07 Հոկտեմբեր 2014, 14:37
1707 |

Մարտարվեստ՝ «հիասքանչ, ինչպես գարունը»

Մինչև Հայաստան հասնելը վին-չունը 400-ամյա երկար ճանապարհ է անցել: Լեգենդներից մեկի համաձայն չեն-բուդդիզմի պատրիարք Բոդխիդխարմը մի անգամ ժամանել է Շաոլինի մենաստան ու հոգևորականներին սովորեցրել առաջին վարժություններն ու հնարքները, որոնք հետագայում հիմք են հանդիսացել կունգ-ֆուի ստեղծման համար:

Վին-չունի առաջացման տասնյակ վարկածներ կան: Դրանցից մեկի համաձայն էլ Շաոլինի հոգևորականներն ու մասնագետները որոշել են կունգ-ֆուի հիմքի վրա ստեղծել մարտարվեստի մահացու ձև: Այս մտադրությունն իրականացնելու համար իրենց մոտ են հրավիրել պրոֆեսիոնալ մարդասպանների խմբերի ղեկավարների:

Ամենադժվար ու վտանգավոր մարտարվեստի տեսակի, վերջինիս Հայաստանում տարածվելու մասին պատմեց վին-չուի երիտասարդ մարզիչ Սարգիս Հարությունյանը:

«Ի սկզբանե վին-չունը ստեղծվել է մարտարվեստների այլ ձևերին հակազդելու համար, վին-չունի նպատակը մեկն է՝ վնասազերծել թշնամուն՝ կիրառելով այն ամենը, ինչին ընդունակ ես: Բացի այդ էլ, պետք է կարողանալ հակառակորդի ուժն օգտագործել իր իսկ դեմ»:

Չինարենից թարգմանաբար վին-չուն նշանակում է «հիասքանչ, ինչպես գարունը» կամ «գարնանային երգ»: Մարտարվեստի ամենակարևոր առանձնահատկությունը մոտիկ մարտ վարելու մեջ է: «Վին-չունը տարիների ընթացքում բաժանվել է տարբեր դպրոցների ու հոսանքների: Ստեղծման առաջին տարիներին այն շատ վտանգավոր մարտարվեստ է եղել, և նա, ով տիրապետում էր վին-չունին, նույնպես դառնում էր շատ վտանգավոր: Իմ ուսուցիչը Հայաստանի վին-չունի ֆեդերացիայի նախագահ Սուրեն Ավագյանն է, որն էլ իր հերթին եղել է վիետնամցի հայտնի մասնագետ Խոան Վին Զանգի աշակերտը»,- պատմում է Սարգիսը: Նրա խոսքով, վին-չունի հայկական դպրոցը հայտնի է ամբողջ աշխարհում: Հայ մասնագետների հիմնական նպատակը մեկն է՝ վերածնել մարտարվեստը ու դարձնել այնպիսին, ինչպիսին էր այն ստեղծման սկզբնական շրջանում:

«Քանի որ մենք գործ ունենք շատ լուրջ մարտարվեստի հետ, կա տարիքային սահմանափակում՝ վին-չունով կարող են զբաղվել 14 տարին լրացածները: Ի դեպ, այսօր մենք ունենք նաև 47-ամյա մարտիկ: Մինչ պարապմունքները սկսելը ես զրուցում եմ նրանց հետ. շատ կարևոր է իմանալ, ի վիճակի՞ է արդյոք տվյալ հոգեբանություն ունեցող մարդը զբաղվել մեր մարտարվեստով: Ամենագլխավորն այն է, որ մարդ հասկանա ու ունենա այն պատասխանը, թե ինչու ու ինչ նպատակով է ինքը ցանկանում զբաղվել վին-չունով»,- ավելացրեց մարզիչը:

Այստեղ չկա մրցակցություն կամ առաջնություն, սա սպորտ չէ, պարզապես մարտարվեստ է՝ նախատեսված կյանքում տեղի ունեցող իրավիճակների համար: Շատերը վին-չունը սիրում են անվանել մյուս մարտարվեստների հակապատկեր, չէ՞ որ նրա հիմքում դրված է հակառակորդի ուժեղ ու թույլ կողմերն իր իսկ դեմ օգտագործելու գաղափարը:

Դահլիճը, որտեղ պարապում են վին-չուն, որքան հնարավոր է հարմարեցված է իրական պայմաններին, բացակայում են մարզագորգերն ու հարմարավետ պարագաները: Այստեղ ամեն ինչ դաժան է, չէ՞ որ իրական կյանքում ոչ ոք մենամարտելու ժամանակ փափուկ գորգ չի փռի կամ էլ սպասի, թե երբ է մրցակիցը հագնելու ձեռնոցները:

«Վին-չունը հրաշալի մարզաձև է, որին պետք է տիրապետեն նաև աղջիկները: Նրանք սովորում են ինքնապաշտպանական հնարքներ, գնահատում են իրենց կարողությունները ու արտակարգ իրավիճակներում կարողանում են ընտրել հարձակման լավագույն տարբերակը»,- ընդգծել է Սարգիսը:

Այս թեմայով