11 Հունիս 2013, 14:44
1833 |

Միջազգային, ոչ օտարալեզու

«Դիլիջանի միջազգային դպրոց» հիմնադրամը պլանավորում է Դիլիջան քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը մշակելու նպատակով միջազգային մրցույթ հայտարարել: Հիմնադրամը նաև նախատեսում է վերանորոգել Դիլիջանի քաղաքային այգին, ինչպես նաև' ֆինանսավորել ՏԻՄ աշխատակիցների համար անգլերեն լեզվի դասընթացները:

Դիլիջանի միջազգային դպրոցը լայնածավալ բարեգործական նախաձեռնություն է, որը նորովի կներկայացնի Հայաստանը աշխարհի կրթօջախների քարտեզի վրա՝ խթանելով ավելի քան 60 երկրներից տարբեր ազգությունների աշակերտների ներհոսքը Հայաստան։ Դպրոցի տնօրինությունը շեշտում է, որ Դիլիջանում կառուցվում է միջազգային և ոչ թե օտարալեզու դպրոց: Ծրագիրն ուղղված է նաև Տավուշի մարզի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը, քաղաքի բնապահպանական կայուն զարգացմանը, լայնածավալ սոցիալական ծրագրերի իրականացմանը, քաղաքի ենթակառուցվածքների արդիականացմանը և դրանց հետագա զարգացման խթանմանը։

Դիլիջանի միջազգային դպրոցի դռները կբացվեն 2014-ի սեպտեմբերին։ Առաջին ուսումնական տարում այն կընդունի 90 աշակերտ, որոնց քանակը 2023-ին կհասնի 650-ի: Դպրոցում սովորելու մեկ տարվա վարձը կկազմի մոտ $30 000, սակայն աշակերտների 70%-ը դպրոցում սովորելու է անվճար' բարերարների կողմից հատկացված կրթաթոշակների շնորհիվ:

Հայաստանցի շնորհալի ու տաղանդավոր երեխաները կազմելու են Դիլիջանի միջազգային դպրոցի աշակերտների 10-12%-ը: Բացի դրանից սփյուռքի հայ համայնքներից դպրոցում ուսանող աշակերտների տոկոսը կկազմի մոտ 30%։

Դիլիջանի միջազգային դպրոցի նախագծի հիմնադիրներ են ռուսաստանաբնակ գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը' տիկնոջ հետ: Դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամներն են կրթության ոլորտի և բիզնեսի ականավոր ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Ճապոնիայից:

Այս թեմայով