16 Սեպտեմբեր 2014, 10:31
5191 |

Երևանյան հիպիները. երկու հիպի՝ մի տնից

Ժամանակին թեժ և բուռն բանավեճերի ալիք բարձրացրած Միշել Ուելբեքի «Տարրական մասնիկները» վեպը վերջապես թարգմանվեց հայերեն: «Արգելված գրքեր» շարքի շրջանակներում տպագրված գրքի առթիվ Imyerevan.com պորտալը, «Անտարես» հրատարակչությունը և ՀՀ –ում Ֆրանսիայի դեսպանատունը սեպտեմբերի 26-ին երեկոյան ԷՕՆ հակասրճարանում կազմակերպում են հիպիական ոճով շնորհանդես: Իսկ նախքան այդ մենք պեղեցինք ու գտանք 60-70-ականների Երևանի հիպիներին։

Արվեստաբան, երաժիշտ Վարդան Վարդանյանն ու նրա եղբայրը՝ նկարիչ Վարուժան Վարդանյանը կես դար առաջ Երևանի փողոցներում մարդկանց զարմանքն էին շարժում իրենց ջինսերով, ամերիկյան շապիկներով ու լսած երաժշտությամբ՝ չլինի՞ սրանք գժվել են ու որոշել են տնեցիներին էլ գժվացնել: Եթե հիպի, ապա գոնե տնից մեկը, առանց այդ էլ սովետական մեծ «ողբերգություն» է հիպպի որդի կամ դուստր ունենալը:


Ինչպե՞ս ստացվեց, որ Վարուժանի հետ մտաք հիպիական շարժման մեջ:
- Ոչինչ նախապես չէինք պայմանավորվել, ժամանակի ընթացքում երկուսս էլ հասկացանք, որ խելառ ենք: 1965-1965-ին արդեն լսում էինք Ռեյ Չարլզ, Ջենիս Ջոփլին ու «Բիթլզ»: Անընդհատ իրար հետ երգում էինք ու փաստորեն որոշ ժամանակ անց արդեն սկսեցի երգեր գրել: Երաժշտական ապագա չունեցանք, բայց լավ գործեր ունեինք, որ մի քանի տարի առաջ Empyray խմբի հետ մշակեցինք ու համերգով ներկայացրինք:


Հիպիականությունը ազդե՞ց Վարուժան Վարդանյանի կտավների վրա:
-
Նրա հոգում այդ ազատությունն էսպես, թե էնպես կար, այդ առումով ժամանակաշրջանի եզակի նկարիչներից էր: Վարուժը նաև գրում էր, նրա «Կեղտոտ սենյակը» բանաստեղությունների ժողովածուն ամբողջովին ցույց է տալիս հիպիական ճանապարհն ու գաղափարները:


Որտեղի՞ց էիք ճարում հիպիներին համուհոտ տվող իրերը:
- Քաղաքի թերթի կրպակներում «տակից» վաճառում էին աստղերի նկարները, արժեր 1 ռուբլի, հենց մոտենում էինք կրպակին ՝վաճառողը հասկանում էր, որ երկար մազ պահողներս հաստատ «Советский спорт» կամ «Правда» չէինք առնելու, մեր փնտրածն ուրիշ բան էր: Ջինսերն արժեին 80-120 ռուբլի, գիտաշխատողի մի ամսվա աշխատավարձի չափ, փողի առկայությունը դեռ չէր նշանակում, որ կարող էին ջինս հագնել՝ չկար, հազիվ էինք գտնում: Արտասահման մեկնողներին խնդրում էի, որ հետները հագուստ բերեն, մի անգամ Բրազիլիա մեկնող մի բժշկի խնդրեցի ու լավ վարձատրություն խոստացա, բերեց:


Ինչո՞ւ շարժումը չտարածվեց ԽՍՀՄ շատ երկրներում:
- Հայաստանը միշտ էլ առաջամարտիկ է եղել նոր գաղափարներն ընդունելիս, հիպիականությունն ու մյուս շարժումները տարածվեցին առաջին հերթին երաժշտության շնորհիվ, մեր երկրում ջազը, օրինակ, ոչ պակաս զարգացում էր ապրում, որքան Ամերիկայում՝ ճանաչված ու հաջողակ խմբեր ունեինք: Մի ամբողջ մշակույթ ձևավորվեց երաժշտության շուրջ, ինչը չենք կարող ասել միության այլ երկրների առավել ևս՝ մեր հարևանների մասին: Չնայած մեր ու արևմուտքի նմանություններին, Հայաստանում էդ նույն ազատությունը չկար, ԱՄՆ-ում այդ տարիներին ծաղկում էր թմրամոլությունը, ես վստահաբար կասեմ, որ մեզնից և ոչ մեկը թմրամիջոցներ չէր օգտագործում, եթե եղել էլ են, ապա կեղծ հիպպիների շրջանում, ովքեր աղջիկներին դուր գալու համար երկար մազ էին պահում կամ ջինս հագնում, բայց հիպպի չէին հոգեպես:


Իրար հե՞շտ էին գտնում քաղաքի հիպիները:
- Այո, ճակատագիրը կարծես բերում, մեզ էր միացնում նոր մարդկանց, որոնց  հանդիպում էինք ամենաանհավանական վայրերում: Մի անգամ դպրոցում անգլերենի քննության ժամանակ Լուսավորության մինիստրությունից ստուգող էր եկել: Տեսավ երկար մազերս, միանգամից հարցրեց. «Կարո՞ղ ես գոնե մի գրատախտակի վրա գրել քո իմացած երաժտական խմբեր անունները»: Երկու գրատախտակի վրա հերթով գրեցի խմբերի բոլոր անդաների անուն-ազգանունները հատ-հատ, հետո հարցրի՝ էլի պե՞տք է: Պետք չէր, իհարկե, պետք չէր:
Հավաքվում էինք «Դերասան», «Сквознячок» կաֆեներում, «Արաքսն» էլ մեզնով արինք: Մի անգամ 5 հոգով «Դերասանի» ամբողջ գինու պաշարը խմեցինք՝ ներառալ ցուցափեղկերի նմուշները, որին միայն իմ բոյը հասավ: Լավ տարիներ էին…

Այս թեմայով