Ապրիլի 30-ից մայիսի 2-ը Նոր Արվեստանոցում երիտասարդ չորս գրող և չորս նկարիչ կազմակերպեցին «Խելաշեղում» անվանումով ցուցահանդես-միջոցառումը: Գեղանկարչության և գրականության միացյալ ցուցահանդեսներն արդեն կազմակերպվել էին Լոնդոնում, Նյու Յորքում և այլուր, իսկ Հայաստանում իր ձևաչափով առաջինն էր:
Նկարները սկսել էին խոսել, իսկ բանաստեղծությունները՝ գույներ հագնել. գույնն ու բառը, հանդիպելով իրար, առաջացրել էին «խելաշեղում»։ Յուրաքանչյուր կտավ ուներ իրեն համադրված բանաստեղծություն՝ գաղափարին և ասելիքին համապատասխան: Ներկայացված էին Նորայր Գրիգորյանի, Մարիամ Հարությունյանի, Արման Թովմասյանի և Աստղիկ Սարգսյանի բանաստեղծությունները, Գոռ Առուշանյանի, Անի Հովակի, Մեսրոպ Սարգսյանի, Հարութ Հովսեփյանի կտավները:
Նպատակը՝ համատեղ հանդիպել կտավի և բանաստեղծության խաչմերուկում. ստեղծել կապ պոեզիայի և կտավի միջև, համադրել գույնն ու բառը, մեկտեղել արվեստի երկու տարբեր աշխարհները և նրանց սիրահարներին:
«Խելաշեղմանը» ներկա էին արվեստագետներ, գրաքննադատներ, գրականագետներ, նկարիչներ , լրագրողներ և պարզապես արվեստը սիրող և գնահատող մարդիկ:
Ցուցահանդեսի վայրը պատահական չէր ընտրված. երիտասարդները դուրս էին եկել ստանդարտ պատկերասրահներից և երեք օրերի ընթացքում մոտ 300 արվեստասեր մարդկանց հյուրընկալում էին Պուշկին փողոցի երևանյան կոլորիտ ունեցող շենքերից մեկում: «Խելաշեղումը» յուրօրինակ էր ու ձգող անմիջական կոլորիտով և արվեստի շնչով: