17 Մայիս 2013, 23:52
2908 |

Արի ու տես

Թանգարանային գիշերը խոստանում է լինել հետաքրքիր՝ իրար հերթ չտալով կազմակերպվել են մեկը մյուսից օրիգինալ միջոցառումներ: Որպեսզի ոչ թանգարանների աշխատակիցների արած գործը ջուրն ընկնի, ոչ էլ մեր ակնկալիքներն այդ օրից ի չիք դառնան՝ առաջարկում ենք ծանոթանալ imyerevan-ի կազմած ծաղկաքաղին:

Ցանկը բացում ենք սեփական ծառը ջրելով: Մ. Սարյանի տուն-թանգարանում, ի թիվս այլ միջոցառումների, անպայման ներկա գտնվեք «Երևան» ամսագրի կողմից թանգարանին նվիրած «Դերասանուհի Պաստուխովայի դիմանկար»-ի անդրանիկ ցուցադրմանը:

«Երևան»-ի նվերը գնահատելուց հետո արժե մտնել Ա. Խաչատրյանի տուն-թանգարան, ասում են՝ այնտեղ այցելուները նկարելու են: «Հնչյուններ և գույներ». այսպես է կոչվում նախագիծը, որը սովորական մահկանացուի համար հիանալի հնարավորություն է փորձելու ուժերը: Եթե գովեստի խոսքերի չարժանանաք, համակերպվեք՝ ոչ բոլորն են տաղանդավոր ինչպես, ասենք, Արամ Խաչատրյանը: Կսփոփի թանգարանի բակում կազմակերպված «Արտասովոր Խաչատրյան» համերգը:

Ավ. Իսահակյանի տուն-թանգարանը նույնպես որոշել է տաղանդավորներին հիշել.Առ. Կուռի (Սաշա Ղալեչյան) «Տես քեզ հայերեն» հայատառ դիմապատկերների ցուցահանդեսն անսովորների շարքից է: Ինչպես ասում են՝ must see, այս դեպքում նաև՝ must have Առ. Կուռի թեթև ձեռքով արված սեփական դիմանկարը: Բայց սա արդեն՝ ապագայում, և այս հարցում Իսահակյանի տուն-թանգարանը ոչնչով չի կարող օգնել:

Ե. Չարենցի տուն-թանգարանն առաջարկում է բարձրաշխարհիկ զրույցներ, փողային նվագախմբի և ասմունքի համույթների ելույթներ, «Սիրված երգեր և արիաներ» համերգ, մի խոսքով՝ ոչինչ, ինչը կհամապատասխաներ Չարենցի հախուռն ու կրքոտ ոգուն, ու նաև՝ մարմնին, ասում են: Թեև, ով գիտե, միգուցե «Ութնյակներ արևին» թատրոն-ստուդիայի սաների ելույթը կրքոտ-չարենցոտ ստացվի:

Ի տարբերություն նրանց՝ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը փորձել է հնարավորինս պահպանել գրողի ոգին և անփոխարինելի տրամադրությունը: Նրանք «Հայփոստ»-ի հետ համատեղ կազմակերպում են «Նամակ մտերիմին» ակցիան երիտասարդների համար: Ուրիշի նամակները կարդալը միշտ էլ հետաքրքիր է, խոստովանեք:

Հովհ. Թումանյանի թանգարանը, հին ադաթի համաձայն, աչքի է ընկնում զարմանահրաշությամբ: «Քաջ Նազարը» անգլերենով՝ թիրախային լսարանը՝ հավանաբար անգլերեն թեքումով դպրոցների սաներ: Բացի այդ՝ «Կիկոսի մահն» իտալերեն՝ թիրախային լսարանը՝ անհայտ: Անհայտ է նաև՝ այդ ինչ սառնարաններ են ցուցադրվելու կամ ներկայացվելու «Կենցաղային էվոլյուցիա»` Թումանյանի սառնարանները» վերտառության ներքո: Անպայման պարզել: Իսկ օտար լեզուների իմացությամբ աչքի չընկնող, բայց ինտելեկտուալ թանգարանասերները կարող են մասնակցել «Թանկագին քարեր» ինտելեկտուալ խաղեր այցելուների հետ միջոցառմանը:

Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանը որոշել է 21-րդ դարին համահունչ քայլել ու առաջարկում է ներկա գտնվել կայքի շնորհանդեսին: Թանգարանների վիրտուալ շրջայցը կներկայացնեն www.360yerevan.am կայքի հիմնադիրները: Իսկ մայիսյան հով երեկոյի սառնությունը կկոտրի «Կակաոն Սպենդիարյանի բաղադրատոմսով», այն էլ՝ Սպենդիարյանի պատշգամբում: Մնում է պարզել՝ Սպենդիարյանի երաժշտության օրինակով կակաոն կհասնի բոլորին, թե այն կճաշակեն միայն ընտրյալները: Պարզելու մեկ տարբերակ կա. ներկա գտնվել:

Երվանդ Քոչարի թանգարանը նախորդից հետ չմնաց: «Դեպի Քոչարի մոնումենտալ արձաններ» վիրտուալ տուր, այն էլ՝ թանգարանի հարակից տարածքում: Ու ընդհանրապես, վիրտուալ թանգարաններին՝ ողջո՜ւյն, ողջո՜ւյն:

Նոր դարին ինտեգրման փորձեր է արել նաև Հայաստանի պատմության թանգարանը՝  նորամուտհնագիտական գտածոներ ի ցույց դնելով: Նմուշների պատմական արժեքը հնարավոր է պարզել միայն տեղում, ոչ մի նախնական գովազդ:

Գովազդի և բրենդինգի կարիք չունի նաև Մատենադարանը, որն այս տարի առաջին անգամ է միացել թանգարանային գիշերվան: Ինչպես ասում են՝ հավեսի ընկավ: Նրանք մեզ կզարմացնեն իրենց նոր ցուցադրությամբ: Մատենադարանի նորը միշտ լավ պահպանված հինն է:

Հայաստանի ազգային պատկերասրահը ֆիլմ ցույց կտա «Ասորիներն Արևելյան Հայաստանում»:Ուշանալու դեպքում ստիպված կլինեք բավարարվել ասորական, լեհական,վրացական համայնքների մասնակցությամբ համերգին:

Հենդմեյդի սիրահարները հաճելիորեն կզարմանան ու միգուցե նաև նոր գիտելիքներ ձեռք կբերեն Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում, քանի որ այստեղ կազմակերպվում են վարպետաց դասեր՝ ասեղնագործություն, ժանեկագործություն, փայտի փորագրություն: Ձեր նորաստեղծ աշխատանքներին կհետևեն ժողովրդական վարպետների ստեղծագործությունները, որոնք մշտապես ցուցադրված են կենտրոնում:

Բավականին հետաքրքիր ձևաչափի առաջարկով է հանդես գալիս Փայտարվեստի թանգարանը: Հանրությունը նրանից ակնկալում էր վերնագրի հետ կապ ունեցող ինչ-որ բան, մինչդեռ նրանք համարձակորեն առաջարկում են դիտարկել իրենց նորամուծությունը՝ «Ազդագիրը որպես ոչ ֆորմալ կրթության տարբերակ»:

Ժամանակակից արվեստի թանգարանն անդրադառնում է հին, բայց մնայուն արժեքներին: «Արարատի շուրջ» լուսանկարչական ցուցահանդեսը խոստանում է նոր ռակուրսներ հայտնաբերել հին թեմայի մեջ: Իսկ «ALMA SAX» սաքսոֆոնիստների քառյակը նրանց պիտի որ հաջողությամբ համալրի:

Երևան քաղաքի պատմության թանգարանը նույնպես վերհիշել է մնայուն արժեքները: «Հայկական ազգային տարազ» ալբոմի շնորհանդեսից և տարազի պատկերազարդումների ցուցահանդեսից բավականաչափ ոգեշնչվելեն ետքը կարելի է հանգիստ խղճով հանդիպել «19-րդ դարի գիմնազիստուհիներ»-ի հետ: Մեծ ակնկալիքներ ունեցողներին հիասթափեցնենք՝ գիմնազիստուհիներին շոշափել չի հաջողվի, ծրագիրն անիմացիոն է:

