03 Սեպտեմբեր 2014, 15:45
2842 |

Գեղեցիկ րոպեները

Արամ Բալայանը հստակ չի հիշում, թե քանի ժամացույց է պատրաստել ամբողջ կյանքում, բայց լավ հիշում է այն օրը, երբ իր ժամացույցներից մեկի մեջ ջուր լցվեց, ժամատախտակի վրայի փոքր պատկերը փչացավ, Արամն էլ վերցրեց ու ձեռքի տակ եղած մի գեղեցիկ նկար կտրեց-տեղադրեց հնի փոխարեն: Հիմա ինչ ասես, որ չի նկարում ժամացույցների մեջ՝ հայկական պեյզաժներ, Տիգրան Մեծ, Պարույր Սևակ, Արարատյան դաշտը, նռներ, կենդանիների պատկերներ և էլի հազար ու մի բան:

Ընտանեկան ավանդույթ
Արամի հորեղբայրը Հայաստանում հայտնի «Նիկոլայ Առաջին» ժամացույցների բրենդի հեղինակն ու պատրաստողն է: Ամբողջ կյանքն անցկացրել է ժամացույցի սլաքների չըխկ-թըխկերի մեջ, գուցե դա էլ դեր խաղաց, որ իր սեփական բրենդը ստեղծի՝ «Արամի»: Շաբաթվա մեջ մի քանի ժամացույց պատրաստելը Արամ Բալայանը նույնիսկ փոքր բիզնես չի համարում: Ճիշտ է, ժամանակ առ ժամանակ մեծ, կորպորատիվ պատվերներ է ունենում, պատրաստել այս կամ այն ընկերության տարբերանշանով մի քանի տասնյակ ժամացույցներ, բայց դա էլ քիչ է բիզնեսն առաջ տանելու համար:

  

 

Անդավաճան ընկերը
«Ուզում եմ, որ մարդիկ հասկանան ու գնահատեն ժամանակը: Օրվա ցանկացած պահի ձեր սլաքավոր ընկերը կարող է դավաճանել ու սխալ ցույց տալ ժամանակը: Ինքս էլ իմ պատրաստած ժամացույցն եմ կրում, սլաքները երբեք չեն կանգնել, եթե, իհարկե, չմոռանամ փոխել մարտկոցը կամ լարել մեխանիզմը»,- համեստորեն ասում է Արամ Բալայանը:
Ժամացույցի այսպես ասած միջուկ պատրաստելը Հայաստանում դեռ բարդ գործ է, Արամը ժամանակ առ ժամանակ իր ձեռքով ընտրում է ամենալավ կորեական մեխանիզմներն ու այլ մասերը: Թևկապները ինքն է պատրաստում կաշվից կամ այլ հումքից:

«Ընկերներիցս մեկը արտասահմանից մի քանի հազար դոլարանոց ժամացույց էր գնել ու գլուխ էր գովում, որ ջրակայուն է, որակյալ է: Առաջարկեցի փորձել, ձեռքիս ժամացույցը հանեցի ու մտցրի ջրով լի բաժակի մեջ, հետո նորից ձեռքիս կապեցի: Աշխատում էր՝ ինչպես նախկինում: Ընկերս զարմացավ, տարակուսեց ու հրաժարվեց իրենն էլ փորձել: Մարդ ես, մի քանի հազար դոլարը «ջուրը» չգցեր»:

Արվեստն ապակու տակ
Կորպորատիվ պատվերներից բացի, մնացած բոլոր ժամացույցները յուրօրինակ են: Ինչ ասես, որ չի անցնում Արամի մտքով՝ արևներ, սիգարներ, Սարյանի կտավներ, Սերվանտեսի հերոսներ, ձիեր, բուեր, շներ, Դալիից ոգեշնչված պատկերներ, հայ դասականներ: Թեև ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան բազմիցս կարդալ: Ահավասիկ՝ ֆոտոշարքից մի քանի նկար:

   

 


Հայկական նկարազարդ ժամացույցների պատրաստման ընթացքը

 

Այս թեմայով