01 Հուլիս 2013, 12:59
2929 |

«Չաս պիկ»

Չի կարելի մեղքը գցել ժամանակի վրա: Ժամանակը նաև բժիշկ է. առանց դառը դեղահաբերի սպիացնում է ամենախորը վերքերը: Ավելին, մարդուն հաղթելն ավելի դժվար է, քան ժամանակին: Իսկ մարդու թողած լավ գործը հեշտությամբ կարող է հաղթել ժամանակը:

Երևանի «ամենագողտրիկ անկյուններում» դեռ կարելի է ժամագործի հանդիպել: Ասում ենք՝ դեռ, որովհետև ժամագործությունը մահացող մասնագիտություն է: Նորքի 1-ին զանգվածում այդպիսի մի անկյուն կա, որտեղ ապրող ժամագործը թեև երբեք ժամացույց չի կապել, բայց ժամանակի նկատմամբ պարտք ու պահանջ չունի: Ժամանակի թելադրած օրենքներն անգիր իմացող ժամագործ Գագիկ Խաչատրյանը պատրաստ է կիսել իր կյանքի փորձը:

Վաղո՞ւց եք սլաքի ուղղությամբ «շարժվում»:
- Կյանքիս կեսից ավելին' 50-ից 35-ը, հենց այդ «շարժմանն» է նվիրված: Մեղավորը սովետական զարթուցիչն էր, ժամանակին դրանից բոլորի տներում կար' կլոր, մեծ, բարձր ձայնով: Պատանիներին բնորոշ հետաքրքրությամբ քանդեցի այն, որ հասկանամ' ինչ կա ներսում և ինչպես է աշխատում այդ «մետաղյա հսկան»: Բնականաբար, քանդելուց հետո զարթուցիչը լռեց ու հայտնվեց աղբամանում: Այդ ժամանակ էր, որ ծանոթացա պարսկահայ շատ հայտնի ժամագործ Վահրամի հետ: Մոտ 1 տարի վարպետս ինձ «ժամացույցների լեզուն» սովորեցրեց: Դրանից հետո' 80-ականներին, մոտ 2 տարի Երևանի ժամացույցի գործարանում աշխատեցի, որ կարողանամ «ռազրյադ» ստանալ, իսկ 1987-ից, երբ Գորբոչովն անհատ ձեռներեցությամբ զբաղվելու մասին օրենք ընդունեց, «ժամադրվեցի» 1-ին զանգվածում գտնվող իմ այս փոքրիկ արհեստանոցում ու այլևս հանդիպման վայրը չեմ փոխել:

Տա՞նն էլ եք «ժամապահ»:
- Սիրում եմ այս գործը, բայց տանը ժամագործ չեմ : Նույնիսկ, եթե կինս խնդրում է ժամացույցի մարտկոցը փոխել, միևնույն է, տանը չեմ անում: Ժամացույցը հետս բերում եմ արհեստանոց, փոխում եմ կամ նորոգում ու նորից տուն տանում: Տանը պատի անտիկվար ժամացույց ունեմ' մեխանիկական, զանգերով… ուղղակի զանգերն անջատել եմ, որ չխանգարի: Բայց մեր տանը զարթուցիչ չկա, փոխարենը կենսաբանական ժամացույց կա իմ ներսում, որը երբեք չի փչանում ու նորոգման կարիք չունի: Իսկ կիրակի օրերին երբեք չեմ ժամապահում: Կիրակին իմն է:

Վերջիվերջո, 1-ից 12-ն ընկած թվերի միջակայքն ի՞նչ է:
- Ժամացույցը նուրբ «էակ» է: Հասկանալու համար տարիների փորձ, մեկ էլ «քթածակ» է պետք: Ժամացույցը հիմա որպես զարդ են կրում, իսկ նախկինում դա պահանջ էր, որովհետև չկային բջջային հեռախոսներ, համակարգիչներ, որ մարդ առանց ժամացույցի էլ կարողանար ժամն իմանալ: Հիմա 1-ից 12-ն ընկած թվերի միջակայքն ավելի շատ ձեռքն է զարդարում, քան ժամանակ ցույց տալիս:

Ովքե՞ր են ժամագործները:
- Վերջին մոհիկաններ: Այսօր մատների վրա կարելի է հաշվել, թե Հայաստանում քանի ժամագործ կա: Սա արդեն մահացող մասնագիտություն է: Հիմա այնքան էժան չինական ժամացույցներ կան, որ մարդիկ գրեթե չեն դիմում մեր օգնությանը: Նախընտրում են նորը գնել:

Ո՞րն է ժամացույցների «շվեյցարական գաղտնիքը»:
- Շվեյցարական ժամացույցները գաղտնիք չունեն, պարզապես դրանք ժամացույցներին հատուկ բարդության դասակարգեր ունեն՝ 1-ին, 2-րդ կարգ, ավտոմատ, օրացուցով… սրանք են ժամացույցի բարդության աստիճանները: Հարյուրից մեկ ժամագործ է կարողանում դրանք նորոգել: Կապ չունի' շվեյցարական է, թե' ոչ, լավ ժամացույցն անմիջապես ճանաչելի է իր մետաղից, մեխանիզմից… Օրինակ, լինում են անհատական վարպետների կողմից պատրաստված հեղինակային ժամացույցներ, երբ վարպետն իր դրոշմն է դնում ժամացույցի վրա: Միանգամից զգում ես, որ շատ թանկ, անտիկվար ժամացույցի հետ գործ ունես: Այսինքն' նույնիսկ առանց ժամագործական խոշորացույցի էլ աչքդ միանգամից ճանաչում է լավ ժամացույցը: Անտիկվար ժամացույցներ են նաև ռուսական և գերմանական կուկուշկաները:

Մտածել եք' ապագայի ժամացույցն ինչ տեսք կունենա:
- Լույսի ստվերով կողմնորոշվելուց ու ավազի ժամացույցներից հասել ենք մինչև… Դժվարանում եմ ասել, թե ապագայի ժամացույցներն ինչ տեսք կունենան, բայց մեխանիկական ժամացույցը դեռ երկար կապրի:

Ամեն ինչի՞ն եք աշխատանքային խոշորացույցով նայում:
- Ոչ: Դրա համար շատ ժամանակ է պետք, իսկ ես այդքան էլ հարուստ չեմ: Խոշորացույցը աչքիս է միայն ժամացույցների զննության համար: Բայց տարիների ընթացքում սկսում ես նեղվել տեսողությունից: Ես սննդի միջոցով եմ փորձում պահպանել տեսողությունս, ձուկ եմ ուտում, օրինակ: Ի դեպ, ձկնորս եմ: Դա իմ հիվանդագին հոբբին է:

Ժամագործն' առանց ժամացույցի՞: Ինչո՞ւ:
- Չեմ հավատում, թե երջանիկ մարդիկ ժամացույցի կարիք չունեն. դա ուղղակի թևավոր խոսք է: Պատանի էի, երբ վարպետս' որպես իր լավագույն աշակերտի, մի շվեյցարական ժամացույց նվիրեց ինձ: Մի քանի օր կապեցի, բայց անընդհատ անհարմարություն էի զգում: Գուցե պատճառն այն էր, որ ամբողջ օրը ժամացույցների մեջ էի. չգիտեմ: Այդ օրից ժամացույցը հանեցի ձեռքիցս ու մինչև այսօր էլ չեմ կապում: Առհասարակ ժամացույց կապելը սովորություն է: Մարդ կա' ժամացույցը բերում է նորոգելու ու ասում' «շտապ է պետք, որովհետև առանց դրա չեմ կարող»:

Ժամացույց չեք կրում, իսկ ժամանակի զգացողություն ունե՞ք:
- Ես ժամը զգում եմ 5-10 րոպե տարբերությամբ, բայց ժամանակի զգացողություն ունենալը, ինչպես նաև ճշտապահ լինելը և ժամավաճառ չլինելը ժամագործությունից չեմ սովորել: Դա մարդու էության մեջ է:

Ժամանակին…
- Ժամանակին' 90-ականներին, մի մարդ ժամացույց բերեց ու շատ խնդրեց, որ անպայման նորոգեմ: Նա գնաց ու մոտ 3-4 տարի չերևաց: Ժամացույցը սարքեցի, բայց տերը չկա ու չկա: Մի տոպրակ ունեմ նման դեպքերի համար' իմ արխիվն է: «Անտեր ժամացույցներն» այնտեղ եմ արխիվացնում: Մի օր էլ եկավ այդ մարդը: Զրուցեցինք, պարզվեց, որ նրան կալանավորել էին… Չէր հավատում, որ կարող է իր ժամացույցը պահպանված լինել: Բայց ես իմ արխիվից հանեցի այն, լարեցի ու տվեցի իրեն: Այնպես էր ուրախացե~լ, աչքերին չէր հավատում: Պարզվեց, որ ժամացույցը հոր նվերն էր ու շատ թանկ էր իր համար:

Ընկեր-բարեկամ ի՞նչ կատակներ են անում 35 տարվա ժամագործի հետ:
- Ընկերներս եզդու անեկդոտն են պատմում. եզդին, փողոցներն է ավլում ամբողջ օրը: Ժամացույցը փչանում է, տանում է ժամագործի մոտ: Ժամագործն ասում է' փոշոտվել է, պետք է քանդեմ, ներսի փոշին սրբեմ: Երբ եզդին իմանում է, թե ինչքան պետք է վճարի ժամագործին այդ աշխատանքի համար, նեղվում է, որովհետև ինքն ամբողջ օրը փողոցներն է մաքրում, բայց այդքան չի ստանում, որքան ժամագործը մի փոքր ժամացույցի փոշին մաքրելու համար: Հաճախ ընկերներս կամ բարեկամներս ինձ «չիսովնիկ Բորիս Բորիսևիչ» են ասում' «Անորսալի վրիժառուները» ֆիլմի հերոսի նմանությամբ:

Ժամանակը ոսկի՞ է:
- Ես կասեի' ժամանակը ոսկուց էլ թանկ է: Թե մարդը չգնահատեց ժամանակը, այն երբեք նրա օգտին չի աշխատի:

Ժամանակի հետ պարտք ու պահանջ ունե՞ք:
- Ժամանակի առաջ պահանջներ չեմ դնում: Մարդ պետք է կարողանա առավելագույնը' տնօրինել, նվազագույնը' ընկերություն անել ժամանակի հետ, բայց ոչ երբեք ժամանակից պահանջել կամ թողնել, որ ժամանակը տնօրինի իրեն: Չի կարելի մեղքը գցել ժամանակի վրա: Չմոռանանք, որ ժամանակը նաև բժիշկ է. առանց դառը դեղահաբերի կարողանում է սպիացնել ամենախոր վերքերը: Ավելին, մարդուն հաղթելն ավելի դժվար է, քան ժամանակին: Բայց մարդու թողած լավ գործը հեշտությամբ կարող է հաղթել ժամանակին։

Այս թեմայով