25 Հունիս 2014, 14:24
8224 |

Օդից փող

Ավելորդ փողը դեռևս ոչ մեկին չի խանգարել, հատկապես երիտասարդներին, որոնք ամենից հաճախ են բախվում առձեռն գումարի հետ կապված խնդիրների: Եվ դրանում ոչ մի զարմանալի բան չկա, չէ՞ որ հենց երիտասարդությունը լավ գիտի, թե ինչպես մի ակնթարթում պարպել ամսական աշխատավարձը ակումբում, նորաձև բուտիկում կամ սիրելիին նվեր առնելով: Եվ այդժամ հարց է ծագում՝ ինչպե՞ս մի քիչ էլ գումար ճարել, որ «ձգես» մինչև մյուս աշխատավարձ: Ընդ որում, ոչ թե պարզապես վաստակես, այլ ժամանակդ ստեղծագործաբար ծախսես ու օգուտ քաղես: Այդ հարցին մի շարք պատասխաններ կան: ImYerevan.com-ն առաջարկում է խորհուրդներ, թե ինչպես կարելի է օգտագործել ազատ ժամանակը՝ հօգուտ դրամապանակի և ինքնազարգացման:

Մասնավոր պարապմունքներ անել
Կարևոր չէ՝ ինչ եք կարողանում անել, միշտ կգտնվի մեկը, ով կուզենա սովորել ձեզնից: Ասենք, եթե բանկում եք աշխատում, ապա հաստատ առնվազն մեկ օտար լեզվի եք տիրապետում: Ձեզնից պահանջվում է ուղղակի հայտարարություն տալ ինտերնետում և սպասել այն մարդուն, որը կցանկանա յուրացնել ձեր գիտելիքները: Եվ նույնիսկ եթե ձեր հմտություններն ամենաբարձր մակարդակի չեն, օրինակ՝ վատ չեք նվագում կիթառ ընկերների շրջապատում, դա էլ մեծ առավելություն է: Հաստատ կգտնվի մեկը, որը մտադիր չէ ձեր դասընթացներից հետո համաշխարհային բեմ բարձրանալ: Նա պարզապես ուզում է ձեր պես համեստորեն ծնգծնգացնել իր մտերիմների շրջապատում: Նրա համար դուք գանձ եք, չէ՞ որ ձեր պահանջները շատ ավելի ցածր են լինելու, քան պրոֆեսիոնալ դասախոսի դեպքում: Եվ պետք չէ մոռանալ, որ գիտելիք փոխանցելիս դուք հղկում եք ձեր իսկ հմտությունը:

 

Ձեռքի աշխատանքներ ստեղծեք
Այսպես կոչված handmade իրերը վերջերս շատ տարածված են: Ի՞նչը կարող է ավելի օրիգինալ ու բացառիկ լինել ձեռքով պատրաստված նվերից: Օրինակ՝ իմ ծանոթ ծրագրավորողը ոսկերչական զարդերի 3D մոդելներ է պատրաստում աշխատանքից ազատ ժամանակ, իսկ Վերնիսաժում այդ մոդելներով հիանալի օրինակներ են պատրաստում, որոնք նա նվիրում է ծանոթներին և անգամ վաճառում: Հնարավորություններն իսկապես շատ են՝ փայտի փորագրություն, ասեղնագործություն, կավագործություն և այլն: Ընդամենը պետք է երևակայություն և ստեղծագործելու հանդեպ սեր: Բարեբախտաբար, սոցիալական ցանցերն ու ինտերնետն անսահման հնարավորություններ են ընձեռում ձեր երևակայության արդյունքը տարածելու համար:

 

Զբաղվեք ուրիշների երեխաներով
Շատ ծնողներ են կանգնել երկընտրանքի առաջ՝ շաբաթ, երեկո, ընկերական հավաք ռեստորանում կամ երկար սպասված համերգ և 3-ամյա երեխա, որը որոշել է ամեն ինչ փչացնել իր քմահաճույքներով: Եվ այդտեղ հայտնվում եք դուք՝ մանկական շրջապատ սիրող, երիտասարդ, հավասարակշռված և ուրախ դայակ, որն ամեն ինչ կարողանում է վերահսկել: Իսկ եթե դուք նաև փոքրիկի ծնողներին պատմեք, որ ոչ թե պարզապես խնամում եք նրան, այլ կազմակերպում եք զարգացնող խաղեր, որոնք երեխաներն այդքան սիրում են, անգին կդառնաք: «Հալված» ծնողներն անպայման կդիմեն ձեզ հաջորդ անգամ, իսկ ձեր հեռախոսահամարը ձեռքից ձեռք կանցնի՝ որպես արժեքավոր մի բան: Դրա համար պետք է դիմել տնային աշխատողների գործակալություն կամ ինքնուրույն հայտարարություն տալ ժամավճարով աշխատող դայակի ծառայությունների մասին: Թեև գործակալության ուղեգրերը երբեմն ավելի ծանրակշիռ են, քան սովորական հայտարարությունը համացանցում:

