ԵՐԵՎԱՆի նոր շարքի հերոսները մայրաքաղաքի լքված (ամբողջությամբ կամ մասամբ) գործարաններն են: Այս անգամ անդրադառնում ենք հախճապակու գործարանին, որը լավագույններից էր Խորհրդային Միությունում:
Գործարանի տարածքում հիմա էլ եռում է աշխատանքային առօրյան, բայց արդյունքը մի փոքր այլ է, քան նախկինում. ծխախոտի գլանակներ են արտադրում «Գրանդ Տոբակո» ձեռնարկության աշխատակիցները: Իսկ 1947-1988 թվականներին այստեղ սուրճի, թեյի բաժակների, սպասքի այլ պարագաների և դեկորատիվ խեցեգործության ծնունդ էր տալիս Երևանի հախճապակու գործարանը: Հումքը մատակարարում էին Ռուսաստանն ու Ուկրաինան, սարքավորումները ճապոնական և գերմանական էին, ներկերը, ջրիկ ոսկին և մնացյալ անհրաժեշտ հումքը նույնպես ներկրվում էր: Արդյունքը մեծ և բազմազան արտադրանքն էր, որը հայտնի էր ոչ միայն ԽՍՀՄ-ում, այլև աշխարհի այլ ծայրերում: Իսկ լավագույն տարիներին՝ 1970-ականներին, այն ուներ մոտ 2500 աշխատակից: Գործարանի առաջին նկարիչն ու քանդակագործը Հռիփսիմե Սիմոնյանն էր՝ «հայկական կերամիկայի մայրը», ինչպես նրան անվանում էին ուսանողներն ու ընկերները: Գործարանի համար աշխատած քանդակագործների թվու են նաև Թերեզա Միրզոյանը և Արտո Չաքմաքչյանը: Իսկ ոմանք՝ ինչպես օրինակ նկարիչ Վահան Տերունին, իրենց ողջ կյանքը կապել են խեցեգործության հետ (նրա աշխատանքները այսօր կարելի է տեսնել Երևանի Ժողովրդական արվեստի թանգարանում):
Կլավան և տղամարդիկ
Հախճապակու պատրաստման տեխնիկաների մասին այսօր էլ դժվար թե որևէ մեկն ավելի հետաքրքիր ու մանրամասն պատմի, քան Երևանի հախճապակու գործարանում երեսուն տարի գլխավոր նկարչի պաշտոնը զբաղեցրած Սերգեյ Վարդանյանը: Նա միանգամից բերեց իր հիշողության և պատվի արկղներում կոկիկ դասավորած լուսանկարները, հերթով նկարագրեց իր գործընկերներին, պատմեց նրանց բնավորությունների, մասնագիտական հմտությունների մասին.
— Սա մեր արտադրանքն է, սա գլխավոր նկարչի աշխատասենյակը, կլոր սեղան, տնօրենը... Ի միջի այլոց, կոլեկտիվում բոլորը տղամարդիկ են, միայն մեկ կին կար՝ Կլավան… Իսկ կենտրոնում պատվավոր դրված է գործարանի կողմից գերմանական գրականության հսկաներից մեկի՝ Գյոթեի հոբելյանի կապակցությամբ արված սափորը՝ նրա պատկերով, որը ստեղծվել է մեկ օրինակով և ուղարկվել Մայնի Ֆրանկֆուրտ՝ Գյոթեի ծննդավայր:
Պետպատվեր
Նոր արտադրանքը ժողովրդին հրամցնելուց առաջ պետք էր հաղթահարել գործողությունների մի տպավորիչ շարք: Վարդանյանը ուսումնասիրում էր շուկան, կազմում անհրաժեշտ տեսականու ցուցակ, մշակում նոր ձևեր, պատկերները հինգ օրինակով հանձնում գեղարվեստական խորհրդի հաստատմանը.
— Խուդսովետը հենց որոշի՝ գնաց: Տարվա մեջ 10-ից 15 տիպի նոր տեսականի էինք հանձնում, — երանությամբ հիշում է նախկին գլխավոր նկարիչը:
Ձև ու չափ ստացած նմուշներից բազմացվում էին հազարավոր օրինակներ՝ անցնելով հաջորդ շղթայի բոլոր հարկերը. մի քանի տոննայանոց կավի մշակման թմբկագլան, գիպսե կաղապար, թունելային վառարան, ջնարակում, թրծում, նորից վառարան, իսկ վերջում նոր բաժակները, սափորները, ափսեները նկարազարդվում էին, բարեհաջող փաթեթավորվում և ուղևորվում սովետական անձնագիր ունեցող իրենց պոտենցիալ տերերին ընդառաջ: Եվ ամենակարևորը. այս շղթայի ոչ մի էտապում սայթաքել չէր կարելի:
— Մենք կրակի հետ գործ ունեինք, — ասում է իմ զրուցընկերը, — հանկարծ մի տեղ որ սխալվեի, 100 հազարով գնում էր բռակ (իսկ հետո արդեն հաստիքի կրճատում, պրեմիայից զրկում): Երեսուն տարվա մեջ մի դեպք եղավ: Թեյնիկ էինք արտադրում: Տնօրենը զանգեց, բա՝ թեյնիկները սաղ բռակ են գնում: Հիսուն հոգի աշխատող, տասը հազար կաղապար: Անթուլյատրելի էր: Բայց դե ընդամենը սխալ էին դրել թեյնիկները, հասցրեցինք ժամանակին. օդ էր պետք, որ լավ չորանան: Մի խոսքով, պրեմիան հատկացվեց, թեյնիկները փրկվեցին:
