04 Դեկտեմբեր 2014, 10:38
3711 |

Քոչար 13

Այսպիսի շենք Երևանում մի հատ է: Եվ այն բնակելի չէ, ավելի շուտ՝ պլանավորված էր որպես ոչ բնակելի, իսկ ավելի կոնկրետ՝ որպես արվեստանոց: Իսկ հիմա այնտեղ ապրում են, ավելի շուտ՝ ապրում և ստաղծագործում կամ ստեղծագործում ու ապրում: Նմանատիպ «բնակարաններում», նույն 4.5 մետրանոց առաստաղով ~35քմ-ում: Բայց ամեն մեկի համար այդ տարածքը մի ամբողջ կյանքն է՝ լի պատմություններով, հիասթափություններով և ուրախություններով: #PANphoto-ն լուսանկարել է Հրաչյա Քոչար 13 շենքի բնակիչներին և փորձել պարզել, թե ինչու է այդ տեղը նրանց համար այդքան թանկ:

Վահագն Համալբաշյան, նկարիչ
Տարածքն օգտագործվում է որպես արվեստանոց: Մոտ մեկ տարի է՝ այս տարածքում է, որովհետև հարմար է: Ամբողջ գիտակից կյանքը կապված է այս շենքի հետ: Որևէ կոնկրետ հիշողություն դժվարանում է մտաբերել, բայց սա հենց այն տարածքն է, որի մասին կարելի է անընդհատ խոսել ու անընդհատ ինչ-որ բաներ հիշել:

 


Գարեգին Եղոյան, Արսեն Կարապետյան, ճարտարապետներ

Յուրահատուկ վերաբերմունք ունեն տարածքում գտնվող արվեստանոցին: Այն մեծ պատուհան ունի, որից հետաքրքիր տեսարան է բացվում: Այստեղ շատ լավ է ստացվում մտածելը, ինչն արվեստագետի համար շատ կարևոր հանգամանք է: 1994-ից այստեղ են, ու երբ նոր էին տեղափոխվել, պատուհանին նույնիսկ ապակի չկար, ցելոֆանապատ էր: Հիշողությունները շատ են, ասում են՝ ինչ ստեղծել են, այս արվեստանոցում են ստեղծել:

 


Եվա Խաչատրյան, համադրող («Արտ Լաբորատորիա»)

Մոտ մեկ տարի է՝ տարածքը բաց հարթակ է, որտեղ տարբեր նախագծեր են իրականացվում, միաժամանակ նաև ստուդիա է: Մինչև այստեղ տեղափոխվելն այս շենքում եղել է 90-ականներին. «Գերմանիայից հյուրեր ունեինք, որոնք այս շենքում բնակարան էին վարձում»:

 


Հասմիկ Ավետիսյան, նկարչուհի

Տարածքը մայրիկից է մնացել, որը 7 տարի առաջ այստեղ նկարում էր: Կարծում է՝ նկարչության համար շատ հարմար է, դժվարանում է «նման լավ ստուդիաներ» Երևանում մտաբերել. «Այստեղ միայն լավ բաներ են կատարվում, միայն հետաքրքիր մարդիկ են գալիս՝ դեսպաններից սկսած, արվեստագետներով վերջացրած: Շուրջբոլորը հիշողություն է, այս տարածքի դուռը բացում ես ու ամեն ինչ հրաշքի է վերածվում, իսկական ճակատագրի նվեր է»:

 


Արմինե Հարությունյան, Սվետլանա Սարգսյան, Խաչատուր Ազիզյան, նկարիչներ

Տարածքը թե՛ արվեստանոց է, թե՛ բնակարան, թե՛ հավաքույթների տեղ: Ինչո՞ւ այստեղ. շենքի ամենաառաջին բնակիչներից են, Արմինեն ասում է՝ «ահավոր թույն շենք է, բոլորն արվեստագետներ են, արվեստի շունչ կա, ինչը մեծ նշանակություն ունի»: Ապա հիշում է՝ «Երբ փոքր էի, մեր այս արվեստանոցում էին Արշիլ Գորկու մասին ֆիլմը նկարահանում: Այդ մթնոլորտը շատ ոգևորիչ էր՝ ռեժիսորը, սցենարիստը, բոլորն այստեղ էին, պապս էլ Գորկու դերն էր խաղում»:

 


Արմեն Աթայան, նկարիչ

Նկարչի արվեստանոցն է: Ասում է՝ ինչ-որ տեղ պետք է արվեստանոց ունենար, իսկ շենքը տանը մոտ է: Սենյակը ստացել է, երբ շենքը շահագործման հանձնեցին, նշում է, որ ամբողջն իրենց անձնական գումարով են կառուցել: Իսկ պատմելու ոչ մի պատմություն չունի՝ գալիս, աշխատում է:

 


