17 Հոկտեմբեր 2014, 13:42
10040 |

Պապական ժառանգություն

Անվանի բարեկամներ ունենալը որքան պատվավոր, այնքան էլ պարտավորեցնող կարող է լինել: Մենք խոսեցինք նշանավոր հայերի ազգանուններն ու գեները կրող հինգ երիտասարդ երևանցիների հետ այն մասին, թե ինչպես է այդ արյունակցական կապն ազդում իրենց կյանքի վրա:

Կարինա Դեմիրճյան
22 տարեկան, իրավաբան
Նախնին՝ Կենտկոմի առաջին քարտուղար
Կարեն Դեմիրճյան (պապ)
Կոմունիստի թոռ լինելու մասին
Իմ մանկության լուսավոր կետն է եղել պապիկս, իսկ նրա քաղաքական-հասարակական գործունեությանն արդեն ծանոթացել եմ նրա մահվանից հետո՝ ավելի հասուն տարիքում: Պապիկիցս հետո մանկությունս սկսեց շատ արագ անցնել և ես, ցավոք սրտի, շատ շուտ մեծացա: 

Հիմա եմ միայն հասկանում, որ իրականում այն, ինչ պապիկս տալիս էր ինձ, դա ոչ թե մանկական աշխարհ, այլ իրական կյանքի դպրոց էր: Հիշում եմ, երբ աշխատանքից շատ ուշ տուն էր վերադառնում, դռան շեմին էր թողնում իր ողջ հոգսն ու հոգնածությունը՝ լիովին նվիրվելով տան անդամներին, իսկ ավելի ճիշտ՝ թոռներին: Տանը հասցնում էր միայն ընթրել, դրանից հետո նրա ամբողջ ժամանակը մերն էր, իսկ մենք շատ քմահաճ էինք. «դպրոց-դպրոց», «բժիշկ-բժիշկ», «տուն-տունիկ»… Բոլոր խաղերում նա ներգրավվում էր ու ներգրավվում էր մեծ պատրաստակամությամբ: Թոռների հանդեպ «չկա», «չի կարելի» բառերը նա չէր օգտագործում: Մինչև հիմա լսում ենք նրա՝ դասական երաժշտության ձայնագրությունները, օգտվում ենք նրա հարուստ գրադարանից… Մինչև հիմա էլ ամբողջ տանը զգում ենք նրա շունչը, բայց այդ զգացողությունն ավելի խիտ է նրա աշխատասենյակում:

Երբ անծանոթ մարդիկ պատահաբար իմանում են, որ Կարեն Դեմիրճյանի թոռն եմ, առաջին բանը, որ նկատում եմ նրանց դեմքին՝ ժպիտն ու միաժամանակ թախիծն է: Այդ ամենը հոգիս շոյում է, բայց դա նաև շատ պարտավորեցնող է: Լրացուցիչ պատասխանատվության զգացողություն է, որպեսզի քո արած քայլերում և ասված խոսքերում շատ զգույշ լինես: Սեր, հարգանք մեծի նկատմամբ, պահանջկոտություն ինքդ քո սեփական անձի նկատմամբ՝ այս ամենը փոքր տարիքից նա մեզ սովորեցնում էր: 

Ես փոքր ժամանակվանից նրա հետ մասնակցում էի ընտրարշավներին, նույնիսկ նկարներ էլ կան, ու շատերն ասում են՝ «դու այսինչ նկարի միջի աղջի՞կն ես»: Նույնիսկ մասնագիտությանս ընտրությունն է կապված իր հետ. իրավաբան դառնալու ցանկություն առաջացավ իմ մեջ հոկտեմբերի 27-ից հետո: Ես ուզում էի իրավաբան դառնալ և բացահայտել այդ գործը:

