17 Հուլիս 2013, 16:21
1600 |

Զբաղված լինելու պահանջ

Գրող և նկարչուհի Ասյա Ումարովան ծնվել է Կալմիկում: 1993-ից ապրում է Չեչնիայի Հանրապետությունում: 2008-ին ավարտել է ՉՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի լրագրության բաժինը: Հաջողությամբ ավարտել է ԶԼՄ-ների Կովկասյան ինստիտուտի (2008-2009) ու Թբիլիսիի Կովկասի ազգային համալսարանի(2011) մեկ տարի տևողությամբ կուրսերը: Նրա հոդվածները տպագրվել են Ռուսաստանում, Չեխիայում, Ֆրանսիայում, Վրաստանում, Հայաստանում ու Մեծ Բրիտանիայում, իսկ պատմվածքներն ու վիպակները տեղ են գտել այնպիսի գրական պարբերականներում, ինչպիսիք են «Յունոստ» (Մոսկվա), «Դրուժբա նարոդով» (Մոսկվա), «Ֆլորիդա» (ԱՄՆ):

Ասյա, ինչպե՞ս է ընտանիքդ վերապրել Չեչնիայի պատերազմը:
- Ռազմական գործողությունները սկսվելուց մեկ տարի առաջ մենք վերջնականապես Ինգուշեթիայից տեղափոխվեցինք Չեչնիա: Ո՞ւմ մտքով կանցներ, որ պատերազմ կսկսվի, որ այն այդքան երկար կտևի, հետո էլ երկրորդը կլինի: Բոլոր հնարավորություն ունեղոցները հեռանում էին Չեչնիայից: Մենք այդ հնարավորությունը չունեինք: Ավելի ճիշտ, մենք, իհարկե, կարող էինք տեղավորվել Ինգուշեթիայի վրանային ավաններում: Բայց իմ ծնողները դա նվաստացում էին համարում, կարծում էին, որ ավելի լավ է մահանալ տան կողքին, քան կռվել հումանիտար օգնության կամ հացի հերթերում: Չեմ ուզում խոսել պատերազմի մասին: Վերապրածների համար դրանից խոսելը միշտ էլ դժվար է: Ամենակարևորը' այս բոլոր արհավիրքներից հետո ես չչարացա: Երկրորդ պատերազմից հետո գրանցվեցի բոլոր հնարավոր խմբակներում ու ստուդիաներում' երգում էի երգչախմբում, հյուրախաղերի էի մեկնում երիտասարդական թատրոնի հետ, ապրում էի հագեցած ուսանողական կյանքով: Ավելի ուշ նկատեցի, որ հենց ծանրաբեռնվածությունս թուլանում էր, դեպրեսիայի մեջ էի հայտնվում, և ինձ սարսափելի հիշողություններ էին պարուրում: Այնպես որ ինձ համար կարևոր է, որ ինչ-որ բան կատարվի: Եթե չեմ գրում, նկարում եմ, եթե չեմ նկարում, գրում եմ: Իսկ երբ ոգեշնչում չի լինում, անպայման մի բան հորինում եմ:

Դու առաջին հերթին հայտնի ես որպես գրող:
- Արձակ սկսել եմ գրել միայն 2010-ին: Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնել խմբագիրներին, որոնք չէին տպագրում առաջին գործերս: Բայց մի անգամ 2011-ի վերջերին «Նանա» ամսագրում կայացավ իմ դեբյուտը: Հետո տպագրվեցի «Յունոստ», «Զվեզդա», «Դրուժբա նարոդով» ամսագրերում: Ամենը, ինչ տպագրել եմ այս ամսագրերում, գրել եմ Թբիլիսիում: Իսկ անցած տարի Չեչնիայում միայն մեկ ստեղծագործություն եմ գրել: Երիտասարդ ռուսախոս գրողների հզոր գրական միավորման կարիքը զգացվում է, այնպիսին, ինչպիսին, օրինակ, Թբիլիսիի «Մոլոտոկ»-ն է, որը բախտ եմ ունեցել հաճախել: Մենք ամեն շաբաթ հավաքվում էինք, ու մեր տեքստերը քննարկում:

Իսկ ո՞րն էր սկզբում' գրականությունը, թե կերպարվեստը:
- Նկարել ավելի վաղ եմ սկսել: Կարծում եմ' ընդունակություններ առանձնապես չեմ ունեցել, բայց շատ էի նկարում, և դեռ փոքր տարիքում իմ աշխատանքները ցուցադրվել են աշխարհի բազմաթիվ երկրներում, հրատարակվել գրքերում ու ամսագրերում, երեք անհատական ցուցահանդես եմ ունեցել Թբիլիսիում ու Գրոզնիում: Որոշ նկարներ վաճառել եմ Բելգիա ու Ֆինլանդիա: Հիմա նոր ոճ եմ հորինել' գունավոր ստվարաթղթի վրա նկարում եմ միայն սևով ու սպիտակով: Իմ աշխատանքներով փորձում եմ ապրումներս փոխանցել' չնչին վեճից մինչև լավ տրամադրություն: Նկարում եմ՝ երբ ասելիք ունեմ: Հաճախ պատմվածքի սյուժեն ծնվում է նկարի սյուժեից: Կամ հակառակը:

