09 Մարտ 2015, 14:53
17309 |

Inlandish. Երևանի օրիգինալ կանայք

Երևանում կան բազում կանայք, որոնք չեն ընդունվում հասարակության կողմից: Թեև իրենք իրենց այդպես չեն ընկալում, սակայն ամեն անգամ, երբ նրանցից մեկը քայլում է փողոցով, մարդիկ զարմանքով են նայում նրան: Ես էլ էի նայում, զգում է տարօրինակ հետաքրքրասիրություն, միևնույն ժամանակ` որոշակի հարգանք նրանց նկատմամբ: Ու որոշեցի ծանոթանալ, խոսել ու լուսանկարել նրանց: Ավելի ուշ զարգացավ այս պատմության իրական նշանակությունն ու կարևորությունը:

Նարինե
2008-ին ընկերներս ինձ պատմեցին Նարինեի մասին: Նա միշտ ուշադրության է արժանանում դրսում: Որոշ որոնումներից հետո գտա նրա տունը, ապրում էր մոր և աղջկա հետ: Նիհար, բարձրակրունկներով և շպարից սփրթնած դեմքով' նա տարօրինակորեն գեղեցիկ էր: Երբ դուրս եկանք զբոսնելու, ասաց, որ մի քանի տարի առաջ ապրել է Հայաստանից դուրս, կուզեր նորից գնալ, բայց չի կարողանում:

 

Լորա
Նրան հանդիպեցի փողոցում դանդաղ և հպարտ քայլելիս՝ հացով տոպրակը ձեռքին: Մի կողմից նման էր ցանկացած այլ անցորդի, մյուս կողմից՝ նրա մեջ կար ինչ-որ տարօրինակ ու առանձնահատուկ բան: Միգուցե դա նրա դանդաղ քայլն էր, կամ արևային ակնոցը, որն այդպես էլ չհանեց: Նկարվելու ընթացքում Լորան ասաց, որ ամուսինը քաղաքի գլխավոր դատախազն է, իսկ ինքը դասախոս է Ամերիկյան համալսարանում: Ես խնդրեցի Լորային նաև իր տանը նկարել, բայց նա չհամաձայնվեց:

 

Նատալի
Նատալին հրաշալի կին է, ում ես հանդիպեցի Մոսկովյանի այգում 2010-ի ամռանը: Նստած էր իր տարիքի երկու մարդկանց կողքին, բայց չէր խոսում: Նկարվել համաձայնվեց ուրախությամբ: Նա ինձ չտվեց իր հեռախոսահամարը, փոխարենը վերցրեց իմը, որպեսզի զանգի ու վերցնի տպած լուսանկարները: Իհարկե, չզանգեց:

 

Սվետա
Այս նախագծի ստեղծման սկզբում' 2008-ին, առաջինը հանդիպեցի հենց նրան: Երկար ժամանակ խնդրում էի լուսանկարել, չէր համաձայնում: Երբ 2013-ին նույն հարցով դիմեցի, արդեն տեղի տվեց: Գնացինք զբոսնելու Կոմիտասի պողոտայով, որտեղ նրան շատերը գիտեն: Սվետան պատմեց, որ մենակ է ապրում իր երեք սենյականոց բնակարանում, ու որ հինգ լեզու գիտի՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն:

 

Թամարա
Առաջին անգամ տեսա նրան 2008-ին, սրճարանում, մոր հետ: Աչքերը մի ուղղությամբ էին նայում: Հետագայում, երբ էլ նրան հանդիպում էի, էլի այդ տեսքն ուներ: Թամարան պատմեց, որ շատ հետաքրքրված է քաղաքականությամբ, նույնիսկ մի կուսակցության անդամ էր: Որոշ ժամանակ անց տեսա նրան մի ուրիշ կուսակցության հավաքին, հարցրեցի' ինչ է անում այստեղ: Ասաց, որ միշտ պետք է տեղեկացված լինի' ինչ է անում ընդդիմությունը:


Այս թեմայով