30 Հունվար 2014, 14:34
3688 |

Հայ կինոյի արտաքսված նահապետը

Նա ֆիլմեր էր նկարահանում, այնինչ հենց նրա կյանքն էր ֆիլմ: Ամենամռայլ օրերին անգամ մնաց լավատեսության և բարու հաստատուն դիրքերում: Հզոր կամքի տեր, եռանդուն, տաղանդավոր հայ ռեժիսորը թաղվեց օտար հողում` սիրտը թողած հայրենիքում:

Ճակատագրական ժապավենի կտորը
Քանոնի պես ուղիղ մի քանի փողոց, միհարկանի, երբեմն երկհարկանի տներ, եկեղեցի, որտեղ նա իր հասակակիցների հետ ամեն առավոտ մասնակցում էր ժամերգությանը: Հայ կինո հայր Համոյի հայրը' Իվան Բեկնազարյանը, ըստ երևույթին արտասովոր մարդ էր, արվեստի մեծ սիրահար: Ինչպես հիշում է կինոռեժիսոր Գրիգոր Մելիք-Ավագյանը, նա ժամանակ առ ժամանակ կրկես էր բերում Երևան, զբոսնում հին Երևանի փողոցներում ճապոնական երկանիվ կառքով. երևանցիները նրան որպես «Ցիրկ Վանո» են հիշում: Իսկ Համոն նրան հիշում է որպես արվեստի մեծ սիրահար, որը պատմում էր արտասահմանում դիտած թատերական ներկայացումների ու հայ դերասանների (Սիրանույշ, Պ. Ադամյան) մասին:

Արվեստի խորը ընկալումը հենց հորից էր ժառանգել, ու մանկության երկու ամենատպավորիչ իրադարձություններն էլ հենց արվեստի հետ էին կապված: Առաջինը կինոնկարն էր, որը նա դիտեց 8 տարեկանում. ընկերների հետ մի կողով խաղողով «կաշառեցին» կինոմեխանիկին, ու նա դիտումից հետո բացատրեց' ինչպես են կինոն ցուցադրում: Տղաները նվեր ստացան շոգեկառք պատկերող ժապավենի կտոր, որը վիճակահանությամբ բաժին հասավ հենց Համոյին. «Կարծում եմ, որ այդ առաջին փոքրիկ կադրը ճակատագրական դեր խաղաց իմ կյանքում»: Իսկ երկրորդ որոշիչը թատրոնն էր. Համոն մոր հետ դիտեց «Մեդեա» ներկայացումը Սիրանույշի մասնակցությամբ: Թատրոնում ու փողոցում զսպեց արցունքները, որոնց տանն ազատություն տվեց: Մայրը երդվեց այլևս որդուն թատրոն չուղարկել, բայց հայրը հանգիստ էր. «Արվեստից վնաս չկա»:

Տրյուկերի սիրահարը
Կյանքն ուղղորդում էր նրան դեպի արվեստը: Անգամ Տաշկենդում (հայրը կապալով վերցրել էր Օրենբուրգ-Տաշկենդ երկաթուղու մի հատվածի կառուցումը) ապրելու տարիներին ըմբշամարտ պարապելը դարձավ «կինոյում հայտնվելու» չգիտակցված նախապատրաստություն. սպորտային կառուցվածքն ու ճարպկությունն օգնեցին, որ դառնա տրյուկներ կատարող դերասան…

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ դժվարացավ արտասահմանյան ֆիլմերի մուտքը: Հարմար իրավիճակ ստեղծվեց, որ ճարպիկ գործարարները տեղում կինոֆաբրիկաներ հիմնեն, իսկ Համոյի նման երազողները մտնեն կինոյի աշխարհ:
« - Իսկ տրյուկեր կարո՞ղ եք անել:
- Ամեն բան կարող եմ անել, - համեստորեն ասացի ես, - կրկեսի ձիավարի պես ձի եմ քշում, խողովակների վրայով բարձրանում մինչև վեցերորդ հարկ, պարանով իջնում անդունդը, թռչում կրկեսի գմբեթի վրայով»:

Համո Բեկ անունով ներկայացող դերասանի կարիերան տևեց 4 կարճ տարի, որի ընթացքում նրա անունը գրվեց ավելի քան 70 նոր ֆիլմերի ազդագրերում՝ ժամանակի հայտնի դերասանների ու ռեժիսորների կողքին: Հեղափոխությունից հետո կինոարդյունաբերության ճգնաժամի տարիներին Համո Բեկը դերեր չստացավ, այրվեց «Բիոֆիլմ» կինոֆաբրիկայի (որի բաժնետերեր, ի դեպ, ժամանակի մեծահարուստ հայերն էին' Մանթաշով, Լիանոզով, Կուսիկով, Տարասով) ատելյեն, մոխրացավ Համո Բեկի զգեստապահարանը: Համոն հայտնվեց գործազուրկի կարգավիճակում, փորձեց նոր մասնագիտություններ. կոշիկներ էր կարում թատրոնի դերասանուհիների համար, ըմբշամարտի պարապմունքներ անցկացնում, կազմակերպում կնոջ'Սոֆյա Վոլխովսկայայի թատերախմբի հյուրախաղերը: Բեկազարյանը որոշեց վերադառնալ Երևան: Ճանապարհին կանգ առավ Թիֆլիսում: Այդ կանգառը ոչ միայն երկարեց, այլև կարևոր դեր խաղաց նախկին կինոդերասան Համո Բեկի կյանքում. այստեղ ծնվեց կինոռեժիսոր Համո Բեկնազարյանը' հարուստ փորձով, մարդկանց ու կյանքի խորը ճանաչողությամբ:

«Համո Իվանովիչի հետ յուրաքանչյուր հանդիպում ինչ-որ արժեքավոր բան էր տալիս մարդկանց: Նրան օտար էր հանդիսավորությունը, նա միշտ բնական վիճակում էր, որի միջոցով երևում էր խորաթափանց անհատը, որն ավելորդ էր համարում ապացուցել այն, ինչն արդեն ինքին հասկանալի է», - հարցազրույցներից մեկում նրա մասին ասաց կինոռեժիսոր Գրիգոր Մելիք Ավագյանը («Էկրան» 1982 թ., թիվ 6)։

Պատրա´ստ, սկսու~մ ենք
Այս կարգադրությունը ռեժիսոր Համո Բեկնազարյանը տվել է 30 գեղարվեստական և վավերագրական ֆիլմերից առաջ, որոնք ունեն լայն աշխարհագրություն' Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Չեչնիա, Ամուրի ափեր, Միջին Ասիա: Ինչպես է հնարավոր աշխատել տարբեր երկրների կինոստուդիաներում, անել այդքան շատ ու որակյալ աշխատանք: Գաղտնիքը Համո Բեկնազարյան անձի իրատեսության, աշխատասիրության ու կենսասիրության մեջ է: ՍՍՀՄ ժող. արտիստ, կինոռեժիսոր Ստեփան Կևորկով գրել էր. «Համո Բեկնազարյանն ինձ ապշեցրեց իր անդուլ աշխատասիրությամբ, անսպառ եռանդով, որը դրսևորվում էր ամեն ինչում: Նա կարող էր աշխատել օրնիբուն, ցերեկը՝ նկարահանել, երեկոյան, գիշերը նստել մոնտաժման սեղանի մոտ» («Էկրան», 1982, թիվ 6): Մեկ այլ ժամանակակից՝ ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր Լ. Իսահակյանը նույնպես անդրադարձել է Համոյի տաղնադին. «Չնայած մեծ դժվարություններին, տեխնիկական, կազմակերպչական խոչընդոտներին, Համո Իվանովիչը կարողանում էր նկարահանման խմբում առաջացնել ու պահպանել անհրաժեշտ ստեղծագործական մթնոլորտ: Գիտեր ուշադիր լսել իր հետ աշխատող մարդկանց' անկախ նրանց դիրքից» («Էկրան», 1982, թիվ 6): «Դեմքեր, հանդիպումներ» գրքում դերասան Դավիթ Մալյանը հիշում է. «Բեկնազարյանն ուներ մի թանկարժեք հատկություն, որից զուրկ էին շատ ռեժիսորներ: Նա հաճախ հավաքում էր կոլեկտիվին, առանձին զրուցում, բացատրում, ոգևորում դերասաններին: Այլ կերպ ասած՝ յուրաքանչյուր դերասանի ստեղծագործական ջերմաստիճանը բարձրացնում հասցնում էր անհրաժեշտ մակարդակին»: Նրա մասին գովեստի խոսքեր են հնչել նաև քննադատների կողմից. «Նրան վրացական, թե ադրբեջանական, թե ուզբեկական, թե տաջիկական, թե չեչենական, թե ռուսական կինեոմատոգրաֆիստները համարում էին իրենցը, քանի որ լինելով ճշմարիտ հայ արվեստագետ, նա մեծ ինտերնացիոնալիստ էր». Ս. Ռիզաև, կինոքննադատ («Սովետական արվեստ», 1978, թիվ 12)։