Դու սովորել ես ԶԼՄ-ների Կովկասյան ինստիտուտում: Ձեր կուրսում հավաքվել էին ուսանողներ տարբեր երկրներից, այդ թվում' հակամարտող: Կարո՞ղ ես դուրս բերել խաղաղության ու բարեկամական հարաբերությունների բանաձևը:
- Մինչև Երևանում ուսումս արդեն ունեի տարբեր ազգությունների ներկայացուցիչների հետ շփման փորձ, քանի որ արդեն հասցրել էի լինել 10 երկրում: Դրանք ստաժավորումներ էին, զանազան թրեյնինգներ, վարպետության դասեր, նկարներիս ցուցահանդեսները, ելույթներ' վոկալայիններից մինչև թատերական:

Հայերին անմիջապես հավանեցի: Գիտեք, շատ կարևոր է' ինչպես են ձեզ ընդունում օտար երկրում: Երբեք չեմ մոռանա' ինչպես էր «Զվարթնոց» օդանավակայանում ինձ դիմավորում իմ անունով ցուցանակը ձեռքին ինստիտուտի աշխատակիցը: Նա ասաց. «Գրքերում կարդացել եմ Չեչնիայի աղջիկների գեղեցկության մասին, ուրախ եմ, որ անձամբ համոզվելու հնարավորություն ընձեռվեց: Բարի գալուստ Հայաստան»: Ես էլ հասկացա, որ ամեն ինչ լավ է լինելու: Ինձ հետ շատ տաղանդավոր երեխաներ էին սովորում: Ես հիանում էի Քնար Բաբայանի աշխատանքով, թե ինչ պատասխանատվությամբ է մոտենում յուրաքանչյուր հոդվածի թեմայի բացահայտմանը: Մենք մինչև հիմա նրա հետ մոտ ընկերուհիներ ենք: Կարծում եմ' մեզ միավորեց նաև այն, որ երկուսս էլ պատերազմ էինք տեսել. նա' Ղարաբաղում, ես' Չեչնիայում:

Մեր շարքում կային նաև ուսանողներ, որ օժտված էին այլ տաղանդներով ևս: Անկասկած, նրանց թվին էր դասվում բանաստեղծուհի Հասմիկ Սիմոնյանը, որն այդ ժամանակ արդեն հրատարակել էր իր բանաստեղծությունների ժողովածուն ու ակտիվ տպագրվում զանազան ամսագրերում: Իսկ Կարինե Հարոյանն ինձ զարմացրեց իր մուլտֆիլմերով, որոնք ստեղծել էր Սանկտ Պետերբուրգում ուսանելիս, բացի այդ նա շատ հետաքրքիր նկարչուհի է: Յուրաքանչյուր համակուրսեցուս մասին կարող եմ երկար խոսել:

Ի՞նչ տպավորություն է քեզ վրա թողել Հայաստանը, Երևանը: Որտե՞ղ ես եղել:
- Առաջինը, ինչ աչքի զարնվեց ու հիշվեց, տուֆից շենքերն են: Իսկ իմ սիրելի վայրը Երևանում Կասկադն է: Մենք սիրում էինք ընկերներով այնտեղ գնալ: Բարձրանում էինք ամենավերևը, երբեմն պարզապես լռում էինք ու ինչ-որ բան երազում: Այդ բարձունքից հատկապես լավ է քաղաքը երևում, իսկ պարզ եղանակին' նաև Արարատը: Ես հասցրել եմ ուսանողական հանձնարարությունների շրջանակում լինել Էջմիածնում, Սևանա լճում ու Գյումրիում: Ոչ մի հանգստայն օր հենց այնպես չէր անցնում: Մենք պարզապես ընկերներով հավաքվում էինք, գնում էինք կինո, կենդանաբանական այգի, պիկնիկներ կազմակերպում կամ պարզապես զբոսնում քաղաքում, նայում էինք Հրապարակի երգող շատրվաններին: Բացի ինստիտուտում սովորելուց, ամեն շաբաթ հաճախում էի Երևանի Ազգային գրադարան, որտեղ American Corner-ը դասընթացներ էր կազմակերպում, ինչը թույլ էր տալիս կատարելագործել անգլերենս: Իսկ ձմռանը Օպերայի շենքին մոտ սահադաշտում սահում էինք: Ես կարոտում եմ Երևանը ու հուսով եմ երբևէ վերադառնալ այդ ջերմ քաղաք:

 

Այս թեմայով