07 Նոյեմբեր 2014, 12:34
3505 |

Ո՞վ էր կարում Դեմիրճյանի կոստյումները

Օպերա-Սայաթ-Նովա անկյունում նախորդ դարի կեսին բացվեց քաղաքի առաջին կարի արհեստանոցներից մեկը: Շենքը հենց այդպես էլ նախագծվել էր՝ առաջին և երկրորդ հարկերը պատք է բավարարեին խորհրդային Երևանի պահանջկոտ ու մոդայիկ խավի հագուկապի ամենաբծախնդիր պահանջները: Վարպետ Միշայի մոտ էին հագուստ պատվիրում հայկական հեռուստաեթերի առաջին աստղերը՝ Նառա Շլեպչյանն ու Սուսաննա Շահինյանը, Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը, Տիգրան Մանսուրյանն ու Մհեր Մկրտչյանը: Հիմա էլ ավանդույթները պահպանվել են, նոր ջահելները արհեստանոցի տեղը իմանում են իրենց հայրերից ու պապերից, կտորը դնում թևի տակ ու գալիս կոստյում պատվիրելու:

«Միքայել-Ռուզաննա» կարի արհեստանոցը կես դար ղեկավարած Միշա Ավագյանին քաղաքի հայտնի ու անհայտ շատ մարդիկ գիտեին: Նրանց բոլորին միավորում էր մեկ գաղափար ու նպատակ՝ կրել յուրօրինակ ու միայն իրենց համար կարված հագուստ: Սովետական թեթև արդյունաբերությունը բնավ Ռիո դե Ժանեյրոն չէր, ինչպես ասում են հայտնի ֆիլմում, արտադրված հագուստը քիչ էր ու հաճախ կրկնվող: Ամեն ամիս վարպետի մոտ էին ոչ միայն Տիգրան Մանսուրյանը, Կարեն Դեմիրճյանը, Մհեր Մկրտչյանն ու այլ հայտնի անձինք, այլև ՑԵԿԱ-ի ազդեցիկ դեմքերը: Հիմա վարպետը չկա, բայց դուստրը, ամեն դեպքում, որոշեց չկտրել կարի մեքենաների չխկչխկոցն ու չտապալել նորաձևության նահապետի համբավը:

Ռուզաննան մասնագիտությամբ մանկավարժ է, տարիներ շարունակ դպրոցում է աշխատել, հետո եկավ հորն օգնելու, եկավ ու մնաց արտելում մինչև օրս: Պատմում է, որ առաջ մարդիկ տոներից առաջ հարկ էին համարում նոր հագուստ պատվիրել, հիմա նորաձևությունը խառնվել է իրար, հազար տեսակի հագուստ են արտադրում: Պատվերները քիչ են, բայց հստակ որոշել է արտելը չփակել. «Հորս արած կարը մարդիկ տարբերում էին, ես էլ սկսեցի տարբերել ժամանակի հետ, իրոք որ յուրահատուկ ձեռք ուներ: Անցած օրը հեռուստացույցով Տիգրան Մանսուրյանի հագին տեսա հորս կարած կոստյումը, սիրտս լցվեց, չեն դավաճանել վարպետին»:

Վարպետ Հակոբ Մարկոսյանը 37 տարեկանից այս աթոռին նույն այս կարի մեքենայի առաջ նստած է: Մեքենան մոտ 50 տարեկան է, չի էլ մտածել նորն օգտագործելու մասին, նույնն է, թե հարազատ քառասուն տարվա ընկերոջդ մեկ օրում թողնես, սկսես մի ջահելի հետ ընկերություն անել, էդպես չի լինում: Կարուձև սովորել է վարպետ Էնգելսից, նա վաղուց արդեն մահացել է, բայց նրա կարի մեքենան դեռ կա, դիմացս դրած օգտագործում են: Պատմում է, որ քմահաճ են շոր պատվիրող մարդիկ, ամեն ինչ պետք է իրենց սրտով լինի, այլապես հազար անգամ կձևափոխեն։ Եղել են նաև արտառոց պատվիրատուներ, որոնք երկու, երեք, նույնիսկ չորս տարի հետո են վերադարձել ու պահանջել պատվիրած հագուստը, հաճախորդներից մեկը կոստյում պատվիրեց, հետո կորավ ու կորավ: 4 տարի անց վերադարձավ, պարզվեց՝ բանտում էր, ինքն էլ ամաչեց, որ խոստացել ու չի եկել, բայց դե կյանք է, պատահում է:

Մի քիչ անհավանական էին թվում պատմությունները տարիներ շարունակ մոռացված հագուստների ու բանտ ընկած պատվիրատուի մասին: Անհավանական էր մինչև այն պահը, երբ տեղում բռնացրինք «անպարտաճանաչներից» մեկին: Երկու տարի առաջ վերարկուն բերել ու գնացել էր ծառայության: Արթուրը բանակից հետո հիշել էր պատվերն ու վերադարձել վարպետ Միշայի հայտնի արհեստանոցը: Անհավանական պատմություն, որը հենց մեր աչքի առաջ տեղի ունեցավ։ Արհեստանոցում սովոր են, կես դարից ավելի աշխատելու ընթացքում այնքան բան են տեսել, որ այլևս չեն էլ զարմանում։

Այս թեմայով