21 Օգոստոս 2014, 15:28
2363 |

Պար մարտից առաջ

Եթե նկարենք աշխարհի քարտեզը, երկրների անունների փոխարեն նշելով մարտարվեստի այն տեսակները, որոնք բնորոշ են տվյալ երկրին, ապա կստանանք մարտարվեստի աշխարհի ամբողջական քարտեզ: Ճապոնիայի փոխարեն կարող ենք գրել սումո կամ կարատե, Չինաստանի փոխարեն` քունգ-ֆու, Ֆրանսիան հայտնի էր իր սավատով, Հնդկաստանը կուշտին է: Ցուցակը կարելի է երկար շարունակել: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա երիտասարդները գուցե երկմտնեն, բայց հարցն ունի միանշանակ պատասխան` կոխ: Կոխը ամենահին ու յուրահատուկ մարտարվեստի տեսակներից է` իր գեղեցիկ հնարքներով ու շարժումներով, որի արմատները հազարամյակների խորքերում են: Կոխը Հայաստանի մշակույթն ու պատմությունը ներկայացնող կարևոր դետալներից է:

Անտիկ ժամանակներում, երբ մարտական արվեստը համարվում էր առօրյայի անբաժան մասը և տղամարդկանց հիմնական զբաղմուքներից էր, Հին Օլիմպիական խաղերի հաղթողներ էին հայ արքաներ Տիգրան Մեծը, Տրդատ 3-րդը, Արշակ 1-ինը: Հենց այս շրջանում էլ կոխը դարձավ ամենատարածված մարզաձերից մեկը:

Լեգենդի համաձայն, հայերը համարել են, որ երկրաշարժի մեղավորները հայկական Պանթեոնի աստվածներն են, որոնք տարվելով կոխով, անգամ չէին ենթադրում, որ դրանից հողը երերում է, տներ են քանդվում ու ավերածություններ լինում: Ավելի ուշ նրանք տղամարդկանցից ամենաքաջերին հայտնեցին կոխի գաղտնիքները, նրանք էլ իրենց հերթին սովորեցրեցին մյուսներին ու այսպես այս մարտարվեստը հասանելի դարձավ արժանի մարդկանց:

Կոխը մի շարք ազգային տոների, ինչպես նաև ընտանեկան հավաքների անբաժան մասն էր: Կարևոր արարողություն էր նաև մարտին պատրաստվելը: Իրենց ուժը չափելուց առաջ մարտիկները պետք է հանդես գային հատուկ «Հսկայի պարով»: Իսկ արդեն մարտից հետո հաղթողը պարում էր «Հաղթանակի պարը»: Մարտի երաժշտությունը կատարվում էր զուռնայի, դուդուկի և դհոլի համադրությամբ և չէր դադարում ամբողջ ընթացքում:

Կոխի համար հատուկ զգեստ որպես այդպիսին գոյություն չուներ, մարտիկների գլխավոր նպատակը հենց «կոխ»-ն էր, այսինքն՝ մրցակցին մեջքի վրա գցելը կամ նրան մրցասպարեզի տարածքից դուրս մղելը: Տեսնելով մրցակցին տապալված՝ հաղթողը նրան ծնկով սեղմում էր գետնին՝ այս կերպ դնելով մարտի վերջակետը: Որպեսզի մարզիկները հանկարծ խորամանկություններ չանեն, մարտը դատում էր շատ հարգված և ճանաչված մեկը, ով բոլորի համար հեղինակություն էր:

Ի դեպ, հաղթողը անպայման պարտավոր էր ընդունել այլ մարտահրավերը, եթե դա լիներ: Հենց այս պատճառով էր հին հայկական հարսանիքները կամ արարողությունները երբեմն ամբողջությամբ վերածվում կոխամարտերի: Այս մարզաձևի շնորհիվ է նաև, որ հայոց լեզուն հարստացել է այնպիսի բառերով , ինչպիսք են կոխ տալ, գոտի, գոտեմարտ և այլն:

1922-ից սկսած Հայաստանում կոխի առաջնություններ էին անցկացվում, այն դեպքում երբ սովետական մյուս երկրներում անգամ ազգային սպորտաձևեր դեռ չէին հայտնվել: Հենց այս ժամանակ էլ կոխում հստակեցվեցին շատ կանոններ, որոնք հիմնականում վերցվեցին կոխի լոռվա տարբերակից: Մարզիկները 9 քաշային կարգում էին պայքարում, մարտը տևում էր 7 րոպե: Եթե մարզիկներից ոչ մեկին չէր հաջողվում գետնել մյուսին, հաղթողը որոշվում էր միավորներով:

Այսօր ազգային մարզաձև կոխը կորցրել է իր նշանակությունը ու շատ մարզիկների մոտ անգամ ասոցիացիաներ չի առաջացնում: Սա իր բացատրությունն ունի և մեծ մասամբ կապված է ԽՍՀՄ տարիների ազգայինի ճգնաժամի հետ: Բայց ամեն դեպքում «կոխը գետնված չէ»: Շնորհիվ այնպիսի մարդկանց, ինչպիսին է Կոխի ազգային ֆեդերացիայի նախագահ Արման Սեդրակյանը, հայկական ազգային մարզաձևը շարունակում է գոյատևել: Բացի այդ Հայաստանում դեռ կան համայնքներ, որտեղ կոխը դեռևս շարունակում է մնալ տոների անբաժան մասը: Փաստորեն, հույս կա, որ կոխը մի օր կվերականգնի երբեմնի փառքը, ամուր կկանգնի հողին ու կպարի իր «Հաղթանակի պարը»:

Այս թեմայով