04 Նոյեմբեր 2014, 11:51
2649 |

Հին, բարի, ութ բիտանի

Ծրագրավորող Նորայր Չիլինգարյանը ավելի քան 25 տարվա ընթացքում աշխատել է տասնյակից ավելի համակարգիչների վրա, որոնցից ոչ մեկը հետագայում դեն չի նետել, ավելին, մինչ օրս հավաքում է այլ ռետրո համակարգիչներ՝ խորհրդային «Միկրոշայից» և բուլղարական «Պրավեցից» մինչև առաջին «Պենտիումները»:

Սարքիր ինքդ
Առաջին համակարգիչը մեր տանը հայտնվեց ութսունականների վերջում, 87-ին, եթե չեմ սխալվում։ Պապս էր ձեռք բերել, նա շատ էր հետաքրքրվում էլեկտրոնիկայով, համակարգիչներով մասնավորապես։ Ռադիոսիրող էր, ու «Ռադիո» ամսագրի համակարգչային բաժնին էլ էր հետևում, որում 86-ին տպագրվեց «Ռադիո-86ՌԿ» համակարգչի նախագիծը։ Ռադիոսիրողները կարող էին ձեռք բերել մոտ երեսուն մի կրոչիպ, պատրաստել տպասալերը, ստեղնաշարը և ստանալ իրական, գործող տան համակարգիչ։ Ցավն այն էր, որ այդ միկրոսխեմաներից մի քանիսը դժվարությամբ էին ճարվում նույնիսկ Մոսկվայում։ Լավ է, բարձր պահանջարկի շնորհիվ, Ռադիո-86ՌԿ-ի մի քիչ լավացված տարբերակը որոշ ժամանակ անց արտադրվեց ավելի լայն զանգվածի համար. այն կոչվում էր «Միկրոշա»։ 

Մի օր եկա դպրոցից տուն և տեսա ինչպես հայրս ու պապս ինչ-որ գործ են անում։ Իրենց կողքին ստեղնաշար կար, որից ելնող լարերը մի անում էին հեռուստացույցին ու ձայնագրիչին։ Իրենք մեկ նայում էին էկրանին, մեկ մեծ չափս ունեցող գրքի մեջ և դանդաղ, տառերը փնտրելով, ինչ-որ բան էին հավաքում ստեղնաշարի վրա։ Դա իմ «Միկրոշան» էր՝ առաջին համակարգիչս։ Չնայած դա ամե նաէժան համակարգիչն էր, այն իրականում շատ թանկ էր՝ մոտ 300 ռուբլի, այսինքն՝ սովորական մարդու երեք ամսվա աշխատավարձ։ Մնացած համակարգիչներն անհամե մատ ավելի թանկ էին։ «Աթարիներն» արժեին մոտ 2-3 հազար ռուբլի, իսկ IBM համատեղելի համակարգիչների գինը հասնում էր 25-30 հազարի։

«Միկրոշան» շատ պրիմի տիվ էր. 32 կիլոբայթ օպերատիվ հիշողություն ուներ, չուներ գրա-ֆիկական հնարավորություններ, մի այն տառաթվային էր «վիդեոքարտը» կամ, ավելի ճիշտ, չճարվող վիդեո չիպը (մարդիկ սովորել էին այդ չճարվող մի կրոսխեման փոխարինել ևս մի երեսուն այլ էլեմե նտներով Ռադիո-86ՌԿ հավաքելիս)։ Պրոցեսորն էլ KP580 մակնիշի խորհրդային մի չիպ էր, որը պարզապես պատճենված փակցված էր ամերիկյան intel8080 չիպից։