Կավե տիկնիկների թատրոն
Բոլորիս քաջ ծանոթ են օժիտի պատվավոր մաս կազմող չեխական, գերմանական սպասքն ու իրենց փայլը չկորցնող արձանիկները՝ դաշնամուր նվագող նրբիրան կանայք, բազմաշերտ հագուստով և ձիգ մեջքով տղամարդիկ, շնիկի հետ խաղացող երեխաները: Դրանց դիպչել չէր կարելի, իսկ վրայից փոշի հավաքելը մեծագույն պատիվ էր: Սակայն մեր բնակարաններում «բարձրաշխարհիկների» կողքին կային նաև «մերոնքական» արձանիկներ՝ Անահիտ դիցուհին, Սասունցի Դավիթը, Պեպոն, Մարոն, Ախթամարը, Գիքորը, Մոսին, Քաջ Նազարը, հայկական տարազով խոնարհ պարուհիներ, հովիվներ և, իհարկե, հայի դիմային աչքի ընկնող սիմվոլը ցուցադրող մարդը: Այս արձանիկների հերոսների ընտրությունը երբեք պատահական չէր լինում: Յուրաքանչյուր նոր մոդել ազգային ինֆորմացիայի կրող էր և ծանոթ ամեն հայի: Ի դեպ, Սասունցի Դավթի արձանիկների ծեփածո մոդելը հենց Երվանդ Քոչարի ձեռքի աշխատանքն է:
Ապրանքանշան
Հայկական հախճապակե իրերը մյուսներից տարբերվում են ոչ միայն ազգային բովանդակությամբ: Ինչպես յուրաքանչյուր գործարան, Երևանի հախճապակու գործարանը նույնպես ուներ իր տարբերանշանը՝ նրբագեղ ճաք տված կուժ: Մինիմալիստական ապրանքանշանից զատ գրվում էր նաև գործարանի անվանումը՝ ЕФЗ, ФЗЕреван: Որոշների վրա գրված է միայն մեսրոպատառ, այսինքն՝ հայկական շուկայի համար նախատեսված նմուշ էր: Իսկ ռուսերեն գրվում էր սովետական ընդհանուր շուկա դուրս բերելու նպատակով:
Կապեր, գործընկերներ, ցուցահանդեսներ Ամեն տարի երկու անգամ՝ աշնանը և գարնանը, համամիութենական մեծ տոնավաճառներ էին կազմակերպում, սեփականը ցույց տալու, մյուսներինը նայելու նպատակով: Պայմանագրեր էին կազմում, գործընկերներ ձեռք բերում: Հայկական գործարանները վերջիններին մասնակցելուց զատ իրենք նույնպես նախաձեռնում էին հայաստանյան միջազգային տոնավաճառներ, հյուրեր ընդունում Ֆրանսիայից, Անգլիայից, Գերմանիայից, ձեռք բերում միմյանց արտադրանքը: Այդ հավաքներից մեկի ժամանակ Ճապոնիայից ժամանած գործընկերները այնքան ոգևորված էին, որ ռիտոն-արձանիկների մեծ պատվերներ տվեցին: Ցուցահանդեսներում փայլող խեցեգործական մեծ գործարանների կողքին երևանյան՝ համեմատաբար քիչ հնարավորություններով գործարանը շահած էր դուրս գալիս:
— Լենինգրադը զարմանում էր մեր նոր արտադրանքի բազմազանության վրա, — հպարտությամբ հիշում է Սերգեյ Վարդանյանը, — Նրանց համար դժվար էր, արտադրության քանակը մեծ էր, ամեն անգամ հազարավոր կաղապարներ պետք է փոխեին: Իրենք որ մի բան ստեղծում էին, գնաց, արդեն 10-15 տարի նույնն էին անում: Իսկ մեզ մոտ հեշտ էր: Հենց նոր միտք էր ծագում, էլ երկար չէինք մտածում, անում էինք: Այսպես ժողովուրդն էլ էր գոհ մնում, չէր ձանձրանում:
Շախմատի քարեր նախարարի համար
Վարդանյանը հիշեց, որ մի տեղ պահել է Սովետական Հայաստանի ներքին արդյունաբերության նախարարի համար պատրաստած շախմատի ճենապակե քարերի օրինակները: Այս ինտելեկտուալ նվերը պատրաստելու համար նա մեկնել է Կաունաս՝ Լիտվա, քանի որ Հայաստանում չէին կարողանում բարակ
պատերով ոսկրե ճենապակի ստանալ (թրծման համար հզոր վառարաններ էին հարկավոր): Այս ճենապակին լավագույնն է և արժանի շախմատի քարերի համար ընտրած թեմային, այն է՝ ուրարտական Արգիշտի թագավորը և իր զորքը: Ասում են՝ ոսկրե ճենապակին չի կոտրվում, անգամ երբ ընկնում է սալահատակին: Այնքան հետաքրքիր էր, որ քիչ էր մնում փորձեի, բայց վերջին պահին պարոն Վարդանյանի կինը ինձ հետ կանգնեցրեց այդ գաղափարից. «Բաներ կան, որ կարելի է պարզապես հավատալ»: Երևանի հախճապակու գործարանը, ի դեպ, միայն գեղեցիկ հախճապակե արտադրանք չէ, որ տալիս էր: Այստեղ ծնվում էին ընտանիքներ, ինչպես գլխավոր նկարչի և սուրճի բաժակներ նկարազարդող իր կնոջ ջերմ ու գեղեցիկ ընտանիքը: