28 Հոկտեմբեր 2014, 11:01
4399 |

10 հայկական վայրեր աշխարհում

Աշխարհով մեկ սփռված են հարյուրավոր ու հազարավոր հայկական եկեղեցիներ և խաչքարեր, դպրոցներ ու քոլեջներ, խանութներ և ռեստորաններ։ Հարյուրավոր տարիներ շարունակ հայերը կառուցել են ճարտարապետության և արվեստի հուշարձաններ և աշխարհի տարբեր ծայրերում ստեղծել համայնքներ։ Imyerevan.com-ը ներկայացնում է 10 հայկական հետաքրքիր վայրեր, որոնք գտել ենք Armenian Navigator հավելվածում։

«Վանա լճում Ախթամար կղզուց տեղահանված վանք» ռեստորան, Էդինբուրգ
Ամենաթաքնված հայկական ռեստորանն է ոչ միայն Էդինբուրգում, այլև ամբողջ աշխարհում։ Գտնվում է ոստիկանության նախկին շենքում։ Այստեղ ոչինչ չի հիշեցնում ռեստորանի առկայության մասին և նույնիսկ ցուցանակ չկա։ Սրահում միայն 10 սեղան կա։ Եվ ընթրելու համար հարկ է գրանցվել մի քանի օր առաջ։ Ռեստորանի շեֆ-խոհարարն ու սեփականատեր Պետրոս Վարդանյանը կերակուրները պատրաստում է առանձնակի սիրով և խնամքով։ Նաև պատմում են, որ նա կարող է ազատորեն կշտամբել այցելուներին չնչին պատճառով, օրինակ՝ ուշանալու կամ շատ գինի խմելու համար։

 


Սուրբ Հարություն եկեղցի, Մբաբանե
Սուրբ Հարություն եկեղեցին գտնվում է աշխարհի անսպասելի վայրերից մեկում՝ Սվազիլենդի մայրաքաղաք Մբաբանեից ոչ հեռու, Հարավային Աֆրիկայում։ Եկեղեցին հիմնադրվել է 1985 թվականին Գրիգոր Բերբելյանի կողմից Պայն-Վելլի կոչված տարածքում (սոճիների հովիտ)։ Շինարարությունը տևեց 4 տարի և ավարտվեց 1989-ին։ Եկեղեցին օծվել է հայկական կանոններին համաձայն և հանդիսանում է Սվազիլենդի տարածքում հայ առաքելական պետական տաճար։ Տաճարի կողքով հոսում է ոչ մեծ մի գետ, որը Դերբելյանն անվանել է Արաքս և նույնիսկ կախել է ոչ մեծ մի ցուցանակ այս անունով։

 


Դանիել Մոսեր սրճարան, Վիեննա
Ավստրիայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող այս սրճարանը հայտնի է նրանով, որ եղել է առաջին սուրճի տունը Եվրոպայում։ 1685-ին այն հիմնել է հայ վաճառական Հովհաննես Դիոդատոն (Հովհաննես Աստվածատուր)։ Սրճարանում, որն այսօր կրում է այն բացվելու ժամանակ քաղաքագլուխ Դանիել Մոզերի անունը, Դիոդատոին մինչ օրս պաշտում են․ պատին, բարի մոտ կախված է բրոնզագույն մի տախտակ՝ սրճարանի հակիրճ պատմությունով՝ Դեոդատի ավստրիական տարածք գալուց մինչև սրճարանային բիզնեսի համար իրավունքի ստանալը։ Գրված է նաև հենց այս նույն տեղում հնավոր վիեննական սրճարանի հիմնադրման մասին։ Մենյուի սուրճի բաժինը հիմնականում բաղկացած է իտալական սուրճերից՝ էսպրեսսո, կապուչինո և այլն։ Այստեղ կարելի է նաև փորձել սենդվիչներ։

 


Klosterlikör Mechitharine խանութ, Վիեննա
Վիեննայում գտնվող Մխիթարյան միաբանության ֆիրմային լիկյոր «Մխիթարինեն» պատրաստվում է 1889-ից։ Միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացու կողմից Կոստանդնուպոլսից Վենետիկ բերված խմիչքի բաղադրատոմսը գաղտնի է պահվում։ Հանրահայտ լիկյորը, որը ժամանակին Ավստրիայի կայսեր արքունիք էր մատակարարվում, պատրաստվում է էկզոտիկ մրգերով, 42 խոտաբույսերով, արմատներով և համեմունքներով՝ առանց որևէ սինթետիկ և քիմիական հավելումների։ «Մխիթարինեի» ֆիրմային խանութը գտնվում է Վիեննայի Մխիթարյան միաբանության վանքից մի քանի քայլ հեռավորության վրա։ Վաճառասեղանի մոտ կանգնում է հայր Անդրեասը, ով պահպանում է բուժիչ լիկյորի բաղադրատոմսի գաղտնիությունը և մի քանի տասնամյակ շարունակ ղեկավարում արտադրությունը։ Խանութից կարելի է ձեռք բերել խմիչքի տեսակներից մեկը, ինչպես նաև հետաքրքիր շփում ունենալ հայր Անդրեասի հետ, ով կպատմի բրենդի պատմությունը, ցույց կտա «Մխիթարինեի» վինտաժային գովազդային պաստառները, տարբեր ցուցահանդեսների ժամանակ շահած շքանշանները և շշերը, որոնց մեջ լիկյոր է լցվել մոտ 80 տարի առաջ։

