12 Մարտ 2014, 14:02
1628 |

Սիրո բարեխոսը փոքրիկների աչքերով

Արդեն երրորդ տարին անընդմեջ Երևանի Գեղագիտության ազգային կենտրոնի սաները Սուրբ Սարգսի տոնի առթիվ պատրաստում են այդ սրբին նվիրված աշխատանքներ: Այս տարի ևս փոքրիկների ստեղծագործությունները հանրության դատին են հանձնվել՝ տեղ գտնելով Գեղագիտության ազգային կենտրոնի ցուցասրահում: Արարատյան հայրապետական թեմի աջակցությամբ նախաձեռնված այս երրորդ ցուցահանդեսը բացահայտում է կենտրոնի սաների պատկերացումները Սուրբ Սարգիս սիրո բարեխոսի մասին: «Առաջին տարին Սուրբ Սարգիսը երեխաներին ներկայացվել էր որպես զորավար, որն իր զինակիցների հետ միասին զոհաբերեց իր կյանքը հանուն քրիստոնեական հավատքի: Հաջորդ անգամ անդրադարձ կատարվեց սրբի կրոնական արժանիքներին, իսկ այս տարի երեխաների համար բացահայտվում էր զորավարի դերը»,- պատմում է կենտրոնի գլխավոր տնօրեն Լևոն Իգիթյանը:

Կենտրոնի դաստիարակության գլխավոր սկզբունքն այն է, որ երեխաներին չեն սովորեցնում, թե ինչպես աշխատել կամ ինչպես նկարել: Նրանց սովորեցնում են ապավինել իրենց երևակայությանն ու արտահայտել պատկերացումները: Գուաշով ու ջրաներկով նկարներ, հսկայական կոլաժներ ու թղթե ինստալյացիաներ, շարժական պատկերներ, ձիավոր զորավարի կախովի ֆիգուրներ՝ պատրաստված պենոպլաստից և գունավորված, պատկերաշարեր՝ պատրաստված բատիկայի տեխնիկայով և անգամ հսկայական կտորի վրա շարադրված պատմություններ: Աշխատանքների մի մասն անհատական ստեղծագործության արդյունք են, իսկ հատկապես ծավալուն աշխատանքները՝ խմբակային և ղեկավարի հետևողական ուշադրության ներքո: Եվ այդ ամենը մանկական երևակայության և բնատուր տաղանդի շնորհիվ:

Գեղագիտության ազգային կենտրոնի սաների՝ Սուրբ Սարգսին նվիրված ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտի 16-ը:

Այս թեմայով