ՍԿապուտիկյանի տուն-թանգարանը հիանալի առաջարկ է անում բոլոր Արաներին: Նրանք, ու հատկապես նրանք կարող են մասնակցել «Փոքրիկ Արա ականջ արա» պատկերազարդ գիրք-ալբոմի շնորհանդեսին:

Հայաստանի բնության պետական թանգարանի քարե դարի գործիքների ցուցադրությունը այսօրվա կենցաղային պայմանները վերագնահատելու ունիկալ հնարավորություն է: Բացի այդ, շանս կա, որ ի վերջո կարժևորենք նաև Հայաստանի գեղեցկությունը գեղանկարիչ Ա. Մարտիրոսյանի «Գովք հայրենի բնության» ցուցահանդեսից հետո:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը գեղեցիկ տեսարանները գնահատողների համար հիանալի առիթ է ստեղծել: Էրեբունի ամրոցի միջնաբերդից գիշերային Երևանի համայնապատկերը ցնցող է լինելու: Անպայման ամեն գնով վայելել այն սեփական աչքերով, Արգիշտի արքան դա հաստատ չի տեսել:

Ինչպես և ակնկալվում էր, ուր-ուր, բայց Գաֆէսճեան արվեստի կենտրոն այցելելը պարտադիր է: Ճապոնական «Իկեբանայից» և «Փոփհաղորդակցում» ցուցահանդեսներից զատ «չաղլիկների թագավորությունը» անգնահատելի հնարավորություն է ընձեռում մասնակցել «Նմանակելով ապակուն» հորինվածքների ստեղծմանը: Ցավոք, մասնակցությունը գրանցումով է: Նույն տրամաբանությամբ է նաև «Պո Պաստառ» պաստառի ստեղծումը ու «Ստեղծիր քո պատմությունը» հակոբյանական ոճով կերպարների կերտումը: Վաղվա օրվա մասին մտածած ու գրանցված հեռատեսներն էլի շահեցին, մնում է կողքի կանգնած հետևել նրանց արարչագործությանը:

ՀՀՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանը ներկայանում է ԽՍՀՄ կրկնակի հերոս Ն. Ստեփանյանին նվիրված նորացված ցուցադրությամբ: Ինչ նոր նմուշ են պեղել հերոսի կյանքից, պարզ կդառնա թանգարանային խորհրդավոր գիշերը:

Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտն ի վերջո կբացահայտի գաղտնիքները: Այն ոչ միայն համայն աշխարհին ցույց կտա սբ Էջմիածնում կառուցված «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի շենքի նախագիծը, այլև կբացի գաղտնիքը՝ ինչպես արարել միասին և ինչպես են հուշագրել մեր պապերը: Որպեսզի ամեն ինչ չխառնեք իրար, համենայն դեպս տեղեկացնենք՝ դրանք գրքերի շնորհանդեսներ են և կոչվում են «Արարենք մեկտեղ» և «Հուշագրելու արվեստը Երևանում»:

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան պատմութեան թանգարանը (բառերի նման ուղղագրությունը բրենդային է, ենթակա չէ փոփոխության) մեր դատին կհանձնի սիրելի քաղաքական գործիչների արդիական հնչեղություն ունեցող ելույթներից հատվածներ, որպեսզի ևս մեկ անգամ վայելենք նրանց հռետորական տաղանդը: Դաշնակները նաև դասախոսությամբ հանդես կգան՝ հայոց պետականության վերականգնման և այլ կարևորագույն թեմաների մասին: Թանգարանային գիշերը հրաշքներ են տեղի ունենում, դաշնակների տան դռները բաց են ինչպես ՀՀԿ-ականների, այնպես էլ ՀԱԿ-ի, ԱԻՄ-ի և մնացած այլ 45 քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների առջև: Դե, իսկ անկուսակցականներին այստեղ միշտ են ուրախ:

Մշտական ցուցադրություններով են բավարարվել ինչպես Կ.Դեմիրճյանի թանգարանը, այնպես էլ Խ. Աբովյանի տուն-թանգարանը:

Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի թանգարանը փորձելու է հնարավորինս կոմպենսացնել Խ. Աբովյանի անվան տուն-թանգարանի տարօրինակ վերաբեմունքը թանգարանային օրվան: Վերջինիս տնօրեն Հովհաննես Զատիկյանը դեմ է այդ օրն անվճար աշխատելուն: Ու միգուցե նրան հետ համոզի ԵՊՄՀ թանգարանի ցուցադրած «Աբովյանի ուղերձը» ցուցադրությունը 3D վիրտուալ պատկերով: Ի դեպ, Աբովյանի խոսքերի թիրախը միայն Զատիկյանը չէ, աշխարհաբարի հիմնադրին ունկնդրել կարող են բոլոր-բոլորը:

«Զորավար Անդրանիկ» թանգարանում ոչ մի արտասովոր բան տեղի չի ունենա, կհնչեն հայրենասիրական, ավելին՝ ռազմահայրենասիրական երգեր:

Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը երաժշտական տաղանդով աչքի չի ընկնում, դա նրանից չի էլ պահանջվում: Փոխարենը «Տեռակոտա» ոչ հայեցի անվանումով ստուդիայի սաները կավից փղեր կպատրաստեն, ավելին, կլինի մի տարօրինակ ցուցահանդես այն մասին, որ հայկական լեռնաշխարհում ժամանակին փղեր են եղել: Անտեսելով Վովա փղի մասին տխուր ասոցացիաները՝ այցելենք՝ մեր աչքերով տեսնելու այս սենսացիոն փաստը: «Փղերը Հայկական լեռնաշխարհում»` նկարների ցուցահանդեսը վերջինն է՝ ինչ հաջողեցինք առանձնացնել մայրաքաղաքի թանգարանային գիշերվա մենյուից:

Մարզերում, ի դեպ, սպասվում են բավական զարմանազան միջոցառումներ, ինչպես օրինակ՝ հանգստյան ժամերգություն սբ Էջմիածնի Մայր Տաճարում, այնպես էլ Արագածի դամբարանադաշտի նորահայտ նյութերի բաց ցուցադրություն: Անցավորների աշխարհը հատկապես գիշերը կլինի ակտուալ ու տպավորիչ: Գիշերային թեմաներից շատ չեն հեռացել նաև կինոէլեկտրիումներ, գիշերային դիտումներ կազմակերպողները: Աստղադիտակով երկնքին նայել արժե, իհարկե, մայրաքաղաքի բազմազան լույսերից հեռու: Ասում են, որ Զանգակատանը Պ. Սևակի մասին վավերագրական ֆիլմ են ցուցադրելու ու նաև ասմունք կլինի, բայց հայտնի չի՝ Ութմազյանի կատարմամբ, թե գյուղի գերազանցիկների: Շոշափելի սնունդը հոգևոր սնունդից գերադասողների համար կկազմակերպվի Համբարձման տոնի ավանդական կերակրատեսակների վարպետաց դաս, իրենց վարպետությունը ցույց կտան նաև հենդմեյդերները Մարտունուց՝ սաների ձեռքի աշխատանքների ցուցադրությունը խոստումնալից է: Տարբեր քաղաքներում կլինեն ազգագրական իրերի բացօթյա ցուցահանդեսներ, եթե իհարկե, նորին մեծությունը անձրևն ու կարկուտը չխափանեն պլանները: Որպես վերջաբան մեծարենք Հայաստանի ամենաառաջադեմ, ամենաակտիվ քաղաք Վանաձորին: Այստեղ կազմակերպված է ամենահագեցած ծրագրերից մեկը: Տեղի կերպարվեստի թանգարանի բակում իսկական ռոք համերգ կլինի, ինչպես նաև՝ «Cadavre Exquis» կրեատիվ միջոցառում, որը, ինչպես և ցանկացած կրեատիվ միջոցառում, հայտնի չէ՝ ինչի մասին է: «Բացահայտիր հերոսներին» մուլտֆիլմն էլ հավանաբար կանի վաղուց սպասված բացահայտումներ մեր ժամանակի հերոսների մասին: Չքաղաքականացնելով թանգարանային գիշերը՝ որպես վերջաբան հորդորենք ներկա գտնվել արվեստի մերձեցման տարատեսակներից գոնե մի քանիսին, գոնե երկուսին, գոնե մեկին... 

Առավել մանրամասն ինֆորմացիայի համար ներբեռնեք այս ֆայլը:

Այս թեմայով