05 Սեպտեմբեր 2014, 13:06
8199 |

Հայկական հետքերը՝ Մետաքսի ճամփին

Կինոռեժիսոր, հնէաբան Ռուբեն Գինեյը 2004-ից ապրում և արարում է Չինաստանում։ Շանհայի թանգարանում տեսնելով հայկական դրամներ՝ որոշել էր նկարահանել փաստավավերագրական ֆիլմ հայ-չինական հարաբերությունների մասին: Թեմայի ուսումնասիրությունները տարան Չինաստանի սահմաններից էլ ավելի հեռու՝ Մետաքսի ճանապարհով: Հնագիտական որոնումներ ու նկարահանումներ եղան 11 երկրներում: 2010-13-ը տևած աշխատաքներն ընդգրկեցին հսկայածավալ՝ 60 ժամյա նկարահանված նյութ, որից առանձնացավ 2 ժամ։ «Անդին. հայոց ճանապարհորդության տարեգրություն» ֆիլմում շատ նյութեր առաջին անգամ են բացահայտվում, Գինեյը Մետաքսի ճանապարհին գտել է բազում հայկական հետքեր: Մնում է այդ հարուստ նյութը շերտ առ շերտ բացել:

Հայկական օբսիդիանը՝ Մետաքսի ճանապարհին
Գիտնականները պարզել են, որ Միջագետքի տարածքում օբսիդիանի ամենամեծ հանքը Հայաստանում է եղել, որից օգտվել են նաև մեր հեռավոր հարևանները: Հնդկաստանում հայտնաբերվել են նիզակներին ամրացվող օբսիդիանից սուր ծայրեր՝ թվագրված բրոնզեդարին, մ.թ.ա. 3-6 հազարամյակներ: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ դրանք հայկական օբսիդիան են:

 

Հայկական նավթը՝ գինի
Արենիի քարանձավներում հայտնաբերվել են գինեգործության հարուստ ավանդույթների մասին վկայող գտածոներ, որոնք նույնպես վերագրվում են բրոնզե դարին: Ռուբեն Գինեյը նկարահանումներն սկսել է հենց Արենիից՝ որպես հայկական գինեգործության ակունք: Ինչպես այսօր նավթն է աշխարհի շատ երկրների համար մեծ պահանջարկ վայելում, այնպես էլ գինին է Հայաստանից այլ երկրներ ներկրվող նյութական արժեք եղել: Չինական Թան դինաստիայի ժամանակների եռագույն արձանիկներ են հայտնաբերվել: Արտասահմանցի հեղինակավոր տարբեր մասնագետներ հաստատում են, որ գինեպարկով արձանիկներում հայ էթնոս է պատկերված: Գտածոները Տորոնտոյում են:

 

Հայաստանը՝ հին տեղագրություններում
Չինական աղբյուրներում Հայաստան անունն առաջին անգամ հիշատակվում է 2-րդ դարում, այսինքն՝ մինչև Մետաքսի ճանապարհի բացվելը: Քարտեզը, որ հայտանաբերվել է, կազմվել է 13-րդ դարում, բայց քարտեզի բովանդակությունը վերաբերում է 2-րդ դարին: Այնտեղ նշվում է Աման երկիրը. նկարագրվում է, որ այն հյուսիսից շրջապատված է լեռնաշղթաներով:

 

Ասիական էթնոսը՝ Հայաստանում
Շիրակի մարզի Շիրակավան և Բենիամին գյուղերի տարածքում դեռ սովետական տարիներին հայտաբերվել է ասիական 600 գանգ: Որոշների վրա հարվածի հետքեր կան, ինչը նշանակում է, որ եկվորները տեղացիների կողմից գրկաբաց չեն ընդունվել: Մի մասն էլ դեֆորմացված է: Հայտնի է, որ ասիացիները դեռ մանկուց իրենց երեխաների գլուխները գանգի հատվածից սեղմում էին՝ այն երկարացնելու համար: Գտածոների թվագրությունը որքան մոտենում է մեր ժամանակներին, այնքան ասիական տարբերանշաններն անհետանում են: Սա փաստում է, որ ասիացիները ժամանակի ընթացքում ձուլվել են տեղաբնակների հետ ու կորցրել գենետիկական ազգային առանձնահատկությունները:

 

Թասային հայտնագործություն
Կինոռեժիսոր Ռուբեն Գինեյը Չինաստանում տեսել է ապակե թաս՝ թվագրված 4-րդ դարին: Նա զարմացել է՝ նույն թասից տեսնելով նաև Դվինում: Իսկ Գյումրու երկրաբանական թանգարանում նրան ցույց են տվել պահոցների նմուշներից մեկը՝ չինական մեկ այլ թաս: Ռուբենը պարզել է, որ այն 600 տարվա պատմություն ունի և պատկանում է չինական Մին դինաստիային: Այդ գտածոյի մասին կինոռեժիսորը Չինաստանում գիտական հոդված է հրատարակել:

 

Հայկական գանձերի հետքերով
«Անդին. Հայոց ճանապարհորդության տարեգրություն» ֆիլմում նաև ստորջրյա նկարահանումներ են կատարվել: Ռեժիսորը լեգենդի հետքերով Իսիկուլ լճի տակ փնտրել է հայ եղբայների վանքը, որի մասին հիշատակվում է Փարիզում գտնվող միջնադարյան քարտեզում: Այնտեղ նշված է, որ Իսիկուլի տարածքում՝ հյուսիսային սահմանին, հայկական վանք է եղել, որտեղ պահվել է Հիսուս Քրիստոսի առաքյալ Մաթևոսի աճյունը: Բազմաթիվ գիտնականներ փորձել են գտնել վանքը: Այսօր էլ կազմակերպվում են հետազոտական արշավներ դեպի Իսիկուլ: 1970-80-ականներին Պետանվտանգության աշխատակիցների կողմից արգելված էր այդ տարածք մտնելը: Տեղեկություններ էին տարածվել, որ վանքում գանձեր կան թաղված, որոնք գայթակղում էին շատ գանձեր որոնողների:

 

Հեթում արքան՝ Մարկո Պոլոյից առաջ
Ասիական ճամփորդությունների մասին տարածված է Մարկո Պոլոյի գիրքը: Բայց դեռ նրանից առաջ հայերն են ճամփորդել, ու դրա մասին գրավոր վկայություններ թողել: Հեթում արքան Միջերկրականի ափերից հասել է Չինաստան, երբ Մարկո Պոլոն դեռ 1 տարեկան էր, ու երբ այդ երկրի մասին աշխարհի շատ ժողովուրդներ պատկերացում անգամ չունեին: Հեթում արքայի ճամփորդության մասին 50 տարի հետո Հեթում պատմիչը գրել էր ճանապարհորդական գիրք, որն աշխարհում առաջիններից մեկն է:
 

 

Աստվածաշունչը՝ չինարեն՝ թարգմանված հայի ձեռամբ
Մակաո քաղաքում ծնված Ջոն Լազար անունով մի երիտասարդ՝ հայ վաճառականի ընտանիքից, ունեցել է երկու չինացի դայակ: Նրա իսկական անունը Հովհաննես Լազարյան է: 20-23 տարեկանում՝ 1805 թվականին, Սիրանպուրի միսիոներները նրան պատվիրում են թարգմանել Նոր կտակարանը: Գտնվել են Հովհաննեսի ընկերոջ նամակները: Այնտեղ գրված է, որ Լազարը նստում էր իր կողքին ու չինարեն թարգմանում Աստվածաշունչը: Գրքի բնօրինակի էջերում Ռուբեն Գինեյը տեսել է, որ Հովհաննեսը մատիտով նշում-դիտողություններ է արել ինքն իրեն: Աստվածաշնչի՝ Հովհաննես Ղազարյանի չինարեն թարգամանությունն աշխարհում ամենահաջողվածն է համարվում:

 

Ուրարտական գորգերի ճամփորդությունն Ասիայում
Էրմիտաժում պահվում է Պազիրիկ գորգ, որը, գիտնականների կարծիքով, Հայաստանում է գործվել: Ուրարտական թագավորության ժամանակներում այն հայտնվել է Չինաստանի սահմանների մոտ: Գորգի վրա կան և՛ արևելյան, և՛ արևմտյան մշակույթների հետքեր՝ հյուսիսային եղնիկ, ձի՝ պոչը կապած, ինչն ընդունված էր սակերի մոտ, գրիֆոն, Կենաց ծառ ու հավերժության նշան, որոնք էլ հատուկ են հայկական գորգագործությանն ու մշակույթին: Գորգը թվագրվում է մ.թ.ա. 5-րդ դարին: Այն գտել են Ալթայում՝ հին դամբարանում: Հավանաբար գորգի հեղինակը ուրարտացիներն էին՝ որպես ճանաչված գորգագործներ:

 

Արևելքի հետքերը հայկական մատյաններում
Մատենադարանում պահվում է Հովհաննես եպիսկոպոսի պատկերը, որի զգեստի վրա նկարված է չինական վիշապ: Իսկ Թորոս Ռոսլինի մանրանկարներից մեկում կերպարների զգեստները, արտաքինը, անգամ դիմագծերը հայկական չեն. անզեն աչքով երևում է, որ դրանք ասիական են: Նկարի վրա գրված է՝ «Թաթարն եկավ այսաւր»:

 

Կինոյի լեզվով
Հայ-չինական և առհասարակ հայ-ասիական հարաբերությունների մասին Ռուբեն Գինեյը պատրաստվում է գիրք գրել ու գիտահետազոտական ուսումնասիրություններում ընդգրկել բոլոր ժամանակաշրջանները: Այն պատմահնագիտական բացահայտումների աղբյուր է լինելու: Առայժմ Ռուբենը վավերագրական ֆիլմով է հանրությանը ծանոթացնում անցյալի առեղծվածներին: «Անդին. Հայոց ճանապարհորդության տարեգրություն» ֆիլմի պրեմիերան սեպտեմբերի 8-ին է, ժամը 18-ին, «Մոսկվա» կինոթատրոնում:

Այս թեմայով