25 Հոկտեմբեր 2014, 10:40
1422 |

Ինչպե՞ս դառնալ հեծանվորդ

Մի քանի պարզ խորհուրդ՝ ինչից սկսել հեծանվային աննկարագրելի հետաքրքրիր ճանապարհորդությունը:

Թոմաս Սթիվենս անունով մի անգլիացի է եղել առաջին հեծանվային ճանապարհորդը: Նա փոքրուց տարված էր արկածային գրականությամբ, տեղափոխվել է Միացյալ նահանգներ, բավականաչափ գումար կուտակել և գնել Փեննի և Ֆարթինգ մակնիշի հեծանիվ: Սթիվենսը վերցրել է մի զույգ գուլպա, մեկ վերնաշապիկ, Սմիթ Վեսոն 38-րդ կալիբրի ատրճանակ և 1884-ին Սան Ֆրանցիսկոյից սկսել առաջին միջմայրցամաքային ճանապարհորդությունը հեծանվով:

Որտեղ ասես, որ Սթիվենսը չի եղել. Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ավստրիա, Հունգարիա, Սլովենիա, Բուլղարիա, Թուրքիա, Հայաստան, Քուրդիստան, Իրաք, Իրան: Իրանում նրան նույնիսկ հաջողվել է ձմեռել շահի ամրոցում: Այնուհետև Սթիվենսը ուղևորվել է սիբիր: Աֆղանստանից դեպի Հնդկաստան, Կալկաթայից՝ Հոնգ Կոնգ, Չինաստան, Ճապոնիա: 1886-ին, Յոկոհամայից նավով վերադարձել է Սան Ֆրանցիսկո և ավարտել է առաջին շուրջերկրյա հեծանվային ճանապարհորդությունը:

Նրա կյանքն առանձին վեպի թեմա է: Այդ ժամանակներից շատ բան է փոխվել, սակայն որոշ պարզ կանոններ դեռևս ակտուալ են: Մենք առանձնացրեցինք հեծանվային ճանապարհորդության մեկնելու համար կարևոր պայմանները, որոնցից առաջինը մայրուղի դուրս գալն է: Սա հնարավոր է պարզունակ հնչի, բայց տնից մայրուղի ճանապարհին բազմաթիվ խոչընդոտներ կան: Սթիվենսը հետագայում իր հուշերում խոչընդոտների մի ամբողջ շարք է նկարագրել: Այդ օրերին կարող ես հիվանդանալ, սիրահարվել, գտնել երազանքներիդ աշխատանքը, բայց պետք չէ տրվել գայթակղությանը: Այսպիսով՝

Վերաբերմունքը գլխավորն է
Փորձառու ճամփորդները վստահեցնում են, որ հեծանիվը խլում է 90% հոգևոր ու միայն 10% ֆիզիկական ուժ: Բարձր տրամադրությամբ կարելի է խոսել, երգել ու ծիծաղել բլուր բարձրանալիս: Ցածր տրամադրության ժամանակ կիլոմետրերն անվերջ են թվում:

Վերցրեք նվագարկիչ անսովոր երաժշտությունով
Վերցրեք մարտկոցով նվագարկիչ ու լիցքավորեք այն տարբեր երաժշտություններով: Օրինակ, օպերային սիմֆոնիաների ներքո, ասում են, կարելի է հեշտությամբ սար բարձրանալ:

Ներքին ձայնին ուշադիր եղեք
Եթե որոշել եք ինչ-որ տեղ կայանել ու գիշերն այդտեղ անցկացնել, ուշադիր եղեք՝ ինչ է հուշում ներքին ձայնը: Առհասարակ, հեծանվային ճանապարհորդության ամբողջ հմայքը հենց նրանում է, որ պետք է ավելի շատ զգալ, քան մտածել: Իսկ եթե սիրտն ինչ-որ վատ բան է կանխատեսում, ավելի լավ է ռիսկի չդիմել:

Վախը ընդամենը խաբկանք է
Առաջին անգամ, այն էլ միայնակ ճանապարհորդող հեծանվորդների ֆանտազիային միայն նախանձել կարելի է: Անտառում կամ ճանապարհի եզրին գիշերելիս նրանք վստահ են, որ աշխարհի բոլոր մարդասպաններն ու հանցագործները դանակներն են սրում հենց իր գլխի վերևում: Վախի խաբկանքից ազատվելու համար լավագույն տարբերակը բաց աստղազարդ երկնքի տակ պառկելն ու նրանց սպասելն է: Եթե ոչ ոք, օրինակ, 3 ժամվա ընթացքում չգա, ուրեմն այլևս պետք չէ սպասել:

Քարտեզից մի կառչեք
Իհարկե, շատ լավ է, եթե նախապես պլանավորել եք ճանապարհը, գիտեք՝ դեպի ուր եք ընթանում, բայց մի մոռացեք, որ հեծանվային ճանապարհորդության ամբողջ իմաստը նրանում է, որ դուք ազատ եք, կարող եք ինքներդ ընտրել՝ ուր գնալ և ինչպես: Ձեզ ոչ ոք չի կարող դրդել ասֆալտապատ ճանապարհով ընթանալ, թե ավազների միջով:

Անջատեք արտաքին աշխարհի հետ բոլոր կապերը
Եթե հեռախոսը չանջատեք, ապա ամեն օր ստիպված եք լինելու ընտանիքի բոլոր անդամներին, ընկերներին պատմել , թե ուր եք հասել և ինչպես: Ինքներդ ձեզ հետ այդպես էլ միայնակ չեք մնա: Ինչ վերաբերվում է GPS համակարգին, ապա ավելի լավ է քարտեզի մեջ խճճվեք, քան ինչ-որ ձայն հուշի, որ 2 կմ-ից աջ է պետք թեքվել:

Զվարճացեք և ծանոթացեք
Իսկական ճամփորդները քաղաքներում մեծ ուշադրություն են գրավում: Այնտեղ ձեզ ոչ ոք չի ճանաչում, դուք կարող եք անել ամեն ինչ, ոչ ոք չի դատապարտի, իհարկե խելահեղության սահմաններում:

Սելֆին ավելի գերադասելի է, քան պեյզաժային լուսանկարները
Երկրագնդի վրա այլևս այդպիսի վայր չի մնացել, որը պրոֆեսիոնալ լուսանկարիչները ֆիքսած չլինեն, համացանցը վկա: Այնպես որ յուրօրինակ, շլացուցիչ վայրում հայտնվելիս անձամբ լուսանկարվեք: Մարդկանց ավելի հետաքրքիր են ձեր էմոցիաներն այդ վայրում:

Տոմս մեկ ուղղությամբ
Աշխատեք հետադարձի տոմս չգնել: Ճանապարհորդեք՝ որքան կարող եք, մինչև տիեզերքից ազդանշան չստանաք: Իսկ այդպիսի ազդանշան անպայման կստանաք, այն կզգուշացնի, որ բավական է, տուն դառնալու ժամանակն է:

Խրախուսեք ինքներդ ձեզ
Հեծանվային ճամփորդությունը հեշտ գործ չէ, այնպես որ ծանր օրերն այնպես պլանավորեք, որ վերջում մի լավ խրախուսեք ինքներդ ձեզ: Օրինակ, քարքարոտ և շատ վերելքներով ճանապարհ անցնելուց հետո կարող եք մի մեծ սենդվիչ ուտել, գիշերն էլ փափուկ անկողնու մեջ անցկացնել, երբեմն կարելի է վրանի մասին մոռանալ:

Այս թեմայով