երեք լավ, որակյալ խումբ, դա արդեն քիչ չի, — վստահեցնում է Վարդանը, — ու էդ նույն պատճառով մեր հանդիսատեսն էլ չի կարող լինել էնքան, որ ստադիոն լցվի. դա է իրականությունը»:

Հենց այդ ոչ մեծաթիվ, բայց այդուհանդերձ գոյություն ունեցող զանգվածների համար էլ մի քանի տարի շատ ակտիվ գործունեություն էր ծավալում Vibographus ընկերությունը, որի գլխավոր աշխատուժը Վարդանն ու Զառան էին: Մի քանի տարվա մեջ ընկերությունը Երևան բերեց Jethro Tull-ին, Uriah Heep-ին, Ջոն Մքլաֆլինին ու շատ ուրիշներին: Բայց շուտով պարզ դարձավ, որ գրեթե ժամանակ չի մնում Dogma-ով զբաղվելու, բացի այդ էլ՝ համերգներից հետո միայն ֆինանսական ու այլ տիպի խնդիրներ են առաջանում: Թեև ռոքի գիգանտների հետ շփումը ինքնին միայն օգտակար է: Երաժիշտ-պրոմոութերների համար հատկապես անմոռանալի են Jethro Tull-ի առաջատար Իեն Անդերսոնի երկու այցելությունները. «Էդպիսի պրոֆեսիոնալ երաժիշտ երբեք չէինք հանդիպել, — խոստովանում է Զառան, — իսկ երբ լսեց մեր երգերը, հետո կայքում գրեց, որ Dogma-ն ամենալավ մետալ խումբն է Մարսից այս կողմ, դեռ ավելին՝ մեր երգերից երկուսն ընդգրկեց երևանյան երկրորդ համերգի ծրագրում ու ինձ ու Հենոյին հրավիրեց բեմ միասին նվագելու... Ամեն անգամ էդ օրերը հիշելիս տպավորություն ունեմ, որ երազ էր»: Բայց դա իրականություն էր՝ հայկական ֆոլք-մետալ խմբի ամենանվիրված երկրապագուների թվում է համաշխարհային ռոքի ռահվիրաներից մեկը: Իսկ նրանք հաստատ գլուխ հանում են երաժշտությունից:Իր սիրած խմբերից մեկի նոր սկավառակը Իեն Անդերսոնը դեռ չի լսել՝ «Կուղարկենք, երբ բոլորի համար հասանելի լինի», — ասում են Dogma-ի անդամները: Իսկ հասանելի կլինի այն արդեն գալիք երկուշաբթի՝ դեկտեմբերի2-ին, երբ տիկնիկայինի բեմից կհնչեն «Անդրդոգմայի» երգերը (ինչը չի բացառում նաև արդեն հայտնի երգերի առկայությունը): Երկրորդ ալբոմի անվանումից կարելի է ենթադրել, որ դոգմաների դեմ պայքարող Dogma-ն այս անգամ պատրաստվում է խորանալ, փորել, տեսնել թե ինչ կա «դոգմայի տակ»:

«Ալբոմի ամեն երգը մի առանձին աշխարհ է, — ասում է Հենոն, — բոլորը հավասարաչափ արժեքավոր են. չկան մի քանի հիթեր ու երգեր, որոնցով լրացվում է դիսկի մնացած տարածքը»: Առանձնահատկություններից, թերևս, կարելի է նշել չորս անգլերեն երգերը (առաջին ալբոմում այդպիսին մեկ երգ էր, այն էլ՝ bonus track կարգավիճակով): Բայց դա բոլորովին չի ակնարկում Dogma-ի՝ միջազգային լեզվով զինված՝ համաշխարհային բեմը գրավելու փորձերի մասին. հայալեզու «Էթնիկ-մեթնիկը» շատ հանգիստ ցրվեց աշխարհի տարբեր երկրներում: Բայց այս դեպքում, ինչպես նշում են երաժիշտները, լեզուն թելադրվեց փսիխոդելիկ երաժշտությամբ. ճիշտ մթնոլորտ ստեղծելու համար ավելի հարմար էր անգլերենը: Ի դեպ, երաժշտության մասին. ի տարբերություն նույն «Էթնիկ-մեթնիկի», «Անդրդոգմայում» կլինեն նաև ստեղնաշարային գործիքներ, որոնց համար պատասխանատու է խմբի վաղեմի ընկեր Սերժը: Իսկ ավանդականից կլինի էթնիկի ու մետալի ծանրակշիռ ձուլվածքը:

Իսկ հետո՞: «Կներկայացնենք ալբոմը, կնվագենք Երևանում, ամռանը՝ Ֆրանսիա, Գերմանիա, եթե հաջողվի՝ Շվեդիայում խոշոր փառատոնի կմասնակցենք», — պլանների մասին պատմում է Զառան (խոսքը Sweden Rock փառատոնի մասին է, որին հաստատ կմասնակցեն Black Sabbath-ը, Uriah Heep-ը, Էլիս Քուփերը ու Ռոբ Զոմբին, իսկ ևս քսանհինգ խմբի համացանցով կընտրի հանդիսատեսը. երկու հարյուր թեկնածուների թվում է նաև Dogma-ն, որի համար կարելի է քվեարկել այստեղ: Վարդանն էլ բացատրում է, թե ինչն է ուժ տալիս ռոքով զբաղվելու ոչ այնքան ռոքային Հայաստանում. «Մեր համար էս ամենը մնում է երազանք: Ամեն անգամ ստուդիայում հավաքվելով, նոր երգ գրելով, իրար հետ ընթացքում կռվելով ու նորից բարիշելով, համերգ տալով՝ մենք մնում ենք էդ երազանքի մեջ»:

Փաստորեն, նրանց երաժշտությունը ծնվում է այդ երազանքից: Թվում է, բոլորովին էլ վատ տարբերակ չէ:

Այս թեմայով