05 Հոկտեմբեր 2014, 11:47
21960 |

Դիլիջանի պատասխանը Հարվարդին

Դիլիջանում միջազգային դպրոց ստեղծելու գաղափարը հինգ տարի հասունանում էր, իսկ երկու տարի առաջ այն հասավ իրականացման մակարդակի: Հոկտեմբերի 4-ին ջանքերի պտուղները ներկայացրեցին հայ լրագրողներին. Հայաստանում պաշտոնապես բացվեց Դիլիջանի միջազգային դպրոցը: Աշխարհի դպրոցների միավորումը (UWC) համաշխարհային կրթական շարժում է, որի շրջանակներում աշխարհում գործում է 14 դպրոց, այնտեղ սովորում են աշակերտներ ավելի քան 140 երկրից: Ռուբեն Վարդանյան և Վերոնիկա Զոնաբենդ ամուսինների շնորհիվ Հայաստանը դարձավ հետխորհրդային երկրներից առաջինը, որտեղ բացվեց համաշխարհային ցանցի մեջ մտնող դպրոց: Ուսանողներ են հավաքվում ամբողջ աշխարհից՝ հիմնվելով կարողությունների և հնարավորությունների վրա:

Դիլիջանի երաժշտական դպրոցում
Միջազգային դպրոց հասնելուց առաջ լրագրողները եղան վերջերս վերանորոգված Դիլիջանի երաժշտական դպրոցում:Դիլիջանի զարգացման ֆոնդի տնօրեն Արթուր Հակոբյանի խոսքով՝ ֆոնդն իր վրա է վերցրել դպրոցի բարելավմանն ուղղված բոլոր ծախսերը: Ֆոնդի հիմնական նպատակն է Դիլիջանը դարձնել համաշխարհային կրթական կենտրոններից մեկը, իսկ միջազգային դպրոցն այդ նպատակին հասնելու առաջին ու հզոր քայլն է:

Բուդդիստական մոտեցում
Լեռնային բնապատկերը դպրոցի քաղաքային-տեխնոլոգիական շենքի հետ հակադրության մեջ մտնելով սուր զգացողություններ է պարգևում:
Դիլիջանի միջազգային դպրոցից բացվող լեռնային պատկերը աշակերտներին կտրում է խանգարող արտաքին միջավայրից, մի բան է մնում՝ ամբողջությամբ կենտրոնանալ կրթության և ինքնազարգացման վրա: Տպավորություն է, թե հայտնվել ես քաղաքակրթությունից կտրված բուդդիստական տաճարում, որտեղ ամեն ինչ պտտվում է մեկ մտքի՝ այս դեպքում՝ կրթության շուրջ: Առաջին հարկում տեղակայված են լսարաններն ու աբստրակտ ոճով կառուցված ընդունարանը ապակյա տանիքի տակ, որտեղ աշակերտները կարող են անցկացնել իրենց քննարկումները:
Երկրորդ հարկում արվեստանոցն է, քիմիայի, ֆիզիկայի լաբորատորիաներն ու գրադարանը, որն անվճար wi-fi-ի շնորհիվ արդեն սիրված վայր է դարձել: Սպորտաային դահլիճ էլ կա, որտեղ աշակերտները կարող են հետևել իրենց մարզավիճակին:

Էկրանային տեխնոլոգիաներ
Գրադարանը համալրված է համակարգիչներով, իսկ լաբորատորիաներում փորձեր կատարելու համար արդեն կան բոլոր հարմարությունները: Մի հատուկ լսարան էլ նախատեսված է պրեզենտացիաների համար: Դիլիջանի միջազգային դպրոցի տնօրեն Ջոն Պադեֆութն անձամբ ցույց տվեց նորագույն touchscreen էկրանի հնարավորությունները: Ձեռքի մեկ հպումով կարելի է ոչ միայն ցանկացած տեղեկություն բերել էկրանին, այլև նշումներ ու գրառումներ կատարել: Քննությունների և դասերի ընթացքում ինտերակտիվ էկրանը աշակերտներին թույլ կտա ավելի մանրամասն ներկայացնել իրենց ծրագրերն ու գիտական աշխատանքները:

Կոսմոպոլիտ կրթություն
Միջազգային դպրոցի փոխտնօրեն Սալլի Նորիսի խոսքերով՝ Դիլիջանում արդեն կրթություն է ստանում 96 ուսանող 49 երկրից: Շրջանավարտները կստանան ամբողջ աշխարհում հայտնի համալսարանների կողմից լավագույնը ճանաչված հավաստագիր՝ IB diploma: Դպրոցում կարելի է հայտնվել UWC ազգային հանձնաժողովի միջոցով: «Հիմա Դիլիջանի դպրոցում սովորում են 10 հայ ուսանող, մնացածները եկել են աշխարհի տարբեր ծայրերից՝ սկսած Ավստրալիայից, Հնդկաստանից, Չինաստանից մինչև Ֆրանսիա, Իսրայել ու ԱՄՆ»,- ընդգծեց Սալլի Նորիսը:
Նրա պնդմամբ՝ թեկնածուները ընտրվում են ըստ ընդունակությունների՝ առանց հաշվի առնելու նրանց ֆինանսական հնարավորությունները: Եթե աշակերտի ծնողները հնարավորություն չունեն ամբողջովին կամ մասամբ վճարել ուսման վարձը, ապա դպրոցն այդ ծախսերն ինքն է հոգում:

 

Աշակերտներն ասում են՝ Բարև Ձեզ
Առաջին երկու շաբաթվա ընթացքում անցկացվել են ծանոթագրական սեմինարներ Հայաստանի, հայկական սովորույթների ու առօրյա կյանքի մասին: Անցկացվել են նաև հայերենի սկզբնական ուսուցման դասընթացներ, մի քանի բառ աշակերտներն արդեն կարողանում են արտասանել՝ Բարև Ձեզ, Շնորհակալություն և այլն: Օրինակ՝ հումանիտար գիտությունները կարելի է համատեղել քիմիայի կամ ֆիզիկայի հետ: Ռուսաստանից եկած 17-ամյա Ելենան ինքն է ընտրել Դիլիջանի միջազգային դպրոցը: «Շատ էի լսել Հայաստանի մասին, անչափ ուրախացա, որ անցա հարցազրույցն ու ընդունվեցի: Այստեղ սովորելը երկուստեք հաճելի է՝ մի կողմից մեր երկրների բարեկամության, մյուս կողմից հեռավորության համար: Ռուստաստանին ամենամոտ միջազգային դպրոցը Դիլիջանում է»: Իսկ ահա Հնդկաստանի Խուբավալի-Վրուշալի գյուղից ժամանած մի աշակերտուհի մեր երկրի մասին իմացել է այն ժամանակ, երբ անցել է հարցազրույցի փուլն ու հենց Դիլիջանում սովորելու առաջարկ ստացել: Օգոստոսի 19-ին է եկել, նրան առաջինը Երևանի գեղեցկությունն է տպավորել: Դիլիջանի դպրոցի մեկնարկն արդեն տրված է, նրա հետ կապված հույսերը՝ բազում: Դպրոցի ևս մեկ առավելությունն էլ այն է, որ նրա շրջանավարտները հետագայում կդառնան Հայաստանի դեսպաններն աշխարհում:

 

 

For the English version of this article, please click here.

Այս թեմայով