09 Սեպտեմբեր 2013, 15:19
1408 |

Թուրք գրողին՝ «Նարեկացի» մեդալ

Թուրք գրող Յաշար Քեմալն հայանպաստ գործունեության համար մի քանի տարի բանտ է նստել, սակայն շարունակել է արծարծել ցեղասպանության, պատմական արդարության վերականգնման թեմաները, հանդես գալ ի պաշտպանություն Թուրքիայի տարածքում այլ ժողովուրդների թողած պատմամշակութային կոթողների։ Քեմալի հայանպաստ գործունեությունը ոչ միայն խոսքով, այլև գործով գնահատելու համար' «Արևմտահայոց ազգային համագումարի» ազգային խորհրդի անդամ Արագած Ախոյանը դիմել է ՀՀ մշակույթի նախարարությանը' թուրք գրողին «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով պարգևատրելու առաջարկով։ Այն հավանության է արժանացել։ Գերատեսչության ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանն ու Արագած Ախոյանը մեկնել են Ստամբուլ' հուշամեդալը պաշտոնապես հանձնելու Յաշար Քեմալին։ Նրանք անակնկալի են եկել, երբ գրողի բնակարանի մոտ տեսել են բազմաթիվ լրատվամիջոցների։ Փաստորեն, լուրն արագ տարածվել ու մեծ արձագանքի է արժանացել։ 60 լրատվամիջոց է լուսաբանել այդ իրադարձությունը' այդ թվում միջազգային։

«Գրիգոր Նարեկացի» հուշամեդալի հանձնման արարողությանը ներկա են եղել նաև Վանի, Դիարբեքիրի և թուրքական այլ քաղաքների քաղաքապետեր։ Սուրիի քաղաքապետնի իր ելույթում նշել է. «Ես ազգությամբ քուրդ եմ. խոստովանում եմ, որ նախորդ դարասկզբին քրդերը կոտորել են հայերին, բայց նրանք գործիք են եղել թուրքական իշխանությունների ձեռքին։ Այնպես որ, հայերից ներողություն պետք է խնդրենք և՛ քրդերս, և՛ թուրքերը։

Սակայն մեղքերի թողությունը միայն խոսքերով արտահայտելը բավական չէ։ Թուրքիան պետք է գործով էլ ապացուցի, որ զղջում է»։ Քաղաքապետը հաստատել է, որ Սուրիի տեղում նախկինում Տիգրանակերտն է եղել, և ինքը պատրաստվում է Սուրին պաշտոնապես վերանվանել իր իսկական' հայկական անունով։ Յաշար Քեմալն էլ իր ելույթում շեշտել է, որ ինքը ծնունդով Վանից է, հպարտ է, որ հայկական քաղաքում է ծնվել ու Գրիգոր Նարեկացու հայրենակիցն է։ Շարունակելու է պահպանել իր սկզբունքային դիրքորոշումը' մշտապես պայքարել հանուն պատմական արդարության հաստատման ու ճանաչման, հանուն ժողովուրդների հանդուրժողականության։ Դիարբեքիրում կանգնեցվել է բոլոր ազգերի ցեղասպանությունները խորհրդանշող «Ցավի հուշարձան» կոթողը, որի պաշտոնական բացումը նախատեսված է սեպտեմբերի 12-ին։

Թուրքերը տեղեկացրել են, որ շուտով թողարկելու են Կոմիտասի ստեղծագործությունների ձայնասկավառակը և ցանկություն հայտնել շնորհանդեսը կատարել Երևանում։

Այս թեմայով