22 Ապրիլ 2013, 15:37
1782 |

Մատյան լրագրության. կարկուտը ծեծած տեղն է ծեծում

Բնության արհավիրքները լավագույն հարթակն են՝ բացահայտելու՝ ինչի է պատրաստ լրագրողը հանուն իր ռեպորտաժի բացառիկության և որակի:

«Աբո, վերցրու կոստյումս, պաշտպանիր տեսախցիկը բնական չարիքներից, արհեստականներն ինձ վրա»: Այս նախադասությամբ ամեն անգամ մխիթարում եմ օպերատորիս, երբ հորդ անձրև կամ սպանիչ կարկուտ է գալիս: Երկընտրանք չունենք, այլ կերպ ուղղակի չենք կարող, ուզենք-չուզենք պետք է շարունակենք նկարահանումը: Ավելին, հենց դա է ինձ պետք' ռեպորտաժ անձրևաջրերի արդյունքում պոկվող տանիքների ու միևնույն ժամանակ անձրևի հետևանքով ծաղկած ծառերի մասին: Իհարկե, ես կարող եմ թաքնվել մեքենայում և օպերատորից պահանջել քրտնաջան աշխատանք, բայց դե… սրտիս չի նստում, ի վերջո, նա իմ ընկերն է, միասին ենք ստեղծում ամեն ինչ: Բացի այդ, եթե անտարբեր լինեմ դեպի Աբոն, մի օր նա էլ անտարբեր կլինի դեպի ինձ: Ու ի վերջո, չմոռանանք, որ տեսախցիկի կորուստը երկուսիս է վնասելու, հետո նյութը անորակ ու աղքատիկ կլինի, ու երկուսիս էլ կասեն' գլուխ եք պահել: Էիմային աշխատանք՝ սա լրագրության ոսկե կանոններից արծաթայինն է: Առաջին անգամ այս պատնեշին դեմ առա, երբ մարզում էինք, Չինարիի սարերում, ու ռազմական տեսանյութի ձախողումն ինձ համար ճակատագրական կլիներ: Կանխազգացի ու, դեմ գնալով անհավանական սելաֆին, ցեխերի ու թփուտների մեջ մոտ կես ժամ նկարեցի բազում հարցազրույցներ, մի քանի ստենդափ ու մի տրցակ կադր: Անձնուրաց աշխատասիրությունը խթանում է ոչ միայն աշխատանքում թերանալու վախը, ղեկավարի հիասթափված հայացքը, այլև մի տեսակ ինքդ քո առաջ հերոսանալու ձգտումը:

Ի դեպ, այս կերպ չեն մտածում օպերատորները, նրանք գրեթե միշտ քիթ ու մռութ են անում: Ի տարբերություն նրանց, ես վերջին շապիկս էլ տալիս եմ օպերատորին, որ փաթաթի անձրևի տակ մնացած տեսախցիկին, որովհետև գիտեմ՝ խափանվեց, կորած ենք: Լրագրության սուզվող աստիճաններից է:

Խոպանչիները տաք եղանակին աշխատում են, ցուրտ ձմռանը՝ տաքուկ տանը հանգստանում, անձրևոտ եղանակներին տեղի ունեցող պատահարներից վարորդները «ապպա»հովագրված են, սելաֆին փողոց դուրս չեն գալիս նույնիսկ անբարոյականները՝ թաքնվելով մեղսավոր մոթելներում: Մինչդեռ ժուռնալիստները լավագույն նյութերը ստանում են հենց աղետալի պահերին: Նման ռեպորտաժից հետո արդեն ավանդույթ է՝ հաջորդ առավոտից ու մեկ շաբաթ ջերմել, դեղ խմել:

Չեմ հավատում անձրևի տակ սիրած աղջկա հետ ռոմանտիկ քայլելու պատմության իսկությանը, ինձ մոտ անձրևն ասոցացվում է մասնագիտական ռոմանտիկայի հետ, երբ բոլոր ուժերդ գործադրում ես, որ համ գայլը կշտանա, համ էլ ոչխարը տեղում լինի: Բնության արհավիրքները լավագույն հարթակն են՝ բացահայտելու՝ ինչի է պատրաստ լրագրողը հանուն իր ռեպորտաժի բացառիկության և որակի: Միայն ամենահամարձակներն են հաղթում բնությանը: Ու ի վերջո, ճակատագրին կարելի է հեգնել, բնությանը՝ նույնպես:

Այս թեմայով