Արտաքսված իմաստություն
«Հայֆիլմում» Բեկնազարյանը նկարահանեց 11 ֆիլմ. «Նամուս», «Զարե», «Խազփուշ», «Պեպո», «Զանգեզուր», «Դավիթ Բեկ»։ Վերջինս Բեկնազարյանի նկարահանած վերջին հաջող ֆիլմը եղավ «Հայֆիլմում» ' ոչ իր «մեղքով»: Նրան պարտադրում էին նկարահանել ուրիշ ռեժիսորների նախաձեռնած ֆիլմերը' «Անահիտը» և «Արարատյան դաշտի աղջիկը»: Բեկնազարյանը նամակներ էր հղում վերին օղակներ, որ այդ ֆիլմերը խորթ են իր ստեղծագործական հակումներին, «իրենը» չեն… ապարդյուն. «Եթե հրաժարվում եք այդ ֆիլմի բեմադրությունից, ապա կարող եք գնալ Տաշկենդ»: Արդյունքում ստացվում էին գեղարվեստական ցածր որակի ֆիլմեր: Բեկնազարյանը չէր հուսահատվում. մտադրվել էր նկարահանել Վարդան Մամիկոնյանին նվիրված ֆիլմ, ընթացքի մեջ էր «Երկրորդ քարավան» ֆիլմը: Բայց 1949-ին ինչպես այս, այնպես էլ նկարահանման ընթացքում գտնվող շատ նախագծեր արգելվեցին. «Մեզ հաղորդեցին, որ Ստալինին դուր չեկան այդ ֆիլմերի անունները…Պետք է խոստովանեմ, որ, երբ իմացա, ես'մեծահասակ մարդ լինելով հանդերձ, չդիմացա ու լաց եղա», - հիշում է Բեկնազարյանը: Հիասթափությունը մեծ էր… Բեկնազարյանը հեռացավ։ Սկսեց ստեղծագործել Տաշքենդի և Դուշանբեի կինոստուդիաներում: Վերջին 30-րդ ֆիլմը' «Նասրեդինը Խոջենթումն» էր։ «Ես սկսեցի իմ ռեժիսորական աշխատանքը, երբ կինեմատոգրաֆը դեռ համր էր, երբ գույնի մասին նոր-նոր սկսում էին երազել, իսկ ավարտում եմ արդեն գունավոր կինոյով… հազիվ թե ուժերս հերիքեն բեմադրելու ևս մեկ ֆիլմ: Եվ հավանաբար այնքան էլ վատ չէ վերջակետ դնել «գործողության վերջում» արևելյան իմաստունի մասին ֆիլմ բեմադրելուց հետո»:

Նրան վերագրեցին հետպատերազմյան շրջանի հայ կինոյի բոլոր անհաջողությունները: Բայց նա չվհատվեց ու չչարացավ, այս անկուսակցական մարդու հավատամքը մնաց Հայաստանը, ուր նա եկավ 1920-ականներին իր նման երազող դոն կիխոտներ Մարտիրոս Սարյանի, Ալեքսանդր Թամանյանի, Հակոբ Աբելյանի և ուրիշ մեծերի հետ' հայրենիք կերտելու: Նա զարգացրեց կինոռեժիսորների տաղանդավոր սերունդ (Ս. Կևորկով, Արտ. Հայ-Արտյան, Լ. Իսահակյան, Գր. Մելիք-Ավագյան, Է. Քարամյան և ուրիշներ), որոնց մի պատգամ էր հղում' բարին արարել: 1946 -ին պատերազմից վերադարձած Գր. Մելիք-Ավագյանին ասում էր. «Դու կռվել ես, դա անհետևանք չի մնում: Աշխատիր հոգուցդ հանել դառնությունը, որովհետև ապագան կարելի է միայն բարու վրա կառուցել»:

Կյանքի վերջին տարիները Համո Բեկնազարյանն անցկացրեց Մոսկվայում, այնտեղ էլ մահացավ 1965-ին' միայնակ ու մոռացված։

Այս թեմայով