09 Հոկտեմբեր 2013, 16:35
1676 |

Մհերապատում

Երիտասարդ գրող Մհեր Արշակյանը լսարանի առջև իր բանաստեղծությունները կարդալ չի սիրում, սակայն «Պոեզիայի ժամ» միջոցառման ձևաչափը ստիպեց:

«Հայ գիրք» գրախանութում կազմակերպված միջոցառումը նվիրված էր Մհեր Արշակյանի գրին: Հավաքվածների թիվը մեծ չէ, ներկա էին գրականությամբ հետաքրքրվողներ, ստեղծագործողներ, ընթերցողներ: Այս առիթով գրող Ավագ Եփրեմյան իր մտահոգություն է հայտնում՝ Մհերի բանաստեղծությունները լսելու համար ավելի մեծ լսարան պետք է լիներ:

Մհերը թեև անվստահորեն է կարդում իր բանաստեղծությունները, սակայն կարող է բացատրել՝ ինչու. «Եթե նույնիսկ իմ տեքստը լավն է, ես իմ կարդալով փչացնում եմ այն: Պատրաստ եմ իմ բանաստեղծությունը լսել, ով ուզում է՝ կարդա: Այդ անվստահությունը այն գիտակցությունից է, որ այնուամենայնիվ բանաստեղծությունը ավելին է, քան ես: Ընդ որում, ես նկատի ունեմ ոչ իմ բանաստեղծությունը»:

Գրագանագետ Արքմենիկ Նիկողոսյանը ազդեցիկ է համարում Մհերի բանաստեղծությունները, նշում է, որ այն աուրա է ստեղծում, և ինքն անձամբ շատ է ոգեշնչվում. «Անկախ նրանից, թե Մհերը ինչ գործառույթ է տալիս գրքին, տպվելուն, տարածվելուն, իր գիրն ու գիրքը մեզ շատ պետք են, եթե անգամ իրեն պետք չեն, մեզ շատ ու շատ պետք են»,- ասում է գրականագետը:

Մհեր Արշակյանը կարծում է, որ բավականաչափ բառեր կան, որոնք պետք է դուրս մղվեն բանաստեղծությունից, վաղուց դրանք իրենց տեղում չեն. «Ես կհանեի «Աստված» և «մահ» բառերը, սրանք չափազանց բանաստեղծականացնում են ցանկացած հիմար տեքստ: Հիմա շատ հեշտ է գրել «սեր», «կարոտ»՝ համարել բանաստեղծություն»,- նշում է նա:

Մհեր Արշակյանը միայն բանաստեղծություններ չի գրում, ավելին՝ հնարավորինս խուսափում է դրանից. «Ես ամեն ինչ անում եմ՝ չգրեմ, երբեք ամբողջական, հասունացած ինձ չեմ զգում որևէ բանաստեղծության համար: Մոտ կես տարի ոչինչ չձեռնարկեցի, բանաստեղծություն չգրեցի, բայց կես տարի հետո վերսկսեցի»:

Երեկոյի ընթացքում հեղինակն ընթերցեց «Անճառ» գրքից և անտիպ բանաստեղծություններ:

Մհեր Արշակյանի ստեղծագործությունները հասանելի են նաև առցանց:

Այս թեմայով