Կլոնավորում սովետական ձևով 
Առհասարակ, սովետական համակարգիչների մասին շատ է խոսվում, բայց ես դրանք հիշելով, պիտի խոստովանեմ, որ մեղմ ասած՝ առանձնապես հպարտանալու բան չկար։ Քիչ է արևմուտքում տան համակարգիչների «բումը» դեռ յոթանասունականների վերջում էր սկսվել, իսկ մեզ հասավ նոր իննսունականների սկզբին, բացի դրանից սովետական արտադրանքը առանձնահատուկ անորակ էր՝ և՛ ստեղնաշարերն էին անհարմար, վատ աշխատող, անդուր ձայներ հանող, և՛ սովորաբար արտաքին սնուցման բլոկներն էին մեծ և ծանր, և՛ ձայնային ու գրաֆիկական հնարավորություններն էին անհամեմատ ավելի թույլ (եթե կային առհասարակ), և՛ խաղերն էին խղճուկ, վատ գրաֆիկայով, դանդաղաշարժ։ Իսկ ինչպիսին էր իմ հիասթափությունը, երբ հիմա, համացանցի դարաշրջանում ես հայտնաբերել եմ, որ սովետական խաղերի զգալի մասը պարզապես որոշ արտասահմանյան խաղերի ռուսիֆիկացված տարբերակներն էին՝ ռուսական ընկերությունների լոգոներով։ Դրանք էլ՝ թույլ, «բեյսիկ» ծրագրավորման լեզվով գրված խաղեր էին, քանի որ դրանց կոդը ավելի հեշտ էր փոփոխել։

Համակարգիչը տանը
«Միկրոշայի» կոմպլեկտում, ինչպես և այլ համակարգիչների հետ, լինում էր մեկ մագնիսական ժապավեն (ծրագրերն այն ժամանակ ընդունված էր սովորական աուդիո ձայնագրիչի «կասետների» վրա պահել, դա համեմատաբար էժան ձև էր), որի վրա գրված էր մի քանի խաղ, երաժշտություն գրելու համար «խմբագրիչ», և «Բեյսիկի դասեր»։ Նոր, այլ ծրագրեր գտնելը փաստացի անհնար էր։ Խաղերից շատ շուտ հոգնեցինք, համակարգչի երաժշտական հնարավորությունները անիմաստ էին դարձնում մի քիչ բարդ երաժշտություն, ասենք՝ Բախ ներմուծել, քանի որ «սաունդ չիպը» մի աժամանակ ընդամենը մեկ ձայնային ալիք, մեկ վնգստոց էր կարողանում արձակել, իսկ Բախի համար երեք ալիքն էլ էին քիչ։ Բեյսիկի դասերից էլ բան չէի հասկանում։

Հավաքածուից. ժամանակին համա- կարգչային ծրա- գրերի կրիչները ժապավենային կասետներն էին
Հավաքածուից. ժամանակին համակարգչային ծրագրերի կրիչները ժապավենային կասետներն էին

Բարև, սառնարան
Սկսեցինք արտագրել «Ռադիո» ամսագրում տպված ծրագրերի կոդերը, որպեսզի նոր խաղեր և ծրագրեր ունենանք։ Դա ջանջալ գործ էր, պետք էր, օրինակ, անհասկանալի թվերի աղյուսակներ ներմուծել։ Հետագայում այդ թվերը դարձան հասկանալի։ Դա այսպես կոչված «մեքենայական կոդն» էր, իսկ «բեյսիկով» գրված ծրագրերը գոնե հնարավոր էր ներմուծելիս կարդալ և կռահել, թե այս կամ այն տողը ինչ է նշանակում։ Վերջիվերջո, ծրագրերը, որպես կանոն, չէին աշխատում, Ռադիո-86ՌԿ-ի և «Միկրոշայի» չնչին տարբերությունների պատճառով։

Այսպիսի ծրագրեր հավաքելով ես սկսեցի հասկանալ ծրագրավորումը մոտավորապես ինչի մասին է, ու առաջին ծրագիր գրելու փորձերս արեցի։ Եթե մարդու առաջին ծրագիրը սովորաբար «Բարև աշխարհ» արտատպող կոդն է, ապա իմ առաջին ծրագիրը «Անունդ ի՞նչ է» հարցնող կոդ էր։ Ես այդ հատվածը մի ծրագրի մեջ էի տեսել։ Հետո ներմուծված պատասխանը հիշվում էր որոշակի փոփոխականի մեջ, և այն հնարավոր էր տպել էկրանին, ասենք՝ «Բարև, սառնարան» կամ «Բարև, Տիգրան»՝ կախված պատասխանից։ Պարզ էր դառնում, որ ներմուծված տողը համակարգիչը պահում էր «փոփոխականի» մեջ, և արտատպում դրա պարունակությունը։ «Ահա՛ թե ինչ է փոփոխականը, դրա արժեքը հնարավոր է փոփոխել», — հասկանում էի ես: Գուցե դա է պատճառներից մեկը, որ ես շատ եմ գնահատում բաց կոդով ծրագրերը՝ ելատեքստը կարելի է կարդալ և սովորել։

