06 Մարտ 2017, 11:32
2189 |

Երազանքներ, որ եզրագծված են ութ տասնամյակներով

Շուշիկ տատը ծնվել և խոր ծերությունն է ապրում Գեղարքունիքի մարզի Մարտունի գյուղում: 24 տարեկանում նա արդեն երեք երեխաների մայր էր, երբ մահացավ ամուսինը, նա ուժ գտավ և միայնակ մեծացրեց երեխաներին: Գյուղի դժվարին պայմանները և միայնությունը չեն կոտրել կնոջը: Շուշիկ տատը այսօր հպարտ է իր հարստությամբ՝ 4 երեխաների մայր է ունի տասնմեկ թոռ և տասներեք ծոռ, մի մեծ գերդաստան-ընտանիքով է լցված նրա ծերությունը: Շուշիկ տատն այսօր առողջական խնդիրներ ունի, սակայն ոչինչ չի խանգարի կորցնելու հուշերի մեծ պաշարը:

83 տարեկան ձեռքերը: Մատներով պատմություն քամած, ափերում ջերմություն կուտակած ծեր ձեռքերը: Ժամանակի մարտահրավերներին դիմակայած այժմ ուժասպառ դողացող ձեռքերը թերթում են ժամանակին հաղթած ձեռագիր տետրերը: Շուշիկ տատը 83 տարեկանում սկսում է պատմել մանկությունից:

_Թե խաղեր էի սիրում, թե ընկերուհիներիս, թե դպրոցը: 7 ամյա կրթություն ունեմ (հազիվ լսելի ձայնին հպարտ երանգ տալով) տեխնիկում էի ուզում ընդունվել, ախպերներս չուզեցին, ասեցին՝ տեխնիկումն ի՞նչ աղջկա բան է,- ձեռքով փակում է բերանը, մի պահ լռում, անցյալից շունչ քաշում ու շարունակում,- հիմիկվա պես չէր առաջ, աղջիկներին ուսման տվողն ո՞վ էր, ամուսնանում գնում էին,- չնայած միմիկաների անզուսպ ավելորդությանը, չափազանց բնական պատմում էր Շուշիկ տատը: Մանկությունն ու երիտասարդությունը հիշելիս նրա ձեռքերի դողը համեմատաբար ավելի քիչ էր, քան ներկայի մասին խոսելիս:

Տեխնիկում ընդունվելու երազանքի սպանելուց հետո, օրիորդ Շուշիկը  որոշում է հուշատետր ստեղծել, որտեղ իր ձեռքով նկարազարդումներ կաներ, իսկ ընկերուհիները  հուշեր ու բարեմաղթանքներ կգրեին: Պատերազմն ավարտվել էր և բոլորն էլ ժամանակ ունեին սիրո ու երազանքների մասին թղթին գրելու: Նա մինչև այսօր պահում է իր հուշատետրը, որը գրվել է 1946-ին: Հուշատետրը լրացնողներից  քչերն են այսօր ապրում, սակայն 83 ամյա կինը փայփայանքով է պահում ընկերուհիների ձեռագրերը:

Հասմիկ, Աշխեն, Կարինե և այլ անուններից գրված տողերին հետևելով, յուրաքնչյուրի մասին հարցնում ենք Շուշիկ տատից: Իհարկե ոչ բոլորից է տեղյակ, սակայն հիշում է, օրինակ թե ինչպես է գնացել Հասմիկի թաղմանը, ով ամուսնացած է եղել կողքի գյուղում: Նա մեզ պատմեց, որ շփումը շարունակավել է այն ընկերուհիների հետ, ովքեր գյուղում են ամուսնացել, իսկ նրանք, ովքեր հեռացել էին գյուղից միայն հիշողություններ էին թողել և թերևս գրած բարեմաղթանքներն ու ընկերության մասին հավերժող տողերը:

«Առաջ ձեռագրերով տարբերում էի, թե որն ում գրածն է, հիմա անունները լսելուց մտածում եմ, թե էդ որ մեկի անունն էր, տարիներն իրենցն անում են,- եզրակացնում է Շուշիկ տատը, իսկ ժամանակների մասին այսպես է խոսում,- հիմա ավելի լավ ժամանկներ են, մարդիկ ազատ են, հեռախոս կա, համակարգիչ. կարոտում ես, թե չէ մի հատ զանգ ու վերջ, չնայած զանգով էլ կարոտ չես առնի: Շատ կարևոր բան կա, որ առաջ չկար՝ մարդկանց շփումը, առաջ ամաչում էինք մեծերի հետ խոսել, տղաների հետ ընկերություն անել, հիմա էդ ազատությունը կա ու դա շատ լավ է: Բա շրաջապտն էդպես են ճանաչում»,- սովորեցնում է Շուշիկ տատը: Հիշում է, որ իրենց ժամանկներում զբաղվելու քիչ բան կար, բայց անելիք գտում էին օրինակ ընկերուհիներով շատ երգեր էին երգում, թե իրենց հորինածները, թե ուրիշի: Շուշիկ տատի հուշատետրի հետ պահվում է նաև իր ձեռագիր երգարանը:

Շուշիկ տատի հուշատետրը անցյալից մի վկա է, որն ընդգծում է պատանեկան հեքիաթային սիրո պատկերացումները, խանդավռություններն ու  երազանքները, որ եզրագծում են 8 տասնամյակից ավելին… 

Այս թեմայով