11 Հունվար 2014, 12:23
2445 |

Պարտքով արվեստ

Գյուղատնտեսական վարկով նա կտավ ու ներկեր է գնում, իհարկե, բանկի թղթաբանության մեջ նշելով՝ անասնապահության նպատակով։ Ու այդպես արդեն 8 տարի։

Ձմեռային Երևանն Ապարանի Եղիսպատուշ գյուղի համեմատ Լոնդոն է. այստեղ մառախուղ է ու ցուրտ, այնտեղ՝ արև ու պարզ։ Բայց մայրաքաղաքը եղիսպատուշցի նկարչի համար միակ վայրն է, որտեղ կարելի է ցուցահանդես կազմակերպել ու այցելուներ ունենալ։ Նվեր Ռոմիա Հայրապետյան. անծանոթ նկարիչ է, առաջին անհատական ցուցահանդեսը՝ Թումանյանի տուն-թանգարանում։ «Փառք եմ տալիս Աստծուն. ինձնից հազար անգամ լավ նկարիչներ կային, որոնք կենդանության օրոք այդպես էլ ցուցահանդես չունեցան, իսկ ես ունեցա»,- ուրախությունը չթաքցրեց ։ Ռոմիան նրա տոհմանունն է՝սերված Պարսկահայաստանից։ Ցուցահանդեսը Սուրբ Ծննդյան տոներին է նվիրված՝բարու և չարի հավերժական պայքարի թեմաներով։ Նվերի պատմելով՝ նկարում է երեխա ժամանակներից. նկարել է տան պատերին ու մորից ծեծ կերել, հետո քերծելով նկարել է դպրոցի նստարանների վրա, պարզ է, նախատինքի վերջաբանով։ Ընդունվել է Թերլեմեզյան, կիսատ թողել, հետո ԵՊՀ բանասիրական, էլի թողել։ Ըմբոստ երիտասարդն ուսուցման ակադեմիական կանոնները չի հանդուրժել. «Ինձնից ի՞նչ ուսանող»։

Վերադարձել է հայրենի Եղիսպատուշ, ընտանիք կազմել, հող մշակել, անասուն պահել, միաժամանակ՝ նկարել։ «Նկարչին առօրյա հոգսերով ծանրաբեռնելը, բահը ձեռքը տալը անարդար է։ Ամեն ինչ արել եմ, որ Նվերը կենցաղով չզբաղվի, միայն նկարի։ Հիվանդացավ, շտապ վիրահատվելու կարիք եղավ։ Վարկ վերցրինք, բայց բուժվելու փոխարեն ներկեր գնեց։ Ասաց՝ այս փողով կամ առողջությունս պիտի փրկեմ, կամ հոգիս»,-ամուսնու ցուցահանդեսին ուրախությունից շողշողացող դեմքով պատմեց կինը՝ Կարինեն։

Ընտանեկան եկամուտը կարտոֆիլն է. վաճառել են, փողը 3 մասի բաժանել՝ արվեստին, ընտանիքին, տնտեսությանը։ Ուրիշները գյուղատնտեսական վարկեր են վերցնում՝ անասուն գնելու, հող մշակելու համար, Նվերն ու Կարինեն գյուղատնտեսական վարկով կտավ ու ներկեր են գնում, իհարկե, բանկի թղթաբանության մեջ նշելով՝ անասնապահության նպատակով։ Ու այդպես արդեն 8 տարի։ 150 կտավ ունի Նվեր Ռոմիան։ Նկարում է արվեստանոցի վերածված ննջասենյակում։ Միակ դիտողն ու քննադատը կինն է։ Եղիսպատուշցիները հպարտանում են, որ նկարիչ համագյուղացի ունեն։ Մեկ էլ գյուղ հյուր եկողներին տանում են Նվերի տուն՝ նկարներ նայելու։ Այդպիսի մի օր Նվերի նկարները ցույց են տվել գերմանացի մի եկվորի։ Օտարերկրացին շատ է հավանել, մի քանիսը՝ նույնիսկ գնել։ Փողը ծախսվել է նոր կտավների ու ներկերի, ցուցահանդեսի կազմակերպման, մի քիչ էլ՝ ընտանեկան հոգսերի վրա։ Վիրահատությունն էլի մնաց։

Ցուցահանդեսի ժամանակ Կարինեն պտտվում էր ամուսնու շուրջը, շնորհավորանքներ ընդունում, հետևում, թե ինչ տպավորություն են թողնում նկարներն այցելուների վրա։ Որոշել է փնտրտուքը շարունակել ու Նվերի նկարների վրա հրավիրել արվեստաբանների ուշադրությունը, տպագրել նաև նրա «Մարդկայինն ու աստվածայինը» անտիպ պոեմը։ «Նա երեխա է, ու ես երջանիկ եմ դրա համար. երեխա է, երբ վրդովվում է, երբ կանգնած է կտավի առջև՝ ստեղծագործական մեկշաբաթյա դեգերումներից ու դեպրեսիայից հետո, երեխա է նաև հիմա՝ իր առաջին անհատական ցուցահանդեսին»։

Ոչ հեռավոր անցյալում արվեստաբաններ Հենրիկ Իգիթյանը, Շահեն Խաչատրյանը գյուղեգյուղ ընկած՝ նկարիչների էին հայտնաբերում. մեկին՝ Վայքից, մյուսին՝ Արագածոտնից, երրորդին՝ Գյումրուց, չորրորդին՝ Թալինից։ Դա ժողովրդի ստեղծագործ միտքն ու տաղանդը ճանաչելու ստուգատես է։ Մայրաքաղաքի սալոնային, երբեմն ֆետիշացված միջավայրից դուրս՝ ինքնուս, ներքին մղումով ու տաղանդով ստեղծագործող գյուղաբնակ նկարիչները հաճախ հրաշքի ազդեցություն են թողնում արվեստասերի վրա։ Այդպես են հայտնաբերվել ու ժամանակակից գեղանկարչության մեջ հաստատվել Հայկ Սայադյանը, Արա Ալեքյանը, Լիլիթ Սողոմոնյանը, Գագիկ Ղազանչյանը, Արթուր Սարգսյանը և այլն։ Սակայն այժմ ժամանակները փոխվել են, գյուղաբնակ բազում տաղանդավոր նկարիչներ մնում են ստվերում՝ Նվեր Ռոմիա Հայրապետյանի նման ապավինելով մայրաքաղաքում ցուցադրվելու երջանիկ պատահականությանը: Եվ, իհարկե, գյուղատնեսական վարկավորմանը:

Այս թեմայով