Իսկ «սովորական» մարդկանց համար, ովքեր շատ խորացող չէին, ու «Ռադիո» ամսագրեր չունեին, «տան համակարգիչ» ունենալը բավական չէր սովորելու համար։ Համակարգիչները մարդկանց ավելի շատ կրակն էին գցում, քան հաճույք պատճառում։ Ծրագրեր գտնելն անհնար էր, և, որպես կանոն, երբ եղած «կասետը» ձանձրացնում էր, համակարգիչները գտնում էին իրենց տեղերը պահարանի դարակում, իսկ երեխաները վերադառնում էին խաղալիքներին։

Աչքից հեռու
Հետաքրքիր է, որ ծնողներս ևս մի կիրառություն գտան մեր «Միկրոշային»՝ իրենց ձեռքի տակ ընկած թռուցիկները թվայնացնում էին (տեքստը հավաքելով), պահպանում էին համակարգչի հիշողության մեջ, և պահում էին մագնիսական ժապավենների՝ «կասետների» վրա։ Իրոք, եթե մեզ մոտ խուզարկում անեին, իրենց մտքով չէր անցնի, որ ժապավենների վրա թռուցիկներ են գրված։ Չէին էլ իմանա, ինչպես կարելի է այդ ժապավենները կարդալ, ներմուծել համակարգչի մեջ։ Դրա համար պահանջվում էր ձեռնարկի մի քանի էջ կարդալ։ Հետո իմացա, որ նման պատմություն, պարզվում է, եղել է Մոսկվայում ապրող մի դիսիդենտի հետ։ Նա իր տեքստերը գրում, խմբագրում էր համակարգչի օգնությամբ, իսկ պահում՝ դիսկետների վրա։

Այսպիսով, երբ այդ դիսիդենտի տանը ԿԳԲ-ն խուզարկում էր անում, հատուկ ծառայության սպան տեսնելով դիսկետների տուփը՝ հարցրեց տան տիրոջը. «Իսկ սա ի՞նչ է»։ «Սրանք դիսկետներ են համակարգչի համար», — պատասխանեց վախեցած դիսիդենտը։ «Ահ, պարզ է» — հանգստացավ սպան և մի կողմ դրեց տուփը։

Դիսկետներ ընթերցող համակարգիչները անհամեմատ ավելի հարմար էին միայն ժապավեն կարդացողներից։ Ժապավենը պետք էր ինքնուրույն պտտել, գտնել որտեղ է ծրագիրը։ Այդ գործում օգնում էին «հաշվիչներով» ձայնագրիչները, և մարդիկ կասետի պատյանի թղթի վրա գրում էին, թե որ ծրագիրը որ վայրկյանին է սկսվում։ Իսկ ֆլոփի ընթերցիչ ունեցող համակարգիչը ինքն էր պտտում դիսկետը. առհասարակ դա էր առաջին օպերացիոն համակարգերի հիմնական գործը՝ սկավառակներ պտտելը։

Տերմի նատորի բարեկամը
Սովետում համակարգիչների մասին գրականության պակաս էր զգացվում։ Երբեմն տպվում էին արևմտյան լավագույն գիտնականների ընտրյալ գործերը, բայց չկային պարզ ուղեցույցներ և ձեռնարկներ։ Միայն հիմա, ինտերնետն օգտագործելիս ես տեսնում եմ համակարգիչներին նվիրված ինչքա՜ն հետաքրքիր
ամսագրեր կային արտերկրում, որ մեզ չէին հասնում։ Այնտեղ և՛ հնարամի տ ձևեր, և՛ ալգորիթմեր էին տպում, և՛ ծրագրերի տպատեքստեր (լիսթինգներ) կային։

