20 Մայիս 2013, 12:48
1723 |

Կակաո` գաղտնի բաղադրատոմսով

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի բակում կասկածելի անդորր էր։ Զարմանալի է' թանգարանային գիշերն այստեղ միշտ թեժ է լինում։ Աստիճաններով բարձրանալիս աղմուկի ու ծիծաղի ձայներն ավելի պարզորոշ դարձան։ Չէ, ամեն ինչ կարգին է. «Թանգարանային գիշեր» ակցիայից այստեղ չեն հրաժարվել։ Մանավանդ որ նախադեպը կա՝ Փարաջանովի թանգարանի տնօրենի հայտարարությունը թանգարանասերները դեռ երկար չեն մոռանա: «Թանգարան այցելողը չի սպասի թանգարանային գիշերվան, արվեստի հետ շփվելու համար տարվա մյուս 364 օրերին էլ կայցելի» վարկածն անտեղին էր. 20։30-ի տվյալով 1000-ից ավելի այցելու էին ունեցել։ Ինչպե՞ս դուռը փակել հյուրի առաջ։

Սպենդիարյանի տուն-թանգարանի դռները կրնկի վրա են բաց. «Ճանաչիր մշակույթը» խաղ-վիկտորինայի մասնակիցներից առավել ոգևորվել է թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը. «Մի անգամ էլ չխաղա՞նք, դեռ մի քանի հարց մնացել է»։ Արձագանքը դրական է։ Համաշխարհային ու հայ մշակույթին վերաբերող հարցերը սրամիտ են, նուրբ, գիտելիքի պաշար պահանջող։ Խաղի մասնակիցները միջին ու ավագ տարիքի այցելուներն են։ Հետևություններ չանենք' երիտասարդներին չքննադատելու համար։ Հաղթողները պարգևատրվեցին Սպենդիարյանի հայտնի ակնոցների ու ստորագրության դրոշմով խորհրդանշական բաժակներով։

Իսկական ժամանակն է նվեր-բաժակները ծառայեցնել իրենց նպատակին։ Պատշգամբի դռները բացվեցին, սկուտեղի վրա ներս բերվեցին բաժակները, որոնցից տաք գոլորշի է բարձրանում։ Թե՞յ է, թե սուրճ. ոչ, կակաո է։ Սպենդիարյանը շատ է սիրել կակաո ու ինքն էլ հրաշալի պատրաստել է։ Դուստրն անգամ ծաղրանկար ունի' հայրը' կրակի առաջ կակաո եփելիս։ Հենց նա էլ Սպենդիարյանի թանգարանի աշխատակիցներին է փոխանցել հոր բաղադրատոմսը։ Թանգարանային գիշերվա հյուրերի համար կակաո է պատրաստվել կոմպոզիտորի բաղադրատոմսով: Հատուկ ձևով է եփված. գաղտնիք է, այն էլ' սպենդիարյանական։

Այս թեմայով