01 Հոկտեմբեր 2013, 15:01
1884 |

Լալոշն եկել էր կարգը խախտելու

Ամեն քնած-չզարթնածի հետ տատս գնում էր էն աշխարհ, հետ գալիս. մի քանի օր լավ չէր սնվում, պարտադիր հիվանդանում էր, ճնշման դեղերը հայտնվում էին բարձի տակ, բայց օրեր անց պարտեզի բան ու գործը կլանում էր տատիս:

Տարեցներ մեր փողոցում շատ կային. հիմա միայն տատս է մնացել: Նրա ընկերուհիները' Սև Թամար, Պրոֆեսոր (էդ կնոջ անունն էդպես էլ չիմացա), Անուշ, Ազնիվ, Հասմիկ, Մելինե, Անիչկա, Ֆենիկ տատերը հերթով մահացան: Փողոցում քնել-չզարթնելը «սովորություն» էր դարձել. էլ չէին էլ հարցնում' ինչից է մահացել: Ամեն գնացողի հետ տատս գնում էր էն աշխարհ, հետ գալիս. մի քանի օր լավ չէր սնվում, պարտադիր հիվանդանում էր, ճնշման դեղերը հայտնվում էին բարձի տակ, բայց օրեր անց պարտեզի բան ու գործը կլանում էր տատիս: Ամեն ծաղկի ծաղկելիս' բարձրաձայն խոսում էր. «Անիչկի տված սերմն էր, ոնց ա փարթամացել», կամ էլ' «Ազնիվ ջան, ինչ սրտով տվել ես սերմը, տենց էլ աճել ա. Աստված աճել համարի' քո պես թառամեց, ուզում ա գնա էն աշխարհ, բայց չգիտի, որ իմ ձեռքն ընկնողն էն աշխարհ գնացողի չի»:

Երկար տարիներ տատիս օրը սկսվում էր Ֆենիկ տատիին սպասելիս, ավարտվում' նրա' մեր տնից գնալու հետ: Մի օր Ֆենիկ տատը եկավ մեր տուն կարմիր մանիկյուր քսած, ասում էր' Սաթո, հա ի՞նչ, որ մեծ ենք, մեզ չի՞ կարելի սիրունանալ: Տատս մաքրել տվեց' «քո գիժ տերը թաղեմ»: Ֆենիկ տատին մոռացկոտ էր դարձել. օրական մի քանի անգամ գալիս էր մեր տուն' ամեն անգամ բարևելով ու' «Անցնում էի, ասեցի' վաղուց ա քվորս չեմ տեսել, մտնեմ-նայեմ՝ լավ ա՞»: Տատիին շատերը չէին հյուրընկալում, քանի որ մոռացկոտության պատճառով անընդմեջ բողոքում էր հարսից, թե' «Հաց չի տալիս, կոֆե չի տալիս»:

Մի օր երեկոյան ժամը 8-ն էր' Ֆենիկ տատն այդ օրը չէր եկել մեր տուն: Տատս անհանգստանում էր: Նրա հարսն եկավ մեր տուն, թե' «Սկեսուրս չկա, առավոտը դուրս ա եկել տնից ու մինչև հիմա չկա, ո՞ւր կլինի»: Տատս առանց մտածելու, թե' «Հաստատ փոստ ա գնացել: Ասում էր' հարսս թոշակս ստանում ա, ինձ մի կոպեկ չի տալիս, էս ամիս ես եմ գնալու վերցնեմ»:

Գնացինք փոստ. Ֆենիկ տատը նստել էր փոստի առջևի նստարանների ու շվարած մնացել: Հարսին տեսնելով' ցնցվեց. «Տանս տեղը չէի հիշում, բայց ամաչում էի մարդկանցից հարցնել. կասեին' էս գիժն ով ա՞»: «Գիժ ես, բա ի՞նչ ես: Առաջ ընգի, ես քո հետ տանը կխոսամ»,-ասաց հարսն ու տատին, երեխայի պես նախատելով, տարավ տուն:

Մի օր էլ դասից տուն էի վերադառնում, տեսնեմ Ֆենիկ տատին մեր դռան առջև կանգնած է:
- Ձեր դուռը փակ ա: Աչքիս տատդ նեղացել է ինձնից:

Տատին տանը չէր: Միասին հաց կերանք, հետո ես անցա տան գործերին, իսկ Ֆենիկ տատին սերիալ էր նայում' բավական կլանված.«Սաթոն գա, կպատմեմ»: Երբ որոշեց գնալ, ասաց. «Արի դուռը փակիր: Ես էլ չեմ գա' կհիշեմ, որ Սաթոն տանը չի ու էլ չեմ գա: Չե՞ս հավատում»:
Չէի հավատում, բայց էդ օրը տատն իսկապես էլ չեկավ մեր տուն:

Իսկ իմ տատին գյուղ էր գնացել: Մյուս օրն էլ դասից հետո տուն մտնելիս տեսա Ֆենիկ տատին:
- Ինձ թողել-գյուղ ա գնացել: Բա ես ի՞նչ եմ անելու: Դու էլ ջահել աղջիկ' հո քո գլուխը չեմ տանելու:

Մեկ շաբաթ շարունակ ամեն օր դասից հետո միասին տուն էինք գնում, հաց ուտում, հետո ինքը սերիալ էր նայում, ես' գիրք կարդում:
- Շատ մի կարդա, ինձ տես, քեզ' խղճա: Երկու ինիստուտ եմ ավարտել, ժամանակին Ռայկոմի քարտուղարի առաջին օգնականն եմ եղել. հիմա տղես հարսիս քամակը բռնած' ուզում են ինձ ծերերի տուն տանեն, իսկ իրանք ապրեն իմ տանը:

Տատս եկավ գյուղից, Ֆենիկ տատին երկու շուշա կոնֆետ առած եկավ մեր տուն. ինձ ու տատիս մաղարիչ էր բերել:
- Սաթո, համոզել եմ' էլ ինձ ծերերի տուն չեն տանի: Գնացինք նոտար, տունը հարսիս անունով արեցինք ու վերջ: Էս գիշեր ոնց եմ քնելու: Ավելի ճիշտ, էս գիշեր աչքս կկպցնեմ նորմալ, թե չէ' ինչ լսել էի, որ ինձ տնից հանում են, սաղ գիշեր աչքս չէի կարողանում կպցնել: Սաթո, գիտես, ասում եմ' կարո՞ղ ա հարսս փոխվել ա' նոտարի մոտ ինձ մամա ջան էր ասում: Սաթո, այ քուր, եկանք տուն, ճաշ էլ լցրեց, որ ուտեմ: Ինքը լցրեց:

Ֆենիկ տատին մի աղջիկ ուներ՝ Լալոշը, էդպես էլ չէր ամուսնացել, ու հոգեկան խնդիրներ ուներ. մոր հետ միասին շուկայի զուգարանն էին մաքրում' մինչև վերջինիս մոտ հիշողության հետ խնդիրների ի հայտ գալը: Ֆենիկ տատն ասում էր. «Գիտեմ, որ գժվել եմ, սաղ ձեռս կրակն են ընկել, բայց ես որ մեռնեմ, աղջիկս ի՞նչ ա լինելու: Էս հալիս ես եմ գնում շուկայից տուն բերում: Որ մեռնեմ, Լալոշին տիրություն անող չի լինի»: Մայր ու աղջիկ աշխատում էին ամբողջ օրը' բերածները' 5 հաց, իսկ երբ Լալոշը մենակ էր աշխատում' 2 հատ հաց էր տուն բերում:

Լալոշը ոչ մեկի հետ չէր շփվում' անգամ տատիս. գնում էր գործի, գալիս տուն ու պառկում քնելու: Մի քանի անգամ փողոցում բռնացրել եմ, փորձել զրույցի մեջ գցել, բայց զուր: Ուշադիր լսում էր, բայց իր մասին կամ իր կարծիքը չէր ասում:

Ֆենիկ տատը հերթական այցելության ժամանակ հրաժարվեց սուրճ խմել. լավ չէր զգում: Տատս համոզում էր, որ սիրտը բացի. ոչինչ չասաց: Տատիս հետ երկու-երեք սերիալ նայեցին ու գնաց՝ թողնելով «Լալոշս մեղք ա»:

Մի քանի օր հետո իմացանք, որ Ֆենիկ տատին քնել-չէր զարթնել: Դրանից հետո տատին պարտադիր նայում էր էն բոլոր սերիալները, որոնք ինքը, ճիշտ է, չէր նայում, բայց Ֆենիկ տատն ասել էր, որ նայում է: Դրանից հետո տատին ցերեկները տան դուռը միշտ փակ էր պահում' «Էլ եկող-գնացող չունենք»: Ֆենիկ տատի մահից մեկ շաբաթ անց Լալոշը մահացավ. տատս, նրա մահվան լուրը լսեց, թե չէ, ասեց. «Փառքդ շատ, Տեր Աստված, շատ չտանջվեց էդ հարսի ձեռքը: Ուր է, թե ես էլ մի օր քնեմ-չզարթնեմ»:

Լալոշին դագաղը փակ թաղեցին. Լալոշը խախտել էր քնել-չզարթնելու կարգը…

Այս թեմայով