Լավ է, մոտ մի տարի՝ 89-90 թվերին, մեզ հասնում էր լեհական «Համակարգիչ» ամսագրի ռուսերեն խմբագրությունը։ Այնտեղ ես կարդացի՝ ինչպես «Աթարիի» տառատեսակը փոխել, ռուսիֆիկացնել, և ընդհանուր գաղափարը հասկանալով, կարողացա հայերեն տառատեսակներ պատրաստել իմ երկրորդ՝ «Պրավեց-8Դ» համակարգչի համար։ Այն հաջողվել էր ձեռք բերել օգտագործած և համե մատաբար էժան։ «Պրավեցը» բրիտանական «Օռիկ Աթմոս» համակարգչի բուլղարական կլոնն էր։ Անհամե մատ ավելի որակով էր խորհրդային տեխնիկայից։ Ստեղնաշարը՝ հարմար, հաճույք էր դրանով տեքստ կամ ծրագիր հավաքելը։ Ավելի նման էր ժամանակակից լափթոփների ստեղնաշարերին։ Իսկ ի՜նչ հավես կտկտոց էր հանում համակարգիչը ստեղները սեղմե լիս։ «Պրավեցն» ուներ սահմանափակ, բայց գրաֆիկական հնարավորություններ՝ 240x200 պիքսել գրաֆիկական ռեժիմ և ութ գույն։

Գույներ օգտագործելու առաջին փորձերից մեկն էր մի ծրագիր, որ եռագույն էր նկարում, և «Ինչու է աղմկ ում գետը» ֆիլմի երաժշտությունը կատարում։ Այն ժամանակ եռագույն դրոշը դեռ ՀՀ դրոշ չէր, ՀՀ-ն էլ չկար, կար ՀՍՍՀ, իսկ այդ երաժշտությունը հնչում էր հավաքներին։ Այսպիսով, նման ծրագիր աշխատեցնելը լրիվ անհնազանդության նշան էր։ Փորձեր էի անում նաև ձայնային հնարավորությունները կիրառելով։ Իմ նոր համակարգչի ձայնային չիպը կարողանում էր միաժամանակ երեք ձայն հանել։ Մայրիկին խնդրում էի, որ բարդ երաժշտական գործերը ինձ համար պարզեցնի երեք «ալիքի» համար, որ այն ծրագրավորեմ ու «երգացնեմ» համակարգչով։

«Պրավեցի» պրոցեսորը ութ բիթանի nmos6502-ն էր։ Դրա մեքենայական լեզուն իմ համակարգչային «մայրենի» լեզուն է դարձել։ «Տերմինատորում», երբ ռոբոտը տարբեր տառեր և նիշեր է տեսնում էկրանին. դա հենց իմ իմացած 6502-ի լեզուն էր։ Այսպես իմացա, որ «Տերմի նատորը» իմ համակարգչի բարեկամն է։

Համայնք
Այդ ժամանակ ես ունեի մեծ խնդիր. համակարգիչներ ունեցողներն առանց այդ էլ քիչ էին, և այդ համակարգիչները բոլորը իրար հետ համատեղելի չէին։ Մեկի մոտ «Աթարի» էր, մյուսի՝ «Վեկտոր», մյուսի՝ «Սփեքթրում»: «Սփեքթրումը» դեռ քիչ թե շատ տարածված էր ու մատչելի, այդ պատճառով ես դրա մասին երազում էի։ Փաստորեն, Երևանում ոչ մի ծանոթ չունեի, ում հետ կարող էի իմ գրած ծրագրերով կիսվել։ Չէի կարող ասել՝ վերցրու այս կասետը, տար տանդ նայիր ինչ եմ արել։ Դա ինձ շատ էր նեղում։

Իննսունականների սկզբից որոշակի ստանդարտ էին դառնում IBM-ը և ԴՕՍ-ը, բայց այդպիսի համակարգիչ ունենալը մե ր ընտանիքի համար անիրատեսական էր: Բայց հիմա ուրախ եմ, որ ես աշխատել եմ ավելի սպարտանյան պայմաններում, դա ինձ համար շատ լավ դպրոց էր։ Հպարտությամբ նշում եմ 6502-ի իմացությունը սիվիներիս մեջ, դա ինձ թվում է շատ կարևոր և «թույն», սակայն երևի թե, որպես կանոն, չգնահատված գիտելիք։

Ի դեպ, ռադիոսիրողները այն ժամանակվա չաթ անողն էին. պապս ռադիո եթեր դուրս գալու արտոնագիր ուներ, շփվում էր աշխարհի տարբեր ծայրերում սփռված այլ ռադիո սիրողների հետ։ Եվ աշխարհի զանազան երկրներից բացիկներ էր ստանում իր «առցանց» ընկերներից։ Բայց ազատ շփում չէր դա, այդ
ալիքները ԿԳԲ-ն լսում էր, ու հայ ռադիոսիրողները շատ զգույշ էին իրենց արտահայտություններում։

