17 Նոյեմբեր 2013, 10:58
3042 |

Թաղի ձայները

Հարություն Խաչատրյանին Հայաստանում շատերը գիտեն իբրև Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրենի: Այլ է պատկերը Հայաստանի սահմաններից դուրս, որտեղ նրան ճանաչում են նախ՝ որպես ռեժիսորի և հետո միայն կինոփառատոնի տնօրենի: Ռեժիսորին հաջողության բերած առաջին ֆիլմը 1987-ին լույս տեսած «Կոնդն» է: Սա հեղափոխական ֆիլմ էր թե՛ կինեմատոգրաֆիական, թե՛ քաղաքական իմաստներով: Այսօր արդեն ռեժիսորն էլ է դժվարանում հաշվել, թե այն քանի միջազգային փառատոնի է մասնակցել և քանի մրցանակ ունի: Բայց նա չի կարողանում մոռանալ և այն բարդ ու խճճված ճանապարհը, որն անցել է ֆիլմը ստեղծելու, ապա հանրությանը հասցնելու համար: Ի դեպ, Խաչատրյանի կինոկենսագրությանը ծանոթ ոչ բոլորին է հայտնի, որ «Կոնդից» առաջ, դեռ 1981-ին, նա ևս մի ֆիլմ է նկարել քաղաքի այս հատվածի մասին` «Թաղի ձայները»: Կոնդի հետ իր հարաբերությունների մասին պատմում է ռեժիսորը:

Բորիկն ու թաղի ձայները
«Թաղի ձայները», նախ և առաջ, հայտնի կիթառահար Բորիս Անդրեասյանի մասին էր: Նրա հետ ծանոթացել էի Կարեն Գևորգյանի «Հրաժեշտ սահմանագծից անդին» ֆիլմի նկարահանումների ժամանակ, որտեղ ես օպերատորի օգնական էի: Բորիսը փոքրիկ տուն ուներ Կոնդում, որը դժվար է տուն անվանել՝ խրճիթ էր: Երբ առաջին անգամ այցելեցի այդ տունը և փաստորեն ծանոթացա Կոնդի հետ, հասկացա, որ այստեղ մարդիկ բոլորովին ուրիշ հարաբերությունների մեջ են: Կոնդեցիների ապրելու ձևը, մթնոլորտը, վերաբերմունքը նման չէին ինձ ծանոթ Երևանին: Պահպանվել էին այնպիսի մասնագիտություններ և բնավորության այնպիսի գծեր, որոնք մեծ Երևանում գոյություն չունեին արդեն: Եվ եթե դու արվեստի, կինոյի մարդ ես, որը, նայելուց բացի, նաև տեսնելու է ընդունակ, ուրեմն անհնար էր չնկատել այդ ամենը: Խոսքը սոցիալական վիճակի' հարուստի ու աղքատի մասին չէ: Ծանր պայմաններում ապրողներ մյուս թաղամասերում էլ շատ կային: Կարևորը նրանց կենսաձևի ռիթմն էր, պլաստիկան, շարժումը: Կոնդը լրիվ տարբեր մի աշխարհ էր աշխարհի մեջ: Ես էլ որոշեցի իմ դիպլոմային աշխատանքը նկարել այդ տարօրինակ թաղամասի մասին, որի միջոցը կլիներ Բորիկը:

Թաղամասը յուրահատուկ ձայներ ուներ՝ ժեշտանչիների, երեխաների, լվացք կախող և հավաքող կանանց, նարդի խաղացողների ձայներ, որոնք միշտ՝ Բորիկի ստեղծած երաժշտությանը զուգահեռ, առկա էին ֆիլմում: Գտա մյուս ֆիլմերից մնացած սև-սպիտակ, ժամկետանց ժապավեններ և սկսեցի նկարել «Կոնվաս» կինոխցիկով: Արդյունքում տասը րոպեանոց ֆիլմ ստացվեց, որի համար հինգ ստացա թե՛ ռեժիսուրայի, և թե՛ օպերատորության համար: Դժբախտաբար, ես այդ ժամանակ ֆիլմը ժապավենին վերատպելու հնարավորություն չունեի: Երկու տարի անց, երբ Ալբերտ Յավուրյանը Մանկավարժական ինստիտուտի օպերատորության բաժնից տեղափոխվեց կինոյի ամբիոն' որպես ամբիոնի վարիչ, ֆիլմի միակ օրինակն անհետացավ:

Ես ինստիտուտը Կարմիր դիպլոմով էի ավարտել, ուստի և պետք է աշխատանքի անցնեի կինոստուդիայում: Այնտեղ պատահական մարդիկ չկային. բոլորն ամուր թիկունք ունեին: Նրանց թվում իմ պես՝ Ախալքալաքից եկած և յոթ տարի հետո միայն ինստիտուտ ընդունված մարդ չկար: Իսկ նրանք, ովքեր, այդուամենայնիվ, ստուդիայում հայտնվելու ճանապարհ էին գտնում, դեբյուտի հնարավորություն ստանում էին քառասունհիսուն տարեկանում, երբ արդեն կորցրել էին և՛ տեսնելու, և՛ համի, և՛ հոտի զգացողությունը: Նրանք ողջ կյանքը նվիրում էին անվանի կինոռեժիսորներին ծառայելուն:

Կարմիր դիպլոմս շատ թեթև ձեռքով մի կողմ դրվեց, և ես ընդունվեցի իբրև օպերատորի օգնական: Մինչդեռ իմ բնավորությունն օպերատորին համապատասխան չէր. կադրից դուրս շատ բան էի տեսնում ու լսում: Ինձ ավելի հետաքրքրում է կադրից այն կողմը: Կադրը օպերատորի սրբությունն է, նրա տաբուն, իսկ ես տաբուներ չունեի: Օպերատորի հայացքը հավաքական պիտի լինի: Դա էր գլխավոր պատճառը, որ ես հրաժարվեցի օպերատորությունից: Թեև մինչ օրս ասել եմ, թե հրաժարվելուս պատճառը մասնագիտական բարձր հմտությունների պակասն էր:

Այստեղից ելք չկա
Օպերատորի հաստիքից հրաժարվելուց հետո ես սկսեցի աշխատել մի քանի ֆիլմերում միաժամանակ որպես ռեժիսորի օգնական: Զուգահեռաբար նկարում էի կինոհանդեսներ: Առաջադրանք ստացա նկարահանել Կոնդում ապրող գիտնական, ակադեմիկոս Էդուարդ Ջրբաշյանին, որը Հայրենական պատերազմում դարձել էր հաշմանդամ: Դե, Կոնդին ես արդեն ծանոթ էի ու կապված: Չուզեցի պարզ սյուժե ունեցող ուղղագիծ կինոհանդեսի սկզբունքով նկարահանել:

Գնացի Միքայել Ստամբոլցյանի մոտ, որն ինձ կինոյի պատմություն էր դասավանդել ինստիտուտում, և որի հետ շատ էի զրուցել կինոյի մասին: Միասին գնացինք Կոնդ: Բայց եթե նախորդ ֆիլմի ժամանակ ներքևի հատվածից էի մտել, այս անգամ վերևից' «Դվին» հյուրանոցի կողքից: Քայլեցինք փողոցներով, հյուրընկալվեցինք ընտանիքներին, լսեցինք նրանց պատմությունները: Այդ ամենի կողքին «Դվին» հյուրանոցը մի տեսակ ուրիշ հմայք ուներ, իր շուրջն էր հավաքում երիտասարդներին, որոնք գալիս էին տեղի բարերում, ռեստորաններում այլազգի աղջիկների հետ ծանոթանալու:

Կոնդը կախարդական մի աշխարհ էր, որից ելքի ճանապարհ, թվում էր, չկար, ասես մարդիկ այդտեղ ծնվում էին, մեծանում և մեռնում նույն տեղում: Հետաքրքիր էին հին և նոր սերունդների հարաբերությունները, որոնք շփվում էին կարծես իրենց հատուկ ժառանգական ձևաչափերով: Այնքան տարօրինակ էր այդ ամենը, որ ստիպեց ինձ դեմ գնալ նախապես գրված սցենարին:

Թեև մենք նկարեցինք պահանջվածը, այդ թվում՝ նաև Էդուարդ Ջրբաշյանին, բայց, դժբախտաբար, այդ ամենը չհայտնվեց ֆիլմում: Նախապես որոշված էր, որ պիտի նկարենք 15-20 րոպե տևողությամբ կինոհանդես: Բայց հասկացա, որ ես ավելին եմ ուզում: Սկսեցինք հավաքել մյուս ֆիլմերից մնացած ավելորդ ժապավենները և Կոնդը նկարել հնարավոր տարբեր դիրքերից: Կինոխցիկով հերթապահում էինք' շտապ օգնության մեքենայի հետ գնում մտնում էինք տները, հրշեջ մեքենաների հետ հայտնվում այրվող տան մեջ, գիշերը լուռ սպասում էինք ձայների, շարժումների և ֆիքսում այդ ամենը: «Դվին» հյուրանոցում մի քանի տարբեր սենյակներ վարձեցինք և սկսեցինք այնտեղից էլ նկարահանել' տարբեր դիտանկյուններով: Առաջին անգամ նկարահանեցինք այնպիսի օբյեկտիվներով, որոնցով «Հայֆիլմում» երբևէ չէին նկարել: Դրանք հնարավորություն էին տալիս շատ հեռու դիրքից ֆիքսել և նկարել նույնիսկ խոշոր պլաններով: Շատ լավ օպերատոր Արմեն Միրաքյանի հետ էինք աշխատում: Առաջին անգամ ես զգացի, որ կարիք չունեմ կադրին նայել: Խոսում էի, տեսածս նկարագրում, իսկ նա վավերացնում էր ժապավենին: Այդպես նկարեցինք շուրջ երեք ամիս:

Կոնդի հմայքը
«Կոնդի» նախնական և, իմ կարծիքով, լավագույն տարբերակը տասը մասից էր բաղկացած' մեկ ժամ քառասուն րոպե տևողությամբ: Այնտեղ չկային հարցազրույցներ: Կոնդն իր բնական վիճակում էր և իրեն հատուկ հմայքով: Մի ամբողջ պատմություն նվիրված էր այն բանին, թե ինչպես են տարբեր տեղերից հավաքած գերաններով ու հումքով փոքրիկ տուն կառուցում: Մյուս պատմությունը տատի ու թոռան մասին էր, որոնք առավոտից երեկո միայն իրար հետ էին շփվում: Աղավնիներ պահողի պատմությունն առանձին էր, պատանեկության և սեռական հասունացման փուլում գտնվող երկու ընկերուհիների, տղաներին նետած հայացքների պատմությունն այլ էր: Այսինքն' կային մոտ ութ տարբեր նովելներ: Այստեղից սկսվեց մի մեծ և տգեղ պատերազմ: Արդեն իսկ նկարահանված նյութերի մեջ «պատկան» մարմինների ներկայացուցիչները տեսան, որ սա ուրիշ կինո է' իրենց անծանոթ, որը նման չէր հայկական ոչ մի ֆիլմի: Նրանց թվում էին նաև կինոյից շատ լավ հասկացողներ, որոնք ոչինչ չխնայեցին ֆիլմը խեղդելու համար: Մեզ սկսեցին տարբեր ձևերով ճնշել, ընդհուպ մինչև այն, թե ԿԳԲ-ն ձայնագրել է մեզ «Դվին» հյուրանոցում, իբր մենք հայհոյել ենք Խորհրդային իշխանությանը, այնպես որ պետք է շտապ փակենք ֆիլմն ու հեռանանք Հայաստանից: Սկսվեց մի բարդ պատմություն գեղարվեստական խորհրդի, վավերագրական կինոյի բաժնի և իմ միջև: Ստիպված եղանք կրճատել ֆիլմը: Ներկայացրեցինք մեկ այլ տարբերակ' յոթ մասից բաղկացած: Կռիվները չդադարեցին, իսկ ամեն մի կռիվը տևում էր մեկ ամիս: Ամբողջ խնդիրն այն էր, թե պատմություն չկա մեջը: Սկսեցին ֆիլմի թիմը քանդել և համոզել օպերատորին ու հնչյունային ռեժիսորին' Անահիտ Կեսայանցին, որ իրենց աշխատանքը հրաշալի է, իսկ ես ֆիլմը չեմ կարողացել ճիշտ մոնտաժել: Ես և Միքայել Ստամբոլցյանը ներքուստ համոզված էինք, որ լավ ֆիլմ է: Այդ գիտակցումն էլ էր խանգարում, որ գնանք զիջումների: Յոթ մասից ստիպված եղանք կրճատելով հասնել հինգի, ապա երեքի' փչացնելով, անդամահատելով ողջ ֆիլմը' կենդանի մարդուն: Հետո ֆիլմը հանձնեցին Արթուր Շահբազյանին, որպեսզի նա վերամոնտաժի: Արթուրը հրաշալի կատարեց իրեն հրամայվածը. տասնհինգ րոպեում ամբողջ ֆիլմը դարձրեց քսան րոպե, որից հետո ես մոտ էի խելագարության: Ստիպված եղա աղբամաններից հավաքել կտրատված և թափոն համարվող կադրերն ու նորից կարկատել: Մի կերպ հավաքեցի քառասուն րոպե տևողությամբ ֆիլմ, որ տասը մասանոցին շատ զիջող տարբերակ է: Սարսափելի, խելագար օրեր էին' առողջությանս հաշվին:

Նկարահանող խմբի աշխատանքի ժամանակ Կոնդում տեղի ունեցավ թաղի ամենալուրջ հրդեհներից մեկը
Նկարահանող խմբի աշխատանքի ժամանակ Կոնդում տեղի ունեցավ թաղի ամենալուրջ հրդեհներից մեկը

Կոնդի Հարութը
Արմեն Միրաքյանից լսեցի, որ դեբյուտների փառատոն է անցկացվում Կիևում: Խնդրեցի, որ նա իմ ֆիլմի օրինակը ինչ-որ ձևով դուրս բերի լաբորատորիայից: Արմենը գողացավ իմ ֆիլմը, որն առանց ենթագրերի էր: Ուղարկեցինք փառատոն և Կիևում առաջին մրցանակին արժանացանք «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում: Բայց դրանից հետո «Կոնդը» Հայաստան չուղարկվեց, մասնակցեց տարբեր փառատոների, մի շարք առաջնային մրցանակների արժանացավ, Մոսկվայում մեծ հաղորդում պատրաստեցին և ֆիլմը ցուցադրեցին Առաջին հեռուստաալիքով: Իսկ Հայաստանում ինձ գրեթե ազգի դավաճան էին ընկալում, թե ես հակահայկական ֆիլմ եմ նկարել, մեր կեղտոտ լվացքն եմ դուրս հանել: Մինչև անգամ Կարեն Դեմիրճյանին էին հաղորդել: Յոթ ամիս պահանջվեց, որ ինձ Հայաստանում ընդունեն: Իհարկե, արդեն չէին կարող այլ կերպ, որովհետև ֆիլմը, իրոք, գնահատվել էր: Հետո Կոնդի թաղամասի խնդիրը Կենտկոմում քննարկեցին: Որոշվեց, որ Կոնդում պետք է լուրջ աշխատանքներ կատարվեն, որ պետք է թաղամասը գեղեցիկ ճարտարապետություն ունենա, գեղեցիկ տներ: Եթե չեմ սխալվում, նույնիսկ նախագիծ մշակվեց, որն այդպես էլ իրականություն չդարձավ: Ի դեպ, ինձ էլ փաստաթուղթ տվեցին, թե պիտի բնակարան հատկացնեն: Այդ փաստաթուղթը մինչ օրս էլ պահում եմ: Բայց միայն թղթով չի՝ հաճախ եմ լինում Կոնդում: Ու երկար ժամանակ ինձ Կոնդի Հարութ էին ասում:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N4, 2013

Այս թեմայով