25 Մարտ 2013, 11:19
2648 |

Բարեկամության ձեռքեր

Երևանի օղակաձև զբոսայգում, «Երիտասարդական» մետրոյի վերգետնյա կայարանի հարևանությամբ աչք են շոյում բարեկամության սպիտակ ձեռքերը, որոնք վաղուց արդեն դարձել են քաղաքի առավել սիրված և ճանաչելի հորինվածքներից մեկը: Սակայն ինչո՞ւ բարեկամության, և ի՞նչ խորհուրդ ունեն այդ մարմարյա ձյունաճերմակ քանդակները: «Ձեռքերի» մասին տեղեկություններ փնտրելիս չէինք էլ կարծում, որ կհասնենք հեռավոր 1950-ականներ, առավել ևս, որ կհատենք անգամ Ատլանտյան օվկիանոսն ու կհայտնվենք Կուբայի մայրաքաղաք Հավանայում:

Կուբայի համար սև ու մութ տարիներ էին 1950-ականները: Ժողովուրդն այլևս չէր կարողանում տանել բռնապետական լուծը, օր-օրի աճում էին հեղափոխական տրամադրությունները: 1950-ի սեպտեմբերի 13-ին երիտասարդ հեղափոխականների զինված մի խումբ մահափորձ ձեռնարկեց Բատիստայի նկատմամբ, ով տարիներ առաջ զինվորական հեղաշրջմամբ իշխանությունը վերցրել էր իր ձեռքը և դաժանաբար իշխում էր Կուբայում: Հենվելով իտալաամերիկյան մաֆիայի հզոր ներուժի վրա՝ Բատիստան Հավանան վերածել էր իսկական «խաղատան»: Հարձակումը տեղի էր ունեցել բռնապետի կնոջ աչքի առջև, ով այդ տեսարանից սարսափած դիմում է Աստծուն և աղերսում. «Եթե Ֆուլջենցիոն փրկվի, խոստանում եմ կանգնեցնել Հիսուսի արձանը, ինչպես այն մեկը, որը վեր է խոյանում Բրազիլիայում՝ Ռիո դե Ժանեյրոյում»: Կարելի է ենթադրել, որ աղոթքը հասավ հասցեատիրոջը, քանի որ բռնապետի նկատմամբ ձեռնարկած մահափորձը ձախողվեց, իսկ իրագործողները սպանվեցին: Մարթա Բատիստան էլ չմոռացավ խոստումը:

Ապագա արձանը պատվիրում են քանդակագործուհի Ջիլմա Մադերային: Հավակնոտ Բատիստաներն ուզում էին, որ Փրկչի արձանը լինի սպիտակ մարմարից, իսկ բարձրությամբ գերազանցի Հավանայի ամենաբարձր շենքերը: 42-ամյա Մադերան ներկայացնում է ապագա քանդակի մեկ մետր բարձրությամբ էսքիզը, որը պատկերում էր արևադարձային երկրների բնակիչներին բնորոշ դիմագծերով վեր հառնող Քրիստոսին: Այս ծրագրի իրականացմանը ներգրավվում է Իտալիայում Կուբայի դեսպանատունը: 1957-ին օվկիանոսից հազարավոր կիլոմետրեր այն կողմ գտնվողԿուբայից հեղափոխական լուրեր են հասնում. Ֆիդել Կաստրոն և Չե Գևարան հետզհետե գրավում են կղզին:

1958-ի օգոստոսի վերջին բետոնե և պողպատյա հիմնակմախքով հսկայական արձանը Հիսուս Փրկչի նմանությամբ և տեսքով արդեն քանդակված է մարմարից: Երեք հիմնական կտորները բեռնավորվում են երկաթուղային վագոններում և ուղղություն վերցնում նախ Ջենովայի Սուրբ Մարտինո նավահանգիստ: Մարմարյա հսկա ստեղծագործությունը, որն այժմ կշռում է 320 տոննա, բեռնվում է Հավանա մեկնող մի նավի վրա:

Սեպտեմբերի 3-ին արձանն արդեն բարձրացվում է Կասաբլանկայի մոտ, ծովի մակարդակից 51 մ բարձրության վրա գտնվող բլրակին: Ջիլմա Մադերան հիմնաքարի խորշերից մեկում դնում է մի քանի ոսկյա և արծաթյա դրամներ՝ իր ծննդյան տարեթվով: 1958-ի ծննդյան տոներին տեղի է ունենում Հիսուսի արձանի բացումը: Դեպի բլրակ են շտապում Ֆուլջենցիո Բատիստան և նրա կինը: Սակայն ճոխ միջոցառում տեղի չունեցավ՝ ինչպես հետո կգրեն թերթերում, քանի որ «իրավիճակը երկրում այնպիսին էր, որ նույնիսկ Հիսուս Քրիստոսն անձամբ կուզենար բռնապետությունը փրկել հոգեվարքից»:

1959-ի հունվարին Կուբայում հեղափոխությունը հաղթանակում է: Ֆիդել Կաստրոն արդեն տապալել է բռնապետ Ֆուլջենցիո Բատիստային, որը հենց Նոր տարվա գիշերն ինքնաթիռով փախել էր Սան Դոմինգո՝ իր հետ տանելով միլիոնավոր դոլարներ: Քաոսային և քավության ժամերին ինչ-որ մեկը տեղեկացնում է Ֆիդելին, որ հեղափոխականները ականապատել են մի հսկայական մարմարե արձան, որը պատվիրված էր բռնապետության կողմից և բացումը կատարվել էր ժողովրդական շարժման հաղթանակից մի քանի օր առաջ: Հետաքրքրված Ֆիդելն ուղևորվում է դեպի արձանը և տեսնում սպիտակ Քրիստոսին, որը հանգիստ և վեհորեն վեր է հառնում իր պատվանդանին՝ ասես օրհնելով մարդկանց: «Նա եկել է ինձ հետ: Հավանայի Քրիստոսը կլինի հեղափոխության պահապանը և ինձ հաջողություն կբերի», — որոշում է նա: Այսպես մարմարյա Հիսուսի արձանը նոր իմաստ ու կյանք է ստանում:

Այս դեպքերից երեք տարի անց, 1962-ի հունիսին Կարարայի Ջունիո հրապարակում կատարվում է հասարակական նոր պալատի բացումը: Եվ քանի որ հարուստ պատմություն ու մշակույթ ունեցող իտալական այս քաղաքն արդեն բավականին ժամանակ բարեկամական հարաբերությունների մեջ է Հայաստանի մայրաքաղաք Երևանի հետ, ուստի նրա կյանքում խոշոր այդ իրադարձությանը մասնակցում է նաև հայկական պաշտոնական պատվիրակությունը՝ քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանի գլխավորությամբ: Հունիսի 12-ին քաղաքային խորհուրդը պաշտոնապես հաստատում է Երևանը որպես քույր քաղաք և կազմում է երկարաժամկետ բարեկամության արձանագրությունը: 1963-ի օգոստոսի 8-ին, Կարարայի քաղաքապետ Ֆիլիպո Մարտինելին գրում է Երևանի իր գործընկերոջը. «Որախ եմ տեղեկացնելու, որ երկաթգծով Ձեզ եմ ուղարկում սպիտակ մարմարից քանդակված մեծ ձեռքեր պարունակող երկու արկղ: Կարարա քաղաքի կողմից արվող այդ նվերը կդառնա բարեկամության խորհրդանիշ և, որպես քույր քաղաքների քաղաքապետարաններ, ավելի կմերձեցնի մեզ: Հուսով եմ, որ այն անվնաս տեղ կհասնի ու վստահ եմ, որ Երևանի բնակիչները կհավանեն կարարացիների նվերը: Խնդրում եմ ընդունեք իմ և Կարարա քաղաքի սրտանց շնորհավորանքները»:

Մարմարյա երկու ձեռքերը, որոնք ավելի քան երկու մետր են, ոչ այլ ինչ են, քան Հավանայի Քրիստոսի ձեռքերի կրկնօրինակը: Քաղաքապետ Մարտինելլին խնդրեց կերտել դրանք Մադերային ի պատիվ Օտավիե դել Ամիկոյի, որի ջանքերի շնորհիվ ապագա արձանի համար Կարարայում գտնվեցին և մշակվեցին մարմարի հսկա բեկորները: Գրեթե կես դար անց էլ նրանք պահպանել են իրենց գեղեցիկ տեսքը Երևանի կենտրոնում գտնվող ու մշտապես մարդաշատ այս զբոսայգում: Կարծես աղոթքի համար միացած ձեռքեր, որ երևանցիներն անվանում են «Բարեկամության ձեռքեր»: Հասնելով Երևան, քանդակագործ Արա Հարությունյանի միջամտությամբ ձեռքերը նոր հորինվածք ստացան և տեղադրվեցին Երևանի օղակաձև զբոսայգում: Այդ նրբագույն կոթողների հանդիսավոր բացումը մեծ շուքով տեղի ունեցավ 1965-ին:

Այսքանով, սակայն, պատմությունը չի ավարտվում, քանի որ Երևանի նախկին քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանը չէր կարող իտալական, կարծես աղոթքի համար մեկնված, ձեռքերը «օդում» թողնել և ըստ պատշաճի չարձագանքել: Երևանցիներից շատերը, անշուշտ, տեսել են Տերյան փողոցին աջից հարող օղակաձև զբոսայգում տեղադրված երկու խոյերով պահպանվող «Կենաց ծառ» աղբյուր-հուշարձանը, շատերն էլ գուցե խմել են նրա սառնորակ ջրից: Ահա այս աղբյուր-հուշարձանն էլ պատճենն է այն բնօրինակի, որը Երևանի քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանն իր ու երևանցիների կողմից 1965-ին նվիրեց Իտալիայի Կարարա քաղաքին՝ ի նշան բարեկամության, մաղթանքով, որ այդ բարեկամությունը «ջրի նման երկար, հավերժ ու զուլալ» լինի: Աղբյուր-հուշարձանի հեղինակներն են ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը և քանդակագործ Արա Հարությունյանը: Այստեղ տեղին է հիշատակել նաև ճարտարապետ Արմեն Զարյանին և նրա քրոջը՝ իտալաբնակ քանդակագործուհի Նվարդ Զարյանին, որոնք մեծ ջանք թափեցին հայ-իտալական մշակութային կապերի ամրապնդման, ինչպես նաև «Ձեռքերը» Հայաստան և «Խոյերը» Իտալիա տեղափոխման՝ Կարարայի և Երևանի քաղաքապետների բանակցությունների ընթացքում:

Այսպիսով, արվեստի լեզվով և պատմությամբ իրար են կապվում, մտերմանում և բարեկամանում մարդիկ, երկրներ և ժամանակներ: Երևան, Կարարա, Հավանա եռակապը, իր հիմքում ունենալով արվեստագետների, քաղաքական և հասարակական գործիչների, արդյունաբերողների և արհեստավորների համագործակցություն, մեծապես նպաստեց, որպեսզի իրականություն դառնա հետաքրքիր պատմությամբ այս «հուշարձանային» ծրագիրը:

Այս թեմայով