01 Դեկտեմբեր 2013, 21:09
508 |

ՏՏ զորակոչ-2013

Երբ համաշխարհային սարդոստայնը դեռ լաբորատոր գիտական գործիք էր, ենթադրություն անգամ չկար այն մասին, որ կարճ ժամանակ անց այն կգրավի աշխարհն ու կդառնա համաշխարհային ինֆորմացիոն հոսքի յուրօրինակ զորատեսակ: Հայաստանը ցանցային այս բանակին միացավ դեռևս 1990-ականներին: Զորակոչային տարիքի բոլոր կայքերն այս տարի արդեն 4-րդ անգամ հավաքագրել էր am տիրույթի գլխավոր «զինկոմիսար» «ԱրմՆեթ» մրցանակաբաշխությունը:

«ԱրմՆեթ»-ը ՏՏ միջոցառումների շարք է, որն ուղղված է խթանելու հայկական տեղեկատվական դաշտի զարգացմանը, նպաստել վեբ և մոբայլ տեխնոլոգիաների կիրառմանը: Միջոցառումը կարևոր դեր ունի թվանշանային տեխնոլոգիաների ոլորտում մրցակցային առողջ մթնոլորտ ստեղծելու հարցում:

Այս տարի մեկ հարկի տակ մոբիլիզացվել էին հայկական ինտերնետ համայնքի ներկայացուցիչ կայքերը, որոնք հաշվետվություն էին ներկայացնում «ցանցային հրամանատարական», այլ կերպ ասած՝ ժյուրիի կազմին: Ժյուրիի «գլխավոր հրամանատար» Սամվել Մարտիրոսյանը նախորդ տարիների համեմատ, այս տարվա զորակոչը բնութագրեց թվաքանակով՝ քիչ, սակայն որակապես՝ ավելի բարձր: Մրցույթին ներկայացվել էին շուրջ 400 հայկական կայքեր, որոնք մրցակցում էին 7 անվանակարգերում: Յուրաքանչյուր անվանակարգի համար ժյուրիին ներկայացված հայկական ցանցի «զինվորներն» ի ցույց էին դնում իրենց նորարարությունը, ցանցային միջավայրում գոյատևելու ունակություններն ու մրցունակությունը: Կարճ ասած, համընդհանուր մոբիլիզացման արդյունքում իսկական զորավարժություններ էին ընթանում:

Այս տարի ԱրմՆեթ միջոցառումները 3-ն էին: Երկօրյա միջոցառումների շարքն այս անգամ բացվեց նորարարությամբ: Նախագծի շրջանակներում առաջին անգամ  անցկացվեց Starup Day միջոցառումը, որի ընթացքում Սկոլկովո Սթարթափ Ակադեմիայի մասնագետները վարեցին սեմինարներ, բացի այդ՝ կազմակերպված մրցույթին ներկայացվեցին նորարար գաղափարներ: Հաղթանակած ընկերությունը հնարավորություն ստացավ մեկնելու Սիլիկոնային հովիտ և մասնակցելու սթարթափ սեմինարներին:

ԱրմՆեթի դաշտը հաջորդ օրը գրավեց ՏՏ համաժողովը, որի ընթացքում ոլորտի մասնագետները խոսեցին  առաջխաղացումների ու նորարարությունների մասին: Այս տարի միջոցառումը կրում էր «Համընդհանուր mobileիզացում» խորագիրը: Կազմակերպիչների համոզմամբ, տեղեկատվական տեխնոլոգիաներն այս տարի ավելի շատ սկսել են շարժվել մոբայլ լուծումների ուղղությամբ: Ինտերնետ մուտք գործելու ավանդական մեթոդները քիչ-քիչ տեղի են տալիս, ու դրանց փոխարինելու են գալիս շարժական սարքերը, որոնք էլ սկսում են ՏՏ շուկայում թելադրել մոբայլ հավելվածների լուրջ պահանջարկ: Կոնֆերանսի ընթացքում բարձրացվող հարցերն ուղղված էին հենց այս ոլորտի առաջխաղացմանը:

