23 Հոկտեմբեր 2014, 12:45
2110 |

Ինչո՞ւ է չորացել հայկական ռոքի «քոքը»

Եթե նրանց լսես, ապա բոլորի մոտ բուռն ստեղծագործական շրջան է, բոլորը փակվել են իրենց ձայնագրման ստուդիաներում ու արարում են: Իսկ թե ե՞րբ ականատես կլինենք արարչագործության ավարտին ու կվայելենք պտուղները՝ հայտնի չէ: Միայն քչերը խոստովանեցին, որ իսկապես, հայկական ռոքում, մեղմ ասած, ծանր ժամանակներ են:

Ես այդքան էլ ծեր չեմ, որպեսզի նստեմ մեր բակի նստարաններին, գլխաշոր կապեմ ու երանի տամ այն ժամանակներին, երբ գրեթե ամեն օր Երևանի ընդհատակում որևէ ռոք խումբ էր ելույթ ունենում։ Բայց միևնույն ժամանակ կարոտում եմ այդ տարիները: Անհամբերությամբ սպասում էինք, թե ե՞րբ է թարմացվելու «Ստոպ» ակումբի պատի ազդագիրը, որ տեսնենք՝ այդ ամիս ի՞նչ խմբեր են ելույթ ունենալու, կամ այս անգամ Տիկնիկայինում ինչ ֆեսթ էին անելու: Էլ չեմ խոսում բուն համերգների ժամանակ տիրող իրավիճակի մասին, երբ մի կերպ ճեղքում էիր ամբոխը, քեզ նետում առաջին շարքերն ու սկսում սիրելի խմբի հնչյունների ներքո հեդբենգինգ անել՝ չխնայելով ոչ կողքիններիդ, ոչ էլ մազերդ հարդարելուն տված փողը: Իսկ վերջում տուն էինք վերադառնում ու լվացքի պարանից կախում ծխից ու ալկոհոլից ուշագնաց եղած հագուստը:

Եվ իսկապես՝ ինչպե՞ս կարելի է մոռանալ Տիկնիկայինի ֆեսթերի ժամանակ դժգոհ ու ջղաձգված դեմքով հսկիչ կանանց, ովքեր վայրկյաններն էին հաշվում, թե ե՞րբ է ավարտվելու համերգը, որ ռոքերները ազատեն իրենց թատրոնը: Հիմա այս ամենն արդեն պատմություն է, իսկ դաշտում մնացած ռոք խմբերը կամ դարձել են տեղական շոուբիզի կարկառուն ներկայացուցիչ, կամ առհասարակ անցել են ընդհատակ: Ու՞ր են կորել հայկական ռոք խմբերը ու ե՞րբ տեղի կունենա ռոք վերածնունդ, որոշեցինք պարզել հենց նրանցից:

«Դոգմա» խումբը թույլ չի տալիս, որ իր մասին մոռանան: Խումբն այժմ ձայնագրում է երրորդ ալբոմն ու պատրաստում հետաքրքիր նախագիծ ու համերգ՝ աջակցություն ցուցաբերելով սկսնակ խմբերին: «Դոգմա»-ով հետաքրքրված են նաև արտասահմանում, Տոկիոյի ռադիոկայաններից մեկին տված հարցազրույցն ու բրիտանական հայտնի ռոք ամսագրերից մեկում տեղ գտնելն այդ մասին են վկայում:

Խմբի բաս կիթառահար Վարդան Գրիգորյանի խոսքերով, իրենք մի քիչ հոգնել են ստանդարտ ռոք իրավիճակից, երբ բեմ են բարձրանում սկսնակներ ու սկսում քավրներ նվագել, իսկ հետո պահանջում, որ իրենց ընդգրկեն ֆեսթերի կամ համերգների շրջանակում: Վարդանի կարծիքով, բազմաթիվ խմբերի լռությունը գուցե պայմանավորված է հենց նրանով, որ ամեն ինչ իրար է խառնվել, ու ոչինչ իր տեղում չէ: «Մենք երբեք դադար չենք տվել, պարզապես չենք ուզում գնալ ռեստորաններ, հինգ հազար դրամով երգել, չենք ուզում, որ սա մեզ համար վերածվի ամենօրյա աշխատանքի: Միևնույն ժամանակ չեմ էլ քննադատում այդ երաժիշտներին: Պարզապես մենք հոգնել ենք սովետական ժամանակներից մեզ բաժին հասած ռոքերական հավաքույթներից, տժժալ-ղժալուց, մենք այդ խումբը չենք: Մենք մեր տեղում ենք»:


«Էմփիռեյ» ռոք խումբը երբ հայտնվեց ասպարեզում, միանգամից բոլորը հայտնվեցին յոթերորդ երկնքում: Յուրօրինակ անձնակազմն ու ստեղծագործությունները խմբին մեկընդմիշտ առանձնացրեցին մյուսներից: Խումբն ունեցավ իր աստղային ժամը, սակայն մենակատար Սարգիս Մանուկյանը մեկնեց Միացյալ Նահանգներ: Այժմ խմբի նոր վոկալիստն է Սուրեն Պողոսովը: «Էմփիռեյի» ներկայիս գործունեության մասին պատմեց խմբի համահիմնադիր, բաս կիթառահար Կարեն Արզումանյանը. «Հիմա մենք ակտիվ ստեղծագործում ենք։ Յուրաքանչյուր խմբի կյանքում գալիս է մի շրջան, երբ իրենք փակվում են ստուդիայում, մեզ մոտ այդպսիսի շրջան է: Նոր կազմով այս տարի չորս համերգ ենք տվել, թողարկել նոր երգ, երկրորդն ընթացքի մեջ է»: Ինչ վերաբերում է պասիվությանը, ապա Կարենի կարծիքով դա համատարած բնույթ է կրում, պատճառը տիրող սոցիալական և քաղաքական իրավիճակն է: Այդուհանդերձ, երաժիշտը խորհուրդ տվեց չմտահոգվել ռոք երաժիշտների համար, ռոքը ազնիվ և ուժեղ մարդկանց երաժշտություն է: Իրենք այս իրավիճակից անպայման դուրս կգան:

 


The Beautified Project խումբն ի տարբերություն մյուս խմբերի, ավելի հաճախ է երևում: Սա թերևս պայմանավորված է խմբի մենակատար Անդրե Սիմոնյանի ակտիվությամբ: Վերջինս որոշեց ընտրել այլ մարտավարություն ու իր խումբը ընդհատակյա համերգներից դուրս բերեց ավելի մեծ բեմեր ու հեռուստաեթեր: Իհարկե, այս փաստը ոչ բոլոր ռոքասերներին դուր եկավ, սակայն գուցե հենց դրա շնորհիվ էլ այս խմբի անունն ավելի հաճախ ենք լսում: Անդրեն պատմեց, որ շուտով խումբը դուետով հանդես կգա երգչուհի Սոնա Ռուբենյանի հետ, իսկ դեկտեմբերի մեկին մենահամերգ կունենա Տիկնիկային թատրոնում: Անդրեի կարծիքով, ռոքը լավ էլ ակտիվ է Հայաստանում, պարզապես ինքը կցանկանար, որ խմբերը հնարավորություն ունենային դուրս գալ ակումբային հարթակներից և ներկայանալ ավելի մեծ համերգասրահներում:

 


«Բամբիռը» կարծես թե այս մոլորակից չլինի, մեկ-մեկ թվում է, որ հենց այդպես էլ կա: Տղաներն իրենց համար ստեղծագործում են, երբեմն էլ համերգներ տալիս: Վերջին համերգը Ազատության հրապարակում էր: Խմբի անդամ Արիկն ասաց, որ իրենք փորձասենյակում աշխատում են ինչպես առաջ, այդպես էլ՝ հիմա: Ինչ վերաբերում է ռոք խմբերի պասիվանալուն, ապա իրեն այդ հարցը հիմա այդքան էլ չի հետաքրքրում, դա ավելի շատ կախված է երաժիշտներից, ոչ թե ինչ-որ իրավիճակից:

 


«Որդան Կարմիր» խմբի մենակատար Վահան Պողոսյանը պատասխանեց կարճ և կոնկրետ՝ խումբը պասիվ է, որովհետև զբաղված է ձայնագրություններով և որոշակի կենցաղային խնդիրներ լուծելով։ Վահանը նաև նշեց, որ ռոքի պասիվացումը պայմանավորված է մարդկանցով: «Երիտասարդներն ավելի շատ ժամանակ անց են կացնում համակարգչի առաջ։ Բացի այդ, ռոքը մեզ մոտ այն սպառումը չունի, որը թույլ կտա այդ ժանրի երաժշտին վաստակել այնքան գումար, որով կկարողանա հոգալ իր մինիմալ կարիքները»:

 


E.V.A. խումբն առանձնանում էր իր Էվայով, ով էլ հենց մեզ պատմեց, որ խումբը հիմա մի քիչ սառած վիճակում է: Էվան միայնակ է ստեղծագործում, քանի որ ստիպված է աշխատել երեք վայրում, որպեսզի հոգա կենցաղային կարիքները, իսկ սիրած գործով զբաղվելու ժամանակ շատ քիչ է ունենում: «Հուսով եմ՝ 2015-ն ինձ հնարավորություն կտա վերադառնալ իմ ամենաթանկ գործին»: Իսկ ռոք իրավիճակի պասիվացումը, Էվայի կարծիքով, պայմանավորված է ոլորտի՝ հանրամատչելի դառնալով: «Մի կողմից դա հրաշալի է, մյուս կողմից ոլորտը տուժեց, որովհետև այն, ինչ հասանելի է բոլորին, ինչի համար պետք չէ ջանք գործադրել, դառնում է անհետաքրքիր»:

 


Perception Way խմբի բաս կիթառահար Հակոբ Թորգոմյանը հանդես է եկել տարբեր խմբերում, բայց հիմա իր հանգրվանը գտել է հենց այստեղ: Հակոբն ասում է, որ իրենք հիմա գտնվում են ամառանոցում, բոլորից կտրված. ձայնագրման շրջան է: Իսկ իրավիճակի պասիվացումը միայն ռոք ոլորտում չէ:

