09 Դեկտեմբեր 2014, 10:04
2682 |

Ազատության ցանցը

90-ականների վերջերում երևանցիներից շատերն արդեն ունեին համակարգիչներ, բայց այ, ինտերնետից օգտվողները հատուկենտ էին: Եվ այդ ժամանակ հայտնվեց «Հայկական ազատ ցանցը»՝ Ֆրինեթը:

Ինտերնետից առաջ
Ֆրանսիայում և Բրիտանիայում արդեն յոթանասունականների վերջում մարդիկ թույլ՝ ութ բիթանի համակարգչին միացնում էին մոդեմ և կպնում Մինիթել ծառայությանը։ Մինիթելով կարելի էր որոնումներ կատարել հեռախոսահամարների ազգային ռեգիստրում, ձեռք բերել օդանավի կամ գնացքի տոմս, ռեստորանում տեղ պատվիրել, թերթեր կարդալ և փոխանակվել էլեկտրոնային հաղորդագրություններով։ Ցանցն անջատվեց ընդամենը երկու տարի առաջ, չնայած ուներ մոտ 400 հազար օգտվող։ Նմանատիպ ծառայությունների ներմուծման փորձ մեզ մոտ էլ արվեց. 1990-ին France Telecom-ը Հայաստանի Առևտրի և արդյունաբերության պալատին նվիրեց 50 հատ Մինիթել տերմինալ և մեկ հզոր սպասարկիչ: Ստեղծվեց «Ապագա» անունով մի ընկերություն (դրա տնօրենը որոշ ժամանակ Ֆրինեթի ապագա համահիմնադիր Հովիկ Մելիքյանն էր), որն էլ սկսեց տարածել ցանցը: Ծառայությունների թվում էին նորություններ, տեղեկատվություն Հայաստանի բորսաներից, եղանակ, առուծախի հայտարարություններ: Բայց երկու տարի անց, երբ ընկերությունը վերջապես սկսեց շահույթով աշխատել և արդեն պատրաստվում էր ընդլայնվել, իսկ Ֆրանսիայից արդեն պատվիրվել էին ևս մի քանի հարյուր Մինիթել, սկսվեցին հոսանքի անջատում-երը և ակնհայտ դարձավ, որ «Ապագան» դժվար թե ապագա ունի:

Ազատ ցանց
Իսկ ինտերնետը Հայաստան եկավ արդեն առանց ուշացման, բայց այն չափազանց թանկ և անհասանելի էր սովորական մարդկանց համար։ Համակարգիչ կարելի էր գտնել հիմնականում գիտնականների կամ ինժեներների ընտանիքներում՝ աշխատավայրից բերած, կամ գործարարների և պաշտոնյաների տներում։ Իսկ ցանցին կպնում էին աշխա-տանքի տեղից այն հազվադեպ երջանիկները, որոնք համակարգչով և համացանցով աշխատատեղ ունեին։

Այդ ժամանակ էլ հայտնվեց Ֆրինեթը։ ՄԱԿ-ի կողմից ֆինանսավորվող շատ ուրույն նախագիծ էր, որը մեզ բազմաթիվ հնարավորություններ ընձեռեց, որ չկային այլ հետխորհրդային երկրներում։ Ֆրինեթը տրամադրում էր (և մինչ օրս տրամադրում է) ձրի «դայալափ». հնարավոր էր կպնել ցանցին և էլեկտրոնային նամակներ ուղարկել կամ ստանալ քո Ֆրինեթ հաշվից։ Բացի դրանից, կարելի էր դիմել Հայաստանում գտնվող բոլոր սերվերներին։ Դրսի ռեսուրսները, այսինքն՝ բուն միջազգային ցան-ցը, արդեն անմատչելի էին։

Կար նաև «հոսթինգ»՝ սեփական վեբ կայքեր պահելու հնարավորություն։ Շատ շատերն իմացել են HTML-ը ինչ է և ծանոթացել են կայքեր պատրաստելու հիմքերին հենց դրա շնորհիվ։ Մարդիկ կային, որ պատրաստում էին տեսահոլովակներ՝ շատ փոքր՝ 100-300 կիլոբայթանոց, որոնք հնարավոր էր դիտել հենց բրաուզերի մեջ. Յություբի նման վիդեոհոսթինգներ պետք է հայտնվեին տարիներ անց։

Այն ալեհավաքը, որը համացանց էր ապահո- վում ՄԱԿ-ին և Ֆրինեթին
Այն ալեհավաքը, որը համացանց էր ապահովում ՄԱԿ-ին և Ֆրինեթին

Զրուցարան
Ֆրինեթի ենթամշակույթը չէր սահմանափակվում վեբ կայքեր սարքելով։ Դրանց մասին դեռ պետք էր տեղեկացնել մնացածներին։ Այդ խնդիրը լուծում էր մի քանի Ֆրինեթ օգտատերերի ստեղծած նոու-հաու ծառայությունը՝ տեղական ֆրինեթ ռեսուրսների կատալոգը։ Բացի դրանից պաշտելի երևույթ էր դարձել Ֆրինեթի չաթը։ Պետք էր Ֆրինեթի սերվերին կպնել «տելնետով» (տառաթվային ռեժիմի հեռակա տերմինալի տեսակ) և հավաքել՝ «talk և ընկերոջ նիքը»։ Այնուհետև էկրանը բաժանվում էր երկու մասի, վերևի մասում երևում էր ինչ է նա գրում, ներքևի՝ ինչ դու։ Ըստ որում, երևում էր ինչպես էր զրուցակիցդ հավաքում ամեն մի նիշը, ինչպես էր կասկածում, ջնջում գրածը, և այլ տեքստով փոխարինում։ Հնարավոր էր արձագանքել, օրինակ՝ ժպիտներով, մինչ նա գրում էր, ոչ թե սպասել, ինչպես ժամանակակից «մեսենջերների» դեպքում, մինչև գրի և սեղմի էնթեր, քանի որ իր տեքստը տառ առ տառ հայտնվում էր էկրանին։ Շատ անկեղծ ձև էր շփվելու՝ մինչդեռ հիմա գրում-ջնջում, գրում-ջնջում են, իսկ հետո նոր ուղարկում, ու չգիտես ինչ է այդ մարդու մտքին իրականում։

Առանց նկարների կայքեր ու մասնատված երգեր
Ֆրինեթի տառաթվային, ոչ գրաֆիկական միջավայրում կային այլ հնարավորություններ. իմանալ, առցա՞նց է արդյոք ընկերդ։ Տեսնել ո՞վ է առցանց։ Իմանալ ե՞րբ է այս կամ այն մարդը փոստը ստուգել և դրանից եզրակացություն կազմել, կարդացել է իմեյլդ, թե ոչ։ Ամեն օգտվող ուներ ժամանակակից «պատի» կամ «պրոֆիլի» պես երկու տարածք։ Դրանք կոչվում էին «պլան» և «փրոջեքթ»։ Այնտեղ կարելի էր ստատուսների պես հաղորդագրություններ թողնել, իսկ շատերը տեղադրում էին ascii-art նկարներ (օրինակ՝ տառերով և թվերով նկարած մերկ աղջիկ):

Այս ամենը բնավ էլ բարդ չէր, և բոլորը կարողանում էին դա անել։ Իսկ նրանք, ովքեր ավելի խոր գիտելիքներ ունեին, շուտով հայտնաբերեցին Ֆրինեթից օգտվելով՝ ինտերնետից օգտվելու միջոցներ։ Կպնում էին Ֆրինեթի տերմինալից դրսի սերվերների տերմինալներին՝ hobbiton.org, lonestar.sf.net և cyberspace.org։ Այնտեղ կարելի էր տեքստային ռեժիմում աշխատացնել բրաուզերներ և դիմել ցանկացած ինտերնետ ռեսուրսին։ Միայն նկարները չէին երևում, բայց դա մեզ չէր տխրեցնում։ Մի առանձին այդպիսի տերմինալի մեջ աշխատացնում էինք micq կամ ysm ծրագրերը, որոնցով լինում էր կպնել այն ժամանակ նորաձև icq չաթին և շփվել դրսի ընկերների հետ։

Երբեմն mp3 երաժշտություն էինք քաշում այդ հեռակա սպասարկիչներին կպած, հետո բաժանում մանր-մանր մասերի և ուղարկում մեր Ֆրինեթի էլ. փոստի հաշվին։ Ֆրինեթը սկսեց ավելի քիչ օգտագործվել 2000-ականների կեսերին, երբ ինտերնետ դայալափի մատչելի տարբերակներ առաջացան շուկա-յում, բայց իր կարևորությունը չէր կորցնում մինչև լայնաշերտ ինտերնետի տարածումը Հայաստանում, այսինքն՝ մինչև 2008-2009 թիվը։

Հովիկ Մելիքյան
Ֆրինեթի համահիմնադիրն ու առաջին ադմինը
1990-ականներին, երբ մենք UNDP-ի ծրագրի շրջանակում սկսեցինք Ինտերնետի դասընթացները, Հայաստանում մարդիկ արդեն լսել էին արտագաղթած հայրենակիցներից, որ զարգացած եվրոպաներում ընդունված է խմել լուծվող սուրճ, ոտքը ոտքին գցել և օգտվել Ինտերնետից: Արդեն կային «Արմինկոն» և Ֆիզիկայի ինստիտուտը, որոնց Ինտերնետ կապը նույնքան թանկ էր, որքան դանդաղ: Այդ կապը շռայլություն էր, ինչը կարծես հակասում էր ինտերնետի բուն ոգուն և ավանդույթներին: Ինչ-որ բան սխալ էր ու անարդարացի:

Ինչևէ, մարդիկ գալիս-գնում էին մեր ինտերնետ դասընթացներին, և վերջապես մի օր, ձանձրացած, մեր թիմով նստեցինք ու ասեցինք. լավ, բա ի՞նչ անենք, որ Հայաստանի Ֆրինեթը դառնա ավելի հետաքրքիր ու օգտակար: Եվ ահա ծագեց մի գաղափար, որի համար Հայաստանի հիմնական ինտերնետ մատակարարող մաֆիան՝ վերոնշյալ «Արմինկոն» և Ֆիզ.ինստիտուտը, մեզ խոստացան ֆիզիկապես վերացնել, եթե սրանից հետո համարձակվենք դուրս գալ փողոց: Որոշեցինք. ա) դառնալ անվճար ինտերնետ կապի մատակարարող և բ) փակվել UNDP-ի գրասենյակում և այլևս փողոց դուրս չգալ: Պլանի առաջին մասը իրականացվեց փայլուն, իսկ երկրորդը խափանվեց արդեն հաջորդ օրը, երբ հասկացանք, որ սոված ենք և մեզանից մեկը պիտի վազի լահմաջո բերի:

***

Մեր խիզախ թիմի հիմնական մասը չորս հոգուց էր բաղկացած՝ ծրագրի ղեկավար Տիգրան Նազարյան, Արթուր Հարությունյանը, ես և Վոլֆ անունով շունը (որը, ի դեպ, բարձրացել է Արագածի գագաթ): Գումարած, իհարկե, Հայաստանի UNDP-ի ամբողջ կազմը, որը այսպես թե այնպես ներգրավված էր գործընթացի մեջ: Freenet-ի սենյակը ՄԱԿ-ի ամբողջ գրասենյակում միակն էր, որտեղ աշխատանքը սկսվում էր ցերեկը ժամը 2-ին, 3-ին կամ 4-ին և ավարտվում գիշերվա 2-ին, իսկ միակ հանգստյան օրը՝ Նոր Տարվա գիշերն էր: Որովհետև 1990-ականներին համակարգիչ և ինտերնետ «իմացողը» ուներ հրեշտակի կարգավիճակ, ուներ բոլոր արտոնություններն ու ազատությունները: Մի խոսքով, մարդու իրավունքների ժնևյան կոնվենցիաները տարածվում էին միայն համակարգչային մասնագետների վրա, քանի որ համակարգիչը զիլ էր, կարևոր և անհասկանալի:

***

Ի դեպ, մարդու իրավանքների մասին: Freenet-ի կայքի գլխավոր էջում, որպես նախաբան, տեղադրեցինք մի արտահայտություն. «Ամեն անձ իրավունք ունի էլեկտրոնային փոստարկղ ունենալու»: Սա էր Freenet-ի հիմնական դրույթը, որից բխում էր մնացած ամենը: Բանն այն է, որ էլ. փոստարկղը այն ժամանակ արդեն մի արտառոց բան չէր. արդեն կար Hotmail-ը, և բացի այդ միանալով որևէ ինտերնետ մատակարարողի, դուք ավտոմատ ստանում էիք էլ.փոստի հասցե: Խնդիրն այն էր, որ թեպետ փոստարկղը անվճար էր, ամեն դեպքում ստիպ-ված էիք վճարել ինտերնետ մուտք գործելու համար: Բա ի՞նչ եղավ մարդու էլ.փոստ ունենալու ֆունդամենտալ իրավունքը այդ դեպքում: Ուրեմն Ինտերնետ կապը նույնպես պիտի անվճար լինի: Ինչը և դարձավ Armenian Freenet-ի նպատակը և հիմնական ֆունկցիան: Այն ժամանակ դա հնչում էր անհեթեթ, բայց այսօր մարդկությունը կարծես թե գալիս է նույն մտքի. Ֆինլանդիայում մի քանի տարի առաջ ընդունվեց մի օրենք, որը հռչակեց հենց դա՝ ինտերնետը մարդու հիմունքային իրավունքներից մեկն է: Մեզ հաճախակի զանգում ասում էին. «Բարև ձեզ, դա Ինտերնե՞տն է»: Դե գնա ու բացատրի… Ասում էինք. «Դե հա, մոտավորապես…»:

Երբ Freenet-ի աշխատանքը խափանվում էր ինչ-ինչ տեխնիկական պատճառներով, նույնիսկ մեկ ժամով, ստիպված էինք երբեմն անջատել հեռախոսները… Որին հետևում էին զանգեր արդեն մեր անձնական հեռախոսներին, ընկերներից և նույնիսկ մեր ընտանիքների անդամներից: «Հարևան Սիրուշը եկավ, ասում ա նրա եղբոր տղայի ընկերուհու երաժշտության դասատուն չի կարողանում Ֆրինեթ մտնի, էս խո բան-ման չի՞ եղել ձեզ»…

***

Կարծում եմ UNDP-ի ամբողջ անձնակազմը, ինչպես նաև բոլոր նրանք, ովքեր քաջ ծանոթ են www.freenet.am հասցեին և 56-90-30 հեռախոսահամարին, պետք է որ հիշեն այն ժամանակները ջերմությամբ: Ինձ համար այդ աշխատանքը իմ ամբողջ 25 տարվա ինժեներական կարյերայում երևի ամենահեշտն էր… Երբեմն մի պարզ գաղափար, համակցված սուրճի և լահմաջոյի անսպառ մատակարարման հետ, անսպասելիորեն կարող են ջերմ հիշողություններ թողնել հազարավոր մարդկանց մոտ:

Ինտերնետ դասընթացները Ֆրինեթի գրասենյակում
Ինտերնետ դասընթացները Ֆրինեթի գրասենյակում

Տիգրան Նազարյան
Ֆրինեթի ծրագրի ղեկավար
1995-ին ես ու Արթուրը Հարությունյանն աշխատում էինք ՄԱԿ-ում: Որպեսզի ավելի լավ պատկերացնեք, թե ինչ ժամանակներ էին, միայն ասեմ, որ Հայաստանում վեց հատ էլեկտրոնային փոստ կար, մեկը՝ ՄԱԿ-ինն էր: Ինչ որ է, մի լավ կոնսուլտանտ կար ՄԱԿ-ում՝ Ռաֆալ Ռոզինսկի, Լեհաստանի հրեա էր՝ շատ խելացի ու հեռատես: Ինքն էր, որ ինձ պատմեց, որ Նյու Յորքում մի ինչ-որ նոր ծրագիր են բացել, որի շրջանակում Ուկրաինայում սկսել են Freenet կոչվող նախագիծը՝ մարդկանց ծանոթացնում են ինտերնետի հետ, դասընթացներ անում՝ առանձնապես ոչինչ, մանր բան էր: Ռաֆալն էլ ասեց՝ արի ես քեզ օգնեմ, նախագիծ գրենք, դիմենք, թող Հայաստանի համար էլ ֆինանսավորեն: Ու հիմա որ մտածում եմ, հասկանում եմ, որ շանս չուներ նախագիծը, որովհետև ՄԱԿ-ի համար սովորական չէր: Բայց բախտներս բերեց, որ Հայաստանի գրասենյակում ինչ-որ խառը վիճակներ էին, ղեկավար չկար, մի խոսքով, Ռաֆալի Նյու Յորքի ծանոթների օգնությամբ հաստատվեց: Ամենածիծաղելին, որ մենք հեռուստացույցից՝ լուրերից իմացանք, որ ֆինանսավորել են նախագիծը:

ՄԱԿ-ի 64 կիլոբիթանոց ալիքից մի քիչ Ֆրինեթին էլ հասավ, երկու նոր աշխատող ընդունեցինք՝ Արմեն Նարգիզյանին ու Հովիկ Մելիքյանին, ու անցանք գործի: Ի դեպ, Հովիկը հարցազրույցի օրը շատ կասկածանքով հարցրեց՝ «էս ամեն ինչ լուրջ ա՞, թե իզուր եմ եկել»: Իհարկե, իզուր չէր եկել ու ամեն ինչ ավելի քան լուրջ էր: ՄԱԿ-ի շենքում տեղ չկար, մենք էլ տեղավորվեցինք կտուրի տակի տարածքում՝ լրիվ դատարկ, քանդած վիճակում էր: Լինոլեում փռեցինք, աթոռ-սեղան դրեցինք ու սկսեցինք աշխատել: Լավ էր՝ անտենային մոտիկ էինք: Մեր կուրսերն ու ակումբներն էլ էդ ձեղնահարկում էին անցնում:

***

1998-ի նախագահական ընտրությունները շատ օգնեցին Ֆրինեթի անուն հանելուն: Հովիկը մի հրաշալի առաջարկ արեց (ու մի գիշերվա մեջ գրեց վերջացրեց), որի նմանը աշխարհում չկար: ՄԱԿ-ը ընտրությունների համար ռադիո մոդեմներ էր բաժանել ընտրատեղամասե-րին, մենք էլ գրեցինք մի ծրագիր, որ հենց մուտքագրում էին հաշված ընտրաթերթիկները, միանգամից գալիս գրանցվում էր կայքում: Էն ժամանակ մենք Ֆրինեթում ընտրությունների real time գրաֆիկներ էինք ցույց տալիս, պատկերացնու՞մ եք… Ընդհանրապես, Ֆրինեթը մենակ իմեյլ չէր, որը լավագույն ժամանակներում ուներ հիսուն հազար ակտիվ օգտատեր, դա վեբի զարգացման մի զորեղ կենտրոն էր: Սովորեցնում էինք մարդկանց HTML, կայք սարքել, իսկ 1999-ին Sard մրցույթը անցկացրեցինք՝ հայկական լավագույն սայթերն էինք ընտրում: Փորձեցինք առաջին հայկական որոնողական համակարգը սարքել՝ «Ոստը»: Մոնոպոլիստ մրցակիցներին, որոնք կապված էին որոշ պետական մար-մինների հետ, հեչ դուր չէր գալիս մեր առաջխաղացումը: Հասավ նրան, որ ՄԱԿ-ի ղեկավար կնոջը էնքան վախեցրին, որ ասեց ինձ, որ եթե ոս-տիկաններով գան մտնեն, ՄԱԿ-ը չի խանգարի: Վիճակը իսկապես լուրջ էր: Ու եկան մի օր՝ որոշել էին սերվերներն ու տեխնիկան տանեին, իրենց համար դա ոնց որ փող տպելու սարքավորում լիներ, որ անհասկանալի պատճառներով իրենց ձեռքում չէր: Նրանք ուզում էին, որ ամբողջ տրաֆիկը՝ իմեյլ, ինտերնետ, ինչ ուզես, անցնի իրենց գծերով ու իրենց գներով: Իսկ մենք էստեղ դրել անվճար փոստ ենք տալիս մարդկանց: Մի խոսքով, ոստիկանները եկան: Բարեբախտաբար, դեպի ձեղնահարկ տանող աստիճանը շատ նեղ էր, մի հոգուց ավելի մարդ չէր անցնի: Ես էլ շանս՝ բուլ-դոգ Վոլֆիս հետ կանգնեցի դռան մոտ, ասեցի՝ մեր վրայով պիտի անցնեք: Վախեցան, առաջ չեկան: Էլ չեմ հիշում՝ քանի օր Վոլֆի հետ մնացինք ձեղնահարկի մեր գրասենյակում, մուտքը՝ փակ: Չգիտեմ ինչ կլիներ, բայց մի օր զարթնեցի, պարզվեց նախագահը հրաժարական է տվել, իր հետևից էլ՝ մնացած բոլոր մարդիկ, որոնք ընկել էին մեր հետևից:

Իհարկե, հետո էլ որոշ «բարին կամեցողներ» ասում էին, թե Ֆրինեթը խանգարում է Հայաստանում ինտերնետի զարգացմանը ու որ մեզ պետք է լիկվիդացնել: Մինչդեռ լրիվ հակառակն էր: Եթե չլիներ մեր «ազատ ցանցի» գաղափարը, ինտերնետը կմնար էլիտար խաղալիք, հարուստների զբաղմունք: Ֆրինեթը ջարդեց մարդկանց վախը, ասեց՝ ձե՛րն է, եկե՛ք, օգտվե՛ք, մե՛յլ գրեք, սա՛յթ սարքեք, կրթվե՛ք, մտե՛ք նոր դար: Ի սկզբանե Freenet բառի free-ն «անվճար» իմաստով էր, բայց մեր կոնտեքստում դա նախ և առաջ «ազատություն» էր, որովհետև մեզ համար կարևորը մարդկանց ազատությունն էր: Վստահ եմ, որ Ֆրինեթն իր այդ առաքելությունը հիանալի կատարեց: Մենք էլ հետո հանգիստ սրտով անցանք նոր նախագծերի:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N 10, 2014

Այս թեմայով