29 Հունվար 2014, 11:55
431 |

Սուրճի մուսան

Երբ մուսան երկար ժամանակ չի գալիս, ստեղծագործ մարդիկ հաճախ դիմում են ուրիշ՝ ավելի բարեհաճ ընկերներին: «Սուրճն այն ուղեկիցն է, որի հետ գրողի աշխատանքը դադարում է լինել տանջալի», - ասում էր սուրճի մեծ սիրահար Բալզակը: Հայ սրճապաշտները նույնպես պատմեցին սուրճի հանդեպ իրենց վերաբերմունքի մասին ու ասացին, թե հայերի ամենասիրելի խմիչքն ինչ տեղ ունի իրենց ստեղծագործության մեջ:

Նաիրա Մուրադյան. նկարչուհի, քանդակագործ
Նախքան «Արմենֆիլմ» ստուդիայի մուլտխմբում աշխատելս գրեթե ընդհանրապես չէի խմում սուրճ: Իսկ խմբում չկար սուրճ չխմող գեթ մեկը: Ամուսինս ու գործընկերս՝ Յուրա Մուրադյանը, խմում էր այն կես ժամը մեկ. երբեք բաց չէր թողնում բազմաթիվ այցելուներին միանալու առիթը: Նոր աման բացելիս կափարիչը պահում էինք ու կախում փայտե դարակի վերևի մեխից: Սուրճի անկյունը, զարդարված այս կափարիչների շարանով, ստացել էր յուրօրինակ տոնական տեսք:

Սուրճն ունի ինձ համար ոչ միայն ստեղծագործական, այլև կենսական կարևորություն: Ճնշումս միշտ ցածր է. հաճախակի սուրճն ինձ ուղղակի փրկում է: Երևի չարժե ասել՝ որքան եմ սիրում Ջիմ Յարմուշի «Սուրճ ու սիգարետներ» ֆիլմը: Ամենաշատը տպավորվել եմ 2003-ին Ֆրանսիայի Անսի քաղաքում՝ սովորական սրճարանում խմած սուրճից. կրկնակի էսպրեսո էր:


Սոնա Ազարյան. «Միրզոյան քառյակի» և «Նոր Ռուսաստան» Պետական սիմֆոնիկ նվագախմբի անդամ
Ես սրճապաշտ եմ: Լինում են օրեր, երբ արյանս փոխարեն ասես սուրճ է հոսում երակներումս: Ամեն առավոտ խմում եմ լուծելի սուրճի մեծ բաժակ, որ ստիպեմ ինձ հասնել մինչև դահլիճ, որտեղ ունենք մեր սիրելի ավանդույթը. «Միրզոյան քառյակի» գործընկերների ու ընկերների հետ վայելում ենք արևելյան սուրճն ու փոխանակում տեղեկություններ, քննարկում ծրագրեր: Ինձ համար սուրճն ու ստեղծագործելն անբաժան են: Մոսկվայում՝ Կոնսերվատորիայի մեծ դահլիճի կողքի սրճարանում, հաճախ էի վերցնում կապուչինո, բայց դահլիճի վերանորոգումից հետո արդեն թույլ չեն տալիս սուրճով բարձրանալ բեմ ու փորձեր անել: Իսկ Երևանի ֆիլհարմոնիայում դեռ կարելի է: Չգիտեմ՝ լավ է, թե վատ… Սիրում եմ սուրճն արվեստում: Ժակ Պրևերի «Նախաճաշ» բանաստեղծությունն ու Բախի «Սրճային կանտատան» իմ սիրած գործերն են: Սուրճի տեսակը կախված է տրամադրությունիցս: Էսպրեսոն սիրում եմ խմել Իտալիայում. այնտեղ այն հիանալի է ցանկացած վայրում: Ռուսաստանում տեղին է ամերիկանոն, Հայաստանում, իհարկե, «արևելյանը»: Բայց կարևորը ոչ թե տեսակն է, այլ հետդ խմողը…


Ռուբեն Ալթունյան. երգահան, Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր
Քսան տարի է՝ ինձ համար չկա «ստեղծագործել» հասկացություն առանց սուրճի ու սիգարետների: Երբ նստած եմ դաշնամուրի առջև, աջ ձեռքս պետք է զբաղված լինի սիգարետով, իսկ ձախ ձեռքիս տակ լինի տաք սուրճ: Այլ կերպ անհնար է: Կան մարդիկ, որոնց համար սուրճը ծխելու առիթ է կամ արդարացում: Իմ դեպքում ճիշտ հակառակն է. այրվող սիգարետն առիթ է սուրճը տաքացնելու համար: Պատրաստում եմ մեծ ջազվեով ամբողջ գիշերվա համար, որ աշխատելիս ավելորդ ժամանակ չծախսեմ: Չեմ սիրում սուրճ խմել այլուր: Ինձ համար ամենահամովն իմ եփածն է:

Երիտասարդ ժամանակ շատ էի լինում արտասահմանում: Ունեի համերգներ ու դասեր Սիրիայում, Կուբայում, ԱՄՆ-ում: Այնտեղ հանդիպում էի շատ հայերի: Հասկացա, որ հայկական միջավայրում մտերմիկ զրույցի ամենալավ խթանը սուրճն է: Այսպես. եթե զրուցակցիդ, որին նույնիսկ կարգին չես էլ ճանաչում, հյուրասիրում ես քո ձեռքով պատրաստված սուրճ, դա ընկալվում է որպես վստահության ու հարգանքի նշան: Դրանից հետո կարելի է լինել հանգիստ. մտերմությունն ու անկեղծ խոսակցութուններն իրենք իրենց են ստացվում: Ապշել կարելի է՝ աշխարհի հայերը որքան սուրճն են խմել այդպիսի զրույցների ընթացքում…


Լիլիթ Պիպոյան. երաժիշտ, երգչուհի, ճարտարապետ
Սուրճի խելագար չեմ, սակայն ունեմ հատուկ վերաբերմունք դրա հանդեպ: Այն ինձ համար ապրանք չէ: Մի ամբողջ ծես է, երբ փորձում ես և՛ զրուցել, և՛ սպասել, որ եփելիս հանկարծ չթափվի: Սուրճն արտասովոր է ազդում իմ վրա. մեկ բաժակից հետո կարող եմ արթուն մնալ տասներկու ժամից ավելի, նույնիսկ եթե խմել եմ գիշերը հոգնած վիճակում: Ուստի ստեղծագործելիս չեմ խմում: Սուրճն ավելի նախաստեղծագործական ծես է, երբ պետք է մենակ լինել, դուրս գալ զբոսնելու, մտնել պատահական սրճարան՝ կիսելու մենությունը սուրճի բաժակի հետ: Բացի դրանից՝ սուրճն ինքնին արվեստ է: Օրինակ՝ ինքս չեմ գուշակում, բայց շատ եմ սիրում սուրճի մրուրով գուշակումները: Չէ՞ որ բաժակի տակի նախշերն առաջանում են սուրճը խմելու ձևից, խմողի տրամադրությունից, ձեռքի շարժումներից, դրանց դողալուց կամ չդողալուց: Կան չէ՞ մարդիկ, որոնք կարող են որոշել բնավորությունն ըստ ձեռագրի ու ստորագրության: Նույնն էլ այստեղ է. ամեն ինչ փոխկապակցված է, ու չեմ կարծում, որ սա կապ ունի կախարդության կամ սնահավատության հետ: Սիրում եմ բուն ընթացքը. այդ խոսակցությունները, այդ խորհրդավոր, հաճախ իրականությանը միահյուսվող հորինվածքները…

 

Այս թեմայով