 


«Դեղ» ռոք խմբին ժամանակին ռոքասերները մեծ ուրախությամբ ողջունեցին: Դե, ոչ ամեն քայլափոխի կարելի է հանդիպել կարմրահեր ռոքերուհիների, ինչպիսին է խմբի մենակատարուհին: Սակայն վերջերս հազվադեպ ենք լսում այս խմբի անունը: Խմբի մասին խոսեց կիթառահար և երգերի հեղինակ Ռոբերտ Խուդավերդյանը. «Հիմա խումբը զբաղված է նոր երգերով և համերգային ծրագրերի մշակմամբ: Իհարկե, ֆեսթերը նվազել են, բայց բարձրացել է խմբերի որակը: Եթե հինգ տարի առաջ կային տասնյակ խմբեր, հիմա հինգն են, բայց՝ որակով»:

 


«Լավ էլի» հին ու բարի խումբը, որն անցյալ տարի սեփական նախաձեռնությամբ շրջագայում էր Հայաստանով ու մանկական ճամբարներում երեխաների համար ելույթ ունենում, այժմ զբաղված է նոր ալբոմի ձայնագրություններով: Խմբի մենակատար Մհեր Մանուկյանն ասաց, որ այդքան էլ չի հետևում դաշտին, բայց լավ խմբեր կան թե Վանաձորում, թե Երևանում: Ընդհանուր պասիվության մասին նա ունի իր ուրույն դիրքորոշումն ու գտնում է, որ չես կարող մարդկանցից պահանջել ակտիվ լինեն, դա պահանջելու ենթակա չէ:

 


«Դորիանսի» տղաները վաղուց չեն երևում: Գոռ Սուջյանի հետ զրույցից պարզ դարձավ, որ խումբն առանձնապես նորություններ չունի: Գոռը նույնիսկ դժվարացավ հիշել, թե երբ է եղել իրենց վերջին մենահամերգը: Այժմ ինքն ավելի շատ հանդես է գալիս անհատական նախագծերով, օրինակ, շուտով ականատես կլինենք Արտո Թունջբոյաջյանի հետ համագործակցությանը: Գոռի կարծիքով, պասիվություն վաղուց է նկատվում, բայց ինքը չի կարող խոսել պատճառների մասին:

 


Another Story–ն լրիվ ուրիշ պատմություն է: Այս խմբի տղաները սկզբում նվագում էին ռուսական ռոք, իսկ խմբի մենակատար Արմեն Սարգսյանն այնքան հիանալի էր կատարում Վիկտոր Ցոյ, որ նրան հենց Ցոյ էլ ասում էին: Խմբի գործունեության յոթ տարիների ընթացքում այս խումբը չի դադարել ստեղծագործել ու հիմա էլ ամսական մեկ անգամ հանդես է գալիս մենահամերգով: Արմենն ասաց, որ այժմ իրենք ունեն նաև հեղինակային երգեր ու հանդիսատեսին ներկայանում են նաև հայերեն երգերով, իսկ ռուսական երգացանկը պարբերաբար թարմացնում են: Խումբը նոյեմբերին, ի պատիվ իր յոթամյակի, երկու համերգ կտա: Իրենց մոտ ամեն ինչ լավ է, իսկ ինչով է պայմանավորված համատարծ պասիվությունը, Արմենը չգիտի, բայց միանշանակ համաձայն է. այո, պասիվ ենք:

 


«Ոստան Հայոցի» մասին խոսելիս ավելորդ զգուշավորությունը երբեք չի խանգարի: Այս խումբն անցել է երկար ճանապարհ, շատ բան է տեսել ու հաղթահարել՝ դառնալով իսկական էտալոն բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են հայտնվել այս ոլորտում: Խմբի կյանքում եղել են դադարներ, սակայն երաժիշտները շարունակել են ստեղծագործել և ութսունականներից հասել մինչև մեր օրեր: Հիմա աշխատում են նոր ալբոմի վրա, որին թերևս պետք է սպասել գարնանը, ցանկություն կա այն նվիրել Ցեղասպանության տարելիցին: Խմբի ֆրոնթմեն Յոհան Կոստանիի խոսքերով հիմա խմբերը շատ են ու դրանցից յուրաքանչյուրն ունի իր լսարանը, որը սովորաբար չի սիրում ներկա գտնվել մյուս խմբերի համերգներին, դրա համար այդ ակտիվությունն այդքան էլ նկատելի չէ: «Ռոքը չի կերակրում, Հայաստանում այն կոմերցիոն չի համարվում, դրա համար էլ բազմաթիվ երաժիշտներ գնացին դեպի կոմերցիան: Մեր բախտը բերեց այն առումով, որ բոլոր ժամանակներում էլ մենք ունենք մեր հանդիսատեսը»:

Հ.Գ. Խմբերի հերթականությունը պայմանավորված է ըստ նրանց՝ մեզ արձագանքելու հերթականության:

 

Այս թեմայով