10 Ապրիլ 2013, 17:00
1695 |

Չարենցը՝ անգլերեն

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը հրատարակել է գրողի բանաստեղծությունների և պոեմների նոր ժողովածու, որը կրում է «Չարենց. 40 պոեմ» խորագիրը: Գրքի անվանման մեջ հայ մեծ գրողի ապրած 40 տարիներն են՝ որպես խորհրդանիշ: Ժողովածուի մեջ տեղ են գտել ինչպես ստեղծագործությունների բնօրինակները, այնպես էլ դրանց անգլերեն թարգմանությունները:

«Հայ մեծ գրողներին ու բանաստեղծներին արտասահմանում քչերն են ճանաչում,- պատմում է թանգարանի տնօրեն և նախագծի հեղինակ Լիլիթ Հակոբյանը,- այդ իսկ պատճառով որոշեցինք հրատարակել այս ժողովածուն: Բոլոր թարգմանությունները նոր են արված: Վերստին թարգմանել ենք անգամ այն ստեղծագործությունները, որոնք նախկինում հրապարակվել են անգլերեն: Ծրագրում ենք տարածել գիրքը ինչպես այստեղ՝ Հայաստանում, այնպես էլ Եվրոպայում և Միացյալ Նահանգներում: Իսկ ստացված գումարով պատրաստվում ենք անպայման վերահրատարակել ժողովածուն: Հնարավոր է՝ թարգմանենք նաև այլ լեզուներով»:

«Չարենց. 40 պոեմ» գիրքը հրատարակվել է 600 տպաքանակով. 500-ը՝ կազմաշապիկով, 100-ը՝ կաշվե կազմով: Ստեղծագործությունների մեծ մասը թարգմանել է Սամվել Մկրտչյանը, մի քանի պոեմ ներկայացված է Շուշան Ավագյանի թարգմանությամբ, մեկ ստեղծագործություն՝ Դայանա Տեր-Հովհաննիսյանի:

«Ժողովածուի պոեմների և բանաստեղծությունների ընտրությունը մենք համաձայնեցրել ենք Չարենցի դստեր հետ: Ընտրել ենք այն սկզբունքով, համաձայն որի դրանք հետաքրքիր ու հասկանալի են ոչ միայն հայերի համար, այլև արտասահմանցիների»,- պատմում է Լիլիթ Հակոբյանը:

Շնորհանդեսը ծրագրված է մայիսի առաջին կեսին:

Այս թեմայով