02 Փետրվար 2012, 15:20
1775 |

Թանկ, ցավոտ ու մշտական

Դատելով տեսածից՝ տատու-վարպետի ստեղծագործական երջանկության կատարելությունը կայանում է մեծ ու բարդ պատկերի, գործողությունների լիարժեք ազատության ու անսահմանափակ երևակայության մեջ:

«Փորձեքինձ»

Կիսամութ սրահ, լարից կախված լամպ, ծխախոտի ծուխ ու լարված լռություն. այս ամենը չկա: Չնայած դրան՝ տատու-սալոնը նկուղային սրահում է: Նախ՝ վարձակալումն է ավելի էժան, ապա՝ մարդկանց գիտակցության մեջ այդ տեսակ արվեստը միշտ ինչ-որ ընդհատակյա կենսակերպի հետ է կապվում: Սեղանին կատալոգներ են, պատերին՝ լուսանկարներ: Վզին դաջված թիթեռից մինչև ամբողջ մեջքով պատկերված վագր: Պաստառապատ վարագույրի կողմից դեպի ընդունարան է ձգվում ծխի նեղլիկ ժապավեն, չնայած դռան վրա կարմիրով սպիտակի վրա գրված է. «Չծխե՛լ»: Բայց ոչ, սա ծխախոտի ծուխ չէ, հոտավետ փայտիկ է ծխում, որի բույրը ստեղծում է ստեղծագործական հատուկ մթնոլորտ: Հաստատությունը վարագույրով երկու մասի է բաժանված: Շիրմայից այն կողմ տանող նեղ հատվածում կանաչ ցուցապաստառ է՝ Los Angeles. Exit: Աշխարհագրորեն վայրը չես փոխում, բայց մտովի «կասկածների երևանյան ընդունարանից» տեղափոխվում ես «գործողությունների ամերիկյան արհեստանոց»: Բազկաթոռ, սրվակներ, բամբակ՝ այս ամենն ավելի շատ վիրահատարան է հիշեցնում: Վերջնակետը մեծ հայելին է՝ Try me խորհրդանշական գրությամբ:

Հավասարակշռվածորոշում

Ականջօղով և թևքի տակից հազիվ երևացող դաջվածքով մի երիտասարդ բացատրում է իր ստեղծագործության ապագա կրողին, թե ինչ դիրքով է կարիճն ավելի շահեկան նայվելու իր ուսին: «Կրողը» պատկերացրեց չափսը, գինը և ասաց, որ կմտածի: Իսկ Ֆելիքսը՝ նկարիչ-դաջողը, համբերությամբ շարունակեց «պասյանս» բացել: Նա այս ոլորտում աշխատում է արդեն յոթ տարի և գիտի, որ տատու անելու որոշումը շտապողականություն չի սիրում: «Երբ գալիս ու հարցնում են, թե արդյո՞ք հետագայում հնարավոր կլինի վերացնել դաջվածքը, հանդիպակաց հարց է առաջանում. իսկ ինչու՞ այն ընդհանրապես անել նման դեպքում»: Իրականում դաջվածքն իսկապես կարելի է վերացնել: Միայն թե դա բարդ գործընթաց է: Տատուն կարելի է ջնջել միայն վիրահատության միջոցով, իսկ պատկերին կփոխարինի սպին: Այսօր տատուն ջնջում են նաև լազերի օգնությամբ, եթե ներկը մաշկի տակ շատ խոր չի ներթափանցել: Դաջվածք ջնջելը նույնքան թանկարժեք ու ցավոտ է, որքան դաջելը:

Գաղափարականմոտեցում

Ֆելիքսի մասնագիտության՝ նկարիչ-դաջող անվանման մեջ գլխավորն առաջին բառն է: Երևանում այդ մասին ստիպված էր մոռանալ: «Ունիկալ տատուն իր մեջ գաղափար է կրում: Սա է իրական արվեստը: Էսքիզն ինքդ պետք է անես, գաղափարին մոտենաս ստեղծագործաբար: Ես ձգտում եմ դրան»: Չնայած որ հաճախորդի ցանկությունն օրենք է, Ֆելիքսը նույնիսկ ամենաշաբլոն պատկերին փորձում է ինչ-որ յուրատեսակ բան հաղորդել: Դաջողը չի փորձում կոտրել կարծրատիպերը, բացատրել կամ պարտադրել: Ամեն ինչ սկսվում է քո մեջ ինչ-որ բան փոխելու հստակ որոշումից. «Դա նման է սանրվածք փոխելու որոշմանը»: Սրահում նաև մի աղջիկ է աշխատում: Նա փիրսինգ է անում, պերմանենտ շպար ու տատուաժ (երբ դաջվածք է, բայց ոչ մշտական): Տատու-սալոնի այցելուների մեծամասնությունը տղամարդիկ են: Աղջիկները, որպես կանոն, նախընտրում են զարդարել ծոծրակը, սեփական մարմնին որպես մշտական բնակիչ ավելացնել թիթեռ, բզեզ կամ էլ աբստրակտ որևէ նկար:

Ֆելիքսի խոսքի վրա սալոնի ստեղծագործական անդորրը խախտեց երիտասարդների մի խումբ, որոնք անմիջապես մոտեցան չինական հիերոգլիֆների շաբլոններին: Սակայն նրանցից և ոչ ոք չէր պատրաստվում հավերժ դաջված մնալ: Փոքր աբստրակտ նկարի ուրվագծերը հայտնվեցին աղջկա ուսի հետնամասին՝ թերևս տատուի համար ամենատարածված տեղում. դրանց վրայով անցան խնայով: Առանց ցավի ու արյան: «Մենդի». այսպես է կոչվում այդպիսի տատուն: Պատկերը մաշկի տակ չի դաջվում, այլ նկարվում է մակերեսին: Այսպիսի դաջվածքը կջնջվի մոտավորապես մեկ ամսից. դե ինչ, ողջամիտ մոտեցում է որոշ ժամանակ աչքի ընկնել ցանկացողների համար: Այդպիսի դաջվածքները ստացվում են նրբագեղ, դրանց ուրվագծերը հստակ են, գույնը՝ հագեցած: Բավարարված հաճախորդը հեռացավ, իսկ Ֆելիքսը շարունակեց «պասյանս» բացել:

«Գրիչովնկարեք»

Վարպետի աշխատանքին այդպես էլ չհաջողվեց հետևել: Իր «կենդանի կտավների» լուսանկարները Ֆելիքսը համակարգչում է պահում: Դատելով տեսածից՝ տատու-վարպետի ստեղծագործական երջանկության կատարելությունը կայանում է մեծ ու բարդ պատկերի, գործողությունների լիարժեք ազատության ու անսահմանափակ երևակայության մեջ: Գնի, կատարման տեխնիկայի ու դաջվածքը ջնջելու մասին բոլոր հարցերին վարպետը պատասխանում է. «Թանկ է, ցավոտ ու մշտական»: Իսկ խնայով նկարին նայում է հեգնանքով և ասում. «Գրիչով նկարեք»:

 

Այս թեմայով