28 Նոյեմբեր 2014, 11:01
5533 |

Երևանը նոր Կարա-Բալա ունի

Ծաղիկների տասնյակ փնջերով բեռնված մոտոցիկլն ամեն օր շրջում է Երևանի փողոցներով ու շարունակում Կարա-Բալայի սկիզբ դրած ավանդույթը: Ամեն քաղաք պետք է չէ՞ ունենա կոլորիտային մի ծաղկավաճառ, որն օրվա վերջում հենց էնպես, առանց փողի կբաժանի չվաճառված ծաղիկները:

Ինչպես գործի տեր դարձա
6 տարեկան էի, երբ հայրս լքեց ընտանիքը: Երեք անչափահաս երեխա էինք, մայրս չէր հասցնում բոլորիս պահել: Հանրապետության հրապարակում՝ Պատմության թանգարանի տակ սրճարան կար, տերը՝ Զորիկը, գումար տվեց, խնդրեց, որ մետրոյի տակից ծաղիկ բերեմ ու վաճառեմ սրճարանի մուտքի մոտ: Ձնծաղիկներն ու մանուշակները վաճառեցի, Զորիկի գումարը վերադարձրի, մի քիչ փող էլ ինձ մնաց: Ծաղիկներից հետո փուչիկ էի վաճառում, անցորդները սիրում էին ինձ, հոգ տանում, անունս Փուչո էին դրել: 8 տարեկան էի, դպրոց այդպես էլ չգնացի, տուն էին պահում: Կուզենայի դպրոցում, համալսարանում սովորած լինեի, բայց դե… չստացվեց:

«Պապլավոկում» շորերս գողացան
Ծաղիկ էի վաճառում «Պապլավոկ» սրճարանում, շոգ եղանակին ապրանքը դնում էի մի հարմար տեղ ու դիմացի լճում լողում: Մի օր շորերս գողացան, սրճարանի աշխատող Սվետա մորաքույրը մեծ չափսի հագուստներ տվեց, խայտառակ չեղա: Հետո ամեն անգամ հագուստս թողնում էի նրա մոտ, շորերիս մեջ հաց էր դնում, սոված տարիներ էին, դիմանալ էր պետք: Ես հիմա կամ միայն հասարակ մարդկանց շնորհիվ, քաղաքի հին դեմքերից շատերն են ինձ որդու նման սիրել, հոգ տարել: Զորիկը, Սվետան, Հրազդանի ձորի պահակ Մանո պապը, ով ինձ հետ պահեց վատ շրջապատից, Նալբանդյան փողոցում գտնվող վարսավիրանոցի տերը՝ Կարենը, ինձ շատ է օգնել, հիմա երեխայիս կնքահայրն է:

Այն ժամանակ անձևատար խողովակների մեջ էի պահում գույնզգույն ժապավեններն ու աշխատանքային գործիքներս, Խորեն անունով մի մարդ բարեխոսեց, հիմա երեք նկուղային սենյակ են տվել, երեք հատ էլ մոտոցիկլ ունեմ: «Քուին Բուրգերի» աշխատողներն օրը երեք անգամ կերակրում էին ինձ, տալիս այն, ինչը շքեղություն էր շատ-շատերի համար: Ես զգում եմ՝ Երևանն ու երևանցիներն ինձ սիրում են։ Եվ մեր սերը փոխադարձ է։

Անառակ որդու վերադարձը
Բայց դե ամեն ինչ տենց հարթ չէր։ 14 տարեկանում վատ շրջապատ էի ընկել, թղթախաղի գերի դարձել: «Պապլավոկում» գործի մեջ 5000 դրամ վստահեցին, հետ չվերադարձրի, հետո երկար տարիներ «երեսս չէր բռնում» հետ գալ, ամաչում էի արածիս համար: Տարիներ անց հետ եկա, Վաչագան Նուշիկյանին խնդրեցի հետ ընդունել, ընդառաջեցին: Մինչև կյանքիս վերջը շնորհակալ կլինեմ:

Ճակատագրական հանդիպում Հյուսիսային պողոտայում
Մի քանի տարի առաջ Հյուսիսային պողոտայում հանդիպեցի ապագա կնոջս, ինքս ինձ որոշեցի, որ պետք է ծանոթանամ նրա հետ: Համոզեցի, անունն իմացա ու սկսեցինք շփվել: Երբ եկավ ամուսնանալու ժամանակը լուրջ խնդրի առաջ կանգնեցի՝ ո՞վ աղջիկ կտար երկրորդ կարգի հաշմանդամին: Երկուսով թաքցրինք ճշմարտությունն ու ամուսնացանք, տղա ունեցանք, որը հիմա արդեն սկսել է օգնել ինձ: Մեկ-մեկ հետևիցս վազում-գալիս է, հետս բերում եմ ծաղիկ ծախելու:

***
Վարդանի կյանքը յուրօրինակ հանրագիտարան է յուրաքանչյուր երիտասարդի համար: Ուսում չստանալն ու տառաճանաչ չլինելը նրան չխանգարեցին հաղթահարել դժվարություններն ու ինքնուրույն վաստակել օրվա հացը: Նրա պատմությունն այսքան դրական չէր լինի, եթե ժամանակին անօգնական որբուկին ձեռք չմեկնեին իսկական երևանցիները:

 

Այս թեմայով