03 Սեպտեմբեր 2014, 09:32
1210 |

Ի՞նչ կա-չկա նկուղումդ

Ցածրահարկ, խոնավ, գետնափոր, կիսամութ տարածք, որտեղ սեզոնային հանգրվան են գտնում հիմնականում պահածոները: Բայց պարզվում է, որ տրամադրություններն ու հուշերը նկուղներում «պահածոյացվում են» անժամկետ: Մենք գտանք երևանյան ամենահետաքրքիր նկուղների տերերին ու փորձեցինք բացահայտել նրանց ջերմ վերաբերմունքի գաղտնիքը սառը տարածքի նկատմամբ:

Սոֆի Հարությունյան, 20 տարվա նկուղատեր, Կարլսոնի նման տանիքի բնակիչ
- Մենք նկուղ ոչ թե իջնում, այլ՝ բարձրանում ենք: Այո, մեր նկուղը տանիքում է: Իրականում չօգտագործվող տարածք գոյություն չունի, այն էլ հիմա, երբ ամեն քառակուսի մետր հողատարածքն այդքան թանկ է:
Ինչպե՞ս դարձար տանիքի բնակիչ:
- Տանիք բարձրանալու համար շենգեն վիզա պետք չէ, այլ համապատասխան տրամադրություն: Տան հին իրերը տանիքում վերածնունդ ապրեցին, նկարչական իրերս' էտյուդնիկ, մոլբերտ, վրձին, կտավներ, ներկեր տեղավորեցի այստեղ: Միայն մի փոքր հատված մամայիս եմ զիջել իր պահածոները կամ զանազան կենցաղային իրերը պահելու համար: Մի անգամ ես ու եղբայրս տանիքում գտանք մամայի պատրաստած չրերը, բայց մաման հետո դրանք էլ չգտավ:
Վերջին 4 տարում ավելի շատ բնակվում եմ տանիքում, քան տանը: Տանիքում նկարում եմ, կարդում, իհարկե, այս ամենը ջազի ուղեկցությամբ: Իմ մտքերը ծնվում և իրականություն են դառնում միայն տանիքում: Ամռանն այստեղ քնելը առանձնակի հաճույք է' քաղաքի շոգն ու աղմուկը տանիք չեն հասնում:
Ի՞նչ գաղտնիք կա քո տանիքում:
- Ամենամեծ գաղտնիքը պատուհանն է, որը ցերեկը՝ լույսի, գիշերը՝ մտքերի անսպառ աղբյուր է. մի կտոր երկինքը յուրահատուկ տրամադրություն է ապահովում, սա բոլոր նկարիչները գիտեն:

 

Սերժիկ Խաչատրյան, 30 տարվա նկուղատեր, նկուղում բզբզացողը
- Նկուղ իջնելն արարողակարգ է, նույնիսկ դրա համար առանձին կոշիկներ ունեմ, դե իսկ նկուղի բանալու տեղն անփոփոխ է' խոհանոցի պատին կախված կշեռքից: Ու հենց կշեռքը մեկն օգտագործում է, վե~րջ, բանալին կորավ, «կռիվը» գնա~ց…Մեր բնակարանը երեքսենյականոց է, բայց ես եթե ընտրության առաջ կանգնեմ, ավելի հեշտ կհրաժարվեմ սենյակներից մեկից, քան նկուղից, ու դա բոլորն էլ գիտեն:
Ի՞նչ կա-չկա նկուղում:
- Ինչ ուզեք՝ պահեստամասեր, գործիքներ, անվադողեր, կենցաղային իրեր, դազգահ, իշաոտնուկ՝ թաղի բոլոր տներում ուրախ ու տխուր առիթներին խելոք-խելոք ծառայած: Ամռանը պահածոներ պատրաստողը կինս է, իսկ ձմռանը դրանք նկուղից բնակարան առաքողը'ես: Տարիներ առաջ նկուղում նույնիսկ նապաստակ եմ պահել. դժվար տարիներն էին, նապաստակները վաճառում էինք, որ յոլա գնանք: Այդ տարիներին ամբողջ պադվալս թեփ էի լցրել, վառում էինք տաքանալու համար, որովհետև թեփի համար գումար չէինք վճարում:
Մետաղյա դուռ և երկու կողպեք. վախենում եք թալանե՞ն նկուղը:
- Մեր շենքի բնակիչների գրեթե բոլորի նկուղները գոնե մեկ անգամ թալանված են: Կինս ասում էր' նկուղի դուռը միշտ 2 կողպեքով փակի, հանկարծ մեզ էլ չթալանեն: Էնպես ստացվեց, որ 1-2 օր բացակայեցինք տնից, ու ես մոռացել էի նկուղի դուռը փակել ընդհանրապես: Ո՛չ մտել էին, ո՛չ էլ թալանել: Կատակով ասացի՝ այ կնիկ, էս գողերը խի՞ են էսքան արհամարհում մեզ…

 

Մարինա Մարկոսյան, 10 տարվա նկուղատեր, հին իրերի նավահանգիստ
- Երկու նկուղ ունեք, որ շատ լինի, քիչ չլինի: Պայմանականորեն անվանել ենք մեծ և փոքր: Փոքր նկուղը տրինաժորի դեր է կատարում, ելումուտ անելը շատ դժվար է' 45 աստիճանի թեքությամբ սանդուղքներով իջնել-բարձրանալու համար ֆիզիկական լավ վիճակում է պետք լինել, ինչը մենք կամա, թե ակամա ձեռք ենք բերել: Նկուղղը նաև մեր սառնարան-պահեստն է. այստեղ են պահվում պահածոները, ձմեռվա կարտոֆիլը և ծնողներիս պատրաստած հայտնի «մալականի» թթուն: Ես՝ կարտոֆիլի, հայրս՝ կոմպոտի համար ենք ամենաշատն իջնում փոքր նկուղ: Մեծ նկուղում են պահվում վերանորոգումից հետո ավելորդ իրերը' սեղան, աթոռ, պահարան, մահճակալ և այլն: Մարդ ես, մի օր մեկնումեկին պետք կգա: Այստեղ յուրաքանչյուր իր անցյալի պատմությունն է իր մեջ կրում: 90-ականներին մեզ տաքացրած փայտի վառարանին հիմա նայելիս սարսռում եմ: Պապիկիս զինվորական գոտուց մինչև հին ձայնարկիչն իր պլաստինկաներով, սովետական գրականություն ու էլի հազար ու մի իրեր իրենց ծերությունն են վայելում մեր նկուղում:
Քո նկուղում ի՞նչ մթնոլորտ է:
- Այստեղ իրենց պատվավոր տեղն են զբաղեցնում իմ դպրոցական տետրերը. մի տեսակ ձեռքս չգնաց, որ դրանք դեն նետեմ: Տարվա տաք եղանակին այստեղ է բնակվում նաև իմ հեծանիվը: Կարճ ասած, այստեղ ապրող իրերից յուրաքանչյուրին նայելիս տրամադրությունդ վայրկյանապես փոխվում է:

 

Սահակ Չիբուխչյան, 15 տարվա նկուղատեր, մանկությունից նկուղին սիրահարված
- Երբ փոքր էի՝ երազներն ու մանկական ֆանտազիաներն ամբողջովին կապված էին մեր նկուղի հետ: Ինձ միշտ թվում էր, որ նկուղ տանող գաղտնի ճանապարհ կա հենց իմ մահճակալի տակից: Նկուղն ինձ համար միշտ ուրիշ աշխարհ էր՝ խորհրդավոր, գաղտնի:
Որո՞նք են նկուղը նկուղ դարձնող իրեր-առարկաները:
- Անցյալ դարից պահպանված կենցաղային իրերն ու առարկաները, ինչպես նաև իմ մանկության խաղալիքները՝ երկուականի «Առլյոնկ» հեծանիվ, լաստեր, սովետական պուլտով խաղալիք տանկ, ձայնարկիչ, դահուկներ... Մինչև հիմա էլ նկուղ իջնելիս նույն զգացողությունն եմ ունենում, ինչ փոքր տարիքում:
Ի՞նչ եք անում նկուղում:
- Աբսուրդ տրամադրություն է տիրում նկուղում, որը նաև ստեղծագործելու անսպառ էմոցիաներ է փոխանցում: Կարող եմ իջնել նկուղ և ժամերով նայել առարկաներին: Հիմա գրաֆիկական նկարներ եմ անում, որոնց ստեղծման համար ներշնչանքը գալիս է նկուղից՝ իմ մանկության տարիների նկուղից:

 

Ռիմա Առաքելյան, 35 տարվա նկուղատեր, շենքի՝ ամենաշատ թալանված նկուղի տերը
- Զավեշտալի թալաններ էլ են եղել. մի անգամ իսպառ դատարկել էին նկուղը, բայց դարակի վրա մի հատ մուրաբայով լիքը բանկա էին թողել: Այդ անգամ առատաձեռն գտվեցին, իսկ հիմնականում դուռը կոտրում ու ձեռքի ընկածը տանում էին՝ շինարարական գործիքներից մինչև կենցաղային իրեր և պահածոներ:
Հերթական անգամ կոտրած դուռը տեսնելիս ինչ եք մտածում:
- Դե, երևի մեկն իսկապես այդ պահածոների կարիքն ուներ, որ տարել է: Ինչ արած, տարել են, թող անուշ ուտեն: Բացի այդ էլ, գրեթե համոզված էինք՝ ով է մեր նկուղին «սիրահարվածը», դրա համար էլ ոչ թե զայրանում, այլ մեծահոգաբար զգուշացնում էինք: Հանուն արդարության ասեմ, որ վառելափայտ էլ կար նկուղում, որը չգիտես ինչու, չէին տարել:
Փոքր նկուղ՝ մեծ սրտով:
- Այո, սա նաև շենքի ամենափոքր նկուղն է՝ աստիճանի անմիջապես ներքևում: Այնքան փոքր է, որ հնարավոր չէ մեր նկուղ մտնելիս դռան վերևի հատվածով անցնող խողովակին գլուխը չխփել:

 

Այս թեմայով