Խաղ իմացյալ՝ անմահություն
Այն ժամանակվա հոբիս էր դարձել «խաղ կոտրելը»։ Դրա համար պետք էր ծրագրի մեջ գտնել կյանքերի հաշվիչը և այն գործողությունը, երբ ծրագիրը պետք է կյանքերի թիվը պակասեցնի, փոխել մեկ ուրիշ գործողությամբ։ Այսպես ես ձեռք էի բերում «անմահություն» և առանց խոչընդոտների հասնում էի ամենավերջին լևելը՝ հետաքրքիր էր, ի՞նչ է այնտեղ։ Այդ խուժանությունը շարունակվում էր մինչև ձեռքս արդեն «կոտրված» խաղ չընկավ։ զգացի, ինչ անհետաքրքիր է այդպես խաղալը։ Ծնողներս էլ չէին հավատում, որ ես կարողանում եմ անմահություն ձեռք բերել, մինչև մի օր ականատես դարձան, ինչպես ես մի քանի րոպեում կյանքերի հաշվիչն էի գտել և «չեզոքացրել» այն։ Բախտս էր բերել կամ վարժվել էի։

Հռչակավոր «Արկանոիդը»՝ Yamaha MSX 2-ի վրա
Հռչակավոր «Արկանոիդը»՝ Yamaha MSX 2-ի վրա

Հավաքածու
Իմ ռետրո համակարգիչների հավաքածուի առաջին անդամներն էին միայն իմ համակարգիչները՝ «Միկրոշան», «Պրավեցը» և «Սփեքտրում» համատեղելի մի խորհրդային կլոն։ Հին ժամանակ անմատչելի, բայց գլուխգործոց մեքենաները դարձան մարդկանց անպետք, դրանք կամ աղբ էին նետում կամ շատ էժան գներով վաճառում։ Այդ ժամանակ էլ հավաքածուս սկսեց համալրվել։ Դա կարելի է համեմատել նրա հետ, ինչպես ԱՄՆ-ում մարդիկ հին գլուխգործոց ավտոմեքենաներ են պահում, հավաքում, խնամում։ Ինձ համար ռետրո-քոմփյութինգը բոլորովին նոստալգիայի մասին չէ։ Խոսքը, նախ և առաջ, գնում է պատմության մասին։ Մի պատմաբան ասում էր՝ եթե պատմություն չգիտես, ոնց որ երեխա լինես, որին հեշտությամբ կարելի է խաբել։

Իրոք, օրինակ, 32 բիթանի «Աթարիների» մեջ եղած motorola 68k պրոցեսորները շատ հետաքրքիր կառուցվածք ունեին, որը թույլ էր տալիս ծրագրավորելիս գեղեցիկ լուծումներ տալ։ Իսկ հիմա այդպիսի լուծումներ չենք անում։ Սա իմանալը կարևոր է։ Ռետրո-քոմփյութինգը ինչ-որ չափով նման է հիփսթեր մշակույթին. նորաձևությանը հետևելու փոխարեն հիփսթերները նախընտրում են հին և օգտագործված իրեր ձեռք բերել, և դրանք համադրելով ակամա ստանում են փախած և լրիվ նոր ոճ։

Այդպես էլ համակարգիչների պարագայում։ Այսօրվա հիփսթեր ծրագրավորողները այդ նույն հին համակարգիչների համար գրում են ժամանակակից ծրագրեր, օրինակ՝ համացանցի բրաուզերներ կամ չաթ ծրագրեր, ավելի լավ խաղեր կամ «դեմոներ», քան, օրինակ ութսունականներին։

Մինասի ինքնանկարը՝ ութ գույն ունեցող ռետրո համակարգչի ֆորմատով
Մինասի ինքնանկարը՝ ութ գույն ունեցող ռետրո համակարգչի ֆորմատով

