30 Հունվար 2013, 11:02
3510 |

Մշակութակերները

Նրանք ունեն տարբեր մասնագիտություններ, բայց կա բոլորին միավորող մեկ գիծ՝ նրանք բոլորն էլ համադամասերներ են, ու, չնայած խիտ աշխատանքային գրաֆիկին, բաց չեն թողնում սիրած ռեստորանում ճաշելու հնարավորությունը: Ամենաարժեքավորը նրանց համար հարմարավետության, տնական միջավայրի զգացողությունն է ու, իհարկե, սնունդը: «Երևանը» այցելեց քաղաքի «համով» վայրերն ու փորձեց պարզել, թե ո՞վ ո՞րտեղ ու կարևորը՝ ի՞նչ է սիրում ուտել:

Լևոն Հարությունյան
Դերասան, հաղորդավար

Չեմ կարող ասել՝ ինչն եմ ավելի սիրում՝ տանը սարքած կերակուրը, թե՞ ռեստորանի: Շատ գործոններից է կախված, մասնավորապես՝ տրամադրությունից: Ինձ համար կարևոր է ցանկացած վայրում իմ անկյունը գտնել: «Բաոբաբ» սթեյք հաուսում, օրինակ, նման խնդիր չկա՝ այստեղ ինձ ցանկացած անկյուն հաճելի է: Այն անվանում եմ «օջախս», քանի որ այստեղ են հավաքվում իմ բոլոր ընկերները: Ընդհանրապես , այստեղ գալիս են հետաքրքիր ու կուլտուրական մարդիկ: Այս վայրում ուզում եմ միշտ կենաց ասել: Նման տրամադրություն ստեղծվում է նաև մատուցվող հայկական, ֆրանսիական, իտալական ընտիր գինիների շնորհիվ: «Բաոբաբ»-ում խոհանոցը շատ բազմազան է, բայց ամենաշատը հավանում եմ T-Bone սթեյքը:

 

Դավիթ Սահակյանց
Ռեժիսոր-մուլտիպլիկատոր

Հնարավորության դեպքում հաճույքով եմ այցելում ռեստորաններ ու սրճարաններ: Ռեստորանային կյանքի կուլտուրան Հայաստանում այնքան է բարձրացել, որ բացի համեղ ուտեստներից ու որակյալ մատուցումից, հաճույք եմ ստանում նաև հարմարավետության ու պաշտպանվածության զգացողությունից: Կնոջս ու մեր երեխաների հետ հազվադեպ ենք կարողանում ինչ-որ տեղ գնալ, բայց երբ առիթ է լինում, աշխատում ենք հետաքրքիր ճաշատեսակներ փորձել: Ռեստորանային բազմազանության մեջ ցանկանում ենք տնային ջերմ միջավայր գտնել, մեծ հաճույքով գնում ենք հին երկհարկանի շենքի ոճով ձևավորված «Չարենցի 28»: Տերերը կարողացել են պահպանել տնական միջավայրը՝ համատեղելով ժամանակակից դիզայնի հետ. այստեղ հանգիստ է ու հարմարավետ: Իսկ ճաշատեսակներից նախընտրում եմ տավարի կծու միսը (chilli beef):

 

Իրինա Հարությունյան
Դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ

«Ցենտրալ» սրճարանը գտնվում է աշխատանքիս վայրին կից: Անկախ դրանից էլ այն քաղաքի իմ ամենասիրած վայրերից մեկն է: Այստեղ հաճախ են զբոսաշրջիկներ լինում, ինչի շնորհիվ էլ միջավայրը դառնում է ավելի հետաքրքիր ու կենդանի: Տեղն ընդարձակ է ու լուսավոր, սպասարկում է հիանալի անձնազմ, միշտ գեղեցիկ երաժշտություն է հնչում. այս ամենը միասին մի յուրահատուկ տրամադրություն է ստեղծում: Ուտելիքն այստեղ բազմազան է ու համեղ: Սիրածս ուտեստներից մեկը իշխանն է՝ խեցգետնի վզիկներով: Ես ընդհանրապես սիրում եմ ձուկ ու ծովամթերք… Դրանից բացի՝ «Ցենտրալ»-ում որպես դեսերտ մատուցում են սեփական արտադրության թխվածք: Ամառային երեկոներին էլ կարող ես վայելել ֆիրմային պաղպաղակները:

 

Մկրտիչ Արզումանյան
Դերասան, կատակերգու

Հանգամանքների բերումով հաճախ եմ սնվում սրճարաններում ու ռեստորաններում: Աշխատում եմ մեկ-մեկ ընտանիքով էլ ռեստորան գնալ՝ դա առանձին հաճույք է: Երևանում իմ ամենասիրած ռեստորաններից մեկը «Արֆիկյաններ» պանդոկն է: Շատ եմ սիրում հին Երևանի ոճով դիզայնը՝ 19-րդ դարում Աֆրիկյանի հիմնած առաջին քաղաքային պանդոկների ավանդույթներին հավատարիմ: Այստեղ լրիվ կտրվում եմ իրականությունից: Արագ են մատուցում ու կարևորը՝ շատ համեղ պատրաստում: Ամենասիրած ուտեստներիցս մեկը հավի դշխուն է:



Հասմիկ Թորոսյան
Օպերային երգչուհի, միջազգային ու հանրապետական մրցույթների դափնեկիր

Աշխատանքային գրաֆիկը հազվադեպ է թույլ տալիս տանը սնվել, այդ պատճառով էլ անհնար է խուսափել սրճարաններում կամ ռեստորաններում ճաշելուց: Քաղաքում ամենասիրածս վայրերից մեկը The Club-ն է: Հավանում եմ նրա բազմակողմանիությունը՝ ռեստորան է, սրճարան, թեյարան, հուշանվերների խանութ: Կազմակերպվում են ցուցահանդեսներ ու համերգներ: Նույնիսկ եթե կարճ ժամանակով ես մտել, մեկ է՝ հասցնում ես կտրվել ամենօրյա թոհուբոհից: Մատուցումն էլ է հոյակապ՝ յուրաքանչյուր այցելու արժանանում է հատուկ, անհատական վերաբերմունքի: Կարճ ասած՝ հոգիդ խաղաղվում է: Ամենաշտը սիրում եմ բանջարեղենով ոչխարի միսը:

Այս թեմայով