18 Սեպտեմբեր 2014, 10:21
1888 |

Երևանյան հիպիները. ցմահ ազատատենչը

Ժամանակին թեժ և բուռն բանավեճերի ալիք բարձրացրած Միշել Ուելբեքի «Տարրական մասնիկները» վեպը վերջապես թարգմանվեց հայերեն: «Արգելված գրքեր» շարքի շրջանակներում տպագրված գրքի առթիվ Imyerevan.com պորտալը, «Անտարես» հրատարակչությունը և ՀՀ –ում Ֆրանսիայի դեսպանատունը սեպտեմբերի 26-ին երեկոյան ԷՕՆ հակասրճարանում կազմակերպում են հիպիական ոճով շնորհանդես: Իսկ նախքան այդ մենք պեղեցինք ու գտանք 60-70-ականների Երևանի հիպիներին։

Միքայել Դանիելյանը Երևանում հիպիական շարժման ամենաթեժ տարիներին 12-13 տարեկան էր, տարվել էր դրանով ինչպես սևամորթներն էին տարվել ջազով դրա սկզբնավորման ժամանակ: Տարիքով ավելի մեծերը ուշադրություն էլ չէին դարձնում իրենցից ավելի փոքրերի վրա, բայց հիպին մնում է հիպի անկախ տարիքից: 55 տարեկանում էլ հագնվում է՝ ինչպես այն տարիներին, լսում է 1960-70-ականների երաժշտությունն ու կյանքին նայում հիպիի աչքերով: 1997-ին հիմնել է «Հելսինկյան Ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպությունը, զբաղվում է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությամբ:

12-13 տարեկանում ի՞նչ էիք հասկանում հիպիներից, որ դարձաք նրանցից մեկը:
- Ազատության զգացումը իմ մեջ մանկուց ձևավորվեց: Ամեն ինչ սկսվեց ջազից, ծնողներս էլ ջազի սիրահարներ էին, ջազը ազատություն է, ազատությունը՝ հիպիականություն: Ունեինք «Դնեպր-9» կասետային մագնիտոֆոն, էստեղից-էնտեղից գտնում ու ձայնագրում էինք այդ տարիներին հայտնի խմբերի երգերը: Երբ որոշեցի անցնել ռոքի, հայրս զարմացավ, քանի որ չէր հասկանում նոր երաժշտության գաղափարը: «Ռիգա-8» ռադիոընդունիչ էլ ունեինք, որով «Ամերիկայի Ջայնն» էի լսում: Մի հանգամանք էլ կա, որ երևի ազդեց հիպի դառնալուս վրա: Մեր ընտանիքը Բաթումից էր, էն ժամանակ էդ քաղաքը քաղաքակրթության  կենտրոններից էր ամբողջ Կովկասի համար, ոնց որ Օդեսսան, Սանկտ-Պետերբուրգը, Տալլինը, որտեղ կան նավահանգիստներ, արտասահմանյան նավերն իրենց հետ բերում էին արևմուտքի ողջ բարիքն ու աղբը, որն, ի դեպ, մեզ հարկավոր էր:

Ի՞ նչ զգացիք, երբ ծանոթացաք հիպիների գաղափարներին ու ճանաչեցիք նրանց:
-Կարճ ասեմ՝ գժվեցի, գիժ եմ մինչ օրս: Սկսեցի ապրել դրանով, իմ կյանքը փոխվեց 180 աստիճանով, դառել էի ֆանատ, կարդում էի հիպիների մասին, թերթերից կտրում էի նկարներ ու հոդվածներ, փակցնում պատերին, արգելված երկրում էքստրիմի մեծ դոզա էր մեզ համար: Մորս հին վերարկուի աստառը պոկել, դպրոցական հագուստ էի պատրաստել ինձ համար: Կայֆ էր: Մի որոշ ժամանակ ապրեցինք քաղաքի կենտրոնում ու տեղափոխվեցինք Նոր Նորք, որտեղ հիպիների մուտքն արգելված էր: Այդ տարիներին մեր «քաղաքը» կինո «Նաիրիից» մինչև Պրոսպեկտ-Թումանյան խաչմերուկն էր: Մի փողոց այս կողմ-այն կողմ ու դու կարող էիր պատմության մեջ ընկնել: Մասիվից մի կերպ իջնում էի քաղաք, որ հանդիպեմ դպրոցական ընկերներիս ու խոսեմ ջազից, նոր երգերից ու ինձ մարդ զգամ: Մասիվի դպրոցում ընկա «խուժան» դասարան՝ այլ դպրոցներից դուրս մնացածներ, նույն դասարանում մնացածներ: Ջևավորեցինք դպրոցական խումբ, հետո Մոսկվայից եկած մի տղա միացավ մեզ ու բերեց նոր ձայնագրություններ, հագուստ, խմբերի անուններ, որոնք դեռ չէինք էլ լսել. իսկական երանություն:

Ի՞նչ էր լինում, երբ կինո «Նաիրիից»  ու Պրոսպեկտի խաչմերուկից այն կողմ էիք անցնում:
- Վախն ընկնում էր մեջներս: Կռիվը կար ու կար: Մի օր Մոսկովյան փողոցում մի մեքենա կանգնեց դիմացս, նստեցրին ու սկսվեց թեժ զրույցը, քաղաքի  «քյառթուներն» էին, վրա տվեցին՝ ա՛յ մեյմուն, էս ինչ  մազեր ես պահել, կուզե՞ս՝ կտրենք:
Մոտս դիսկեր կար՝ջարդեցին, կասետներ ունեի, դրանց լենտերը քաշեցին, էլ չկարողացա օգտագործել: Մի օր էդ նույն տղերքից մեկը խմբից առանձնացավ ու ինձ մոտեցավ, մեզ նման երկար մազեր ուներ ու հոլիդեյ շալվար: Հարցրեց. «Ախպերս, մենք իրար նման հագնված, երկուսս էլ երկար մազերով, ինչի՞ չենք իրար հետ ընկերություն անում»:
Ամբողջ գիշեր խմեցինք, առավոտյան էդ տղային գրկած հետ բերեցի ընկերների մոտ, ինքն էլ հորդորեց նմացածին, որ մեր մազին կպնող չլինի, ասաց՝ սրանք կարգին տղերք են, տեսնեք ոնց են խմուում:

Արգելված բաներն անելն այդքան ձգու՞մ էր ձեզ:
- Կարելի է ասել՝ դա մեր սկզբունքն էր: Սովետի տարիներին եկեղեցի գնալն արգելված էր, հիպիներից շատերը գնում ու մասնակցում էին արարողություններին, հետո տանը կշտամբանքների տեղատարափ լսում:
Հագնվելուս ոճը մինչև օրս չեմ փոխել, առաջիններից մեկն էր Հայաստանում, որ շորտերով փողոց էի դուրս գալիս, ականջօղ կրեցի, էդպես գնում էի մամուլի ասուլիսների ու ԱԺ, մարդկանց աչքը սովոր չէր նման բաների ընդհուպ մինչև 2000-ականների սկիզբը, հիմա սովորական բան է, ինչ կա որ:

Ի՞նչ արտահայտում գտավ հիպի լինելը Ձեր իրավապաշտպան գործունեության մեջ:
- Հիպի լինելն արդեն ազատ մարդու ընտրություն է, տասնյակ դեպքեր են եղել, որ մարդիկ դիմել են մեզ, օգնել ենք բոլորին անխտիր: Խախտված իրավունքով մարդ Հայաստանում որքան քիչ, էնքան լավ բոլորիս համար: Հիմա երիտասարդության շրջանում մեծացել է սեփական շահերի համար պայքարողների թիվը, 1960-1970-ականներին  շատ դժվար էր մեր էշն առաջ քշելը, փակ երկիր էր, փակ համակարգ ու բոլոր հարցերը լուծվում էին մեկ վայրից: Հիմա, բարեբախտաբար, ուրիշ իրավիճակ է: 

Այս թեմայով