Նորիկի պատկերասրահը
Դեմոները ռետրո համակարգիչների մշակույթի անբաժան մասն են, չնայած արվում են և ժամանակակից համակարգիչների համար։ Դա ինչ-որ ապշեցնող անիմացիա է, որ պիտի ծրագրավորես, որը պետք է կատարվի որպես ծրագիր, այլ ոչ թե նվագարկվի։ Սա առավել ևս տպավորիչ է, երբ քամում ես
թույլ համակարգիչների հնարավորությունները։ Մարդու հավատը չի գալիս, որ, ասենք, այս երկաթը կարող է այդպիսի բան անել։ Իհարկե, սա ուղեղի համար հավես խաղ է, արվում է արագ ալգորիթմներ գտնելով, նոր լուծումն եր տալով։ Ես էլ չկարողացա այդ շարժումից հեռու մնալ և երկուհազարականներին սիրում էի մասնակցել մեկ կամ չորս կիլոբայթանոց խաղեր գրելու մրցույթներին։

Այդ ժամանակ նաև տարված էի սյուրռեալիզմով, ու մտածում էի՝ ինչպե՞ս ցուցադրել Մագրիթի նկարները ութ գույն ունեցող իմ ռետրո դարձած համակարգչի վրա։ Եվ մի նախագիծ արեցի, որի արդյունքում հրապարակեցի Ռենե Մագրիթի երկու հարյուր նկար՝ այդ համակարգչի ֆորմատով։ Այս գործի մասին գրեց ֆրանսիական Club Europe Oric ամսագիրը։ Հոդվածը կոչվում էր՝ Le Gallerie de Norik: Եվ հետագայում շատ համարների շապիկին իմ ստացած նկարներն էին տեղադրում։

Հետո այդ նույն ձևով պատրաստեցի Մինաս Ավետիսյանի, Ռուդոլֆ Խաչատրյանի նկարների հավաքածու թույլ համակարգչի համար և նույնիսկ ամառային դահլիճի լուսանկարների՝ պատրաստվում էի մի օր սեփական դեմոյի մեջ օգտագործել։ Սա հավես խնդիր էր ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր. օրինակ՝ ութ գույն ունենալով, ինչպե՞ս դարձնել համակարգիչը գրավիչ կամ ինչպե՞ս ցույց տալ լուսանկար կամ արվեստի գործ։

Այն ժամանակ
Ես հաճախ մեջբերում եմ մի գրողի փոփոխված խոսքերը, որ ութ բիթանի համակարգիչների ժամանակն այն ժամանակն էր, երբ տղամարդիկ իսկական տղամարդիկ էին, կանայք՝ իսկական կանայք, իսկ փռչոտ էակները Ալֆա-Կենտավրոսից՝ իսկական փռչոտ էակներ էին Ալֆա-Կենտավրոսից։ Բոլորը, երևի գիտեն «Սուպեր Մարիո» խաղի մասին։ Բայց քչերը գիտեն, որ Մարիոն իր ամբողջ գրաֆիկայով, երաժշտությամբ, բազմաթիվ լևելներով տեղավորվում էր ընդամենը 30 կիլոբայթի մեջ։ Առաջ ծրագրավորողի ժամանակը էժան էր, ՉԱԹԵրիսկ մեքենայի ժամանակը՝ թանկ։ Հիմա համակարգիչներն հզորացել և էժանացել են, իսկ ծրագրավորողները՝ թանկացել։ Դա խթանում է ընկերություններին խնայել, և արտադրանքը շուկա ավելի շուտ հանելու համար, պահանջել ծրագրավորողներից ավելի արագ և երբեմն, փնթի կոդ գրել։ Իսկ փնթի գրելու պատճառով առաջացած սխալները կարելի է ծածկել թարմացումն երով։ Երբ ես անցում էի կատարել «Պենտիում մեկից» «Պենտիում երեքի», ինձ թվում էր, ամեն ինչ պետք է ավելի արագ աշխատեր։ Բայց արի ու տես, որ նորաձև և գլամուր Windows Millennium-ը «Պենտիում երեքի» վրա ավելի դանդաղ էր աշխատում, քան Windows 95-ը՝ «Պենտիում մեկի»։ Իսկ նոր մոնտաժի ծրագիրը՝ Adobe Premiere 6.5-ը պարզ բաներ ավելի դանդաղ էր անում նոր համակարգչի վրա, քան հնի վրա՝ Premiere 4.2-ը։

Այդ ժամանակ ես զգացի, որ ինչ-որ բան այնպես չէ, որ համակարգիչների հզորության ավելացումը մի շտ չէ, որ բերում է արագագործության և արդյունավետության բարձրացման և ավելի շատ սկսեցի գնահատել օլդ-սքուլ սարքավորումներն ու ծրագրավորումը։

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N 10, 2014

Այս թեմայով