Պապիկը մի նկար ունի, մատը ծնոտին դրած մտածում է: Քույրս հենց այդպես է ծնվել, իսկ ինձ նրան բնավորությամբ են նմանեցնում՝ աշխատասիրություն, պահանջկոտություն: Բայց ամենաշատն ասում են, որ ինձ պապիցս հումորն է անցել: Իսկ հիմա նույնիսկ աշխա-տանքի վայրում, երբ մինչև ուշ ժամը աշխատում եմ, կատակով ասում են՝ «ոնց ա էրևում, որ կոմունիստի թոռ ա, է»: Ես ուղղակի կուզենայի, որ նա լիներ, ես շատ կարճ ժամանակ հասցրեցի ապրել նրա հետ: Երբ անցնում եմ համալիրի մոտով կամ նրա մշակած հայտնի Դեմիրճյան տեսակի խնձորն եմ ուտում, այնքան հպարտ եմ ինձ զգում: Ես միշտ սիրում էի պապիս հետ գործարան գնալ: Գործարանում իմ մանկական երևակայության համար ամենացանկալի բանը պատճենահանող մեքենան էր և նրա սեղանի գրենական պիտույքները, որ ամեն անգամ հետս տուն էի բերում: Վերջերս պապիկի ծանոթներից մեկն ինձ պատմում էր, որ երբ գործարանում աղմկում էի, պապիկն ասում էր՝ «ինչ անեմ, սիրած թոռս ա, չեմ կարում իրան մերժեմ կամ զայրանամ վրան»:

 


Գրիգոր Խանջյան

Միջազգայնագետ, 30 տարեկան
Նախնին՝ նկարիչ Գրիգոր Խանջյան (պապ)
Խանջյան փողոցի տերն ու տիրակալը չլինելու մասին
Իհարկե, պապս մեծ դեր է խաղացել իմ կյանքում և շարունակում է խաղալ. սկսենք նրանից, որ ինձ իր անունով են կոչել՝ Գրիգոր Խանջյան: Կարծում եմ՝ ծնողներիս կողմից դա չի էլ քննարկվել երկար-բարակ, որովհետև առաջին թոռն եմ եղել, այն էլ՝ տղայի երեխան: Սա միանշանակ նախ և առաջ պատասխանատվություն է: Իմ կյանքի բոլոր փուլերում՝ դպրոցից սկսած, հենց որ լսում են Գրիգոր Խանջյան, գրեթե ամեն երկրորդի մոտ նույն հարցն է ծագում՝ «դու Խանջյանի հետ ի՞նչ կապ ունես»: Իհարկե, հարցնողների մի ստվար զանգվածը պապիս շփոթում է Աղասի Խանջյանի հետ: Հատկապես հիմա, մի տուն կա, որտեղ հիմա, եթե չեմ սխալվում, Լևոն Տեր-Պետրոսյանն է ապրում, դա Աղասի Խանջյանի տունն է եղել և միանգամից ասում են՝ «փաստորեն էդ տունը ձե՞րն ա»: Կամ ասում են՝ «Խանջյան փողոցը ձերն ա՞»: Ոչ, մերը չի: Դպրոցից սկսած ինձնից ակնկալիքները միշտ շատ են եղել, բայց չեմ կարող թաքցնել, որ դա նաև օգնող հանգամանք է: Շատ այլ տեղերում էլ Խանջյան ազգանունը շատ դռներ է բացել ինձ համար, հատկապես երբ մարդիկ են եղել, որ անձամբ են ճանաչել պապիկիս:

Ինստիտուտում մի դասախոս ունեինք, որ ինձ այսպես էր դիմում՝ «տաղանդավոր պապիկի անտաղանդ թոռնիկ»: Չգիտեմ, երևի ինչ-որ բառախաղ էր դա կամ էլ ես իսկապես նրա համար անտաղանդ ուսանող էի՝ այդպես էլ չճշտեցի: Հիմա ուրիշ, մի քիչ սխալ ժամանակներ են ու մեր սերնդում ոչ բոլորն են, որ ճանաչում են Խանջյանին: Այդ իմաստով շատ օգնում է Կասկադում բացված սրահը, որտեղ ներկայացված է պապիս հայտնի եռանկարը: Մենք ինքներս չենք դիմում կառավարությանը, որ կիսանդրի կանգնեցնի կամ փողոց անվանի Խանջյանի անունով, իսկ պետության կողմից էլ նման առաջարկ չկա: Սա ոչ թե գոռոզություն է, այլ պարզապես ճիշտը դա է: Եթե քո երկրի իշխանությունը հարկ չի համարում հարգանքի տուրք մատուցել նման մարդուն և ինքը չի առաջարկում, ապա... Որակավորումներ չտամ, բայցայսօր Երևանն էլ է ուրիշ, երևանցին էլ: Երբ արտասահմանցի հյուրերը կամ զբոսաշրջիկները հարցնում են, թե ո՞ւր է ձեր 2796 տարեկան քաղաքը, մենք դրա պատասխանն այսօր չունենք: Ուստի, լինում են դեպքեր, հավատացեք, որ ես ասում եմ՝ ինքը ժամանակին գնաց, որովհետև տեսնում եմ, թե հիմա ինչ է կատարվում: Գրիգոր Խանջյանը շատ խստապահանջ մարդ էր, ես ինքս էլ իմ մեջ զգում եմ դա: Վերջիվերջո, այդպիսի մարդու հետ 16 տարի ապրել եմ: Եվ ամեն մի ապրած րոպեն նրա հետ ահռելի բան է տալիս՝ գիտակցում ես դա, թե ոչ, միևնույն է:

 


Բիայնա Մահարի

Լուսանկարիչ, 25 տարեկան
Նախնին՝ գրող Գուրգեն Մահարի (ապուպապ)
Այն մասին, թե ինչպես են իսկական անունը մականվան տեղ ընդունում
Մարդկանց մի մասը գիտի Մահարուն, ինչ-որ մի մասն էլ չգիտի: Եվ ովքեր որ չգիտեն, սկսում են մտածել, թե Մահարին ինչ-որ արաբական ազգանուն է: Բայց, իհարկե, իմացողներն ավելի շատ են: Վերջերս ինչ-որ մեկը հայրիկիցս ստորագրություն էր ուզել, երբ իմացել էր, որ նա Մահարու թոռն է: Ծիծաղելի էր: Իսկ ուրիշ տարօրինակ դեպք ազգանվան հետ կապված, կոնկրետ ինձ հետ չի եղել:

Անունս էլ է տարօրինակ՝ Բիայնա, միշտ ասում են՝ լավ կեղծանուն ես քեզ հորինել՝ Բիայնա Մահարի: Մասնագիտությունս էլ այնպիսին է, որ բոլորը ենթադրում են, որ ես իսկապեսկեղծանվամբ եմ հանդես գալիս: Երբ ինչ-որ անծանոթ մարդու հետ խոսում եմ, վերջում հարցնում է՝ «բա իսկական անունդ ի՞նչ ա», կամ՝ «քեզ ո՞նց ներկայացնենք ցուցահանդեսի ժամանակ»: Բիայնան Վանի թագավորության հին անունն է և քանի որ Մահարին էլ Վանից է եղել, դրա համար էլ ինձ Բիայնա են անվանել, դե համ էլ գեղեցիկ անուն է և ծագումն է համապատասխանում ազգանվանս հետ: Մահարուն գիտեմ իր գրականության միջոցով: Գիտեմ, որ նրա հումորն է շատ հավեսին եղել, որը կարծես թե սերնդից սերունդ փոխանցվել է: Իմ առումով չեմ կարող վստահ ասել, բայց հորս ու պապիկիս՝ հաստատ:

Լրագրող եմ նաև, գրում եմ, բայց մի բանում լրիվ վստահ եմ՝ հայտնի գրող դառնալու պոտենցիալ հաստատ չունեմ առաջիկա հազարամյակում: Միգուցե եթե ես գրող լինեի, հնարավոր է, որ ինչ-որ պատասխանատվություն ավելացներ ազգանունս, բայց քանի որ իմ ոլորտում մեր ընտանիքում ես առաջինն եմ, ուստի ես ինքս եմ կերտում իմ անունը: Եթե անունս այդքան տարօրինակ չլիներ, ասենք՝ Գայանե կամ Հասմիկ լիներ, միգուցե ազգանվան վրա ուշադրությունն ավելի շեշտված կլիներ, բայց քանի որ անունս էլ է տարօրինակ, ապա իմ վրա, ամեն դեպքում, ավելի շատ անվան և ազգանվան համադրության տարօրինակությունն է ազդել, քան միայն ազգանվանը:

 


Ելենա Խաչվանքյան

Տնտեսագետ, 30 տարեկան
Նախնին՝ դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Կարպ Խաչվանքյան (պապ)
Սկզբունքորեն պապի մասնագիտությունը չընտրելու մասին
Այնպես դասավորվեց կյանքը, որ ես Կարպ Խաչվանքյանի միակ թոռնուհին եմ։ Նաև դրա համար է, որ անչափ մեծ և քաղցր ուշադրության եմ արժանացել նրա կողմից: Օբյեկտիվ լինել և ասել, թե ինչ է պապիկիցս անցել ինձ, դժվարանում եմ: Ասում են՝ ժպիտը և բնավորության որոշ գծեր՝ համեստությունը, բարությունը, սկզբունքայնությունը։ Շատ որոշիչ բաներ են դրանք իմ կյանքում։ Այսօր մեր ցեղում չկա մեկը, ով շարունակում է պապիկիս գործը: Հայրս կենսաբան է, ես էլ տնտեսագետ: Կարելի էր ենթադրել, որ կարող էի դերասան դառնալ՝ տվյալներ ունեմ։ Այն պահին, երբ պետք է մասնագիտություն ընտրեի, պապիկս արդեն չկար, հիասթափված էի Երևանի թատերական միջավայրից և ամենակարևորը՝ չէի պատկերացնում, ինչպես կկարողանամ ապացուցել, որ իմ արժանիքները միայն ազգանվանս մեջ չեն։ Չէի ուզում դռները իմ առաջ հեշտ բացվեին, իսկ հետո պարզվեց, որ ես դրան արժանի չեմ։ Դարձա տնտեսագետ և իմ մասնագիտության մեջ շատ բանի եմ հասել:

Շատ հեշտ է կրել Խաչվանքյան ազգանունը, եթե դու Հայաստանում ես։ Մարդ չի հանդիպել, որ անտարբեր լինի այդ ազգանվան նկատ-մամբ: Անպայման հարցնում են՝ «իսկ կապ ունե՞ք Կարպ Խաչվանքյանի հետ»: Ես գրեթե երբեք չեմ ասում այդ մասին, սովորաբար կողքի մարդիկ են սիրում ինձ այդպես ներկայացնել։ Դիմացինը կամ միանգամից ներկայացումներից որևէ ցիտատ է մեջբերում կամ լայն ժպիտով պատմում իր հիշողությունների մասին՝ հիմնականում Պարոնյանի թատրոնում պապիկիս մասնակցությամբ ներկայացումներից: Ես տեսնում եմ նրանց սերը և իրենց աչքերով ևս մեկ անգամ գնահատում իմ բախտը՝ նրա կողքին իմ մանկությունն անցկացնելու համար։ Պարզ և մաքուր սերը, որին նա է արժանացել հայերի կողմից, շատ բան է ինձ սովորեցրել։

 