 


«Թուֆենկյան» գորգերի խանութ, Լոնդոն
Հայկական գորգագործական հայտնի ընկերություն «Թուֆենկյանի» բուտիկն ու ցուցասրահը գտնվում են լոնդոնյան Չելսի թաղամասի Դիզայն Սենթրի երրորդ հարկում։ Ցուցասրահում ներկայացված են հայկական և տիբեթական լավագույն գորգերը, որոնք պատրաստվում են մաքուր բրդից կամ մետաքսի և մի շարք այլ բնական թելերի համադրությունից, ինչպիսիք են կանեփն ու ալյուրը։ Այստեղ կարելի է նաև պատվիրել էքսկլուզիվ գորգ, որը հաճախորդի յուրահատուկ դիզայնով է պատրաստվում, այն էլ՝ երեք ամսվա ընթացքում։

 


Նուբարյան գրախանութ, Փարիզ
Հիմնադրվել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (AGBU) հիմնադրի, հայտնի բարերար և մեկենաս Պողոս Նուբարյանի կողմից։ Գրադարանում կա 40 000 գրքից բաղկացած հարուստ հավաքածու, որոնցից 22 000 գիրքը հայերենով են, 800 000-ը արխիվային նյութեր են և մոտ 280-ը ՝19-րդ դարի ձեռագրեր։ Մուտքն ու գրադարանից օգտվելը, բացառությամբ արխիվի, ազատ է։

 


Կոմիտասի հուշարձան, Միչիգան
Հայ մեծ կոմպոզիտոր և երգահան Կոմիտասի և 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը գտնվում է Ջեֆերսոն պողոտայում, Ռենեսանս կենտրոնից ոչ հեռու։ Բրոնզե արձանը Դեթրոյթում է կանգնեցվել 1980-ին «Ասսարյան» հիմնադրամի և «Հայկական հուշարձաններ» կոմիտեի միջոցներով։ Հուշարձանի հեղինակն է հայտնի կանադացի քանդակագործ Արտո Չակմակչյանը։

 


Sarkisian’s հնավաճառքի խանութ, Դենվեր
Կոլորադո նահանգի ամենահին հնավաճառքի խանութներից մեկը հիմնադրվել է 1891 թվականին հայ գաղթական Մեդիլ Սարգիսյանի կողմից։ Ավելի շատ թանգարանի նմանվող խանութն արդեն 120 տարի՝ զբաղվում է հայկական, պարսկական և հնդկական գորգերի ու խալիների վաճառքով։ Sarkisian’s-ում կարելի է նաև գտնել Եգիպտոսից, Նեպալից և Չինաստանից գեղարվեստի տարբեր նմուշներ։ Խանութն ունի իր արհեստանոցը, որտեղ կատարում են ցանկացած բարդության վերականգնման աշխատանքներ։

 


«Րաֆֆլզ» հյուրանոց, Սինգապուր
Հյուրանոցը հիմնադրվել է 4 հայ եղբայրների կողմից 120 տարի առաջ։ Նրանք բացեցին 10-սենյականոց համայնքային բունգալո Բիչ Ռոուդ (Beach Road) և Բրաս Բասահ Ռոուդ փողոցների խաչմերուկում։ Այսօր հյուրանոցի պատմական շենքը հանդիսանում է հիմնական տեսարժան վայրերից մեկը և Սինգապուրի խորհրդանիշը։ Հյուրանոցը կառավարվում է Raffles International Limited միջազգային խմբի կողմից․ այն հայտնի է իր ճոխ համարներով և հիանալի ռեստորանով։ 1933-ին ստեղծվեց սինգապուրյան պետական «Hotel Raffles» ընկերությունը, և քանի որ պատմական հյուրանոոցը հանդիսանում է Սինգապուրի ազգային արժեք, հյուրանոցը փրկել և պահպանելը պատվի հարց էր սինգապուրցիների համար։

 


Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի, Մյանմար
1862-ին Յանգոնի հայերը Բիրմայի թագավորից նվեր ստացած տարածքում կառուցեցին եկեղեցի։ Այն մինչ այսօր գործում է։ Ըստ գրառումների' 1851-1915 թվականներին Յանգոնում մկրտվել է 76, 1855-1941-ը ամուսնացել 237 հայ և 1811-1921-ը մահացել 300 հայ։ Դեռ մեկ դար առաջ քաղաքում կարելի էր հայերի հանդիպել, որոնք այդ ժամանակ մի քանի հարյուր էին կազմում։ Նրանք ստեղծեցին հաջողակ, բարգավաճող առևտրական ցանց, որը ձգվում էր Ասիայի հարավ-արևելյան հատվածով։ Այնուամենայնիվ, այս տարածքի համար անսովոր վերջին ներկայացուցիչը մահացավ մեկ տարի առաջ։

Armenian Navigator վերջերս թողարկվել է նաև հեռախոսային սարքերի համար IOS և Android բազաների հիման վրա։ Նպատակը Հայաստանից դուրս գտնվող հայկական առարկաները մեկ հարթակում հավաքելն է։ Յուրաքանչյուր օգտատեր կարող է ինքնուրույն ավելացնել հանդիպած հայկական վայրերը՝ դրանով իսկ իր ներդրումն ունենալով հայկական վայրերի համաշխարհային հանրագիտարանի ստեղծման գործում։

Այս թեմայով