05 Նոյեմբեր 2014, 11:06
1369 |

Մի երթուղային երևանցիներ

Հաղորդավար, երգիչ ու պրոդյուսեր Գրիշա Աղախանյանը պատմում է բակի ու մանկապարտեզի, Լոսում բնակվող ու Երևանի մասին երազող ծերունու, միջբակային թունդ կռիվների և այլնի մասին:

Ծնվել եմ Սոչիում, բայց միանգամից Երևան ենք տեղափոխվել, այնպես որ մանկությանս տարիներն այստեղ են անցել: Մեծացել եմ «Նաիրի» կինոթատրոնի դիմացի մայթի բակում, այնտեղ, որտեղ հիմա «Սմակն» է:
Այդ նույն բակում էր գտնվում Նելսոն Ստեփանյանի անվան մանկապարտեզը, ուր հաճախել եմ: Ծնողներիս համար ինձ տանել-բերելն էր շատ, ինձ համար էլ հարմար էր, երբ փախչում, հանգիստ տուն էի գալիս:
Բակն ու մանկապարտեզը այսօր էլ կան, ու ամեն անգամ մեքենաս կայանելիս անկախ ինձնից հիշում եմ՝ ինչպես էինք ավտոտնակների վրայով վազում, մինչև գիշեր բակում խաղում՝ մայրիկս չէր կարողանում ինձ տուն տանել: «Լավ էլի՜, մամ, մի քիչ էլ խաղամ»՝ ինձ բնորոշ այս նախադասությունը նույնիսկ Top 10 of Rabiz–ի մեջ ընդգրկվեց: Ավտոտնակից էլ եմ ընկել, ռադիատոր է ոտքիս ընկել՝ նորմալ երևանյան մանկություն եմ ունեցել:
Մեր տան պատշգամբից հաճախ եմ նայում՝ չհաշված մի քանի նորակառույց շենքերի, մեր տարածքում քիչ թե շատ ամեն ինչ նույնն է: Փոխվել են մեր քաղաքում ապրող մարդիկ: Շատերը մահացել են, մյուսները հեռացել են:
Չգիտեմ՝ այսօր բակային կռիվներ լինում են, թե ոչ՝ մեր ժամանակ շատ-շատ էին: Թասիբը մեզ համար չափազանց կարևոր էր՝ կինո «Նաիրին» գնում էր «Կոնսի» հետ կռվելու, «Կոնսը»՝ Կոնդի բակի հետ: Դրվածքը լուրջ էր՝ մեր թաղի պատիվը պիտի բարձր պահեինք:
Չեխովի անվան դպրոցն եմ ավարտել: Ծնողներս բանասերներ էին, մեր ընտանիքն էլ ռուսախոս էր, այնպես որ պիտի ընդունվեի կա՛մ Պուշկինի, կա՛մ Չեխովի անվան դպրոց: Այնպիսի միջավայր էր շուրջս, որ ոչ թե սիրում էի սովորել, այլ պարզապես ամոթ էր, որ մի բան չիմանայի կամ լավ չպատասխանեի:
Մայրիկիս ցանկությամբ ընդունվեցի բժշկական ինստիտուտ՝ ստոմատոլոգիական ֆակուլտետ: Հինգ տարի սովորելուց ու բանակում ծառայելուց հետո սկսեցի աշխատել: Տրամադրել էի ինձ, որ պիտի աշխատեմ որպես ստոմատոլոգ, մայրիկիս չէի ուզում հիասթափեցնել, այդպես էլ եղավ: Բայց 92-94 թվականներն էին, ամիսներով սպասում էի, հիվանդ չկար ու նույնիսկ, եթե որևէ մեկը գալիս էր, վճարունակ չէր: Որոշեցի վերջնականապես թողնել բժշկությունը:
Յոթ տարի սովորել եմ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում: Գամմաներն ու սոլֆեջիոները չէի սիրում, բայց սիրում էի նվագել Մենդելսոն, Բեթհովեն: Լավ ավարտեցի, դասատուս գոհ էր: Այդ տարիներին նույնիսկ ջազային տրիո ունեի:
«Մետրո» թատրոնի հիմնադիրներից եմ: Վիգեն Ստեփանյանի ղեկավարությամբ Ֆորշի, Շուշան Պետրոսյանի, Աննա Էլբակյանի, Աննա Թումանյանի, Մուրադ Ջանիբեկյանի, Տիգրան Ոսկանյանի ու էլի շատ տաղանդավոր մարդկանց հետ 1988 թվականից մոտ չորս տարի աշխատեցինք թատրոնում: Հզոր դպրոց էր ինձ համար:
Շուշան Պետրոսյանի միջոցով ծանոթացա Արթուր Գրիգորյանի հետ ու ընդունվեցի Երգի պետական թատրոն: Մոտ երկու տարի էլ այնտեղ աշխատեցի: Երբ դուրս եկա թատրոնից, անորոշ վիճակ էր, վախ կար՝ ինչպես ենք ապրելու: Բնավորությանս մեջ կա այդ գիծը, որ սովորում եմ ինչ-որ բանի, ուզում եմ միշտ էլ այդպես մնա: Բայց կյանքը շարունակվում էր, ու հենց այդ ժամանակ էլ ծանոթացա «Նոր հայերից» Արթուր Ջանիբեկյանի հետ ու սկսեցինք աշխատել Top 10 of Rabiz նախագծի վրա: Շրջագայություններից մեկի ժամանակ, երբ ԱՄՆ մեկնեցինք, մնացի այնտեղ:
Այս ողջ ընթացքում տարին մի քանի անգամ Երևան էի գալիս, բայց երեք-չորս տարի առաջ, երբ ինքս ինձ համար վերջնականապես որոշեցի, որ պիտի Երևան վերադառնամ ու մշտական բնակություն հաստատեմ այստեղ, ամենակարևոր պատճառների թվում էր բակս, փողոցս, տունս, անգամ ճռճռան մահճակալս:
Top 10 of Rabiz-ը ոչ գլուխգործոց է, ոչ էլ գիրք, որ հետք թողնի, բայց այդ տարիներին, իսկապես շատ մարդկանց է օգնել: Ինձ մի անգամ Եվրոպայում բնակվող մի զույգ ասաց, որ Top 10 of Rabiz-ի շնորհիվ չեն բաժանվել ու Երևան են վերադարձել: Դա ամենամեծ գնահատականն ու շնորհակալությունն էր ինձ համար:
Քանի որ պարբերաբար հայրենիք էի գալիս, որևէ փոփոխություն ինձ չզարմացրեց կամ շոկի չմատնեց: Միակ բանը, որ մինչև այսօր էլ ինձ անհանգստացնում է՝ մարդկային կոպտությունը, անազնվությունն ու հանդգնությունն է, ինչը այստեղ շատ հաճախ է հանդիպում:
Չեմ ուզում, որ երևանցիները գոյատևեն, ուզում եմ, որ ապրեն: Հենց դա է բերում մարդկանց նախանձության և չարության: Եթե մարդիկ լավ ապրեն, կճանապարհորդեն ու ավելի մեծ սիրով Երևան կվերադառնան:
Մի անգամ Մալխասն ասաց՝ «Մի շքամուտք Երևանցի ա մնացել: Չէ՝ մի երթուղային մեքենա»:
Այնպիսի լավ երիտասարդություն ունենք. մեկ-մեկ հանդիպում եմ շատ տաղանդավոր երեխաների, կրթված ու դաստիարակված, մեծ հույսեր եմ կապում նրանց հետ: Հավատում եմ, որ դեռ ժամանակ կա, ու գնալով ամեն ինչ լավ կլինի:
Բնականաբար, մեզ ավելի հոգեհարազատ են մեր երիտասարդության տարիները, ասում ենք՝ այն ժամանակ լավ էր: Նույնը կասեն այժմյան երիտասարդները 20 տարի հետո, դա սերունդների մշտական խնդիրն է:
Երբ մայրս եկավ ինձ մոտ ԱՄՆ, նախապես իմանալով պատասխանը հարցրեցի՝ «Մամ, կմնա՞ս»: Ասաց՝ «Երբեք»: Երևանում մի մթնոլորտ կա, որ անհնար է փոխել նույնիսկ ամենաբարգավաճ ու ապահովված երկրի հետ: Մայրս արդեն ուրիշ արժեքներ ունի՝ իր ուսանողները, հարևանները, հարազատները, քաղաքը, այդ ամենը անհնար է թողել: Նույնն էլ ինձ մոտ է՝ ԱՄՆ-ն զիլ երկիր է, շատ ընկերներ ունեմ այնտեղ, բայց երբեք ոչինչ չեմ փոխի Երևանի հետ:
Մի քանի օր առաջ ֆուտբոլ էի դիտում, մերոնք խփեցին, ու ես բռնացրի ինձ այն պահին, երբ իսկապես հուզվել էի, լավ էր կողքս մարդ չկար: Այդ պահին հասկացա, թե ինչքան եմ կապված Երևանի հետ: Բավական է մի փոքր հպարտանալու առիթ լինի ու շունչս կտրվում է, ուրախանում եմ, որ երևանցի եմ:
Լոս Անջելեսում մի մեծահասակ հայ էր ապրում: Որդին բավական հարուստ էր, սիրելի մարդկանց շրջապատում էր ապրում, մեծ տուն ուներ, բայց խեղդվում էր, ուզում էր Երևան վերադառնալ: 20 տարի Երևանում չէր եղել ու ոչինչ չէր ուզում բացի հայրենիք վերադառնալուց: Ասում էր՝ «Ուզում եմ իջնեմ, բեսեդկայում նստեմ»:
Քրիստ Մանարյանի «Զբոսանք Երևանով» երգը, որ Ֆորշն է կատարում, իմ ամենասիրելիներից է: Լոսում ընկերներով հավաքվում էինք ու ամեն անգամ հուզվում այս երգը լսելիս, միայն մեկ բան էինք այդ պահին ուզում՝ վերադառնալ:
Իհարկե, նկատում եմ Երևանում տեղի ունեցող խնդիրները, իհարկե, դրանք ինձ նյարդայնացնում են, բայց տարիների ընթացքում ավելի իմաստուն ես դառնում ու փորձում ես ավելի շատ նկատել ու տեսնել լավը: Փնովելը միշտ էլ ավելի հեշտ է, պետք է կարողանալ գտնել դրականը:
Գլոբալ առումով չեմ ուզում հավատալ, որ հատուկ ինչ-որ բաներ են արվում, որ Երևանում ամեն ինչ վատ լինի: Գուցե միամիտ եմ, բայց չեմ հավատում, որ մենք բոլորս այնքան խելոք ենք, իսկ կառավարությունում բոլորը հիմար են:
Երևանը հասուն, իմաստուն, 80-ին մոտ բարի պապիկ է, որ լիքը բան է հասցրել տեսնել ու կյանքի մեծ փորձ է կուտակել:
Երբ ասում ենք «երևանյան», այդ բառի իմաստը պապիկիս մեջ է ամփոփված: Մեծ ուշադրությամբ հետևում էի, թե ինչպես է խոսում մարդկանց հետ, ինչպես է ողջունում նրանց, երբ կինը սենյակ էր մտնում, նա կանգնում էր, երբ փողոցում աղբ էր տեսնում, աղբամանն էր նետում: Կուզեի, որ մարդկանց, քաղաքի վերաբերմունքը այսպիսին լիներ: Իր միջոցով եմ տեսնում իսկական երևանցուն, որ շատ է սիրում իր քաղաքն ու իսկական ընտանիք է պահում, որն էլ, իր հերթին, քաղաքի ու երևանյան մշակույթի մի մասնիկն է կազմում:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N 11, 2014

 

Այս թեմայով