Սահակ Պողոսյան, արվեստագետ

Տարածքը արվեստի միջոցառումների կենտրոն է՝ թե՛ ստեղծագործական, թե՛ ցուցադրական: 1989 թվականին, երբ տեղափոխվեց, ամբողջ շենքը նախատեսված էր արվեստագետների համար՝ արվեստագետների կոոպերատիվ էր, մի շենքում բոլորին հավաքելու լավ առիթ էր: Այս շենքի ամենամեծ հիշողությունները հենց այս արվեստանոցի հետ է կապում, որովհետև հենց այստեղ է ծնվել Երևանում առաջին ցուցասրահի գաղափարը. «Բայց դա ընկերների նախաձեռնությունն էր, որովհետև արվեստանոցս բարեգործական հիմունքներով որոշ ժամանակով տրամադրել էր նրանց»:

 


Հրայր Լազյան, Աստղիկ Սարգսյան, ճարտարապետներ

Տարածքը բնակարան-ճարտարապետական ստուդիա է: Երկու ամիս է, ինչ այստեղ են՝ մթնոլորտի, միջավայրի համար: Այս ընթացքում մի դեպք է եղել՝ դուռը չէին կարողանում բացել, դրսում էին մնացել: Երկուսն էլ բանալի ունեին, բայց Հրայրն իրենը ճանապարհին կորցրել էր, Աստղիկինով էլ դուռը չէր բացվում: Ստիպված 911 են զանգել, փրկարարները եկել, դուռը կոտրել են, որ ներս մտնեն:

 


Աշոտ ու Արմինե Սնխչյաններ, ճարտարապետներ

Բնակարան-արվեստանոց է: Աշոտն ուսանող ժամանակ շենքում գտնվող Եղոյանի արվեստանոցում էր աշխատում, շրջապատը հավանել է, հետո այնպես ստացվեց, որ գնեցին արվեստանոցն ու արդեն 1,5 տարի այստեղ են ապրում: Հիշում են, որ վերանորոգման ժամանակ շինարարների խմբի ղեկավարը տրապը երկրորդ հարկի ամենաբարձր
տեղում էր դրել, ջուրը որ լցնում էր, բուրգի պես իջնում էր, ինչը շատ տպավորիչ էր:

 


Վահագն Ավետիսյան, նկարիչ

Այստեղ ապրում է, մի փոքր հատվածն էլ նկարելու համար օգտագործում: 80-ականների վերջին, երբ դիպլոմայինի վրա էր աշխատում, որ գնալ-գալու վրա ժամանակը զուր չվատնի, տեղավորվեց այստեղ, հետո ամուսնացավ ու կնոջ հետ սկսեցին այստեղ ապրել: Սենյակի պատուհանի շրջանակը սարքելիս, երբ ապակին ամրացնում էր, մեխելիս թխկթխկացնում էր, հարևան Գարիկը, պարբերաբար հարցնում էր, թե երբ է վերջացնելու, ինչին պատասխանում էր՝ «հեսա, Գարիկ ջան, էս 100 հատն էլ մեխեմ, ու վերջացնում եմ»... «հարևանություն էինք անում»:

 


Արա Հովհաննիսյան, գեղանկարիչ

Տարածքն օգտագործում է որպես բնակարան-արվեստանոց: Շենքում բնակարան-արվեստանոց կառուցելու մտահղացումը դեռ վաղուց է ունեցել, նախորդ տարի մեծ ջանք գործադրելուց հետո կարողացել է կյանքի կոչել այն: Սկզբում մի փոքր անսովոր էր, որովհետև ամբողջովին արվեստանոցային միջավայր է, բայց ժամանակի ընթացքում համակերպվել է: Սիրում է աշխատել ընտանիքի ներկայությամբ, որ տուն գնալ-գալու խնդիր չլինի: Ամենից շատը կարևորում է շենքում տիրող արվեստի մթնոլորտը, երբ ընկերներով հավաքվում, ինչ-որ թեմաներ են քննարկում:

 


Գետիկ Բաղդասարյան, քանդակագործ

Տարածքը քանդակագործական արվեստանոց է: 1982-ին որպես կոոպերատիվ արվեստանոց է ստացել, ասում է՝ առաջին հարկն աշխատելու համար հարմար է: Հիշում է՝ այստեղ մի մեծ քար է բերել, որից Համո Սահյանի քանդակն է տաշել, հետո տարել, տեղադրել է:

 


Անի ու Էմմա Հարությունյաններ, արվեստաբաններ

Ցուցասրահ է: Ասում են՝ «սիրտներս կպավ, ուզում էինք, հենց այստեղ գալ, որ այնպիսի տեղ լինի, որտեղ նաև արվեստանոց կունենանք»: Հիշում են, որ երբ երկու ամիս առաջ նոր էին տեղափոխվում, 10-15 հոգով ամբողջ գիշեր չեն քնել ու կարգի են բերել տարածքը:

 


Ստեփան Եղիազարյան, ճարտարապետ

Ճարտարապետական արվեստանոց է: 2012-ից այստեղ է, տեղը հարմար է: Դժվարանում է միանգամից ինչ-որ կոնկրետ արտառոց դեպք մտաբերել:

 


Սարգիս Համալբաշյան, գեղանկարիչ

Տարածքն օգտագործում է որպես արվեստանոց: Հարցին, թե ինչու է այստեղ, պատասխանում է՝ «այսքանը կարողացա, ավելին կարողանայի, ավելին կանեի»: Շենքում արդեն 26 տարի է, բայց հիշողությունները ջնջված են:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N 11, 2014

Այս թեմայով