08 Փետրվար 2014, 17:05
190 |

Կայարանի տապանը

Արվեստասեր կապտադեղին արա թութակ Մոդիլյանիին ու նրա ընկերուհի Կեշային, 60-ամյա կրիային, գորշ կոկորդիլոսանման կայման Ռամզեսին, կապտադեմ և կարմրապոչ կապիկներ Չիչիին, Պեպիին, Ջոնիին, Մռիկին ու շատ ուրիշ էկզոտիկ կենդանիների կարելի է տեսնել Սասունցի Դավթի արձանի հարևանությամբ գտնվող մշակույթի պալատ տեղափոխված երևանյան «Էկզոտարիումում»:

Այցելուների համար էկզոտարիումի դռները բացվում են առավոտյան ժամը 10:00-ին, փակվում՝ 18:00-ին: Իսկ աշխատակիցները տուն են գնում կեսգիշերից հետո' առավոտյան 08:00-ին, կրկին շտապելով կենդանիների մոտ: Նրանց օրը սկսվում է յուրաքանչյուր վանդակի մոտ կատարվող շրջայցից, որին հաջորդում են մաքրման աշխատանքներն ու նախաճաշը:

Մուտքի դռներից այն կողմ տեղի ունեցողը հանգիստ կարելի է զոոթատրոն անվանել. Կուսկո անունով չորս ամսական լաման զբոսնում ու խաղում է այցելուների հետ, կակադուներն ու արաները թռչում են գլխիդ վրայով' չմոռանալով ողջունել' «բարև» ու կրկնօրինակել յուրաքանչյուր խոսքդ: 27 տարի Երևանում բնակվող թութակ Կուկունյան զարմացնում է իր երգերով ու պարերով: Ի դեպ, վերջինս ընկերուհու' սպիտակ կակադու Կոկոյի հետ դերասանուհիներ են' վեց ֆիլմում են նկարահանվել: Սև ագռավ Պլատոնը տեղի փիլիսոփան է, սիրում է կոպեկներ հավաքել ու պահել թաքստոցում: Մի անգամ աշխատակիցները մի քանի հազար դրամի համարժեք կոպեկներ էին գտել թաքստոցից, բայց Պլատոնը չի սիրում, երբ դիպչում են իր «կարողությանը»: Վագրանախշ պիտոնը ձվադրության խնդիրներ է ունեցել: Նարկոզով վիրահատվելուց հետո 10 տարուց ավելի է՝ առողջ ապրում է: Իր բարդությամբ եզակի այս վիրահատության պատմությունը մինչև CNN հեռուստաալիք էր հասել...

«Էկզոտարիում» ընկերությունը բացվել է 2005 թվականին: Կենդանիները, որ ԱՊՀ երկրներում ամենահայտնի և յուրահատուկներից են, «Էկզոտարիումի» տնօրեն Կարեն Մարտիրոսյանի' 29 տարվա պատմություն ունեցող անհատական հավաքածուն են: Կարենի' պատանեկան տարիքի հոբին ժամանակի ընթացքում կենսակերպի վերածվեց: Կենսաբանը հիշում է' յոթ տարեկան էր, երբ կազմակերպվեց իր առաջին ցուցահանդեսը: Մնացածի մասին՝ Կարենի խոսքերով:

«Սողունների զարմանահրաշ աշխարհում»
Մանկուց բակից բռնած մողեսներ, մորեխներ, տզրուկներ, գորտեր էի պահում: Հավաքածու բառը կենդանիների դեպքում այնքան էլ ճիշտ չէ'ընտանիքիս անդամներն էին: Երբ կենդանիներ էի տեսնում, աչքիս էլ ոչ մի բան չէր երևում: Որևէ խաղալիք կամ զբաղմունք չէր կարող փոխարինել կենդանիների հետ շփումը: Տանը դեմ էին, մանավանդ երբ 19 տարեկանում թունավոր օձ բերեցի: Մայրս ասաց, որ նույնիսկ կհամաձայնվի փոխարենը գետաձի պահել:
Արվեստագետների ընտանիքում եմ ծնվել, Կոջոյանի անվան դպրոցն եմ ավարտել, բայց սերը կենդանիների ուսումնասիրության հանդեպ ավելի ուժեղ գտնվեց, քան նկարչությունը:

Կենդանիներիս հավաքածուն շատ արագ մեծանում էր: Այն ժամանակ դեռ Խորհրդային Միության տարբեր ծայրամասերում ընկերներ ունեի, նամակագրական կապի մեջ էինք, կենդանիներ էինք փոխանակում, ուսումնասիրություններ կատարում: 1996 թվականին «Մոսկվա» կինոթատրոնում բացվեց այժմյան «Էկզոտարիումի» նախատիպը: Քանի որ կաթնասունները ցուցադրված չէին, ցուցահանդեսը վերնագրել էի «Սողունների զարմանահրաշ աշխարհը»: Չէի սպասում, որ մեր քաղաքացիները սողունների հանդեպ մեծ հետաքրքրություն կցուցաբերեն, բայց պարզվեց, որ Երևանում դրանց սիրահարները քիչ չեն: Ցուցահանդեսի հաջողությունը մեծ խթան էր ինձ համար, արդեն սկսեցի համագործակցել արտասահմանյան կազմակերպությունների հետ:

Գենոֆոնդի պահպանումը
Կարելի է ասել «էկզոտարիումը» մի մեծ համալիր է' բացի էկզոտիկ կենդանիների ցուցադրությունից, նաև ուսուցողական, անասնաբուժական և կենդանիների հետ կապված այլ ծառայություններ է մատուցում: Մանկավարժական ինստիտուտի հետ ենք համագործակցում, այստեղ դասընթացներ են անցկացվում: Հաճախ ենք հյուրընկալում նաև տարբեր դպրոցների աշակերտներին: Արդեն հասցրել ենք մտերմանալ մեր այցելուներից շատերի հետ: Նրանք նույնիսկ մուտքի գումար չեն վճարում: Կան երեխաներ, որ առանց մեզ այցելելու չեն քնում:

«Էկզոտարիումում» այժմ հարյուրից ավելի կենդանիներ կան, մյուս մասը բնակվում է մեր բազայում, այդ թվում նաև Կուսկոյի մայրիկը: «Էկզոտարիումի» առանձնահատկությունն առաջին հերթին այն եզակի տեսակներնն են, որ բազմանում են մեզ մոտ: Կենդանիներ ունենք, որ նույնիսկ Մոսկվայի կամ Թբիլիսիի կենդանաբանական այգիներում չկան: Տարբեր կենդանաբանական այգիներ են կապ հաստատում մեզ հետ, որպեսզի գնեն կենդանիներին, բայց մենք չենք վաճառում: Մեր առաջնագույն նպատակն է կենդանիների գենոֆոնդի պահպանումը:

Կարգավիճակ
Խնդիրներ, բնականաբար, շատ ունենք: Բայց դրանցից ամենամեծն այն է, որ չնայած առանց չափազանցնելու ամբողջ աշխարհում համբավ ենք ձեռք բերել, հարազատ Երևանում մինչև հիմա' այսքան տարի անց, սեփական տարածք չունենք: Իհարկե, կուզենայինք պետական կարգավիճակ ստանալ: Նման առաջարկ դեռ չենք ունեցել: «Էկզոտարիումը» մեծ ծախսեր ունի հոգալու, չեմ կարծում, որ պետությունը այժմ պատրաստ է մեզ նման գումարներ հատկացնել: Թեպետ բազմաթիվ բարձրաստիճան այրեր, պետական գործիչներ, հաճախ իրենց թոռնիկների հետ այցելում են մեզ: Նրանցից շատերը հարցնում են՝ «Ինչպե՞ս ենք պահում այսքան կենդանիներին»: Հավատացնում եմ, եթե պետական կարգավիճակ ունենայինք, ապա մուտքն անվճար կդառնար: Այսօր մուտքի տոմսի արժեքը կազմում է 1000 դրամ մեծերի և 600 դրամ մանուկների համար:

«Էկզոտարիումը» Ստեփանակերտում
Մեր երազանքն էր էկզոտիկ կենդանիների հավաքածուն ցուցադրել Լեռնային Ղարաբաղում: Երկու տարի առաջ մեծ ցուցադրություն կազմակերպեցինք Ստեփանակերտում: Մանուկները մեկ ու կես ամսվա ընթացքում խաղացին Կուկունյայի, Կեշայի, Մոդիլյանիի հետ: Արտասահմանից ցուցադրություններ կազմակերպելու առաջարկներ ենք ստանում, բայց մեծ ծախսերի հետ է կապված, դեռևս չենք կարող համաձայնվել:

Անազատության օգուտը
Շատերն ասում են, թե՝ կենդանիները մեղք են, անազատ պայմաններում են ապրում: Բայց չեն հասկանում, թե ինչպիսի խնամք և մանրամասն ուսումնասիրություն է տարվում: Անհնար է փոխարինել բնոթյունը, սակայն կենդանիները հիմնականում, ավելի կարճ են ապրում ազատ պայմաններում: Ամենից երկարակյաց կենդանիները ապրում են կրկեսում' դա վաղուց հայտնի փաստ է:

Մեկ կյանքը բավարար չէ կենդանիներին ճանաչելու համար, միևնույն է'ամեն օր նոր բնավորության գծեր ենք բացահայտում: Սա իմ կենսակերպն է, առանց կենդանիներիս կյանքս չեմ պատկերացնում: Խելագարվելու աստիճան սիրում եմ նրանց: Մի վայրկյան չեմ ափսոսում, որ կյանքս նրանց եմ նվիրել: Ինձ անսահման երջանիկ մարդ եմ համարում, քանի որ սիրած մասնագիտություն ու աշխատանք ունեմ: Համոզված եղեք'ավելի շատ ստանում եմ նրանցից, քան տալիս եմ:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N3, 2013

Այս թեմայով