 

Բլոգ բացեք, հոդվածներ գրեք
Փաստերը խոսում են այն մասին, որ հաստիքային լրագրողների գրեթե կեսը բոլորովին էլ լրագրության կամ բանասիրության ֆակուլտետ չի ավարտել: Եթե տեքստ գրելու հանդեպ սեր ու տաղանդ ունեք, և կան թեմաներ, որոնք հետաքրքրում են մյուսներին, գրեք այդ մասին ու առաջարկեք տեղեկատվական պորտալներին և անգամ լրատվական գործակալություններին: Այո, սեփական բլոգ ունենալը հիանալի է, բայց քիչ է պատահում, երբ ձեզ կարող են վճարել ձեր իսկ անձնական էջում գրառումներ կատարելու համար: Եթե ճարտարապետ եք, ծրագրավորող, ձեռնարկատեր, իրավաբան կամ կոշկակար, փորձեք առանց ձանձրացնելու պատմել մարդկանց այն, ինչը կարող է օգտակար լինել նրանց համար, և, հնարավոր է, հաջորդ անգամ ոչ թե դուք առաջարկեք հոդված, այլ այն պատվիրեն ձեզ: Այդպես մինչև սեփական սյունակն ունենալն ու պրոֆեսիոնալ բլոգեր դառնալն էլ հեռու չէ:

 

Լուսանկարեք և տեսագրեք
Յուրաքանչյուր իրեն հարգող հրատարակչություն աշխատակազմում ունի պրոֆեսիոնալ լուսանկարիչ: Առանց տեսողական բաղկացուցչի այսօր անհնար է պատկերացնել ժամանակակից մեդիան կամ որևէ հաջողակ ընկերություն: Բայց լուսանկարիչները միշտ պակասում են, իսկ շատ հաճախ լուսանկարչի հանդեպ պահանջներն այդքան էլ բարձր չեն: Ասենք, պետք է միջոցառման ֆոտոշարք պատրաստել, լուսանկարել հերթական տունը, որն ուզում են քանդել կամ էլ տեսագրել ֆուտբոլի ազգային հավաքականի ժամանումը օդանավակայան: Այստեղ առանձնապես պրոֆեսիոնալ պատրաստվածության կարիք էլ չկա: Եթե տիրապետում եք լուսանկարչական արվեստի միջին հմտություններին և տանը քիչ, թե շատ արժանի լուսանկարչական սարքի վրա անտեղի փոշի է նստում, ապա բարի ճանապարհ դեպի արտահաստիքային լուսանկարչություն:

 

Միջոցառումներ ու խաղեր կազմակերպեք փաբերում
Փարպեցի փողոցը, որը հայտնի է իր փաբերով ու բարերով, ոչ միայն այն վայրն է, որտեղ կարելի է ընկերների հետ լիցքաթափվել մի գավաթ գարեջրի շուրջ: Այստեղ հաճախ են զանազան միջոցառումներ, համերգներ և պարզապես զվարճալի ու ինտելեկտուալ խաղեր անցկացվում: Երբևէ չե՞ք մտածել, որ ինքներդ կարող եք նման միջոցառումներ կազմակերպել: Պարզապես պետք է հանդիպել փաբերի սեփականատերերի հետ, որոնք հաճույքով կլսեն ձեր խաղի կամ միջոցառման առաջարկը: Հիշե՛ք՝ դա մրցակիցների փողոց է, և լավ գաղափարն անպայման կգտնի իրականացվելու վայրը: Ձեզնից պահանջվում է միայն շփվելու ունակություն, սրամտություն և մի քիչ էլ շոումենի որակներ, իսկ լրացուցիչ գումարն ու անդերգրաունդային փառքը չեն ուշանա:

 

Այս թեմայով