05 Փետրվար 2014, 15:52
2183 |

Լուսապետական հնարքներ

Մեր օրերում լույսը միայն լույս տալու իր բուն գործունեությունից նաև ստացել է գեղեցկացնելու կոչում: Ճարտարապետները գծում ու հաշվում են շենքի քարե կերպարը, իսկ դրա լուսային դրսևորումը լուսային մասնագետների խնդիրն է, ում կարելի է պայմանականորեն կոչել լուսային ճարտարապետներ կամ լուսապետներ: Ու եթե ճարտարապետները ցերեկային քաղաքի հեղինակներ են, ապա գիշերային քաղաքի տեսքի պատասխանատուները միանշանակ լուսապետներն են:

Շենքերի ու հուշարձանների լուսավորմամբ զբաղվող, «Լումինարիում» խանութ սրահի ներքո գործող ստեղծագործական խմբի անդամները՝ Արա Մանուկյանը, Հովակիմ Վարդանյանը և նրանց ղեկավար Աշոտ Զարբաբյանը փաստում են, որ շենքերի ու հուշարձանների գիշերային լուսավորումը լավ գործիք է գիշերը է՛լ ավելի ներկայանալի քաղաք մատուցելու համար: Ստեղծագործական խումբը լուսավորել է 150 շինություններ Հայաստանի տարբեր քաղաքներում: Պատմական շենքերի պարագայում դա նախ լավ մեթոդ է ընդգծելու շենքին հատուկ նախշերը, իսկ իրենից առաձնապես լուրջ ճարտարապետական արժեք չներկայացնող շենքերին հնարավորություն է տալիս գիշերը գեղեցկուհի դարձնել:

Աշխատանքը բավականին բարդ ու թանկ է: Նախ արվում են նախագծումներ, չափագրումներ, հաշվարկներ, որոշվում է կոնցեպցիան և արվում է լուսավորության համակարգչային մոդելավորումը: Օրինակ՝ հուշարձանները լուսավորելուց առաջ նախ ցանկալի է ուսումնասիրել դրանց պատմությունը, գաղափարը, որպեսզի լուսավորման միջոցով հնարավոր դառնա փոխանցել տվյալ կառույցի էմոցիան: Աշոտն ու իր ստեղծագործական խումբը, օրինակ, երբ լուսավորում էին Մայր Հայաստանի հուշարձանը, խորացան դրա պատմության մեջ: Պարզվում է արձանի պատվանդանը ներսից նախագծված է որպես եկեղեցի: Այս հետաքրքրական փաստն իմանալուց հետո տղաները փորձեցին այնպես լուսավորել արձանը, որ լապտերը հեռվից հիշեցնի բազմաթիվ վառված մոմեր: Բացի այդ, ստեղծագործական խումբն այնպես էր նախագծել, որ նախ միանային պատվանդանի լույսերը և մոտ 15 րոպե հետո միայն արձանինը: Սա էլ իր հերթին խորհրդանշում էր այն պատմությունը, որի միջով անցել էր հուշարձանը. ինչպես հայտնի է, Ստալինի արձանի ապամոնտաժումից հետո շուրջ հինգ տարի Ռաֆայել Իսրայելյանի նախագծած պատվանդանը դատարկ է մնացել՝ մինչև կտեղադրվեր Մայր Հայաստանը: Չնայած հիմա ծրագիրը խառնվել է, ու բոլոր լույսերը միանում են զուգահեռ, այդուհանդերձ, տղաներն այս աշխատանքը դասում են իրենց ստացված նախագծերի շարքին: «Այս գործի մեջ երկու վատ կողմ կա' բարբարոսությունը, որին, ավաղ, հաճախ ականատես ենք լինում և հաճախորդների՝ «որքան շատ լույս՝ այնքան լավ» մոտեցումը», — կիսվում են տղաները: Բարբարոսությունն իրենից ենթադրում է ծակել և լույսեր ամրացնել հին շենքերի հենց զարդանախշերի վրա կամ գողանալ տեղադրված լուսավորությունն ու մալուխները: Ի դեպ, տղաների հետ մեկ անգամ չէ, որ նման դեպքեր են պատահել: «Հաղթանակ» կամրջի լուսավորության աշխատանքներն իրականացնելիս գողացել էին մալուխները, իսկ աշխատանքը հանձնելուց հետո գողացան լուսարձակները: Արդյունքում իդեալական ու ըստ նախագծի լուսավորված կամուրջը շատ քիչ է եղել, գողացված լուսարձակներն էլ դեռևս չեն փոխարինվել:

«Ցերեկը հնարավոր է քաղաքացիները անգամ չնկատեն այն հայտնի մարդկանց արձանները, որոնց կողքով օրական մի քանի անգամ են անցնում, բայց այ գիշերվա գեղեցիկ լուսավորումն անհնար է չնկատել», — ասում է Աշոտը: Մեկ այլ խնդիր է այն, որ մեզ մոտ դեռ լավ չեն տարբերում պարզապես լուսավորումը ճարտարապետական լուսավորումից: «Անճաշակ ճարտարապետական լուսավորություն» պիտակով էլ մասնագետները բնորոշում են լույսով գերհագեցած աշխատանքներն ու վստահեցնում են, որ լուսավորության մեջ ոչ պակաս կարևոր է խավարը, քանի որ այդ երկուսի համադրությամբ է գեղեցիկ արդյունք ստացվում:

Լուսապետների ստեղծագործական խումբն իր լավագույն աշխատանքներից է համարում նաև հեռուստաաշտարակի լուսավորումը: Խոստովանում են, որ դա այնքան էլ հեշտ չէր, հաշվի առնելով կարճ ժամկետներն ու արտասովոր աշխատանքը: Նման նախագիծ Հայաստանում դեռ չէին իրականացրել, այն էլ հիմնվելով միայն տեղական ռեսուրսների վրա: «Մերոնք շատ են սիրում Թիֆլիսի հեռուստաաշտարակը օրինակ բերել, բայց դա արել են եվրոպացի մասնագետները: Մեր պարագայում բարդ էր այն, որ պետք էր երկաթը լուսավորել, այն էլ սպիտակ ու կարմիր ներկված: Առհասարակ, տարբեր երանգների վրա տարբեր գույնի լույս է ստացվում: Մյուս կողմից էլ' աշտարակն իրենից գործող ալեհավաք է ներկայացնում ու 15 րոպեից ավելի դրա վրա գտնվելը կարող է վտանգավոր լինել առողջության համար: Դրանից էլ բացի հնարավոր էր միայն առավոտյան շատ շուտ դրա վրա աշխատել' 6-ից 9-ը, որպեսզի հնարավոր լիներ որոշ հեռուստաալիքներ անջատել», — ընդհանուր առմամբ եռամսյա օր ու գիշեր տևած աշխատանքից պատմում է Հովակիմն ու խոստովանում, որ մինչև աշխատանքների ավարտն ինքը հաղթահարեց իր վախը բարձրությունից: Քանի որ աշխատանքը պետք է հանձնվեր 2011-ի սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրվա կապակցությամբ, բացման օրը աշտարակի վրա պետք է եռագույնը վառվեր: Հայկական լավագույն ավանդույթների համաձայն՝ ամեն ինչ հաջողվեց վերջին րոպեին. դժվարությամբ, բայց հաջողվեց ճիշտ ժամին պայծառ եռագույն ստանալ:

«Ցավով պիտի ասեմ, որ Երևանում ոչ բոլոր դեպքերում են պահպանվում ճարտարապետական լուսավորության կանոնները, — ասում է այդ գործի մասնագետ, նաև UrbanLabYerevan ճարտարապետական ստուդիայի համահիմնադիր Սևադա Պետրոսյանը, ով լուսավորել է Օպերայի շենքը, Թումանյանի թանգարանի, Մատենադարանի շենքը: — Օրինակ՝ ես չեմ հավանում ինչպես են լուսավորել Հանրապետության հրապարակը. լուսատուների գույները չեն համընկնում, հետո դրանց բացվածքն այնպիսին է, որ լուսավորում է ոչ միայն իր համար նախատեսված տարածքը: Սա օրինակներից մեկն է միայն»: Մյուս կողմից էլ ճարտարապետական լուսավորման մեջ լավ որակ ստանալու համար կան որոշակի նախապայմաններ: Օրինակ՝ պետք է պատվիրատուի հետ գաս համաձայնության, պետք է ձեռքի տակ լինեն բոլոր պահանջվող սարքավորումներն ու լույսերը, իսկ պատվիրատուն հաճախ խուսափում է թանկ վճարել, ու մասնագետը ստիպված է լինում արդեն ոչ այնքան համապատասխանող լույսեր տեղադրել՝ սուղ բյուջեի մեջ տեղավորվելու համար: Սևադան, օրինակ, հաճախ չի կրկնում, որ ինքն է լուսավորել Օպերայի շենքը, քանի որ արդյունքից այնքան էլ գոհ չէ: Մատենադարանի պարագայում գոհ չէ ներկայիս լուսավորումից:

«Բավականին բարդ նախագիծ էր, քանի որ չէր կարելի շենքը ծակել, պետք էր ստանալ հոյակապ լուսավորում, որ շենքը Մաշտոցի մյուս ծայրից երևար: Չափազանց ճշգրիտ հաշվարկների արդյունքում ստացանք մեր ուզածը: Հետո արդեն երբ հանձնեցինք աշխատանքը, լամպերը փոխելուց ուրիշ լամպեր հայտնվեցին դրանց տեղում, լուսատուների մեր հաշվարկած ճշգրտությունները խախտվեցին», — պատմում է Սևադան: Ինքը շատ կուզենար Երևանում տեսնել մտածված մոտեցում լուսավորության հարցում: Մյուս կողմից էլ' ուրախ է, որ ամեն դեպքում լուսավորման փորձեր արվում են. «Դա արդեն նշան է, որ կզարգանանք ու կհասնենք ավելի լավ մակարդակի այս հարցում: Իհարկե, կան բաներ, որ բացարձակ անընդունելի են ինձ համար, օրինակ՝ ինչպես են լուսավորվում ծառերը: Մեկ մետր բարձրության վրա դրվում են լուսատուներ, որ հեռվից ագռավի բուն են հիշացնում: Եվ չեմ հասկանում ինչու էր պետք ընտրել կանաչ գույնը ծառերի լուսավորման համար», — անկեղծ զարմանում է Սևադա Պետրոսյանը:

***

Էյնշտեյնն ասում էր, որ լույսը խավարի բացակայությունն է: Վստահ չեմ, որ այս տեսությունը կատարելությամբ գործում է մեր մայրաքաղաքում, բայց ըստ Էյնշտեյնի մեկ այլ տեսության՝ ամեն ինչ աշխարհում հարաբերական է: Իսկ դա անշուշտ լույս է սփռում գիշերային Երևանի փողոցներում:

Սասունցի Դավթի արձանի գիշերային տեսքը
Սասունցի Դավթի արձանի գիշերային տեսքը
 
Երևանի գինու գործարանի ճարտարապետական լուսավորության ձևավորում, համակարգչային մոդել
Երևանի գինու գործարանի ճարտարապետական լուսավորության ձևավորում, համակարգչային մոդել
 
«Առնո Բաբաջանյան» համերգասրահի լուսային լուծումը
«Առնո Բաբաջանյան» համերգասրահի լուսային լուծումը
 
Լուսավորված հեռուստաաշտարակը
Լուսավորված հեռուստաաշտարակը



«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N12, 2013

Այս թեմայով