Միջոցառման հավատարիմ հովանավոր «Orange Armenia»-ի գործադիր տնօրեն Ֆրանսիս Ժելիբդերի խոսքերով այս տարվա թեմատիկ «մոբիլիզացումը» ոչ միայն նորարարություն էր, այլև անհրաժեշտություն. «Orange Armenia-ը միշտ կանգնած է ԱրմՆեթ նախաձեռնության կողքին: Այս տարի անվանակարգերից մեկը՝ «Լավագույն բջջային հավելվածը» հենց Օրանժի հատուկ մրցանակը կստանա: Սրանով մենք փորձում ենք խթանել հայկական բջջային ծրագրավորումը»:

Ու վերջում էլ ինչպես ոլորտի նորակոչիկների, այնպես էլ հին «ծառայողների» համար տեղի ունեցավ ամենասպասված միջոցառումը՝ ԱրմՆեթ 2013 մրցանակաբաշխությունը: Ժյուրիի կողմից նախապես ընտրված 7 անվանակարգերում մրցանակները բաշխվեցին հետևյալ կերպ՝

 

Դիզայն և հարմարավետություն - imyerevan.com

Նորարարություն - 360yerevan.com

Տեխնիկական կատարում - Varwar.com

Բովանդակություն – YSU.am

Տարվա առաջընթաց - Cult.am

Հասարակական ազդեցություն – 100 դրամ նախաձեռնություն

SMS քվեարկության արդյունքներով հաղթեց - new-armenia.page.tl

Orange-ի հատուկ մրցանակ լավագույն բջջային հավելվածի համար - Fortune Cup

Հատուկ մրցանակ – Civilnet.am

Հատուկ մրցանակ 2 - Cinpost.com

Գրան պրի – 360yerevan.com

Լավագույն Start up - Betchili

 

Տարվա հայտնությունն անշուշտ, անխոս ու միաձայն դարձավ 360yerevan.com կայքը: Նախաձեռնության հեղինակների համար գլխավոր մրցանակին արժանանալը միաժամանակ և՛անակնկալ էր, և՛ պարտավորեցնող: Երևանյան պանորամաներից ու պատմություններից զատ, կայքի հիմնադիրները խոստանում են շուտով հանրությանը ներկայացնել ամբողջ Հայաստանն ու հետո նաև աշխարհը: 

imyerevan.com կայքի հաղթանակը «Դիզայն և հարմարավետություն» անվանակարգում անսպասելի չէր. «Երևան Փրոդաքշնսն» առաջին տարին չէ, որ վստահաբար պահում է որակի բարձր նշաձողն այս ասպարեզում: Հաշվի առնելով, որ երիտասարդ կայքը շարունակում է «Երևան» ամսագրի լավագույն ավանդույթները, շուտով ակնկալվում է լուրջ առաջընթաց նաև այլ ուղղություններում: Ինչպես միջոցառման ընթացքում նշեց նախագծի ղեկավար Էդուարդ Այանյանը՝ սա միայն առաջին քայլն է, հետագա հաղթանակները սպասեցնել չեն տա:

Ինչպես ցանկացած ռազմի դաշտում, հայկական ՏՏ ոլորտի պատերազմի դաշտն էլ առանց «նեղացածների» չմնաց: Կազմակերպիչ Maeutica ընկերության տնօրեն Հայկուհի Տաքսիլդարյանի խոսքերով, մրցանակաբաշխությունից դժգոհողների պակաս ԱրմՆեթը ոչ մի տարի չի ունեցել, այս տարին բացառություն չի լինի:

ԱրմՆեթի ավարտը հայկական ՏՏ դաշտում ժամանակավոր «զինադադար» հայտարարեց, սակայն ոլորտի ներկայացուցիչներն արդեն պատրաստվում են գալիք տարվա համար պայքարին:  

Այս թեմայով