23 Հոկտեմբեր 2013, 10:11
3246 |

Հրապարակ առանց հայի

Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի ճարտարապետական բաց մրցույթին ներկայացված բոլոր 13 նախագծերն էլ սարսափ ֆիլմի ժանրից են:

Հոկտեմբերի 22-ին Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվեց «Երևանի Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի ճարտարապետական բաց մրցույթ»-ին ներկայացված աշխատանքների ցուցահանդեսը: Փաստորեն գրեթե երեք ամսվա ընթացքում ներկայացվել է 13 նախագիծ, որոնց հեղինակների անունները չեն հրապարակվում՝ «սուբյեկտիվ մոտեցումից խուսափելու համար»: Բայց դրա կարիքը բնավ չկար. Հանրապետության հրապարակի քաղաքաշինական ու մշակութային կարևորությունը գիտակցող և պարզապես հետաքրքրված այցելուների զանգվածը միանգամայն օբյեկտիվ մոտեցում ցուցաբերեց' օբյեկտիվ վատ:

Տպավորություն էր, թե այս մրցույթը հայտարարվել է՝ ցույց տալու համար, թե ինչ աստիճան կարելի է այլանդակել հրապարակը, ջնջել պատմությունը: Անգամ կասկածի տակ կարելի է դնել՝ մրցույթին նախագիծ ներկայացնողներից քանի՞սն են, առհասարակ, ծանոթ հրապարակի հարյուրամյա կառուցապատման պատմությանը, ժամանակին առաջադրված նախագծերին՝ իրականացված ու չիրականացված, Հանրապետության հրապարակի ֆունկցիոնալ նշանակությանը մայրաքաղաքի գլխավոր հատակագծում' որպես վարչական կենտրոն և գեղագիտական արժեքին: Բայց այդ պսևդոհավակնոտ նախագծերը ոտնձգություններ են կատարում նաև Մարկ Գրիգորյանի նախագծած Ազգային պատկերասրահի շենքի հանդեպ՝ դրա փոխարեն ներկայացնելով շենքի թմբուկն աղոտ հիշեցնող հորինվածքներ և կամ էլ թմբուկի փոխարեն առաջարկելով կառուցել իբր մոդեռն ինչ-որ անհասկանալի ուղղանկյուն ծավալ՝ այսպես ասած «կոտրելով կարծրատիպերը»:

Անըմբռնելի է Լենինի արձանի տեղում փարոսով հուշակոթող առաջարկող հեղինակը. նախագծին կից բացատրությունն այնքան համոզիչ է, որ քիչ է մնում հավատաս, թե հրապարակում փարոսի կարիք կա, երևի՝ մեր քաղաքը ծովի ափին է, պարզապես դեռ տեղյակ չենք: Մի նախագիծ էլ հանձն էր առել լուծել տրանսպորտային հանգույցի խնդիրները, մեկ ուրիշը, չգիտես ինչու, որոշել էր, թե հրապարակում միայն եկեղեցին է պակասում: Կառավարության թմբուկի կառուցման առաջարկը նույնպես անհամեստորեն հայտնվել էր մրցութային նախագծերի շարքում: Ցուցահանդեսում կար բացարձակ ֆավորիտ, նա առաջարկում էր հիմքում այրվող կրակով խաչն ու դրա վերևում խոյացող կամար:

Մի խոսքով՝ մեծ մասամբ դիլետանտական նախագծեր, որտեղ ինքնահաստատվելու տենչանքը միախառնվում է սեփական անտաղանդությունն ի ցույց դնելու գայթակղության հետ: Այդ ճարտարապետական թյուրիմացություններն աչքի անցկացնելու համար ուղիղ մեկ ամիս կա՝ մինչև նոյեմբերի 22-ը: Եթե ֆանտաստիկ ժանրի սիրահար եք, ապա այդ ցուցահանդեսն իսկը ձեզ համար է, իսկ եթե նախագծերից որևէ մեկն անկեղծորեն հավանել եք, ուրեմն աղոտ կասկածներ կան, որ «Փակ Սիթի»-ից եք առևտուր անում:

Այս թեմայով