25 Սեպտեմբեր 2013, 22:35
685 |

Չկա կարիքը հիշել տարիքը

Ավելի ուրախ հոբելյան, քան Հարություն Չալիկյանինն էր, դժվար է կազմակերպել։ Շուրջբոլորը ծաղրանկարներ են ու ծաղրաքանդակներ. հյուրերի տրամադրությունը բարձրացնելու անհրաժեշտություն չկա:

Այն ինչն է ինչը, անշունչ է, բայց մեջը լիքը կենդանություն կա, չի շարժվում, բայց մեջը լիքը շարժ կա, հատուկ ստեղծված է ժպիտ առաջացնելու համար։ Այսքանով հանդերձ`մեծ պահանջարկ չունի։ Պրադոքս չի, բա ի՞նչ է. ծաղրանկարը դրական լիցքեր ու հույզեր է արթնացնում, դյուրամարս արվեստ է, բայց արի ու տես, որ մեր իրականությունը նրան հետին պլան է մղել։ Սովետին էլ անուն ենք դնում. չկար մի թերթ, որի էջերից մեկը պարտադիր հատկացված չլիներ ծաղրանկարչության։ Սովետական հազար թուքումուր ուտող ժամանակներից հետո մեր ծաղրանկարիչներից շատերն անգործ մնացին, մյուսները գլխների ճարը տեսան` միջազգային հարթակներում տեղ հարթելով, մի մասն էլ հացի խնդրի հրամանով դիմեց այլ մասնագիտությունների։

Բա մարդ էլ տարիներ շարունակ աշխատի, չարչարվի, հազար ու մի կերպար ու դիմանկար կերտի, ցուցահանդես անի, այն էլ` հոբելյանական, ու վերևներից կամ գոնե նրանց, ում նկարել է, չհրավիրի՞։ Ծաղրանկարիչ Հարություն Չալիկյանն այս անգամ հենց այդպես էլ արել է. ոչ մեկին հատուկ հրավեր չի ուղարկել։ Գեղագիտության ազգային կենտրոնում իր 70-ամյակին նվիրված ցուցահանդեսին եկել էին ընկեր-բարեկամներն ու իսկական երկրպագուները։ Հարյուրի հասնող ծաղրանկար-դիմանկարների շարքում Չալիկյանն ում ասես, որ չի նկարել`Հայաստանի նախագահներից, քաղաքական, մշակութային գործիչներից մինչև Ամերիկայի ու Եվրոպայի նախագահներ, գերաստղեր ու շախմատիստներ։ «Ում ասեք` հաշված րոպեների ընթացքում կնկարեմ. անծանոթ լինի` ավելի լավ։ Կարևորը, որ նկարը նկարվողին նման չլինի։ Հենց նման եղավ` էլ ի՞նչ ծաղրանկար», - բացատրում է մասնագիտական նրբերանգները։ Արար աշխարհին նկարել է, իր կնոջը՝ ոչ։ Նրանը չի ստացվում ու չի ստացվում. «Կնոջս չափից ավելի եմ ճանաչում. դրանից էլ  նրա ծաղրանկարը չի հաջողվում»։

Ավելի ուրախ հոբելյան, քան Հարություն Չալիկյանինն էր, դժվար է կազմակերպել։ Շուրջբոլորը ծաղրանկարներ են ու ծաղրաքանդակներ. հյուրերի տրամադրությունը բարձրացնելու անհրաժեշտություն չկա. բոլորն առանց այդ էլ լայնբերան ժպտում են։ Հումոր է հորդում անգամ հոբելյանական տորթից. ոչ մի 70։ «Չկա կարիքը հիշել տարիքը». տորթի վրա  լուրջ-լուրջ գրել է հոբելյարը։

Այս թեմայով