18 Ապրիլ 2013, 12:58
1190 |

Ծաղրաքանդակագործը

Ծաղրանկարի արվեստը քիչ նկարիչների է հասու. նկարել մարդուն այնպես, որ գրոտեսկի ու անհամաչափությունների միջից ավելի ճանաչելի դառնա, քան ռեալիստական դիմանկարի դեպքում: Հարություն Չալիկյանը վաղուց է սկսել ծաղրանկարներ անել, նա ունի հստակ ճանաչելի ձեռագիրը, իսկ կերպարներին բնորոշ գծեր հաղորդելու գործում նա լավագույններից է:

Չալիկյանի մայրը՝ տիկին Նազիկը, հիշում է. «4-րդ դասարան էր, խնդիր էի բացատրում, ասում էր՝ չեմ հասկանում, դե, չեմ հասկանում: Դադարեցինք դաս անել, բարկացած դուրս եկա տնից: Նոր էինք սպիտակ ներկել հատակը, մի քիչ ներկ մնացել էր: Հետ եկա, տեսնեմ մատը թաթախել է ներկի մեջ ու մի այնպիսի սիրուն Լենին նկարել, որ մտածեցի՝ կամ բոլշևիկ կլինի, կամ լավ նկարիչ»:

Դարձավ ճարտարապետ, բայց կարճ ժամանակ անց սկսեց նաև ծաղրանկարներ անել: «Առաջին ծաղրանկարը Պարույր Սևակինն էր: Հորս ամենամոտ ընկերն էր, մեր տանը հաճախ էր լինում: Երբ Չանախչիից նոր էր եկել Երևան, 6 ամիս մեր տանը մնաց: Ծաղրանկարս շատ հավանեց, հետը տարավ»,- հիշում է նկարիչը:

«Մարդ կա, դեմքին նայում ես, բա՛ն չի ասում: Այդ դեպքերում ինքդ պետք է ստեղծես: Ծաղրանկարչությունը սկզբում զուգահեռ զբաղմունք էր, որը հետո գումար վաստակելու միջոց դարձավ: Հատկապես մութ տարիներին նկարում էի աշխարհի տարբեր երկրներում ՝ Ռուսաստան, Ֆրանսիա, Անգլիա, Ամերիկա: Նստում էի այգիներում, պուրակներում, ոմանք գոհ էին մնում, դժգոհողներ էլ կային, բնական է՝ ամեն մեկը չի սիրում, երբ իր իրական դեմքը ցույց ես տալիս»,- կարծում է նկարիչը:

Հարություն Չալիկյանի հետ պատահող զավեշտալի դեպքերն անպակաս են: «Եղել է, որ նշանված զույգ է եկել, տղան էր ուզում, որ նկարեմ իր սիրած աղջկան, հետո իմացել եմ, որ բաժանվել են: Երևի նշանածի իսկական դեմքը տեսել, բաժանվել է»,- քմծիծաղով ասում է նա, մի պահ լռում, հետո մի ուրիշ դեպք հիշում. «Բեյրութում նկարում էի, մի երիտասարդ եկավ կանգնեց, ասաց.

- Ինձի շարժ բիդի էնե՞ս:
- Այո:
- Չես կրնա:
- Ինչո՞ւ:
- Է, չեմ շարժվի»:

Հարություն Չալիկյանը սիրում է բառախաղեր անել, անգամ որոշել է հրատարակել իր ծաղրանկարները՝ կից հումորային գրառումներով: «Անունդ ի՞նչ է,- հարցրեց ինձ:

- Անի:
- Անի, Անի, քեզ առնողին երանի»,- տեղում հնարեց նա, թեև, եթե մի քիչ լավ ճանաչեր ինձ, երկար կմտածեր նման բան ասելուց առաջ… կամ էլ այլ բան կհնարեր:

Չալիկյանի ծաղրանկարներում հայտնի հայերն են՝ Արամ Խաչատրյան, Մարտիրոս Սարյան, Սոս Սարգսյան, Շառլ Ազնավուր, ՀՀ երեք նախագահներն ու մյուս կոլորիտային քաղաքական դեմքերը, օտարազգի հայտնի քաղաքական գործիչներ՝ Բարաք Օբամա, Անգելա Մերկել, հանրահայտ դերասաններ, ռեժիսորներ, երաժիշտներ:

Մոտ մեկ տարի առաջ Հարություն Չալիկյանը սկսել է ծաղրաքանդակներ պատրաստել: Անձամբ ես երբևէ նախկինում չէի հանդիպել նման քանդակների: «Դա իմ ժանրն է»,- հպարտորեն ասաց Չալիկյանը: Նրա դիմաքանդակների շարքում արդեն տեղ են գտել Երվանդ Քոչարը, Հրաչյա Ներսիսյանը, Վլադիմիր Պուտինը, Շառլ Ազնավուրը, Տիգրան Սարգսյանը, Սոս Սարգսյանը, հիմա տքնում է աշուղ Ջիվանիի քանդակի վրա: «Սովորաբար 5-6 օրում է քանդակում, բայց, օրինակ, Վլադիմիր Պուտինին մի օրում է ավարտել»,- միջամտեց տիկին Նազիկը:

Խոժոռ ու սպառնալից դեմքով Գարեգին Նժդեհը բարի ծաղրաքանդակ չէր հիշեցնում, բայց, Չալիկյանի խոսքով, եթե ջղային չլիներ, Նժդեհ չէր լինի:

Անցած-գնացածը հիշելիս ծաղրաքանդակագործը պատմեց նաև իր հարևանուհու մասին: «Միշտ ասում էր՝ Քըրք Քըրքորյանը երևի եղբայրս է, հենց այդ թվերին գնաց բանակ, հետո էլ տեղեկություն չունեցանք: Ես էլ առաջարկեցի քանդակել, որ տեսնի՝ ինքն է, թե ոչ: Ավարտեցի, կանչեցի այդ կնոջը: Որ քանդակը չտեսավ, ձեռքերը գլխին սկսեց խփել ու ասել՝ ախպե՛րս, իմ ախպե՛րս: Եվ իրոք շատ նման են իրար: Հետո ժամանակ առ ժամանակ նայում, կարոտն առնում է»:

Ամեն կերպար իր յուրահատկությունն ունի, վստահ է Չալիկյանը, հենց դրանով է մեր մեջ տպավորվում: «Ալիևը եթե քիթը վիրահատի, ես միևնույն է՝ նրան այդ մեծ քթով կնկարեմ, հենց այդ քիթն է նրան բնորոշում: Նրա քանդակն անվանել եմ «Ալիևը՝ Սաֆարովի անվան պատվո շքանշանով»: Դե, պարզ է, չէ, որ շքանշանն էլ փոքրիկ չարաբաստիկ կացինը պիտի լիներ»:

Չալիկյանի աչքից ոչինչ չի վրիպում, նույնիսկ այն ռեակցիան, որն ունենում են մարդիկ՝ առաջին անգամ տեսնելով իրենց ծաղրանկարը: «Երբ նման է ստացվում ծաղրանկարը, մարդիկ շնորհակալ են լինում, իսկ երբ նման չի լինում, լինում է աննման»:

Այս թեմայով