Գևորգ Էմին-Տերյան

32 տարեկան, լրագրող, գրականագետ
Նախնին՝ բանաստեղծ Վահան Տերյան (ապուպապ), բանաստեղծ Գևորգ Էմին (պապ)
Այն մասին, թե ինչպես են մարդիկ իր հետ շփվելիս փորձում շփվել Տերյանի հետ
Վահան Տերյանն ունեցել է մի աղջիկ՝ Նվարդ Տերյանը: Նվարդն ամուսնացել է երիտասարդ բանաստեղծ Գևորգ Էմինի հետ և ունեցել երկու տղա՝ Վահան և Գրիգոր: Ես Գրիգորի տղան եմ: Նվարդը և Գևորգը բաժանվել են, բայց տատիկս ուզում էր, որ հայրս վերցնի Տերյանի ազգանունը, հայրս էլ պապիկիս չնեղացնելու և միաժամանակ տատիկիս խոսքը կատարելու համար կրկնակի ազգանուն է վերցնում: Ես էլ, բնականաբար, որպես նրա որդի, ժառանգեցիայդ ազգանունները: Հազվադեպ երևույթ է Հայաստանի համար, բայց ես վաղուց արդեն սովորել եմ դրան: Տերյանն ուրիշ հարթության մարդ է եղել: Գրականագետները Տերյանի ինչ-որ կերպար են սարքել՝ մեղմ, հեզ և դուրս են թողել այն ամենը, ինչը որ դրան չի համապատասխանում: Դրանում համոզվելու համար հերիք է կարդալ նրա նամակները, քաղաքական ելույթներն ու հոդվածները:

4 տարեկանից ինձ ստիպել են, որ Տերյան արտասանեմ: Ես 5 տարեկան էի և «Մի խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին»-ն էի արտասանում ու հիշում եմ, որ մեր տանը հյուրընկալվող գրողներ և շատ այլ հայտնի մարդիկ ցնցվում էին, քանի որ ես բեմականացված էիարտասանում: Մի կողմից՝ միշտ էլ կարդացել եմ Տերյան, մյուս կողմից՝ շատ քիչ դեպքեր են եղել, երբ ես իմ կամքով արտասանել եմ Տերյան: Պարզապես բոլորը սպասում էին դրան:

Նախ՝ դու ինքդ քո մեջ գիտես, որ դու այդ մարդու կամ մարդկանց ժառանգն ես: Դպրոցական տարիքից սկսած, երբ յուրաքանչյուր ուսուցիչ կարդալով ազգանունս ասում էր՝ «դե մի հատ արտասանի», մինչև հիմա ծանր է կրել այդ ազգանունները: Մարդիկ քեզ հարց են տալիս, ու դու զգում ես, նրանք մի քիչ այդ հարցը տալիս են Վահան Տերյանին: Դա սարսափելի բան է: Իրականում դու ճխլվում ես, որովհետև դա ֆանտաստիկ զգացողություն է: Ես ժպտում
եմ, ասում եմ՝ «ես հո նրա դեսպանը չեմ…»: Էլ չեմ խոսում այն մասին, երբ գնում եմ Ախալքալակ: Սա իրականում շատ պարտավորեցնող է: Միգուցե եղել է, որ ես համալսարանում քննությունը «4»-ի պատասխանեմ, բայց դասախոսն ինձ «5» նշանակի, չգիտեմ, բայց որ ասեմ ազգանունս դռներ է բացել ինձ համար, սուտ կլինի: Իմ կյանքի ընթացքում, իհարկե, ես շահարկումներ արել եմ: Ասենք՝ ինչ-որ բացիկի վրա Տերյանից մի այնպիսի քառատող եմ գրել, որ քիչ էր հայտնի: Նույնիսկ այսպիսի դեպքեր էլ են եղել. ընկերս ընկերուհի ուներ, ով ընդհանրապես հայ գրականությունից տեղյակ չէր, ու ես հենց դա հասկացա, ընկերոջս ասացի՝ Տերյանի բանաստեղծություններից կարդա նրա համար և ասա, որ դա դու ես գրել:

Իրականում, երբ ինձ ասում են, որ դու Տերյանի թոռն ես, ես ասում եմ, որ մենք բոլորս ենք նրա թոռները: Մարդն իրականում պետք է գիժ լինի, որ իրեն նմանեցնի Տերյանին ու մի քիչ էլ գոհ եմ, որ արտաքնապես նման չեմ:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N10, 2014

Այս թեմայով