11 Սեպտեմբեր 2013, 16:48
3179 |

Ծաղրանկարչություն առանց ծաղրի

Նա խոստովանում է, որ երբեք չի կարողացել նկարել սեփական ծաղրանկարը, վերջում միշտ ստացվում է գեղեցիկ դիմանկար: Սակայն նույն սկզբունքը չի գործում այլոց վերաբերյալ, այստեղ նա անողոք է:

Տիգրան Հակոբյանը՝ t!Q's-ը, արդեն հինգ տարի է՝ «ծաղրում» է մարդկանց, սակայն այդ ամենն անում է նրբանկատ, չի սիրում վիրավորել: Ծաղր ու ծանակի ոլորտ նա մուտք գործեց անմիջապես ակումբային կյանքից՝ 16 տարեկան էր, երբ աշխատանքի անցավ Երևանի ակումբներից մեկում: Առաջին ծաղրանկարը պատկերում է հենց այդպիսի մի դեմքի՝ վառ ու հանելուկային, ինչպիսին ակումբային մթնոլորտն է կեսգիշերն անց. «Լուսանկարիչ Դամիանին էի նկարել, շատ հավանեց: Հետո սկսեցի մյուս հետաքրքիր քլաբերներին նկարել, աստիճանաբար հոբբիս լրջացավ»:

Տիգրանը ստացել է տարբեր ու արտառոց պատվերներ, հատկապես չի մոռանա 1.5 մ բարձրության մի ծաղրանկար: Նա ասում է, որ լինում են նաև գաղտնի պատվերներ, եղել են դեպքեր, երբ պաշտոնյաներն են իրենց ծաղրանկարները պատվիրել՝ խնդրելով, որ դրանք համացանցում չհրապարակվեն: Պատվերը՝ պատվեր, բայց Տիգրանը երբեք չի նկարում այն, ինչն իր սրտով չէ. «Եղել են դեպքեր, երբ խնդրել են հարսանեկան ծաղրանկարներ անել,օրինակ՝ ազաբ բաշիի: Հրաժարվել եմ, չեմ սիրում նման բաներ: Երբեք չեմ կարող նկարել նաև մորս ծաղրանկարը»:

Տիգրանը խոստովանում է, որ երբեք չի կարողացել նկարել սեփական ծաղրանկարը, վերջում միշտ ստացվում է գեղեցիկ դիմանկար: Սակայն նույն սկզբունքը չի գործում ուրիշների վերաբերյալ: Ի դեպ, նախքան նկարելը Տիգրանը մանրակրկիտ ինֆորմացիա է հավաքում «զոհի» մասին: «Զրուցում եմ նրա ընկերների հետ, հարցնում նախասիրությունների, երազանքների ու նպատակների մասին: Կարևոր է, որ ծաղրանկարում երևա մարդու բնավորությունը, ես փորձում եմ պատկերել հենց դա, ոչ թե դիպչել մարդկանց դիմագծերին», - նշում է Տիգրանը:

Իհարկե, եղել են դեպքեր, երբ մարդիկ նեղացել են Տիգրանից. «Սիրահար զույգերի ծաղրանկարների հետ միշտ խնդիրներ են լինում: Մի անգամ նույնիսկ ինձ մեղադրեցին իրենց բաժանման մեջ, քանի որ իմ նկարելուց հետո էր դա տեղի ունեցել»:

Երկուսի հարաբերություններ այլևս մուտք չի գործում նույնիսկ մատիտով, իսկ հայ հայտնիների ծաղրանկարներով ցուցահանդեսից հետո էլ հասկացավ, որ հեղինակային իրավունքը Հայաստանում դեռևս չի պահպանվում. «Կային մարդիկ, որոնք իրենց նկարը տեղադրեցին սոցցանցում, հավաքեցին լայքեր ու մեկնաբանություններ, բայց նույնիսկ չբարեհաճեցին գրել հեղինակի՝ իմ անունը: Սարսափելի է, երբ արածդ չեն գնահատում»: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ մեկ ծաղրանկարի վրա Տիգրանը կարող է աշխատել մի քանի ժամից մինչև մի քանի ամիս՝ կախված, ինչպես ինքն է ասում, մուսաների առատությունից: Ի դեպ, Տիգրանի մուսաներից մեկն էլ Ֆրիդա Կալոն է, նա արդեն նույնիսկ թալիսմանն է դարձել:

Բացի ծաղրանկարչությունից Տիգրանը ևս մեկ զբաղմունք ունի՝ պատրաստում է թիթեռ-փողկապներ: Միգուցե տարօրինակ է հնչում, բայց արդեն մի ամբողջ հավաքածու է ստեղծել. «Ինքս չեմ կրում այդպիսի փողկապներ, որովհետև պարանոցս այդքան էլ երկար չէ, բայց գիտեմ, որ հետաքրքրվածությունը նրանց նկատմամբ մեծ է: Այժմ սպասում են նոր տեսականուն և մի հետաքրքիր միջոցառման, որի ժամանակ ծաղրանկարներիս հետ կներկայացնեմ նաև թիթեռներիս»: Ծաղրանկարիչ-թիթեռագործը զրույցի վերջում խոստովանեց, որ հիմա հետաքրքրված է նաև գինեգործությամբ, ավելին՝ ցանկանում է աշխատել այդ ոլորտում: Ու ով գիտե, միգուցե մի օր էլ զարմանանք՝ տեսնելով Տիգրանի նոր հավաքածուն՝ թիթռնիկ փողկապով գինու շշերի ծաղրանկարները:

Այս թեմայով