01 Հոկտեմբեր 2014, 11:13
4482 |

Մարտահրավեր Աֆրիկային. մարդու ծագման նոր գյուտ Հայաստանում

Մինչև այժմ գիտության մեջ տարածվել և պաշտպանվել է այն կարծիքը, թե մարդու ծագման ու ձևավորման հայրենիքն Աֆրիկան է: Աֆրիկայից են դուրս եկել հոմո էրեկտուսը՝ քայլող մարդը կամ հոմո սափիենսը՝ մարդ բանականը: Այսինքն՝ մարդկության նախահայրերն Աֆրիկայից տեղաշարժվել են՝ իրենց հետ տանելով քարի մշակման ինդուստրիան: Սակայն պարզվեց, որ նախամարդու իրական օրրանը Հայկական լեռնաշխարհն է։

Մարդաբանությունը Հայկական լեռնաշխարհում սենսացիոն հայտնագործություն է արել: 2008-ից Հրազդանի կիրճում՝ Նոր Գեղիի տարածքում, հայ-ամերիկյան արշավախումբը պեղումներ է իրականացրել: Տևական ուսումնասիրությունների ու արտասահմանյան լաբորատորիաներում անցկացված անալիզի արդյունքում հաստատվել է այն, ինչ մասնագետները ենթադրում էին, բայց դեռ չէին հրապարակում. Հայկական լեռնաշխարհը նախամարդու օրրան է:

Հնագիտական հուշարձանը հայտնաբերվել է շատ պատահական: Հայկական բանակի զինվորները Նոր Գեղիի տարածքում դեպի աղբյուր ճանապարհ գցելու ժամանակ տրակտորով հողը փորել են ու բազալտի շերտեր բացել: Երկու շերտերի արանքում եղել է հրաբխային մոխիր, որի տարիքը 330 հազար տարվա միջակայքն է: Հենց այդ շերտում էլ հայտնաբերվել են քարե գործիքներ և առարկաներ, որոնք էլ հենց սենսացիոն գյուտի հիմքն են:

Նոր Գեղիում հայտնաբերված հնավայրը ստիպում է գիտնականներին մարդկության ծագման մասին մինչև այժմ եղած տեղեկությունների կողքին դնել ավելի հիմնավոր ու հստակ թվագրումով հայտնագործություն: Այն մարդագոյացման ամբողջ մեխնիզմների ընկալման ու տեսական հիմնավորման մեջ նոր ուղի է բացում:

Մինչ այդ միանշանակ էր, որ մարդը ձևավորվել է Աֆրիկայում, հետո Միջերկրական ծովի արևելյան ափերից անցել այսօրվա Առաջավոր Ասիայի տարածք, այնտեղից էլ՝ Եվրասիա: Մարդկային պոպուլյացիայի վկայություններ ՝քարե գործիքներ են հայտնաբերվել Պաղեստինի, Իսրայելի, Սիրիայի տարածքներում: Սակայն այդ գործիքներն ավելի երիտասարդ են, քան Նոր Գեղիի տարածքում հայտաբերված առարկաները:

Ոչ ոք չի ժխտում, որ Աֆրիկայում կենսաբանական էակ է ձևավորվել, բայց այսուհետև դրա կողքին դրվելու է ևս մի ապացույց, որ Հայկական լեռնաշխարհը նույնպես մարդագոյացման օջախ է: Հայտնաբերված օբսիդիանե գործիքներից մի քանիսը պատմում են, որ 1 մլն 700 հազար տարի առաջ նախամարդը քարի կողքերը տաշել է, ծլեպները հեռացրել՝ որպես աղբ, ու քարը դարձրել գործիք: Իսկ մյուս առարկաները վկայում են, որ նախամարդը քարից միջուկ է սարքել, միջուկից՝ ծլեպներ է տաշել ու այն դարձրել հատիչ, իսկ քարը դեն գցել՝ որպես աղբ: Առաջին դեպքում ծլեպն էր աղբը, երկրորդում՝ քարը: Մինչև նախամարդն առաջինից հասել է երկրորդին, այսինքն՝ հասկացել, որ քարն ավելի ծանր է՝ որպես հատիչ օգտագործելու և տեղից տեղ տանելու համար, քան ծլեպը, տևել է 1մլն 300 հազար տարի: Հնագետները դա անվանում են քարի դարի շախմատ: Այսինքն՝ նախամարդը գիտակցել է իր քայլերի հաջորդականությունը, ինչպես շախմատում, որպեսզի օգտակար արդյունք ստանա:

Մասնագիտական լեզվով քարի մշակման երկրորդ մեթոդը կոչվում է «լևալուազյան» տեխնիկա: Նոր Գեղիի գյուտի արժեքներից մեկն այն է, որ քարի մշակման երկու մեթոդներն էլ միաժամանակ են հայտնաբերվել: Շերտերի հստակ թվագրությունն ապացուցում է, որ քարի մշակման երկրորդ մեթոդը հիմնված է առաջինի վրա, ոչ թե մեկը փոխարինվել է մյուսով, ինչպես Աֆրիկայի դեպքում գիտնականներն են կարծում: Այսինքն՝ ժամանակի ընթացքում տեղի է ունեցել մարդկային բանականության ու գիտակցության բնականոն զարգացում՝ ծանր ու կոշտ քարից դեպի թեթև ու հարմար ծլեպից հատիչ:

Սենսացիայի բացառիկությունն այն է, որ առաջին անգամ է քարի կիրառման երկու մեթոդները միաժամանակ ու նույն տեղում հայտնաբերվում: Մարդկության ինդուստրիայի օրրան համարվող Աֆրիկայում թվագրումները շատ վիճելի են ու ոչ հստակ, և հայտնաբերվել են քարի մշակման կա՛մ առաջին կա՛մ երկրորդ մեթոդները. երկուսը միասին ու միաժամանակ դեռ երբեք չի հայտնաբերվել ոչ՛ Աֆրիկայում, ոչ՛ այլ տեղ:

Ընդ որում՝ գիտնականներին հաջողվել է նաև ապացուցել, որ վաղագույն շրջանի մարդն օգտագործել է նաև իրենից 130 կմ շառավղով լանդշաֆտը: Ապացուցվել է, որ գործիքներ են պատրաստվել նաև Սյունիքի օբսիդիանից: Սա նշանակում է, որ մարդը գիտակցական զարգացում է ապրել ու ընտրել լավագույն որակի օբսիդիան:

Եթե մինչ այժմ գիտնականները համոզմունք ունեին, թե նախամարդը քարե գործիքների մշակման մեթոդներով զինված՝ Աֆրիկայից տեղաշարժվել է դեպի Եվրասիա և այլ տարածքներ, ապա Նոր Գեղիի հայտնագործության դեպքում հստակ է, որ նախամարդը տեղաբնակ է ու հենց տեղում, տեղական հումքից էլ պատրաստել է իր գործիքները, ոչ թե ներմուծել այլ վայրից:

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանն ու գիտաշխատող Բորիս Գասպարյանը սենսացիոն գյուտերի առանցքը հենց այս առավելությունն են համարում: Այսպիսով, հայ-ամերիկյան արշավախմբի գյուտը փոխում է գիտական պատկերացումները մարդու ծագումնաբանության, զարգացման ու մարդագոյացման մասին: Մեր հնագետները ձեռնպահ են մնում պնդել, թե Հայկական լեռնաշխարհից է վաղագույն շրջանի մարդը տեղաշարժվել այլ վայրեր, այսինքն՝ թե մարդ արարածի սկզբնական ծագումը կապված է նախ և առաջ Հայկական լեռնաշխարհի հետ: Հրազդանի կիրճի պեղումները դեռ շատ ուսումնասիրություններ են պահանջում, որոնք նոր եզրակացությունների կհանգեցնեն:

Բազալտի ստորին շերտի տակը դեռ ուսումնասիրված չէ և նոր բացահայտումների գանձարան է: Իսկ բազալտի վերին շերտի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ որքան դարերը մոտեցել են մեր ժամանակներին, այնքան մարդկային գործոնի առկայությունը պակասել է: Այդ տարածքում ապրող մարդը, որի պատրաստած գործիքները մնացել են հրաբխային մոխրի շերտի տակ, հեռացել է այդտեղից: Նա ապրելիս է եղել ջրերին մոտ, սական տեսել է ժայթքող հրաբուխ. Գութանասարն է հրաբխել, ու մարդն այդ վայրից հեռացել է ավելի անվտանգ բնակավայր: Սա ենթադրություն չէ, այլ ապացույց: Սակայն մեր հնագետները մինչև վերջ հրաժարվեցին անգամ ենթադրություն անել, որ միգուցե հենց Հայկական լեռնաշխարհի մարդն է Առաջավոր Ասիա կամ հենց Աֆրիկա տեղաշարժված հոմո էրեկտուսը կամ հոմո սափիենսը: Science ամսագիրը, որը գիտական ուսումնասիրությունների և գյուտերի հայտարարաման ամենահեղինակաոր ամբիոններից մեկն է, սեպտեմբերի 29-ին հրապարակեց Նոր Գեղիի պեղումների արդյունքներն ու ապացույցները: Մեր հնագետները կանխատեսում են, որ շատ շուտով աշխարհի գիտնականներն իրար կխառնվեն, բանավեճեր ու տարակարծություններ կսկսվեն, որովհետև տարիներ շարունակ Աֆրիկան մարդկության օրրան հռչակելու համոզմունքը կասկածի տակ է առնվում:

Այս թեմայով